Կառլ Ռիթեր ֆոն Գեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Ռիթեր ֆոն Գեգա
գերմ.՝ Carl von Ghega
Ծնվել էհունվարի 10, 1802(1802-01-10)[1][2]
ԾննդավայրՎենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էմարտի 14, 1860(1860-03-14)[1][2] (58 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[4]
ԿրթությունՊադովայի համալսարան
 Carl Ritter von Ghega Վիքիպահեստում

Կառլ Ռիթեր ֆոն Գեգա (գերմ.՝ Carl von Ghega, հունվարի 10, 1802(1802-01-10)[1][2], Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[3] - մարտի 14, 1860(1860-03-14)[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]), ավստրիացի ճարտարապետ, նախագծող, երկաթգծի շինարար։ Ավստրիայում գտնվող Զեմերինգի լեռնանցքում նա ստեղծել է աշխարհում առաջին լեռնային երկաթուղային ճանապարհը[5]։ Լեռնային բարդ տեղանքում և բարձրադիր հատվածների վայրիվերումների վրա կառուցված Զեմերինգյան երկաթուղային ճանապարհը 19-րդ դարի քաղաքացիական ճարտարագիտության նշանավոր ձեռքբերումներից է համարվում[6][7][8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ ֆոն Գեգան ծագումով ալբանացի է՝ ռազմածովային նավատորմի սպայի որդի։ Կրթությունը ստացել է Վենետիկի ռազմական ուսումնարանում (1814-1817 թվականներին)։ Ավելի ուշ՝ 1811-1819 թվականներին, Պադովայի համալսարանում սովորել է ճշգրիտ գիտություններ։ 1818-1836 թվականներին և 1840-1842 թվականներին ղեկավարել է երկաթուղային և ջրային ճանապարհների շինարարական աշխատանքներ՝ սկզբում Վենետիկում, այնուհետև Տիրոլում։ 1836-1840 թվականներին Բռնոյից մինչև Բրժեցլավ ձգվող երկաթուղային ճանապարհի շինարարության աշխատանքներն է ղեկավարել (Ֆերդինանդ կայսեր նախաձեռնած Վիեննան Կրակովին կապող Հյուսիսային երկաթուղու այսպես կոչված արտոնյալ հատվածը)[9]։

1842 թվականին Ավստրիայի կառավարության նախաձեռնությամբ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի այնտեղ ծանոթանա երկաթուղային ճանապարհների շինարարության ոլորտում ինժեներական նոր ձեռքբերումների հետ։

Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո դարձել է Վիեննա – Տրիեստ երկաթուղային ճանապարհի նախագծաշինարարական աշխատանքների տեսուչը։ Առաջադրված աշխատանքը կայանում էր ծովի մակերևույթից 984 մետր բարձրության վրա՝ Զեմերինգի լեռնացքով երկաթգիծի կառուցումը։ Զեմերինգը կարևոր լեռնանցք է, որն անցնում է Ալպերի միջով։ Այն գտնվում է Ավստրիայի Շտիրիա եւ Ներքին Ավստրիա հողատարածքների միջեւ։

Միացյալ Նահանգներում ուսումնասիրած լինելով 39 երկաթուղային գծերի կառուցման սկզբունքը՝ Կառլ Գեգան մանրակրկիտ հետազոտելով տեղանքը և ստեղծելով լեռնանցքի մանրամասն քարտեզը, մշակել է երկաթուղային գծի կառուցման նախագիծը։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում նա հորինել է մի քանի չափիչ գործիքներ։ Սահմանել է մի քանի այլընտրանքային ճանապարհային ուղիներ, սակայն ընտրել այն ուղիները, որոնք չափազանց շատ թունելների կառուցում չէին պահանջում։

Կառլ Ռիթեր ֆոն Գեգայի Բորովնիցյան ուղեկամրջի նախագիծ

Նախագծային աշխատանքները ավարտվեցին 1847 թվականին, որով նախատեսվեց 42 կիլոմետր երկարությամբ երկաթգծով, 22 մեծ կամուրջներով ու ճամփուղիներով, 1200 մետր երկարությամբ թունելով երկաթուղային ճանապարհ կառուցել։ Չնայած բազմաթիվ ճարտարագետների ու լրատվամիջոցների առարկություններին՝ 1848 թվականի հունիսին Ավստրիայի հանրային աշխատանքների նախարարությունը հաստատեց նախագիծը։ Շինարարական աշխատանքները սկսեցին 1848 թվականի օգոստոսին։ Ուղին բաժանվեց 14 հատվածների, որոնց կառուցումը հանձնարարվեց 14 տարբեր կազմակերպությունների։ Սկզբում շինարարական աշխատանքներում ներգրավվեցին 1421 աշխատողներ, սակայն հետագայում նրանց թիվն ավելացավ հասնելով 20 հազար աշխատակցի։ Զեմերինգյան երկաթուղային ճանապարհը շահագործման հանձնվեց 1854 թվականին, իսկ դեպի Տրիեստ գիծը՝ 1857 թվականին[10]։

