Կառլթոն Ուոթկինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլթոն Ուոթկինս
Carleton Watkins.jpg
Ծնվել էնոյեմբերի 11, 1829(1829-11-11)[1][2][3][…]
ԾննդավայրOneonta, Օտսեգո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էհունիսի 23, 1916(1916-06-23)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՆապա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[6]
Մասնագիտությունլուսանկարիչ
Carleton E. Watkins Վիքիպահեստում
Յոսեմիթե հովիտ, Կառլ Ուոթկինսի լուսանկարներից

Կառլթոն Է. Ուոթկինս (անգլ.՝ Carleton E. Watkins, նոյեմբերի 11, 1829(1829-11-11)[1][2][3][…], Oneonta, Օտսեգո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 23, 1916(1916-06-23)[1][2][3][…], Նապա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), 19-րդ դարի ամերիկացի լուսանկարիչ։ Հիմնականում զբաղվել է պեյզաժային լուսանկարչությամբ։ Յոսեմիթի հովիտը նրա ամենասիրելի թեման է եղել։ Ուոթկինսի այդ շարքի լուսանկարները զգալիորեն ազդել են Յոսեմիթի հովիտը որպես Յոսեմիթե ազգային պարկ պահպանելու ԱՄՆ Կոնգրեսի որոշման վրա։

Կենսագրություն և ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Ուոթկինս Յոսեմիթե հովիտ: 1879, Պրինսթոնի համալսարանի արվեստի թանգարան
Կ. Ուոթկինս Միներվա տեռասներ, հսկայական տաք աղբյուրներ (Minerva Terraces, Mammoth Hot Springs): Յոսեմիթե ազգային պարկ
Կ. Ուոթկինս Ձուլարան, Նոր Ալմադեն
Կ. Ուոթկինսի խորհրդանշական լուսանկարներից մեկը Յոսեմիթե հովտում
Կ. Ուոթկինս Սևանուշակ

Կառլթոն Է. Ուոթկինսը ծնվել է 1829 թվականի նոյեմբերի 11-ին, Նյու Յորքի Օնեոնտա քաղաքում, հյուսն Ջոն Ուոթկինսի և նրա կնոջ՝ պանդոկապան Ջուլիայի ընտանիքում։ Հետագայում նրանք ունեցել են ևս յոթ երեխա։ Կառլթոնը եղել է որսորդ ու ձկնորս, երգել է ակումբի երգչախմբում և պրեսբիտերական եկեղեցու երգչախմբում[7]։ Նրա երկրորդ անունը վեճի առարկա է եղել. որոշ աղբյուրներ անվանել են Յուջին (Eugene), իսկ մյուսները՝ Էմմոնս (Emmons)[8]:

1851 թվականին Ուոթկինսը և նրա մանկության ընկերը՝ Քոլիս Հանթինգթոնը, ոսկի գտնելու հույսով տեղափոխվել են Սան Ֆրանցիսկո[7]։ Սակայն նրանք այս գործում հաջողություն չեն ունեցել. Ուոթկինսը հայտնի է դարձել որպես լուսանկարիչ իր տաղանդով, իսկ Հանթինգթոնը դարձել է «Մեծ քառյակ»՝ Խաղաղ օվկիանոսյան կենտրոնական երկաթուղու սեփականատերերից մեկը[9]։ Հետագայում դա օգտակար է եղել նաև Ուոթկինսին։

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանցիսկոյում գտնվելու առաջին երկու տարիներին Ուոթկինսը չի զբաղվել լուսանկարչությամբ։ Սկզբում նա աշխատել է ընկերոջ՝ Հանթինգթոնի մոտ՝ նյութեր մատակարարելով լեռնահանքային արդյունաբերության համար։ Այնուհետև աշխատել է որպես վաճառող Ջորջ Մյուրեյի գրախանութում, որը գտնվում էր հայտնի դագերոտիպ նկարիչ Ռոբերտ Հ. Վանսեի արվեստանոցի մոտ[9]։ Այն բանից հետո, երբ վերջինիս աշխատակիցն անսպասելիորեն թողել է իր աշխատանքը, Վենսը, իմանալով Ուոթկինսի հաճելի բնավորությունը, հրավիրել է նրան իր բացակայության ժամանակ հետևել ստուդիայի աշխատանքին[10]։

