Կառուցվածքների կայունություն
Կառուցվածքների կայունություն, շինարարական մեխանիկայի բաժին, զբաղվում է կառույցների կայունության հաշվարկման մեթոդների և սկզբունքների մշակմամբ։ Բեռնվածքի ազդեցությամբ կառույցները պետք է գտնվեն կայուն հավասարակշռության մեջ, այսինքն, եթե արտաքին գործոնները կառույցը (կամ դրա տարրերը) հանել են հավասարակշռության վիճակից, ապա դրանց վերացումից հետո համակարգը պետք է վերադառնա իր նախնական վիճակին։ Կառույցի հավասարակշռված վիճակի կայունությունը կախված է բեռնվածքի մեծությունից։ Համակարգի դուրս գալը նախնական հավասարակշռված վիճակից կոչվում է կայունության կորուստ։ Բեռնվածքը, որի փոքր-ինչ մեծացումն առաջացնում է կայունության կորուստ, կոչվում է կրիտիկական։ Տարբերում են կառուցվածքների կայունության երկու տիպի կորուստ։ Առաջին դեպքում կայունության կորստի պահին առաջանում են նոր դեֆորմացիաներ, որոնք որակապես տարբերվում են կառույցի նախնական դեֆորմացիաներից։ Երկրորդ դեպքում բեռնվածքի մեծացումն առաջացնում է միայն դեֆորմացիաների մեծացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 274)։ |