Կապիտալի շուկա
| Տնտեսագիտություն |
|---|
| Պատմություն • Տեսակներ • Դասակարգում |
|
Տնտեսագիտության տեսություն • Տնտեսագիտության պատմություն • Տնտեսության պատմություն • Տնտեսական քաղաքականություն • Քաղաքատնտեսություն • Դպրոցներ • Միկրոտնտեսագիտություն • Մակրոտնտեսագիտություն • Կիրառական տնտեսագիտություն • Հետերոդոքս տնտեսագիտություն • Մեթոդաբանություն • JEL դասակարգման կոդեր • Տնտեսագիտական կրթություն |
| Տեսություն • Տեխնիկա |
| Ըստ բնագավառի |
|
Գյուղատնտեսական • Վարքագծային • Բիզնեսի • Հաշվողական • Մշակութային • Ժողովրդագրական • Երջանկության • Զարգացման • Կանաչ • Շինարարական • Բնապահպանական • Թվայնացված • Գիտելիքի • Էկոլոգիական • Դասավանդում • Շրջակա միջավայրի • Էվոլյուցիոն • Էքսպեդիցիոն • Աշխարհագրություն • Առողջապահական • Տեղեկատվական • Միջազգային • Աշխատանքի • Իրավունք • Կառավարման • Արժույթային • Ֆինանսական • Բնական պաշարների • Աշխատակազմի • Հանրային • Գյուղական • Քաղաքային |
| Հայտնի տնտեսագետներ |
| Ցանկեր |
| Տնտեսագիտություն |
Կապիտալի շուկա, ֆինանսական շուկա, որտեղ գնվում և վաճառվում են երկարաժամկետ պարտքային պարտավորություններ (ավելի քան մեկ տարի) կամ բաժնետոմսերով ապահովված արժեթղթեր[1]` ի տարբերություն դրամի շուկայի, որտեղ գնվում և վաճառվում են կարճաժամկետ պարտքային պարտավորություններ: Կապիտալի շուկաները ավանդատուների հարստությունն ուղղում են նրանց, ովքեր կարող են այն օգտագործել երկարաժամկետ արտադրական գործունեության մեջ, ինչպիսիք են երկարաժամկետ ներդրումներ կատարող ընկերությունները կամ կառավարությունները[Ն 1]: Ֆինանսական կարգավորող մարմինները, ինչպիսիք են Հնդկաստանի արժեթղթերի և բորսայի խորհուրդը (SEBI), Անգլիայի բանկը (BoE) և ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովը (SEC), ի թիվս այլ պարտականությունների, վերահսկում են կապիտալի շուկաները՝ ներդրողներին խարդախությունից պաշտպանելու համար։

Կապիտալի շուկաներում գործառնությունները սովորաբար ղեկավարվում են ֆինանսական ոլորտի կազմակերպությունների կամ կառավարությունների և ընկերությունների գանձապետական գերատեսչությունների կողմից, սակայն դրանցից մի քանիսին հասարակությունը կարող է ուղղակիորեն մասնակից դառնալ: Օրինակ` Միացյալ Նահանգներում ինտերնետ կապ ունեցող ցանկացած ամերիկացի կարող է հաշիվ բացել TreasuryDirect-ում և օգտագործել այն առաջնային շուկայում պարտատոմսեր գնելու համար: Այնուամենայնիվ, ֆիզիկական անձանց վաճառքը կազմում է վաճառված պարտատոմսերի ընդհանուր ծավալի միայն մի փոքր մասը: Տարբեր մասնավոր ընկերություններ տրամադրում են զննարկչի վրա հիմնված հարթակներ, որոնք անհատներին հնարավորություն են տալիս բաժնետոմսեր, իսկ երբեմն նույնիսկ պարտատոմսեր գնել երկրորդային շուկաներում: Կան նման համակարգերի հազարավոր տեսակներ, որոնց մեծ մասը սպասարկում է ընդհանուր առմամբ կապիտալի շուկաների միայն մի փոքր մասը: Այս համակարգերն օգտագործող կազմակերպությունները ներառում են ներդրումային բանկեր, ֆոնդային բորսաներ և պետական գերատեսչություններ: Ֆիզիկապես այս համակարգերը տեղակայված են ամբողջ աշխարհում, չնայած դրանք սովորաբար կենտրոնացած են ֆինանսական կենտրոններում, ինչպիսիք են Լոնդոնը, Նյու Յորքը և Հոնկոնգը:
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապիտալի շուկան կարող է լինել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային: Առաջնային շուկայում բաժնետոմսերի կամ պարտատոմսերի նոր թողարկումները վաճառվում են ներդրողներին հաճախ տեղաբաշխման hայտնի մեխանիզմի միջոցով: Առաջնային կապիտալի շուկաներում երկարաժամկետ միջոցներ հայթայթելու հիմնական սուբյեկտներն են կառավարությունները (որոնք կարող են լինել համայնքային, տեղական կամ ազգային) և առևտրային ձեռնարկությունները (ընկերությունները): Կառավարությունները թողարկում են միայն պարտատոմսեր, մինչդեռ ընկերությունները հաճախ թողարկում են ինչպես բաժնետոմսեր, այնպես էլ պարտատոմսեր: Առաջնային շուկաներում պարտատոմսեր կամ բաժնետոմսեր ձեռք բերող հիմնական սուբյեկտներն են կենսաթոշակային հիմնադրամները, հեջ ֆոնդերը, ինքնիշխան ներդրումային ֆոնդերը և ավելի քիչ տարածված հարուստ անհատներն ու ներդրումային բանկերը, որոնք առևտուր են անում իրենց անունից։ Երկրորդային շուկայում առկա արժեթղթերը վաճառվում և գնվում են ներդրողների կամ առևտրականների կողմից սովորաբար բորսայում, արտաբորսայական շուկայում կամ այլուր: Երկրորդային շուկաների առկայությունը մեծացնում է ներդրողների պատրաստակամությունը՝ աշխատելու առաջնային շուկաներում, քանի որ նրանք գիտեն, որ անհրաժեշտության դեպքում, ամենայն հավանականությամբ, կկարողանան արագ կանխիկացնել իրենց ներդրումները[2]։
Երկրորդ կարևոր բաժանումը տեղի է ունենում արժեթղթերի շուկաների (սեփական կապիտալի արժեթղթերի համար, որոնք հայտնի են նաև որպես բաժնետոմսեր, որտեղ ներդրողները ձեռք են բերում ընկերությունների սեփականությունը) և պարտատոմսերի շուկաների միջև (որտեղ ներդրողները դառնում են պարտատերեր)[2]։
Հակադրություն փողի շուկաների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամի շուկաներն օգտագործվում են կարճաժամկետ ֆինանսավորում ներգրավելու համար՝ ներառյալ այն վարկերը, որոնք ակնկալվում է, որ կվերադարձվեն արդեն մեկ ճրվա ընթացքում: Ի հակադրություն՝ «կապիտալի շուկաներն» օգտագործվում են երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավելու համար բաժնետոմսերի և այնպիսի վարկերի տեսքով, որոնց ամբողջական մարում ակնկալվում է առնվազն մեկ տարի անց[1]։
Օրինակ՝ ընկերությունը կարող է ունենալ հաճախորդներից ստացված վճարումներ, որոնք դեռ չեն մարվել, սակայն անհապաղ անհրաժեշտ է կանխիկ գումար՝ իր աշխատակիցներին վճարելու համար: Բայց երբ ընկերությունը վարկեր է վերցնում կապիտալի առաջնային շուկաներից, հաճախ նպատակն է ներդրումներ կատարել արտադրության լրացուցիչ նյութական միջոցների մեջ, որոնք կօգտագործվեն իր եկամուտներն ավելացնելու համար: Ներդրումների վերադարձը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ մինչև բավարար եկամուտներ ստանալ՝ ծախսերը մարելու համար, հետևաբար այդ ֆինանսավորումը համարվում է երկարաժամկետ[2]։
Դրամական շուկաները և կապիտալի շուկաները միասին կազմում են ֆինանսական շուկա՝ տերմինի նեղ իմաստով[Ն 2]։ Կապիտալի շուկան կապված է երկարաժամկետ ֆինանսավորման հետ: Լայն իմաստով այն բաղկացած է ֆինանսական միջանցքներից, որոնց միջոցով անհատների և հաստատությունների խնայողությունները հասանելի են դառնում արդյունաբերական և առևտրային ձեռնարկություններին, ինչպես նաև պետական կառույցներին։ Խնայողություններն արտադրական ներդրումների վերածելու այս գործընթացը կարևոր նշանակություն ունի տնտեսական աճի և զարգացման համար: Բացի այդ՝ կապիտալի շուկաները հնարավորություն են տալիս ինչպես անհատներին, այնպես էլ հաստատություններին դիվերսիֆիկացնելու իրենց ներդրումները՝ դրանով իսկ կառավարելով ռիսկերը և երկարաժամկետ հեռանկարում ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն[3]։
