Jump to content

Կանիբալիզմ (կենդանաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանիբալիզմ (կենդանաբանություն), կենդանիների (կանիբալների) կողմից իր տեսակին պատկանող առանձնյակներով սնվելը, ներտեսակային գիշատչություն։ Ներտեսակային մրցակցության դրսևորման ձև է, հանդիսանում է բնական ընտրության գործոն։ Հանդիպում է կենդանիների ավելի քանի 1300 տեսակների մոտ։

Ավելի հաճախ կանիբալիզմը դիտվում է միջավայրի անբարենպաստ պայմանների, պոպուլյացիաների խտության մեծացման, սննդի և ջրի պակասի ժամանակ։ Որպես պոպուլյացիաների թվաքանակի կարգավորիչ, նպաստում է պոպուլյացիաներում առանձնյակների թվաքանակի և կերային պաշարների միջև հավասարակշության հաստատմանը։ Էգերն ավելի հակված են կանիբալիզմին, քան արուները։ Կանիբալիզմի օբյեկտ ավելի հաճախ հանդիսանում են տեսակի երիտասարդ առանձնյակները[1][2][3]։

Հոդվածոտանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրական կանիբալիզմը հանդիպում է որոշ կարիճների, օրինակ Pandinus և Heterometrus ցեղերին պատկանող տեսակների մոտ։ Այն արտահայտվում է էգերի կողմից իրենց ձագերին ուտելու մեջ, ինչպես սերունդ տալու ժամանակ, այնպես էլ երբ թրթուրները բարձրանում են նրա մեջքին։ Էգը մեջքից իր աքցաններով բռնում է ձագերին և մի քանի ժամվա ընթացքում ուտում է դրանց։ Կանիբալիզմը լայնորեն տարածված է միջատների շրջանում։ Բզեզների մոտ քսիլոֆագ (փայտով սնվող) հասուն թրթուրները կարող են սնվել նույն տեսակին պատկանող ավելի փոքր թրթուրներով։ Տվյալ երևույթը կարող է դիտվել թիթեղաբեղ բզեզների ընտանիքի ներկայացուցիչների մոտ, որոնք սնվում են իրենց դրած ձվերով (օօֆագիա), երբ տվյալ տեսակին պատկանող առանձնյակների պոպուլյացիայի խտությունը մեծ է։

Կանիբալիզմի երևույթը սարդերի մոտ։ Բեղմնավորումից հետո արուն զոհ է դառնում էգի համար

Որոշ հեծյալների թրթուրներ (Galesus) տիրոջ օրգանիզմում սնվում են իր տեսակին պատկանող այլ թրթուրներով, քանի որ նրանում կարող է սնվել միայն մեկ առանձնյակ։ Հայտնի են օբլիգատ կանիբալիզմի դեպքեր, որը ի հայտ է եկել էվոլյուցիայի պրոցեսում՝ որպես տեսակի համար օգտակար հարմարվածության ձև։ Օրինակ, աղոթարարների և սարդերի մի շարք տեսակների էգերը բեղմանվորվելուց հետո ուտում են արուներին։ Մրջյունների մի շարք տեսակներ սնվում են իրենց մահացած ընկերներով՝ խուսափելով նրանց քայքայումից և մրջնաբույնը վարակելու վտանգից։

Գիշատիչ և ամենակեր ձկների մեծ մասը չեն տարբերում իրենց տեսակին պատկանող երիտասարդ առանձնյակներին (նույնիսկ իրենց սերունդներին) և հնարավորության դեպքում սնվում են դրանցով։ Նորմալ պայմաններում կանիբալիզմը բնորոշ է գայլաձկանը, նրա սննդի 20 % կազմում է իր տեսակին պատկանող մանր ձկները։ Որոշ շնաձկների մոտ հայտնաբերված է ներարգանդային կանիբալիզմ, երբ էմբրիոնները սնվում են մեկը մյուսով կամ չբեղմանվորված ձվաբջիջներով[4]։

Երկկենցաղներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան սալամանդրի արուն պահպանում է էգի դրած ձվերը, միաժամանակ սնվում է դրանց մի մասով։ Տարբեր տեսակների հասուն ձևերը կարող են սնվել երիտասարդ առանձնյակներով։

Կանիբալիզմը հանդիպում է սողունների տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ մողեսների, օձերի, կրիաների, կոկորդիլոսների մոտ։ Օրինակ՝ արքայական կոբրայի, սովորական արքայական օձերի, ինչպես նաև կոկորդիլոսների արուների և վարանների հասուն առանձնյակների միջև դիտվում է կանիբալիզմի երևույթը։

Կաթնասուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքարյուն կենդանիների մոտ կանիբալիզմի երևույթն ավելի հազվադեպ է հանդիպում։ Կաթնասունների շրջանում կանիբալիզմի երևույթը դիտվում է կրծողների, գիշատիչների (շներ, արջեր, առյուծներ), պրիմատների (շիմպանզե, բաբուին) մոտ։ Կանիբալիզմը ավելի բնորոշ է կրծողների այն տեսակներին, որոնք շատ ձագեր են ծնում (համստերներ, մկներ)։ Բացի այդ, օրինակ, գայլերի էգերը, լուսանները կարող են ուտել իրենց ձագերին։ Այդպիսի վարքագիծ դրսևորում են նաև երիտասարդ էգերը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • M. A. Elgar and Bernard J. Crespi (eds.). 1992. Cannibalism: Ecology and Evolution of Cannibalism among Diverse Taxa Oxford University Press, New York. (361pp) ISBN 0-19-854650-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ G. A. Polis, The evolution and dynamics of intraspecific predation. Annual Review of Ecology and Systematics 12, 225—251 (1981)
  2. ↑ Laurel R. Fox, Cannibalism in natural populations. Annual Review of Ecology and Systematics 6, 87-106 (1975).
  3. ↑ M. A. Elgar and B. J. (eds) Crespi, Cannibalism: Ecology and evolution among diverse taxa. (Oxford University Press, New York, 1992).
  4. ↑ R. Aidan Martin. «Intrauterine Cannibalism in Sharks» (անգլերեն). ReefQuest Centre for Shark Research. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանիբալիզմ (կենդանաբանություն)» հոդվածին։