Կապույտ մորուքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ մորուքը
ֆր.՝ La Barba azul o barbe buelu
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ և պատմազրույց
ՀեղինակՇառլ Պեռո
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
ԿերպարներSœur Anne? և Bluebeard?
ՀրատարակչությունDr. Grégr a Ferd. Dattel?
Հրատարակվել էհունվար 1697
 Barbebleue

Կապույտ մորուքը (ֆր.՝ La Barbe bleue), ֆրանսիական ժողովրդական հեքիաթ, լեգենդ նենգ ամուսնու մասին։ Գրական մշակման է ենթարկել Շառլ Պերոյի կողմից և առաջին անգամ հրատարակվել 1697 թվականին նրա «Սագ մայրիկիս հեքիաթները կամ Անցած ժամանակների պատմություններ ու հեքիաթներ՝ խրատներով» գրքում[1]։ Կերպարի նախատիպ կարող է ծառայած լինել ֆրանսիացի բարոն և մարշալ Ժիլ դե Ռեն, որը մահապատժի է ենթարկվել բազմաթիվ սպանությունների համար։

Աարնե-Թոմփսոնի դասակարգման մեջ այս սյուժեն կրում է 312 համարը[2]։

Հեքիաթը հիմք է հանդիսացել թատերական մի շարք տարբերակների համար։ Առավել հայտնի են Ժակ Օֆենբախի համանուն օպերերտը և Բելա Բարտոկի «Հերցոգ Կապույտ մորուքի դղյակը» օպերան։ Երկու դեպքում էլ սյուժեն բավականին փոխված է՝ օպերետում ծաղրական ելքով, օպերայում՝ փիլիսոփայական-առեղծվածային։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ մորուք մականունով հարուստ արիստոկրատից կանայք վախենում էին. նախ՝ նրա մորուքի կապույտ գույնի պատճառով, որի համար էլ ստացել էր այդ մականունը, երկրորդ՝ այն պատճառով, որ նրա նախկին 7 կանանց ճակատագրերը մնացել էին անհայտ։ Կապույտ մորուքն ամուսնանում է ազնվական հարևանուհու դուստրերից մեկի հետ, նա մորն առաջարկել էր ընտրել, թե դուստրերից որին կնության տա։ Նրա վախից աղջիկներից ոչ մեկը չի համաձայնում նրա հետ ամուսնանալ։ Ի վերջո, գրավելով կրտսեր աղջկա սիրտը, պարոնը հարսանիք է կազմակերպում, և աղջիկը տեղափոխվում է նրա դղյակ։

Հարսանիքից շատ չանցած Կապույտ մորուքը պատրաստվում է գործերով մեկնել։ Նա կնոջն է տալիս բոլոր սենյակների բանալիները, այդ թվում նաև ներքևի խորհրդավոր խցի բանալին՝ մահվան սպառնալիքով արգելելով մտնել այնտեղ։ Ամուսնու բացակայության ժամանակ երիտասարդ կինը չի դիմանում գայթակղությանը, բացում է դուռն ու այնտեղ տեսնում արյան լճակ ու Կապույտ մորուքի անհետացած բոլոր կանանց մարմինները։ Վախից նա բանալին վայր է գցում արյան մեջ և երբ ուշքի է գալիս, փորձում է արյունը մաքրել։ Բայց քանի որ բանալին կախարդական էր, ոչինչ չի ստացվում։

Կապույտ մորուքը անսպասելի շուտ է վերադառնում և կնոջ անհանգստությունից հասկանում է, որ նա արգելքը խախտել է։ Բանալու վրա տեսնելով արյան հետքը՝ նա կնոջ համար մահվան վճիռ է կայացնում։ Կինը նրանից յոթ րոպե է խնդրում, որպեսզի մահվանից առաջ աղոթի, իսկ ավագ քրոջն ուղարկում է աշտարակից հետևելու, թե արդյոք եղբայրները չեն եկել։ Կապույտ մորուքը համբերությունը կորցնում է, բռնում է կնոջը, բայց այդ պահին վրա են հասնում եղբայրներն ու նրան սպանում։