Կապիտալի շուկան ընդդեմ բանկային վարկերի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական բանկային վարկավորումը սովորաբար չի դասակարգվում որպես գործարք կապիտալի շուկայում, նույնիսկ եթե վարկերը տրամադրվում են ավելի քան մեկ տարի ժամկետով: Նախ, այս բանկային վարկերն արժեթղթավորված չեն (այսինքն՝ դրանք չեն վերածվում վերավաճառվող արժեթղթի, ինչպիսիք են բաժնետոմսերը կամ պարտատոմսերը, որոնք կարող են վաճառվել շուկաներում): Երկրորդ, բանկային վարկավորումը կարգավորվում է ավելի խիստ, քան կապիտալի շուկայի վարկավորումը: Երրորդ, բանկային ավանդատուները հակված են ավելի ռիսկային լինելու, քան կապիտալի շուկայի ներդրողները: Այս երեք տարբերությունները սահմանափակում են ինստիտուցիոնալ վարկավորումը՝ որպես ֆինանսավորման աղբյուր: Երկու լրացուցիչ տարբերությունները, այս անգամ հօգուտ բանկային վարկավորման, նրանք են, որ բանկերն ավելի մատչելի են փոքր և միջին ընկերությունների համար, և որ նրանք հնարավորություն ունեն գումար ստեղծելու վարկավորման գործընթացում: 20-րդ դարում ընկերությունների ֆինանսավորման մեծ մասը, բացի բաժնետոմսերի թողարկումից, իրականացվել է բանկային վարկերի միջոցով։ Բայց մոտավորապես 1980 թվականից ի վեր միջնորդությունից հրաժարվելու կայուն միտում է նկատվել, երբ խոշոր և վարկունակ ընկերությունները պարզել են, որ իրանք իրականում ստիպված են ավելի քիչ տոկոսներ վճարել, եթե վարկեր վերցնեն ուղղակիորեն կապիտալի շուկաներից, այլ ոչ թե բանկերից: Ոչ թե բանկերից, այլ կապիտալի շուկաներից միջոցներ վերցնելու ընկերությունների միտումը հատկապես ուժեղ էր Միացյալ Նահանգներում: Ըստ Financial Times-ի՝ 2009 թվականին կապիտալի շուկաները դուրս մղեցին բանկային վարկավորումը որպես երկարաժամկետ ֆինանսավորման առաջատար աղբյուր, ինչը արտացոլում է ռիսկի դիմելու դժկամությունը և բանկային կարգավորումը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառով[4]։
Միացյալ Նահանգների համեմատ՝ Եվրամիության ընկերություններն ավելի մեծ կախվածություն ունեն բանկային վարկավորումներից՝ որպես ֆինանսավորման աղբյուր: Այն ջանքերը, որոնք ուղղված են ընկերություններին կապիտալի շուկաների միջոցով ավելի շատ միջոցներ հայթայթելու հնարավորություն ընձեռելուն, համակարգվում են կապիտալի շուկաների միություն ստեղծելու ԵՄ նախաձեռնության շրջանակներում[5][6][7][8]։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարությունը առաջնային շուկաներում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ կառավարությունը ցանկանում է երկարաժամկետ ֆինանսավորում հավաքել, այն հաճախ պարտատոմսեր է վաճառում կապիտալի շուկաներում: 20-րդ և 21-րդ դարերի սկզբին շատ կառավարություններ ներդրումային բանկերն օգտագործում էին իրենց պարտատոմսերի վաճառքը կազմակերպելու համար: Առաջատար բանկը իրականացնում էր պարտատոմսերի տեղաբաշխում և հաճախ ղեկավարում էր բրոքերների սինդիկատը, որոնցից մի քանիսը կարող էին հիմնված լինել այլ ներդրումային բանկերում: Այնուհետև սինդիկատը վաճառք է իրականացնում տարբեր ներդրողների համար: Զարգացող երկրներում բազմակողմ զարգացման բանկը երբեմն տրամադրում է տեղաբաշխման լրացուցիչ մակարդակ, որի արդյունքում ռիսկերը բաշխվում են ներդրումային բանկ(եր)ի, բազմակողմ կազմակերպության և վերջնական ներդրողների միջև: Այնուամենայնիվ, 1997 թվականից ի վեր խոշոր երկրների կառավարություններն ավելի ու ավելի են սկսել շրջանցել ներդրումային բանկերը՝ իրենց պարտատոմսերը հասանելի դարձնելով առցանց գնելու համար: Ներկայումս շատ երկրների կառավարություններ իրենց պարտատոմսերի մեծ մասը վաճառում են համակարգչային աճուրդներում: Ընդհանուր առմամբ, պարտատոմսերի մեծ ծավալները միանգամից վաճառքի են հանվում. կառավարությունը կարող է տարեկան միայն փոքր թվով աճուրդներ անցկացնել: Որոշ կառավարություններ պարտատոմսեր են վաճառում նաև այլ ուղիներով շարունակական հոսքով: Պարտքի ամենամեծ վաճառողը ԱՄՆ կառավարությունն է. սովորաբար ամեն վայրկյան տեղի է ունենում նման վաճառքների մի քանի գործարք[Ն 3], ինչը համապատասխանում է իրական ժամանակում ԱՄՆ պարտքի ժամացույցի շարունակական թարմացմանը[9][10]:
Ընկերությունը առաջնային շուկաներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ ընկերությունը ցանկանում է գումար հայթայթել երկարաժամկետ ներդրումների համար, նրա առաջին որոշումներից մեկը լինում է, թե արդյոք դա պետք է արվի պարտատոմսերի կամ բաժնետոմսերի թողարկման միջոցով: Եթե ընկերությունն ընտրում է բաժնետոմսեր, այն խուսափում է իր պարտքի ավելացումից, և որոշ դեպքերում նոր բաժնետերերը կարող են նաև տրամադրել անկանխիկ օգնություն, ինչպիսիք են փորձը կամ օգտակար շփումները: Մյուս կողմից, բաժնետոմսերի նոր թողարկումը կթուլացնի գոյություն ունեցող բաժնետերերի սեփականության իրավունքը, և եթե նրանք ստանան վերահսկիչ բաժնետոմս, նոր բաժնետերերը կարող են նույնիսկ փոխարինել թոփ մենեջերներին: Ներդրողի տեսանկյունից բաժնետոմսերը ավելի բարձր եկամտաբերություն և կապիտալ շահույթ ստանալու ներուժ են տալիս, եթե ընկերությունը լավ է գործում: Ընդհակառակը, պարտատոմսերն ավելի անվտանգ են, եթե ընկերության համար ամեն ինչ վատ է ընթանում, քանի որ դրանք ավելի քիչ են ենթարկվում գնի կտրուկ անկմանը, և սնանկության դեպքում պարտատոմսերի սեփականատերերին կարող է ինչ-որ բան վճարվել, մինչդեռ բաժնետերերը ոչինչ չեն ստանա:
Երբ ընկերությունը ֆինանսավորում է հավաքում առաջնային շուկայում, գործընթացը, ամենայն հավանականությամբ, ներառում է դեմ առ դեմ հանդիպումներ, քան կապիտալի շուկայի այլ գործողություններ: Անկախ նրանից՝ նրանք պարտատոմսեր կամ բաժնետոմսեր կթողարկեն, թե ոչ[Ն 4], ընկերությունները հակված են դիմել ներդրումային բանկի ծառայություններին՝ որպես միջնորդ իրենց և շուկայի միջև: Ներդրումային բանկի թիմը հաճախ հանդիպում է ընկերության ավագ մենեջերների հետ՝ համոզվելու, որ նրանց ծրագրերը վավեր են: Այնուհետև բանկը հանդես է գալիս որպես տեղաբաշխող և կազմակերպում է բրոքերների ցանց՝ ներդրողներին պարտատոմսեր կամ բաժնետոմսեր վաճառելու համար: Այս երկրորդ փուլը սովորաբար իրականացվում է հիմնականում համակարգչային համակարգերի միջոցով։ Չնայած դիլերները հաճախ զանգահարում են իրենց սիրելի հաճախորդներին՝ նրանց տեղեկացնելու հնարավորության մասին: Ընկերությունները կարող են խուսափել ներդրումային բանկերին վճարներ վճարելուց՝ օգտագործելով ուղղակի հրապարակային առաջարկ, չնայած դա սովորական պրակտիկա չէ, քանի որ այն ենթադրում է այլ իրավական ծախսեր և կարող է զգալի ժամանակ խլել ղեկավարությունից[9]։
Երկրորդային շուկայի առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապիտալի շուկայում գործարքների մեծ մասը կատարվում է երկրորդային շուկայում: Առաջնային շուկայում յուրաքանչյուր արժեթուղթ կարող է վաճառվել միայն մեկ անգամ, և նոր բաժնետոմսերի կամ պարտատոմսերի փաթեթների ստեղծման գործընթացը կարգավորող մարմինների պահանջների պատճառով ավելի երկար է։ Երկրորդային շուկաներում անվտանգության գործարքների քանակի սահմանափակում չկա, և գործընթացը սովորաբար տեղի է ունենում շատ արագ[Ն 5]։ Երկրորդային շուկայի գործարքները ուղղակիորեն չեն ֆինանսավորում, բայց դրանք հեշտացնում են ընկերությունների և կառավարությունների համար առաջնային շուկայում ֆինանսավորում ներգրավելը, քանի որ ներդրողները գիտեն, որ եթե ցանկանում են արագ վերադարձնել իրենց գումարը, նրանք, ընդհանուր առմամբ, հեշտությամբ կկարողանան վերավաճառել իրենց արժեթղթերը: Օրինակ, եթե ներդրողների մեծ մասը փորձում է վաճառել իրենց պարտատոմսերը, դա կարող է բարձրացնել նույն կազմակերպության ապագա թողարկումների եկամտաբերությունը: Ծայրահեղ օրինակ տեղի ունեցավ Բիլ Քլինթոնի՝ որպես ԱՄՆ նախագահի առաջին ժամկետի մեկնարկից կարճ ժամանակ անց. Քլինթոնը ստիպված էր հրաժարվել իր ընտրարշավի ժամանակ խոստացած ծախսերի որոշ ավելացումներից՝ պարտատոմսերի շուկաների ճնշման պատճառով։ 21-րդ դարում մի քանի երկրների կառավարություններ փորձեցին հնարավորինս շատ փոխառություններ ներդնել երկարաժամկետ պարտատոմսերի մեջ, որպեսզի նրանք ավելի քիչ խոցելի լինեն շուկաների ճնշման նկատմամբ: 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո քանակական մեղմացման ներդրումը հետագայում էլ ավելի նվազեցրեց մասնավոր գործիչների հնարավորությունները՝ բարձրացնելու պետական պարտատոմսերի եկամտաբերությունը գոնե այն երկրներում, որտեղ կենտրոնական բանկը ի վիճակի է իրականացնել զգալի բաց շուկայական գործառնություններ[9][11]։
Երկրորդային շուկաներում ակտիվորեն աշխատում են մի շարք խաղացողներ։ Առանձին ներդրողներին բաժին է ընկնում առևտրի փոքր մասը, թեև նրանց մասնաբաժինը փոքր-ինչ աճել է. 20-րդ դարում միայն մի քանի հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ հաշիվ բացել միջնորդի մոտ, բայց այժմ հաշիվները շատ ավելի էժան են և հասանելի ինտերնետի միջոցով: Ներկայումս կան բազմաթիվ փոքր թրեյդերներ, որոնք կարող են գնել և վաճառել երկրորդային շուկաներում՝ օգտագործելով դիլերների կողմից տրամադրված հարթակները, որոնք հասանելի են վեբ զննարկիչների միջոցով: Երբ այդպիսի անձը առևտուր է անում կապիտալի շուկաներում, դա հաճախ ներառում է երկքայլ գործարք: Նա նախ պատվեր է կատարում իր դիլերի մոտ, այնուհետև դիլերը կատարում է գործարքը: Եթե առևտուրը կարող է իրականացվել բորսայում, գործընթացը հաճախ լիովին ավտոմատացված կլինի: Եթե դիլերը պետք է ձեռքով միջամտի, դա հաճախ հանգեցնում է ավելի բարձր վճարների։ Ներդրումային բանկերում թրեյդերները հաճախ գործարքներ են կնքում իրենց բանկի անունից, ինչպես նաև գործարքներ են կատարում իրենց հաճախորդների համար: Ներդրումային բանկերը հաճախ ունենում են ստորաբաժանում (կամ վարչություն), որը կոչվում է «կապիտալի շուկաներ». այս ստորաբաժանման աշխատակիցները փորձում են տեղյակ լինել տարբեր հնարավորությունների մասին ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում և համապատասխանաբար խորհուրդ են տալիս խոշոր հաճախորդներին: Կենսաթոշակային հիմնադրամները և ինքնիշխան հարստության ֆոնդերը հակված են ունենալու ամենամեծ ակտիվները, չնայած նրանք հակված են գնել միայն ամենաբարձր կարգի (ամենաապահով) տեսակի պարտատոմսեր և բաժնետոմսեր, և դրանցից մի քանիսն այնքան էլ հաճախ չեն վաճառվում: Financial Times-ի 2012 թվականի հոդվածի համաձայն՝ հեջ ֆոնդերն ավելի ու ավելի հաճախ են կարճաժամկետ գործարքների մեծ մասը կատարում կապիտալի շուկայի խոշոր հատվածներում (ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ֆոնդային բորսաները), ինչը նրանց համար դժվարացնում է պահպանել իրենց պատմականորեն բարձր եկամտաբերությունը, քանի որ նրանք ավելի ու ավելի հաճախ են բախվում միմյանց հետ առևտուր անելու անհրաժեշտությանը, ոչ թե ավելի քիչ փորձառու ներդրողների հետ[9][12]։
Երկրորդային շուկայում ներդրումներ կատարելու մի քանի եղանակ կա՝ առանց ուղղակիորեն բաժնետոմսեր կամ պարտատոմսեր գնելու: Տարածված մեթոդը փոխադարձ հիմնադրամներում[Ն 6] կամ ԲԱՖ-ում ներդրումներ կատարելն է: Հնարավոր է նաև գնել և վաճառել ածանցյալ գործիքներ, որոնք հիմնված են երկրորդային շուկայի վրա. նման պայմանագրերի ամենատարածված տեսակներից մեկը տարբերության պայմանագրերն են. դրանք կարող են արագ եկամտաբերություն ապահովել, բայց կարող են նաև հանգեցնել նրան, որ գնորդները կորցնեն ավելի շատ գումար, քան ի սկզբանե ներդրել են[9]:
Չափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերված բոլոր թվերն արտահայտված են միլիարդավոր ԱՄՆ դոլարով և տրամադրվել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Այս բոլոր ցուցանիշները չափելու համար ընդհանուր առմամբ ընդունված ստանդարտ չկա, ուստի այլ գնահատականները կարող են տարբեր լինել: Համեմատության համար տրված է ՀՆԱ սյունակը։
| Տարի[13] | Բաժնետոմսեր | Պարտատոմսեր | Բանկային ակտիվներ[14] | Բաժնետոմսերի, պարտատոմսերի և բանկային ակտիվների ընդհանուր գումարը[15] | Համաշխարհային ՀՆԱ |
|---|---|---|---|---|---|
| 2013[16] | 62,552.00 | 99,788.80 | 120,421.60 | 282,762.40 | 74,699.30 |
| 2012[17] | 52,494.90 | 99,134.20 | 116,956.10 | 268,585.20 | 72,216.40 |
| 2011[18] | 47,089.23 | 98,388.10 | 110,378.24 | 255,855.57 | 69,899.22 |
Կանխատեսում և վերլուծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ աշխատանք է կատարվում կապիտալի շուկաների վերլուծության և դրանց ապագա շարժերի կանխատեսման ուղղությամբ։ Սա ներառում է ակադեմիական ուսումնասիրություններ, ֆինանսական ոլորտում աշխատանք՝ գումար վաստակելու և ռիսկերը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև կառավարությունների և բազմակողմ հաստատությունների աշխատանք՝ կարգավորման և կապիտալի շուկաների ավելի լայն տնտեսության վրա ազդեցությունը հասկանալու նպատակով: Մեթոդները տատանվում են փորձառու առևտրականների ինտուիցիայից մինչև ստոխաստիկ վերլուծության տարբեր ձևեր և ալգորիթմներ, ինչպիսիք են Ստրատոնովիչ-Կալման-Բյուսի ֆիլտրման ալգորիթմը[19][20]։
Կապիտալի վերահսկողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապիտալի վերահսկողությունը պետության կառավարության կողմից իրականացվող միջոցառումներն են, որոնք ուղղված են կապիտալի հաշվի գործառնությունների կառավարմանը, այլ կերպ ասած՝ կապիտալի շուկայի գործառնություններին, որոնցում ներգրավված կողմերից մեկը[Ն 7] գտնվում է արտերկրում: Չնայած ներքին կարգավորող մարմինները փորձում են ապահովել, որ կապիտալի շուկայի մասնակիցները ազնիվ առևտուր կատարեն միմյանց հետ, և երբեմն՝ ապահովելու համար, որ բանկերի նման հաստատությունները չձեռնարկեն չափազանց մեծ ռիսկեր, կապիտալի վերահսկողությունը նպատակ ունի ապահովել, որ կապիտալի շուկաների մակրոտնտեսական հետևանքները բացասական ազդեցություն չունենան։ Զարգացած երկրների մեծ մասը նախընտրում է կապիտալի վերահսկման միջոցները չափավոր օգտագործել, եթե ընդհանրապես կիրառում է, քանի որ տեսականորեն շուկաների ազատության թույլտվությունը բոլորի համար շահեկան իրավիճակ է. ներդրողները կարող են ազատորեն հասնել իրենց առավելագույն եկամտաբերությանը, իսկ երկրները կարող են օգտվել ներդրումներից, որոնք կնպաստեն իրենց արդյունաբերությանը և ենթակառուցվածքներին: Այնուամենայնիվ, երբեմն կապիտալի շուկայի գործառնությունները կարող են զուտ բացասական ազդեցություն ունենալ. օրինակ՝ ֆինանսական ճգնաժամի ժամանակ կարող է լինել կապիտալի զանգվածային դուրսբերում, որի արդյունքում երկիրը կմնա առանց բավարար արտարժույթի պահուստների՝ անհրաժեշտ ներմուծման համար վճարելու նպատակով։ Մյուս կողմից, եթե երկիր է հոսում չափազանց շատ կապիտալ, դա կարող է մեծացնել գնաճը և ազգային արժույթի արժեքը՝ դրա արտահանումը դարձնելով անմրցունակ: Հնդկաստանի նման երկրները կապիտալի վերահսկողություն են կիրառում՝ ապահովելու համար, որ իրենց քաղաքացիների գումարը ներդրվի հայրենիքում, ոչ թե արտասահմանում[21]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կառավարությունների կողմից ներդրումներ կատարելու գաղափարը կարող է ավելի քիչ ծանոթ լինել, քան ընկերությունների դեպքում։ Կառավարությունը կարող է ներդրումներ կատարել, որոնք, ինչպես սպասվում է, կզարգացնեն երկրի տնտեսությունը՝ բարելավելով երկրի ֆիզիկական ենթակառուցվածքները, օրինակ՝ ճանապարհներ կառուցելով կամ հանրային կրթությունը բարելավելով։
- ↑ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ֆինանսական շուկաներ տերմինը հաճախ օգտագործվում է նաև ֆինանսական հատվածի տարբեր տեսակի բոլոր շուկաների համար, ներառյալ այն շուկաները, որոնք ուղղակիորեն կապված չեն ֆինանսավորման ներգրավման հետ, ինչպիսիք են ապրանքային շուկաները և արտարժույթի շուկան:
- ↑ Նույնիսկ եթե խոշոր խաղացողներն ակտիվ չեն, ԱՄՆ քաղաքացիները կարող են փոքր ներդրումներ կատարել այնպիսի հարթակների միջոցով, ինչպիսիք են Treasury Direct-ը։
- ↑ Երբեմն ընկերությունը նման որոշում կայացնելուց առաջ խորհրդատվություն է փնտրում ներդրումային բանկից:
- ↑ Շատ ավելի հավանական է, որ դա տեղի ունենա բաժնետոմսերի հետ, քանի որ փոխանակումները, որոնք թույլ են տալիս ավտոմատ կերպով վաճառել պարտատոմսերը, այնքան էլ տարածված չեն, և պարտատոմսերը սովորաբար ավելի քիչ են վաճառվում:
- ↑ Փոխադարձ հիմնադրամն ինքը երբեմն արժեթղթեր է գնում ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում:
- ↑ այսինքն՝ կա՛մ գնորդ, կա՛մ վաճառող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 O'Sullivan, Arthur; Sheffrin, Steven M. (2003). Economics: Principles in Action. Upper Saddle River, NJ: Pearson Prentice Hall. էջ 283. ISBN 0-13-063085-3.
