Կանաչ քիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կանաչ քիմիա (Green Chemistry), քիմիայի գիտաճյուղ է, որին առնչվում են բոլոր այն կատարելագործված քիմիական պրոցեսները, որոնք դրական են ազդում շրջակա միջավայրի վրա: Որպես գիտական ուղղություն, ձևավորվել է XX դարի 90-ական թվականներին:

Քիմիական ռեակցիաների և պրոցեսների նոր սխեմաները, որոնք մշակվում են աշխարհի բազմաթիվ լաբորատորիաներում, միտված են հիմնովին կրճատելու քիմական արտադրության ծանրագույն ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Քիմիական ռիսկերը, որոնք անխուսափելիորեն ի հայտ են գալիս վտանգավոր միջավայրերում, արտադրողները մշտապես փորձում են նվազեցնել՝ սահմանափակելով այդ նյութերի հետ աշխատակիցների շփումները:

Միևնույն ժամանակ, "Կանաչ քիմիան" ենթադրում է այլ ռազմավարություն՝ առաջնային նյութերի և պրոցեսների գիտակցված ընտրություն, որն ընդհանրապես կբացառի վնասակար նյութերի օգտագործումը: Այսպիսով, Կանաչ քիմիան յուրօրինակ արվեստ է, որը թույլ է տալիս ստանալ ոչ միայն անհրաժեշտ նյութ, այլ ստանալ դա այն ճանապարհով, որն իրականում չի վնասի շրջակա միջավայրը:

Կանաչ քիմիայի սկզբունքների հետևողական պահպանումն ու կիրառումը հանգեցնում է արտադրական ծախսերի նվազման, որտեղ չեն պահանջվում արտադրական թափոնների ոչնչացում, վնասակար օժանդակ արտադրության վերամշակում, ինչպես նաև լուծիչների և այլ թափոնների օգտագործում, քանի որ դրանք ուղղակիորեն չեն գոյանում: Արտադրական նման փուլերի կրճատումը բերում է էներգիայի խնայման, ինչը դրական է ազդում արտադրանքի էկոլոգիական և տնտեսական գնահատականի վրա:

Ներկայումս Կանաչ քիմիան, որպես գիտական նոր ուղղություն, ունի մեծ թվով կողմնակիցներ:

Հիմնական տարբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Շրջակա միջավայրի քիմիան ուսումնասիրում է քիմիական աղտոտման աղբյուրները, տարածումը, կայունությունը և քիմիական աղտոտիչների ազդեցությունը, այն ապահովում է քիմիական լուծումներ՝ աղտոտումներից ազատվելու համար: Ընդ որում, գոյություն ունեն քիմիական լուծումների հետևյալ ուղիները՝

  • 1. Ոչնչացնել շրջակա միջավայր ներթափանցած աղտոտիչները:
  • 2. Սահմանափակել դրանց տարածումը, եթե դրանք լոկալ են:
  • 3. Դադարեցնել դրանց արտադրությունը՝ փոխարինելով քիմիական արտադրանքի ստացման գոյություն ունեցող մեթոդները նորերով:

Առաջին երկու ուղղությունները մտնում են Էկոլոգիական քիմիայի ուսումնասիրման տիրույթում, իսկ վերջին ուղղությունը ներկայացնում է այն ոլորտը, որով զբաղվում է Կանաչ քիմիան: