Կառլոս Մեծի դրամական բարեփոխումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլոս Մեծ
Ֆրանսիացի գեղանկարիչ Լ.Ֆ. Ամելիայի նկարը, XIX դար

Կառլոս Մեծի դրամական բարեփոխումներ, օրենսդրական մի շարք ակտեր, որոնք վերաբերում են Կառլոս Մեծի (768-814) թագավորության օրոք հատված մետաղադրամներին: Բարեփոխումը հանգեցրեց միջնադարյան Արևմտյան Եվրոպայում նոր դրամային համակարգի ձևավորմանը: Դրա էությունը կայանում էր փողերի թողարկման գործընթացի կենտրոնացման մեջ: Հիմնական մետաղադրամը դարձավ դինարը, որը կազմում էր արծաթի 1240 մասը՝ կշռելով 407-408 գրամ: 12 դինարը կազմել է մեկ շիլինգ, 20 շիլինգը` 1 ֆունտ: Շիլինգն ու ֆունտը համարվում էին հաշվարկային միավորներ: Կառլոս Մեծի օրոք այս անվանումով իրական մետաղադրամներ չհատվեցին: Բարեփոխումները մեծ նշանակություն ունեցան Արևմտյան Եվրոպայում փողերի շրջանառության համար: Երեք դրամական միավորից բաղկացած համակարգը՝ 240:20:1 հարաբերակցությունով, ներդրվեց Անգլիայում և գոյություն ունեցավ մինչև 1971 թվականը: Նմանատիպ համակարգեր գործել են գերմանական և իտալական մի շարք պետություններում, ինչպես նաև Ֆրանսիայում:

Նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

476 թվականին Հռոմեական կայսրության անկումն ու, հետագայում, ժողովուրդների մեծ գաղթը հանգեցրեցին դրամաշրջանառության դեֆորմացմանը: Ֆրանկական թագավորությունում այդ երևույթը կարգավորելու համար Պիպին Կարճահասակի թագավորության օրոք՝ 754-755 թվականներին, ընդունվեց Վերնոնի հրամանագիրը, որի համաձայն 1 ֆունտն սկսեց բաժանվել 22 շիլլինգի, նախկին 25-ի փոխարեն[1][2]: Բացի այդ արգելվեց մետաղադրամների անվերահսկելի հատումը, իսկ մասնավոր դրամատները փակվեցին: Թագավորը պետության տարածքում դարձավ դրամաշրջանառության միակ սեփականատերը (դրամը շրջանառության մեջ դնելու իրավունք ունեցողը)[2]:

Բարեփումների էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Մեծի Թուլուզում հատված դինարները։

781 թվականին կայսրության գլխավոր մետաղադրամը՝ դինարը, դարձավ զգալիորեն ավելի ծանր: Նոր օրենքով սահմանվել էր նոր դրամային համակարգ, որի համաձայն 1 ֆունտը բաժանվում էր 20 շիլլինգի, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին բաժանվում էր 12 դինարների: Այդպիսով 1 ֆունտ արծաթը կարելի էր մասնատել 240 դինարների[2]: Սահմանվել էր նաև 1 ֆունտի քաշի նորման: Քաշի միավորը, որը հավասար էր 407-408 գրամի. ստացավ Կառոլինգյան ֆունտ անվանումը և հենց այդ դարձավ պետության արժույթի շրջանառության հիմքը[3][4]:

Դինարների ընդհանուր տեսքը ամբողջովին փոխվեց: Դիմերեսի կենտրոնում խաչ էր և շրջանաձև գրություն՝ «CARLVS REX FR[ANCORVM]»: Դարձերեսի կենտրոնում Կարլոս Մեծի միացագիրն էր, իսկ դրա շուրջը` քաղաքի նշանը, որի վրա հատված էր մետաղադրամը[2]: Նաև հայտնի են դինարի այնպիսի մետաղադրամների տեսակներ, որոնց վրա ոչ թե թագավորի կայսերական կոչումն էր, այլ միապետի կայսերական տիտղոսը[2]:

Կառավարության վերահսկողության ուժեղացումը դրամահատման գործընթացի վրա հանգեցրեց մետաղադրամական մասնավոր մի շարք հատվածների փակմանը: Կառլոս Մեծի օրոք աշխատում էին 34 դրամատներ, որոնցից 22-ը գտնվում են ներկայիս Ֆրանսիայի տարածքում, իսկ 3-ը` Գերմանիայում (Թրիերում, Մայնցում եւ Քյոլնում)[5] :

