Կատերինա Կամպոդոնիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատերինա Կամպոդոնիկո
Դիմանկար
Ծնվել է1804
ԾննդավայրՋենովա, Իտալիա
Մահացել էհուլիսի 7, 1882(1882-07-07)
Մահվան վայրՋենովա, Իտալիա
ԳերեզմանՍտալյենոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն

Կատերինա Կամպոդոնիկո (իտալ.՝ Caterina Campodonico, 1804, Ջենովա, Իտալիա - հուլիսի 7, 1882(1882-07-07), Ջենովա, Իտալիա), Ջենովայի բնակչուհի, որ հայտնի է դարձել իր կյանքի ընթացքում Ջենովայի Ստալյենոյի գերեզմանատանը կանգնեցված հուշարձանի շնորհիվ։ Արձանի հեղինակը քանդակագործ Լորենցո Օրենգոն է։ Քանդակը տեղադրվել է 1881 թվականին[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատերինա Կամպոդոնիկոն ծնվել է աղքատ ընտանիքում։ Նրա մականուններից մեկը Պաեսանա էր (իտալ.՝ Paesana), որը նշանակում է «գեղջկուհի»։ Կատերինան վաղ է ամուսնացել, բայց քանի որ ամուսինը հարբեցող է եղել և ծեծել է նրան, ապա որոշել է բաժանվել։ Նա ամուսնալուծվել է, սակայն դատարանը նրան պարտավորեցրել է ալիմենտ վճարել նախկին ամուսնուն[2]։

Ապրուստի միջոցներ վաստակելու և ալիմենտը վճարելու համար նա թխել և վաճառել է քաղցրավենիքներ՝ կանեստրելի և ցիամբելա, շագանակ։ Նա նաև վզնոցներ էր պատրաստել թելերի վրա փաթաթված ընկույզներից, որոնք, ըստ տեղական հավատալիքների, հաջողակ ամուսնություն են բերում։ Այս աշխատանքով նա բարգավաճել է և հարստություն կուտակել[2]։

1880 թվականին նա ծանր հիվանդացել և ապաքինվելուց հետո դիմել է հայտնի քանդակագործ Լորենցո Օրենգոյին՝ սեփական գերեզմանի համար լավագույն մարմարից շիրմաքար պատվիրելու համար։ Գերեզմանի համար տեղ է գնել գերեզմանատան կենտրոնում՝ գրեթե հանրահայտ հռոմեական պանթեոնի կրկնօրինակի անկյունում։ Կատերինան խնդրել է բանաստեղծ Ջոբատտա Վիգոյին գրել բանաստեղծություն և պատվիրել է այն փորագրել հուշարձանի պատվանդանին։, Վիգոն բանաստեղծությունը գրել է տեղական լիգուրական բարբառով և Կատերինային անվանել է Կատաինի ((իտալ.)Cattaini): Քանի որ նա երեխաներ չի ունեցել, իսկ հարազատները աչք են դրել նրա ունեցվածքի վրա, ապա Կատերինա Կամպոդոնիկոն որոշել է նրանց առանց ժառանգության թողնել և ամբողջ կուտակված գումարը ծախսել այս հուշարձանի վրա[2][3]։

Ակվասանտա, Գարբո և Սան Չիպրիանո սրբավայրերում վաճառելով կախազարդեր, արհամարհելով եղանակը, ես միջոցներ եմ հայթայթել ծերությունս անցկացնելու և նաև ինձ հավերժացնելու համար այս հուշարձանի միջոցով, որը ես ինքս եմ պատրաստել, քանի դեռ կենդանի եմ[4]։

Հուշարձանը պատրաստվել և տեղադրվել է 1881 թվականին, երբ Կատերինան դեռ կենդանի է եղել, և այս իրադարձությունը քաղաքում քննարկման առարկա է դարձել, իսկ հուշարձանն տեսնելու համար բազմաթիվ քաղաքացիներ այցելել են գերեզմանատուն։ Քաղաքային իշխանությունների և եկեղեցու ներկայացուցիչները դատապարտել են կատարվածը՝ համարելով, որ նրա կենդանության օրոք հուշարձաններ տեղադրելը անհեթեթություն է։ 1882 թվականին Կատերինայի մահից և Սուրբ Ստեփանոս եկեղեցում հոգեհանգստի արարողությունից հետո մեծ թափոր է նրան ուղեկցել գերեզմանատուն, որտեղ նրան թաղել են ազնվական ընտանիքների գերեզմանների կողքին[3][5]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Կատերինան Ջուզեպպե Վերդին և այլ աղքատ երիտասարդների անվճար շաքանակներ է տվել, և որպես շնորհակալություն Ջուզեպպե Վերդին իր օպերաների պրեմիերաներին նրան նրան առաջին շարքում անվճար տեղ է հատկացրել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Камподонико». staglieno.comune.genova.it.
  2. 2,0 2,1 2,2 «Я памятник себе: удивительная история о Катерине и жадных родственниках». izbrannoe.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Рассказ о памятнике Катерине Камподонико (Алина Алексеева-Маркезин) / Проза.ру». proza.ru. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
  4. Wallstein Verlag. Sprechende Steine: eine Kulturgeschichte der Grabschrift. Karl S. (գերմ.)
  5. «Я памятник себе: невыдуманная история о Катерине и алчных родственниках». Не снилось (ռուսերեն). 2022 թ․ հունվարի 21. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.