Կանացիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանացիություն, կանանց գենդերի հոգեկան հատկանիշների և վարքագծային մոդելի ամբողջություն, որի հատկանիշներից են զգայունությունը, քնքշությունը, նրբությունը, անձնազոհությունը, կարեկցանքը և այլն[1]։ Կանացիություն հասկացությունը սահմանվում է սոցիալական, մշակութային, էթնիկ և տարիքային միջավայրերով[1]։ Կանացիության հակադիր եզրը մասկուլինությունն է (տղամարդկություն)՝ արական գենդերային կարծրատիպը, որն իր մեջ ներառում է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են համարձակությունը, անկախությունը, ինքնավստահությունը, զգացմունքային հսկողությունը և բանականությունը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած տարբեր ժամանակներում և տարբեր մշակույթներում կանացիությունը տարբեր կերպ է ներկայացվել, կարելի է առանձնացնել մի շարք հատկանիշներ, որոնք հաճախ վերագրվում են կանանց։ Դրանք են` զգայունությունը, քմահաճությունը, փափկությունը, անձնազոհությունը, կարեկցանքը, հնազանդությունը, իռացիոնալությունը[2][3]։ Այս պատկերացումները, սակայն, ամբողջովին համընդհանուր չեն։ Տարբեր ժողովուրդների գենդերային համակարգերի տարբերությունները ուսումնասիրած առաջին հետազոտողներից մեկն էր Մարգարետ Միդը իր «Սեռը և խառնվածքը երեք պարզունակ հասարակություններում» (1936) աշխատանքով։ Դրա մեջ նա նկարագրել է երեք ցեղերի՝ արապեշների, մունդուգումորների և չամբուլիների կացությունը, ընդ որում, արապեշների երկու սեռերին էլ հատուկ էր նուրբ, արևմտյան հասկացության մեջ «կանացի» վարքագիծը, մունդուգումորներն անկախ սեռից ընդգծված ռազմատենչ և «տղամարդկային» էին, մինչդեռ չամբուլիների կանայք զբաղվում էին ֆիզիկական աշխատանքով և համարվում էին «պրակտիկ» սեռ, ի տարբերություն տղամարդկանց, որոնք հիմնականում զբաղվում էին իրենք իրենց զարդարելով և գեղեցկանալով[4]։ Չնայած նրան, որ Միդի որոշ դրույթներ հետագայում ենթարկվել են լուրջ քննադատության, այս աշխատանքը դարձել է կարևոր ուղենիշ պատմության մեջ մշակութային մարդաբանության և գենդերային հետազոտությունների համար[5]։

Շատ մշակույթներում կանացիությունը կապվում էր մայրության և սեքսուալության հետ, շատ ավանդույթներում սիրո աստվածություններին (Իշտար, Աֆրոդիտե և այլն) են վերագրում հենց կանացի սեռը[6]։ Հայրիշխանական հասարակություններում կանանց գլխավոր «առաքինությունները» կապված են կանանց ավանդական դերերի՝ ամուսնության, մայրության, տնտեսության վարման հետ։ Այսպես, Սողոմոնի առակների աստվածաշնչյան գրքում մեծարվում է համեստ և աշխատասեր կինը, որը «բուրդ և կտավ է ստանում ու իր ձեռքերով պատրաստակամորեն աշխատում է» և «բերանը բացում է իմաստությամբ և նուրբ խրատներով»[7]։ Առաքինի կնոջը հակադրվում է «շնացող» «խայտառակ կինը»։ Այս հակադրությունն արտացոլվում է միջնադարյան ռուս[6] և արևմտյան[8] խրատական ստեղծագործություններում։ Հին չինական բնափիլիսոփայության մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում ին և յան միասնության՝ երկու հիմնարար սկզբունքների հայեցակարգը։ Ընդ որում, ինը կապված է կանացի սկզբի հետ, բայց նաև ունի բացասական, մութ, ցուրտ, խոնավ, պասիվ իմասները, յանը` տղամարդկանց, դրական, թեթև, ջերմ, չոր, ակտիվ։ Հնդկական դիցաբանության մեջ, ընդհակառակը, հենց կանացի սկիզբն է (Պրակրիտներ, Շակտեր) համարվում գործուն։