Սյուժեի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի անգլիական սյուժեն փոքր-ինչ տարբերվում է ֆրանսիականից։ Այնտեղ Կապույտ մորուքն առևանգում է ճանապարհին իրեն պատահական հանդիպած մի գեղեցիկ աղջկա և բռնի դարձնում իր կինը։ Կապույտ մորուքի դղյակի բոլոր ծառաները կաշառված էին, բացի մի գեղեցիկ հովվուհուց, որի հետ երիտասարդ տիրուհին ընկերանում է։ Կապույտ մորուքը մեկնում է՝ կնոջ մոտ թողնելով բանալիներն ու արգելելով բացել միակ խուցը։ Տիրուհին ու հովվուհին Կապույտ մորուքի վերադարձից մեկ շաբաթ առաջ հետաքրքրությունից դրդված բացում են խցիկն ու այնտեղ տեսնում կանանց մարմիններ, որոնք կախված էին յոթ կեռերից, իսկ ութերորդ կեռն ազատ էր։ Սարսափից երիտասարդ կինը բանալին ձեռքից գցում է։ Բանալին արյունոտվում է։ Կանայք փորձում են արյունը մաքրել, բայց որքան շատ էին լվանում, այնքան արյան հետքը մգանում էր, այն ոչ մի կերպ չմաքրվեց կախարդական բանալուց։

Հասկանալով, որ տիրուհին չի փկարող խուսափել պատժից՝ հովվուհին խոսող ճային ուղարկում է սարսափելի լուրը տիրուհու եղբայրներին հայտնելու։ Կապույտ մորուքը վերադառնում է և սրում դանակը, որպեսզի սպանի անհնազանդ կնոջը։ Հովվուհին լարված նայում է աշտարակից՝ տեսնելու, թե արդյոք չեն գալիս տիրուհու եղբայրները։ Վերջին պահին եղբայրները հասնում են։ Սկսվում է կռիվ. երկու եղբայրները մի ամբողջ ժամ կռվում են Կապույտ մորուքի և նրա չար, ցլերի նման 3 շների հետ։ Սակայն եղբայրները կարողանում են հաղթել և սպանել նրանց։ Նրանք իրենց հետ տանում են քրոջն ու երիտասարդ հովվուհուն, որի հետ փոքր եղբայրն ամուսնանում է։ Հովվուհին որպես հարսանեկան օժիտ ստանում է Կապույտ մորուքի դղյակը։

Սյուժեի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի Կապույտ մորուքի կերպարների ծագման վերաբերյալ երկու ավանդական տարբերակ, և դրանք երկուսն էլ կապված են Բրետանի տխրահռչակ անձանց հետ[3]։

Համաձայն առաջին տարբերակի՝ լեգենդի նախատիպ է ծառայել Ժիլ դե Ռեն, որն ապրել է 15-րդ դարում ու մահապատժի է ենթարկվել իր մի քանի կանանց սպանելու և դևերին կանչելու նպատակով 80-200 տղաների ծիսական սպանությունների մեղադրանքով։ Հարկ է նշել, որ այդ մեղադրանքներն ամենայն հավանականությամբ կեղծ էին։ Այսպես, նա ունեցել է մեկ կին, իսկ նրա ձերբակալությունից ու մահից հետո ժողովրդի մեջ հեքիաթ էր պտտվում, որ իր վեց կանանց սպանելու համար սատանան նրա շեկ մորուքը ներկել էր կապույտ, իսկ հնագետները, որ հետախուզել էին նրա դղյակը, չէին գտել զանգվածային սպանություններին և թաղումներին վերաբերող որևէ մնացորդ։ Հնարավոր է, որ բարոնին զրպարտել էին Կառլ VII թագավորի հրամանով, որը դե Ռեի նախկին ընկերն էր, հետագայում՝ թշնամին։ 1992 թվականին ֆրանսիացի գիտնականները հասել են պատմական արդարության. նրանք Ֆրանսիական Հանրապետության սենատում կազմակերպել են նոր «հետմահու դատ»։ Ուշադիր ուսումնասիրելով ինկվիզիցիայի արխիվի փաստաթղթերը՝ մի քանի խորհրդարանականներից, քաղաքական գործիչներից ու փորձագետ պատմաբաններից կազմված տրիբունալը դե Ռեին լիովին արդարացրել է։

Համաձայն երկրորդ տարբերակի՝ լեգենդը կապված է Բրետանիի տիրակալ Կոնոմոր ապ Տուտվալի (Նզովյալի) հետ, որի կինը՝ Տրիֆինան, դղյակում հայտնաբերել էր մի գաղտնի սենյակ, որտեղ գտնվում էին ամուսնու նախկին երեք կանանց դիակները։ Հոգիները նրան հայտնել էին, որ նրանք սպանվել էին հղիության ժամանակ։ Հղի Տրիֆինան փախել է, բայց Կոնոմորը նրան բռնել ու գլխատել է։

Անհրաժեշտ է նշել, որ սյուժեի ձևավորման վրա անուղղակիորեն ազդել են նաև Հենրի VIII թագավորի երկու կանանց՝ Աննա Բոլեյնի և Եկատերինա Հովարդի ճակատագրերը, որոնք իրենց ամուսնու հրամանով մահապատժի են ենթարկվել ամուսնական և պետական դավաճանության համար։ Հեքիաթի որոշ նկարներում և էկրանավորումներում Կապույտ մորուքն արտաքինով ու հանդերձանքով նման է Հենրի VIII-ին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժորժ Մելիեսի «Կապույտ մորուքը» (ֆր.՝ Barbe-bleue) կարճամետրաժ համր ֆիլմ-հեքիաթ (1901) – վեպի առաջին էկրանավորումը, գլխավոր դերակատարը Ժորժ Մելիեսն է։
  • «Կապույտ մորուքը» ֆիլմ (1951)։
  • 1972 թվականին թողարկվել է «Կապույտ մորուքը» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Ռիչարդ Բարթոնը։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Էնիո Մորիկոնեն։
  • 1973 թվականին Վալտեր Ֆելզենշտեյնը DEFA ստուդիայում նկարահանել է «Ritter Blaubart» ֆիլմը, որի հիմքում ընկած է Ժակ Օֆենբախի օպերետի՝ 10 տարի առաջվա իր բեմադրությունը։
  • «Շատ կապույտ մորուք» խորհրդային մուլտֆիլմում Կապույտ մորուքի կանայք իրենք էին ամուսնուն հասցրել նրան, որ նա դատաստան էր տեսել նրանց հետ։ Գլխավոր հերոսին հնչյունավորում էր Միխայիլ Բոյարսկին։
  • Գրիմ եղբայրների հեքիաթների ճապոնական անիմե-սերիալների առաջին սեզոնի 16-րդ էպիզոդը հեքիաթի գրեթե բառացի էկրանավորումն է։
  • թվականին «Կապույտ մորուքի վերջին կինը» մուլտֆիլմ, 1996 թվական, Ուկրաինա, Ֆրանսիա։
  • 2008 թվականին թողարկվել է «Կապույտ մորուքը» ֆիլմը, որում նկարահանվել է Դմիտրի Իսաևը։
  • 2002 թվականին թողարկվել է «Fables» կոմիքսը, որտեղ Կապույտ մորուքը գլխավոր հերոսներից մեկն է։
  • 2012 թվականին НТВ ալիքի «Հետաքննությունը վարում են» հաղորդումով Լեոնիդ Կանևսկին պատմել է մի մոլագարի մասին, որն սպանում էր այն աղջիկներին, որոնց հետ ուզում էր ամուսնանալ։ Մոլագարը զոհերի շուրթերին թողել էր կապույտ հետք, որ խորհրդանշում էր Կապույտ մորուքին։
  • 2013 թվականին «Fables» կոմիքսի հիման վրա թողարկվել է «The Wolf Among Us» համակարգչային խաղը, որտեղ Կապույտ մորուքը գլխավոր կերպարներից մեկն է։
  • 2014 թվականին թողարկվել է համանուն ռուսական մուլտֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Charles Perrault (1628-1703)». CLPAV.
  2. Heidi Anne Heiner. «Tales Similar to Bluebeard». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  3. Синяя борода // «Кругосвет».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тогоева О. И. Сказка о Синей Бороде // "Истинная правда": языки средневекового правосудия. — М.: Наука, 2006. — С. 182-221.
  • Эстес К. П. Бегущая с волками. Женский архетип в мифах и сказаниях / Пер. с англ. Т. Науменко. — К., М.: ИД «София», 2003. — 496 с. — 5000 экз. — ISBN 5-9550-0014-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]