Նախքան Վենսի հետ աշխատելը Ուոթկինսը ոչինչ չի իմացել լուսանկարչության մասին։ Վենսը նրան ծանոթացրել է այս արվեստի հիմնական տարրերին՝ պլանավորելով վերադառնալուն պես՝ դիմանկարներ նկարել։ Սակայն, երբ Վենսը վերադարձել է, բացահայտել է, որ իր բացակայության ժամանակ Ուոթկինսը բավականին հաջողել է լուսանկարչության մեջ, իսկ հաճախորդները գոհ են[10]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1858 թվականին Ուոթկինսը պատրաստ էր սկսել սեփական լուսանկարչական բիզնեսը։ Նա ընդունել է բազմաթիվ պատվերներ, ներառյալ Ջեյմս Մեյսոն Հայթչինգսի համար «Illustrated California Magazine»-ը և Ջոնի և Ջեսսի Ֆրեմոնտների Մարիպոսայում գտնվող հանքարդյունաբերական հողատարածքի փաստաթղթավորումը[9]։ Նա պատրաստել է դագերոտիպային ստերեո պատկերներ (նույն տեսարանի երկու գրեթե նույնական պատկերներ, որոնք դիտվում էին ստերեոսկոպի միջոցով՝ խորության պատրանք ստեղծելու համար) Almaden Quicksilver Mines-ում։ Դրանք օգտագործվել են դատական հնչեղություն ստացած ​​գործընթացում՝ ամրապնդելով Ուոթկինսի՝ որպես լուսանկարչի հեղինակությունը[10]։

Ուոթկինսը առաջինն է լուսանկարել Օնեոնտայի ջրվեժն ու կիրճը՝ Օրեգոնա նահանգի Կոլումբիա գետի հովտում տեղակայված գեղատեսիլ բնական հուշարձանները։ Լուսանկարիչը նրանց անվանել է Օնեոնտա՝ ի պատիվ իր հայրենի քաղաքի[11]։

1861 թվականի հուլիսին Ուոթկինսը որոշել է գնալ Յոսեմիթե հովիտ։ Նա իր հետ վերցրել է մամոնտ-ֆոտոխցիկ, որտեղ օգտագործվում էին 18 x 22 դյույմ չափի ապակե թիթեղներ և ստերեոսկոպիկ տեսախցիկ[9]։ Վերջինս անհրաժեշտ էր օբյեկտին խորություն տալու համար, իսկ մամոնտ-թիթեղյա տեսախցիկն անհրաժեշտ էր ավելի մանրամասն դետալներ դրոշմելու համար[7]։ Լուսանկարիչը վերադարձել է երեսուն մամոնտ-թիթեղներով և հարյուր ստերեո նեգատիվով։ Սրանք Յոսեմիթի առաջին լուսանկարներից էին, որոնք տեսել են ԱՄՆ-ի Արևելքում[12]։ 1864 թվականին Ուոթկինսին վարձել են Կալիֆոռնիայի նահանգային երկրաբանական ծառայությունում Յոսեմիթը լուսանկարնելու համար[7]։

1867 թվականին Ուոթկինսը բացել է իր առաջին հանրային պատկերասրահը, որը դարձել է Յոսեմիթիի գեղարվեստի շքեղ պատկերասրահը, ինչպես նաև իր լուսանկարներն ուղարկել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդես, որտեղ մեդալ է շահել[7]։ Նա ցույց է տվել Խաղաղ օվկիանոսյան առափնյա հարյուրից ավելի մեծ տեսարաններ և ավելի քան հազար պատկեր, որոնք հասանելի էին ստերեոսկոպիայի միջոցով[7]։ Չնայած որպես նկարիչ ճանաչմանը՝ Ուոթկինսը հաջողություն չի ունեցել որպես գործարար և, ի վերջո, կորցրել պատկերասրահը՝ հօգուտ իր վարկատու Ջեյ Ջեյ Կուկի[9]։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկի պատճառով Ուոթկինսը կորցրել է ոչ միայն իր ստուդիան, այլ նաև այնտեղ եղած ամեն ինչ[13]։ Երբ Կուկը և լուսանկարիչ Իսայա Թաբերը ստանձնել են Յոսեմիթի արվեստի պատկերասրահի շահագործումը, սկսել են վերարտադրել Ուոթկինսի աշխատանքները՝ նրան ոչինչ չվճարելով[9]։ 19-րդ դարում լուսանկարչությունում հեղինակային իրավունքի մասին օրենքներ չեն եղել, և Ուոթկինսը ոչինչ չի կարողացել անել գրագողության դեմ պայքարելու համար։ Դրանից հետո նա սկսել է վերստեղծել կորցրած պատկերները՝ այն անվանելով «Նոր սերիա»[10]։