Բնություն կամ դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հարցը, թե արդյոք գենդերային ինքնությունը և կոնկրետ վարքագիծը բնածին են թե ձևավորվում են միջավայրի ազդեցությամբ, մնում է քննարկման առարկա։ Հայտնի հոգեբան, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախկին նախագահ Դայանա Հելփերի խոսքերով՝ դրանց ձևավորման վրա ազդում են երկու գործոններն էլ, սակայն գիտությունը դեռ պետք է իմանա, թե նրանցից յուրաքանչյուրի նշանակությունը որքան բարձր է[9]։ 1960-ական և 1970-ական թվականներին տարածված տեսությունը, որն առաջ է մղվել այնպիսի հեղինակների կողմից, ինչպիսիք են Ջոն Մանին և Անկե Էրհարդտը, ենթադրում է, որ անհատի ապագա գենդերային ինքնագիտակցումը և համապատասխան վարքագիծը որոշվում են մայրական հորմոնների ազդեցությամբ, որոնք հանգեցնում են սաղմի մոտ «տղամարդու» կամ «կանացի» ուղեղի ձևավորմանը։ Ավելի ուշ, սակայն, այս տեսությունը քննադատվել է տարբեր կողմերից և այսօր համարվում է վիճելի[10]։ Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս տղամարդկանց և կանանց հոգեբանության և մտավոր ունակությունների հայտնի տարբերությունները, սակայն ինչպես նշում են օրինակ Էնն Գալահերը և Ջեյմս Քաուֆմանը համապատասխան խնդիրների կատարման վրա հաճախ ազդում է կարծրատիպ հաստատելու սպառնալիքը, «փորձությունների» պայմաններում աղջիկներն ու կանայք գիտակցաբար կամ ոչ, ավելի վատ են կատարել այնպիսի գործողություններ, որոնք ըստ կարծրատիպի համարվում են «ոչ կանացի», մինչդեռ այլ պայմաններում նրանք շատ ավելի լավ են կատարում նույն գործողությունները[11]։ Տարածված է այն տեսակետը, որ «կանացիությունն» առհասարակ ամբողջությամբ կամ մեծ մասամբ ձևավորվում է շրջապատի ազդեցությամբ։ Սիմոնա դը Բովուարն ասում է. «Կին չեն ծնվում, դառնում են»[12]։ Այսպես, Քեյթ Միլետը նշել է, որ աղջիկներին մանկուց շրջապատում են հատուկ «աղջկական» խաղալիքներով, գրքերով, խաղերով, որոնք նրանց հիշեցնում են իրենց կանանց «նշանակության» մասին[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Костикова И. В. и др. Введение в гендерные исследования. — 2-е изд.. — М.: Аспект Пресс, 2005. — С. 16—17. — 255 с. — (Серия «Классический университетский учебник»). — ISBN 5-7567-0331-4
  2. 2,0 2,1 R. Murray Thomas Recent Theories of Human Development. — SAGE, 2001. — С. 248. — ISBN 978-0-7619-2247-6
  3. Judith Worell Encyclopedia of Women and Gender, Two-Volume Set: Sex Similarities and Differences and the Impact of Society on Gender. — Academic Press, 2001. — ISBN 978-0-12-227245-5
  4. Margaret Mead Sex and Temperament: In Three Primitive Societies. — Harper Perennial[en], 2016. — ISBN 978-0-06-256614-0
  5. Femininity. International Encyclopedia of the Social Science, 2008
  6. 6,0 6,1 Мороз Е. Веселая Эрата: Секс и любовь в мире русского Средневековья. — М.: Новое литературное обозрение, 2011
  7. Կաղապար:Библия
  8. Дюби Ж., Перро М. (общ. ред.) История женщин на Западе. Том II: Молчание Средних веков. СПб.: Алетейя, 2009
  9. Diane F. Halpern Sex Differences in Cognitive Abilities: 3rd Edition. — Psychology Press, 2000. — ISBN 978-1-135-68195-1
  10. Sandra Lipsitz Bem The Lenses of Gender: Transforming the Debate on Sexual Inequality. — Yale University Press, 2008. — ISBN 978-0-300-15425-2
  11. Ann M. Gallagher, James C. Kaufman Gender Differences in Mathematics: An Integrative Psychological Approach. — Cambridge University Press, 2004. — ISBN 978-1-139-44375-3
  12. Simone de Beauvoir The Second Sex. — Vintage, 1997. — ISBN 978-0-09-974421-4
  13. Kate Millett Sexual Politics. — New England Free Press, 1968.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանացիություն» հոդվածին։