- 1 2 3 Privatization and Capital Market Development: Strategies to Promote Economic Growth, Michael McLindon (1996)
- ↑ Houston, Joel; James, Christopher; Maarcus, David (1997). «Capital market frictions and the role of internal capital markets in banking». Journal of Financial Economics. 46 (2): 135–164. doi:10.1016/S0304-405X(97)81511-5.
- ↑ Lena Komileva (2009 թ․ սեպտեմբերի 16). «Market Insight: Can the rally end the crisis?». The Financial Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 06-ին.
- ↑ «EU's capital markets union 2.0, explained». POLITICO (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 08. Վերցված է 2018 թ․ մարտի 07-ին.
- ↑ «What is the capital markets union?». European Commission – European Commission (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 07-ին.
- ↑ «EU Capital Markets Union». Financial Times (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 07-ին.
- ↑ White, Lucy (2018 թ․ ապրիլի 24). «EU's Dombrovskis ignites fresh row over City's market access post-Brexit» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին. «Regarding Capital Markets Union, the European Commission's plan to improve access to non-bank financing across the EU, he said the "departure of the UK makes this project even more important and even more urgent. It will have to compensate for the EU's largest financial centre not being in the EU and not being in the single market any more"»
- 1 2 3 4 5 An Introduction to International Capital Markets: Products, Strategies, Participants, Andrew M. Chisholm, (2009), Wiley, see esp Chapters 1, 4 & 8
- ↑ «U.S. National Debt Clock: Real Time». usdebtclock.org.
- ↑ Gillian Tett (2014 թ․ սեպտեմբերի 28). «After a life of trend spotting, Bill Gross missed the big shift». The Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Jonathan Ford (2012 թ․ օգոստոսի 24). «The hedge funds are playing a loser's game». The Financial Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 06-ին.
- ↑ Refer to the references used for each year to find a breakdown of capital market size for individual countries and regions.
- ↑ Bank assets are mainly regular bank loans. The IMF reports used to source these figures do recognize the distinction between capital markets and regular bank lending, but bank assets are traditionally included in their tables on overall capital market size.
- ↑ The table may slightly overstate the total size of the capital markets, as in some cases the IMF data used to source the reports may double-count stocks and bonds as bank assets.
- ↑ «IMF Global Financial Stability Report Oct 2014» (PDF).
- ↑ «IMF Global Financial Stability Report Oct 2013».
- ↑ «IMF Global Financial Stability Report Oct 2012».
- ↑ Clive Cookson (2016 թ․ սեպտեմբերի 19). «Man v machine: 'Gut feelings' key to financial trading success». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Paul Wilmott (2007). Paul Wilmott Introduces Quantitative Finance. John Wiley & Sons. ISBN 978-0470319581.
- ↑ Carmen Reinhart & Kenneth Rogoff (2010). This Time Is Different: Eight Centuries of Financial Folly. Princeton University Press. էջեր passim, esp. 66, 92–94, 205, 403. ISBN 978-0-19-926584-8.
| ||||||