1890-ական թվականներին Ուոթկինսը սկսել է կորցնել տեսողությունը։ Նրա վերջին պատվերը Ֆիբի Հերսթից է եղել՝ լուսանկարել նրա Hacienda del Pozo de Verona-ն։ Ուոթկինսը չի կարողացել ավարտել այս աշխատանքը վատ տեսողության և ինքնազգացողության վատթարացման պատճառով։ 1895-1896 թվականներին աշխատանքի բացակայության պատճառով նա այլևս չի կարողացել վճարել բնակարանի վարձը։ Ընտանիքի հետ միասին 18 ամիս ապրել է լքված երկաթուղային վագոնում[7]։

Ուոթկինսն իր աշխատանքի մեծ մասը պահել է Մարկետ սթրիթ փողոցում գտնվող ստուդիայում։ Այս ստուդիան ավերվել է 1906 թվականի Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժից և հրդեհից։ Անթիվ լուսանկարներ, նեգատիվներ և նրա ստերեոսկոպիկ պատկերների մեծ մասն անվերադարձ կորել են։ Այս անդառնալի կորստից հետո նա տեղափոխվել է Կապայի ագարակ[10]։

Ագարակ տեղափոխվելուց երեք տարի անց Ուոթկինսը ճանաչվել է անգործունակ և հանձնվել դստեր՝ Ջուլիայի խնամքին։ Ջուլիան մեկ տարի կերակրել է հորը, իսկ հետո, 1910 թվականին, նրան ուղարկել Նապայի հոգեկան հիվանդների պետական ​​հիվանդանոց, որից հետո Ուոթկինսի կինը՝ Ֆրենսիսը, ինքն իրեն այրի է կոչել։ Ուոթկինսը մահացել է 1916 թվականին և թաղվել հիվանդանոցի տարածքում գտնվող աննշան գերեզմանոցում[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթկինսը Ֆրենսիս Սնիդի հետ ծանոթացել է Նևադա նահանգի Վիրջինիա քաղաքում լուսանկարելիս[10]։ 1878 թվականին նրանց միջև սկսվել է ռոմանտիկ հարաբերություններ։ Մեկ տարի անց՝ Ուոթկինսի հիսնամյակի օրը, նրանք ամուսնացել են։ Ամուսիններն ունեցել են երկու երեխա՝ 1881 թվականին ծնվել է դուստրը՝ Ջուլիան և 1883 թվականին որդին՝ Քոլինզը[7]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոսեմիթե ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Ուոթկինս Տաճարի ժայռերը: Յոսեմիթի հովիտ, Կալիֆոռնիա նահանգի Մարիպոսա շրջան

Ուոթկինսը հաճախ է լուսանկարել Յոսեմիթեն և հսկայական ազդեցություն ունեցել քաղաքագետների վրա, երբ քննարկել է այս բնական վայրի՝ որպես ազգային պարկի պահպանությունը։ Ուոթկինսի լուսանկարների շնորհիվ Յոսեմիթե հովիտը դարձել է խորհրդանշական բնական հուշարձան, շատերը ցանկություն են ունեցել այցելել այնտեղ։ Բացի այդ, այս պատկերները նպաստել են Յոսեմիթե ազգային պարկ վերածվելուն։ Սենատոր Ջոն Քոննեսը Ուոթկինսի նկարները ներկայացրե է Կոնգրեսում[14]։ Նկարները շահագրգռել են նախագահ Աբրահամ Լինքոլնին, և նա 1864 թվականին ստորագրել է Յոսեմիթյան դրամաշնորհ, օրինագիծ, որով Յոսեմիթե հովիտը ճանաչվել է անձեռնմխելի։ Օրինագիծը ճանապարհ է բացել 1872 թվականին Ելոուսթոուն ազգային պարկի և ԱՄՆ ազգային պարկերի ամբողջ համակարգի ստեղծման համար[10]։ Յոսեմիթեի բազմաթիվ լեռներից մեկը կոչվել է Ուոթկինս՝ ի պատիվՅոսեմիթյան հովտի պահպանության գործում Ուոթկինսի մասնակցության[7]։