Զեմերինգյան երկաթուղային ճանապարհը 19-րդ դարի ավարտին

Զեմերինգյան երկաթուղային ճամփուղու բարձրության տարբերությունը 460 մետր է, 60 % ուղղաձիգության վրա դարավանդը կազմում է 20-25 ‰, ինչը համարժեք է 40 մետր ճանապարհի վրա 1 մետր վերելքին։ Նման պայմանները դրդել են շինարարության լիովին նոր տեխնիկական մոտեցումներ ցուցաբերել, ստեղծել նոր շինարարական գործիքասարքավորումներ։ Այս ճանապարհի համար մշակվել են լիովին նոր տեսակի քարշակ մեքենաներ, քանի որ ստանդարտ տեխնիկան այսօր էլ չէր կարող հաղթահարել նման բարձրություններն ու նման շառավիղով շրջադարձերը։ Երկաթուղին անցնում է բավական գեղեցիկ լեռնային տարածքով և կառուցման ժամանակ նախագծի հիմնական հայեցակարգն էր ստեղծել «լանդշաֆտ այգու մեջ», հետևաբար Կառլ Գեգան ձգտել է համահունչ համադրել տեխնիկան և բնությունը։ Այսօր շրջակա բնության գեղեցկությամբ է պայմանավորված երկաթուղային ճանապարհի շուրջ հանգստի ենթակառուցվածքների առկայությունը։ Ներկայում Զեմերինգը հայտնի լեռնադահուկային հանգստավայր է համարվում, շրջանը հայտնի է նաև որպես լեռնադահուկային սպորտի գծով աշխարհի Գավաթի խաղերի մրցության վայր։

Վիեննայի Կենտրոնական գերեզմանատանը գտնվող Կառլ Ռիթեր ֆոն Գեգայի գերեզմանը

Ներկայում Զեմերինգյան երկաթուղային ճանապարհը առաջվա պես ավստրիական Հյուսիսային երկաթուղու լիարժեքորեն կենսունակ հատված է հանդիսանում։ 1998 թվականին Զեմերինգյան երկաթուղային ճանապարհը հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ՝ 785 համարի ներքո[10]։

1851 թվականին Ավստրական կայսրությունում ունեցած մեծ ներդրման համար Կառլ ֆոն Գեգային պալատականի տիտղոս է շնորհվում։ 1853 թվականին նա նշանակվում է Ավստրիական կայսրության երկաթուղային ճանապարհների ամբողջ ցանցի նախագծային ղեկավարը։ Բացի այդ, 1842 թվականին Կառլ ֆոն Գեգան Շլումբերգերում (Schlumberger-Kellerei Վիեննայի Դյոբլինգ 19-րդ շրջան) կառուցում է գինու արտադրության գործարանը։ Այն Ավստրիայում փրփրուն գինիների հնագույն արտադրամասն է։

Կառլ Ռիթեր ֆոն Գեգան մահացել է 1860 թվականի մարտի 14-ին Վիեննայում տուբերկուլոզից։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Baltimore-Ohio Eisenbahn über die Alleghanygebirge, 1844(գերմ.)
  • Über nordamerikanischen Brückenbau und Berechnung des Tragungsvermögens der Howe’schen Brücken, 1845(գերմ.)
  • Übersicht der Hauptfortschritte des Eisenbahnwesens in den Jahrzehnte 1840-50 und die Ergebnisse der(գերմ.)
  • Probefahrten auf eine Strecke der Staatsbahn über dem Semmering in Österreich, 1852(գերմ.)
  • Обзор главных преимуществ железных дорог в 1840—1850 г., а также результаты испытаний государственных железных дорог в Австрии, 1853(ռուս.)
  • Malerischer Atlas der Eisenbahn über dem Semmering, 1855(գերմ.)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառլ ֆոն Գեգայի դիմանկարը պատկերված է 1965-1970 թթ. թողարկված ավստրիական 20 շիլինգանոց թղթադրամի վրա։
  • Ստեղծվել է Կառլ ֆոն Գեգայի թանգարան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biographisches Lexikon des Kaisertums Österreich — Fünfter Teil -… (1859).(գերմ.)
  • Dinhobl, Günter (2003). Die Semmeringerbahn: der Bau der ersten Hochgebirgseisenbahn der Welt. Wien: Grasl Druck & Neue Medien. էջ 228. ISBN 3-486-56743-8. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Ghega, Karl Ritter von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 5. — S. 166.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118694553 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «mountain railroad» (անգլերեն).
  6. Земмерингская железная дорога в 1998 году была объявлена объектом всемирного наследия ЮНЕСКО за номером 785.
  7. The Architect, Volume 3. 175 Strand W.C. 1870. էջ 184.{{cite book}}: CS1 սպաս․ location (link) CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Christian Schuhböck: Weltkulturerbe Semmeringbahn Führer zur ersten UNESCO-Eisenbahn-Welterbestätte der Welt, Berndorf: Kral-Verlag, 2009/2010, ISBN 978-3-902447-70-8(գերմ.)
  9. Robert Elsie (2012 թ․ դեկտեմբերի 24). A Biographical Dictionary of Albanian(Kallmet Lezhe) History. I.B.Tauris. էջ 166. ISBN 978-1-78076-431-3.
  10. 10,0 10,1 Semmering base tunnel ground-breaking. Արխիվացված 2017-10-07 Wayback Machine(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Ռիթեր ֆոն Գեգա» հոդվածին։