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Մեծի դրամական բարեփոխումը հանգեցրեց մոնետոլիզմի՝ թագավորի վերահսկողությամբ: Մեկ ֆունտ մաքուր արծաթից hատվում էր 240 մետաղադրամ և մեկ դինարի կշիռը պետք է լիներ իդեալականորեն 1.7 գրամ: Այդ ժամանակի մետաղադրամների թողարկման տեխնոլոգիան թույլ չէր տալիս իրականացնել ճշգրիտ քաշով մետաղադրամների զանգվածային արտադրություն: Այդ ժամանակահատվածի մետաղադրամների մեծ մասը կշռում էր 1.3-1.8 գրամ: Նման լայն փոփոխություններով գործել է Գրեշամի օրենքը, որի դասական ձևակերպումը հետևյալն է. «Ամենավատ փողը դուրս է մղում լավագույններին շրջանառությունից»: Ավելի ծանր մետաղադրամները հանվել են շրջանառությունից: Արդյունքում, շրջանառվող 240 դինարները, չնայած որ պետք է կշռեին 1 ֆունտ, իրականում շատ ավելի քիչ էին կշռում: Ի հայտ եկան հաշվարկային և քաշային ֆունտ հասկացությունները: Հաշվարկային ֆունտը համապատասխանում էր 240 մետաղադրամի, քաշայինը` մետաղադրամների քանակի ընդհանուր քաշին[2]:

Դրամական բարեփոխումը, չնայած որ ուղղված էր դրամաշրջանառության կարգավորմանը, հանգեցրեց «անվանական» և «իրական» արժեքների ձեւավորմանը, որոնք դրամական միավորների առումով չէին համապատասխանում միմյանց[2]:

Ազդեցությունը համաշխարհային դրամական շրջանառության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր դինարները շուտով դարձան Արևմտյան Եվրոպայի ամենապահանջված մետաղադրամները: Սկզբում շիլլինգները եւ ֆունտերը համարվում էին միայն հաշվարկվող միավորներ: Հետագայում, քանի որ մետաղադրամները վատթարանում էին, արծաթի պարունակությունը դինարներում աստիճանաբար նվազում էր: Երեք դրամական միավորի համակարգը՝ (240:20:1) հարաբերակցությունով, ներդրվեց Անգլիայում: Մինչև 1971 թվականը 240 պենսը կազմում էր 20 շիլլինգ կամ 1 ֆունտ ստերլինգ[6]: Ֆրանսիայում, մինչև 1795 թվականը, 240 դենը կազմում էր 20 սյու կամ 1 լիվր[7]: Նմանատիպ համակարգեր օգտագործվում էին իտալական և գերմանական մի շարք պետություններում: Գերմանական պետություններում, դինարներն ստացան պֆեննինգ անվանումը[8]: 12 պֆեննինգը կազվում էր 1 շիլլինգ (սոլիդ)[9]: Օրինակ, Բրեմենում, ինչպես գերմանական միջնադարյան մյուս պետություններում, 1 ֆունտ արծաթը կազմված էր 20 շիլլինգից կամ 240 պֆեննինգից: Համակարգը գոյություն է ունեցել մինչև XIV դարի կեսերը[10]:

Կառլոս Մեծի օրոք դրամական համակարգը Մեծ Բրիտանիայի միջոցով հասավ երկրագնդի այնպիսի հատվածներ, որոնց մասին 9-րդ դարում Ֆրանկական կայսրությունում անգամ չէին էլ ենթադրվում: Այս համակարգը՝ 240 պենս = 20 շիլլինգ = 1 ֆունտ, ընդունվեց բրիտանական մի շարք գաղութների կողմից: Մի շարք երկրներում այն գոյություն է ունեցել նույնիսկ բրիտանական իշխանությունից անկախանալուց հետո: Ավստրալիայում Կառոլինգյան դրամական համակարգը գոյություն ունեցավ մինչև 1966 թվականը[11], իսկ Նիգերիայում՝ 1973 թվականը[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фенглер, 1993, «Каролингский монетный устав»
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Münzreform Karls des Großen» (գերմաներեն)։ Исторический институт Вюрцбургского университета։ 14-08-2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-03-ին։ Վերցված է 2016-11-15 
  3. Фенглер, 1993, «Каролингский фунт»
  4. Kahnt, 2005
  5. «Geldgeschichte II — Von der klassischen Antike ins Mittelalter» (գերմաներեն)։ www.wirtschaftslexikon24.com։ Վերցված է 2016-11-15 
  6. Фенглер, 1993, «Фунт стерлингов»
  7. Зварич, 1980, «Ливр»
  8. Фенглер, 1993, «Пфенниг»
  9. Фенглер, 1993, «Шиллинг»
  10. Jungk Hermann Die Bremischen Münzen. Münzen und Medaillen des Erzbisthums und der Stadt Bremen mit geschichtlicher Einleitung. — Bremen: Verlag von C. Ed. Müller, 1875. — S. 40.
  11. Зварич, 1980, «Фунт австралийский»
  12. Зварич, 1980, «Фунт нигерийский»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]