Կառավարման մեթոդաբանությունը և սկզբունքները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կառավարման մեթոդաբանությունը և սկզբունքները

    Կազմակերպության  ձևավորման և գործունեության իրականացման առանցքային գործոնը մարդիկ են, առանց որոնց բացառվում է որևէ արտադրատնտեսական գործունեություն: Մարդկանց նպատակաուղղված համատեղ գործունեությունը, ինչպես նշվել է, անհրաժեշտ է համակարգել, որն էլ ղեկավարի գործունեության բովանդակությունն է:   

Կառավարման տեսության ճանաչված ներկայացուցիչ Մերի Պարկեր Ֆոլետը մենեջմենթը սահմանել է որպես << աշխատանքների իրականացման ապահովում ուրիշ մարդկանց օգնությամբ>>: Կազմակերպության ղեկավարությունը պետք է կարողանա ձևավորել ներազդման այնպիսի համակարգ, որ մարդկանց ստիպի կամ շահադրդի առավելագույն արդյունավետությամբ իրագործելու կազմակերպության նպատակները: Միաժամանակ պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր աշխատող անհատականություն է՝ անկրկնելի զգացմունքներով, ընդունակություններով ու պահանջմունքներով,ինչն էլ պայմանավորում է նրա աշխատանքային վարքագիծը: Մարդկանց մի մասի վրա մեծ ազդեցություն են գործում նյութական փոխհատուցումն ու պարգևատրումները, մյուսների վրա՝ պատասխանատվության ենթարկվելն ու վարչական տույժերը: Միևնույն առաջադրանքը ստանալիս նրանք, հատկապես կառավարման ոլորտի աշխատողները, կարող են ցուցաբերել ամենատարբեր մոտեցումներ, ընտրել առաջադրանքի կատարման տարբեր ուղիներ: Կառավարման մեթոդները, որոնք ըստ աղղվածության լինում են տնտեսական, վարչակազմակերպական և սոցիալ-հոգեբանական բնույթի, կառավարման գործընթացում սուբյեկտի կողմից օբյեկտի վրա իրականացվող կառավարչական ներազդման ձևերի ու եղանակների ամբողջություն են: Կառավարման մեթոդները պատմական կատեգորիա են: Յուրաքանչյուր սոցիալ-տնտեսական հասարակարգում գործում են որոշակի տնտեսական օրենքներ, ձևավորվում արտադրական հարաբերություններ և դրանց համապատասխան կառավարման մեթոդներ: Կառավարման գոծընթացում վերջիններս միշտ գտնվել ու գտնվում են ուղղակի կապի մեջ, գործում են միաժամանակ և ոչ միայն չեն բացառում, այլև փոխադարձաբար լրացնում են միմյանց՝ կազմելով միասնական համակարգ:

Կառավարման մեթոդները տարբեր իրադրություններում և ժամանակահատվածներում կիրառվում են տարբեր համամասնությամբ: Կառավարման մեթոդների ճիշտ ընտրությունը, համակցումն ու կիրառումը հույժ կարևոր նշանակություն ունեն արտադրատնտեսական արդյունավետ գործունեության կարգավորման համար, ղեկավարի և, ընդհանրապես, կառավարող համակարգի գործունեության առանցքն են, և երբ խոսվում է կառավարման՝ որպես արվեստի մասին, ապա առաջին հերթին նկատի է առնվում հենց այդ գործընթացը: