Կապ (տեխնիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապ (այլ կիրառումներ)

Կապ (տեխնիկա), զանազան միջոցների օգնությամբ ինֆորմացիայի հաղորդում և ընդունում, ժողտնտեսության ճյուղ, որն ապահովում է ինֆորմացիայի փոխանակությունը։ Հնում կապը իրականացվում էր սուրհանդակների, պայմանական ազդանշանների՝ խարույկների, ջահերի, ապա՝ փոստի միջոցով։ 18-րդ դարի վերջին հայտնագործվեց օպտիկական կապը, 19-րդ դարում՝ էլեկտրահաղորդման միջոցները, էլեկտրահեռագիրը (1832 թ.), էլեկտրամագնիսային հեռագրասարքը (1837 թ.), հեռախոսը (1876 թ.), անհաղորդալար (ռադիոյի) կապը (1895 թ.)։ Կապի միջոցների հետագա տեխնիկական զարգացումը ընթացել է բարձր տեմպերով, մշակվել և ներդրվել են հաղորդման մեծ հուսալիություն, արագություն, սարքավորումների բարձր թողունակություն ունեցող համակարգեր։ Տեխնիկական միջոցների բնույթին համապատասխան, ժամանակակից կապը բաժանվում է փոստայինի և էլեկտրականի։ ԽՍՀՄ-ում կապի առավել տարածված տեսակը փոստայինն է։ 1977 թվականին հանձնվել է մոտ 9, 2 միլիարդ նամակ, 42 միլիարդ թերթ և ամսագիր, 236 միլիոն ծանրոց։ Էլեկտրակապի ոլորտում ավտոմատացվում է ինֆորմացիայի հաղորդումը, հեռախոսակապն ավտոմատացվում է ԱՀԿ-ի համակարգերի միջոցով։ 1977 թվականին ընդհանուր հեռախոսացանցում կար 19, 6 միլիոն հեռախոս, որից 18, 7 մլն՝ ավտոմատ, կատարվել է միջքաղաքային 960 միլիոն հեռախոսազրույց, հաղորդվել՝ 477 միլիոն հեռագիր։ Ստեղծվել է բաժանորդային հեռագրացանց, ներդրվում է ֆաքսիմիլային կապ են։ Ստեղծվել է ռադիոկայանների ճյուղավորված ցանց, որոնց հաղորդակներն աշխատում են երկար, միջին, կարճ և գերկարճալիք դիապազոններում։ 1977 թվականին գործում էր լարային ռադիոհաղորդումների ՝ 70, 2 միլիոն կետ, ծրագրային և վերահաղորդիչ 2259 հեռուստակայան։ 1977 թվականին գործում էր կաշվի 89 հազար ձեռնարկություն։ Երկրի հեռավոր շրջանների հետ կապը իրականացվում է տիեզերական (արբանյակային) համակարգերի («Օրբիտա») միջոցով։ ԽՍՀՄ-ը կապի միջազգային բազմաթիվ կազմակերպությունների անդամ է։ Հայաստանում մինչև 19-րդ դարի կեսերը կապի միակ միջոցը փոստն էր։ 1864 թվականին հեռագրական կապ է հաստատվում Թիֆլիսի և Երևանի, ապա Դիլիջանի և Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) միջև։ 1913 թվականին Հայաստանում գործում էր կապի 26 ձեռնարկություն, որոնք գտնվում էին վարչական կենտրոններում և, հիմնականում, ծառայում էին Ռուսական կայսրության ռազմավարչական նպատակներին։ Խորհրդային իշխանության տարիներին, խոշոր կապիտալ ներդրումների (1921-1977 թվականներին՝ 180, 7 մլն) շնորհիվ, կապի տնտեսությունը զարգացավ բուռն թափով, կատարելագործվեցին տեխնիկական միջոցները, քաղաքներում և շրջկենտրոններում կառուցվեցին կապի բաժանմունքներ, հեռախոսային և լարային ռադիոհաղորդումների ցանցեր, միջքաղաքային ավտոմատ և կիսաավտոմատ կայաններ, Երևան-Թբիլիսի կաբելային գիծը են։ 1977 թվականին շահագործման հանձնվեց երկիր-արբանյակ-երկիր տիեզերական կապի «Օրբիտա» համակարգը, որի միջոցով Երևանում վերհաղորդվում է կենտրոնական հեռուստատեսության ծրագրերից մեկը ևս։ 1978 թվականի վերջին Հայաստանում կապի ձեռնարկությունների թիվը 793 էր, այդ թվում, գյուղական վայրերում՝ 510։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 247 CC-BY-SA-icon-80x15.png