Շրջակա միջավայրի պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականին Լինքոլնի ընդունած օրենքը հաճախ դիտվել է որպես շրջակա միջավայրի պաշտպանության սկիզբ ամերիկյան քաղաքականության մեջ, և Ուոթկինսի աշխատանքն այս գործընթացի կարևոր մասն է, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել Յոսեմիթեի պահպանման և ազգային պարկերի համակարգի ստեղծման սկզբի վրա։ Ուոթկինսի լուսանկարները բնությունը պատկերել են այնպես, որ գրավել են ամերիկացիների ուշադրությունը։ Նա ստեղծել է վայրի բնության վսեմ պատկերներ, մարդու կողմից անձեռնմխելի լանդշաֆտներ։ Այս պատկերները դարձել են սրբապատկերներ, որոնք օգնել են առաջ տանել շրջակա միջավայրի պահպանության իդեալները[14]։

Հսկա գրիզլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Ուոթկինս Հսկա գրիզլիի մի մասը: Մարիպոսա պուրակ, Կալիֆոռնիա նահանգի Մարիպոսա շրջան

Ուոթկինսը լուսանկարել է Կալիֆոռնիայի հսկայական սեքվոյա ծառերից մեկը, որը կոչվում է Giant Grizzly: Այս լուսանկարն արվել է նրա մամոնտ-թիթեղներից մեկի օգտագործմամբ՝ թույլ տալով լուսանկարչին որսալ ամբողջ ծառն այնպես, ինչպես նախկինում հնարավոր չէր։ Ուոթկինսը, բացի աննախադեպ պատկերներ ստեղծելուց, արդեն շատ հայտնի էր, և լուսանկարչությունն արագորեն հանրաճանաչություն է ձեռք բերել։ Մինչ Ուոթկինսը պաշտպանում էր ծառերի պահպանումը, նրա լուսանկարներն ամերիկյան հասարակության մեջ նպաստել են տուրիզմի զարգացմանը, ինչը, իր հերթին, հանգեցրել է ավելի լայն առևտրայնացման և, որպես արդյունք, հսկա սեքվոյաների պակասելուն[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Carleton E. Watkins
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Artists + Artworks
  5. 5,0 5,1 5,2 online image library Nederlands Fotomuseum
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 7,9 Carleton Watkins. The Art of Perception // Wayback Machine. April 16, 2000.
  8. Palmquist, Peter E. "Carleton+Emmons+Watkins"&dq="Carleton+Emmons+Watkins"&hl=en&sa=X&redir_esc=y Carleton Watkins, Photographer of the American West. Amon Carter Museum, 1983. — P. 3. — ISBN 9780826306593.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 The Photographs of Carleton Watkins // Carletonwatkins.org.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Hill, Eric. Carleton E. Watkins. Stereo World, March — April 1977. — Vol. 41. — No. 1. — Pp. 4—5 // Central Pacific Railroad Photographic History Museum.
  11. Words and Pictures. Oneonta / USA Archived 2020-01-24 at the Wayback Machine. // Greater Oneonta Historical Society.
  12. Carleton E. Watkins. The J. Paul Getty Museum // Wayback Machine. September 3, 2006.
  13. Carleton E. Watkins. The World in a Frame // Wayback Machine. April 16, 2003.
  14. 14,0 14,1 DeLuca, Kevin Michael; Demo, Anne Teresa. Imaging Nature: Watkins, Yosemite, and the Birth of Environmentalism (PDF). Critical Studies in Media Communication 17. — 2000. — No. 3: 241. Academic Search Complete, EBSCOhost.
  15. Hutchinson, Elizabeth. They Might Be Giants: Carleton Watkins, Galen Clark, and the Big Tree. — 2004. — October no. 109: 46—63. Academic Search Complete, EBSCOhost.