Կանաչ կեր
Կանաչ կեր, բույսեր, որոնց կենդանիներն արածում են արոտավայրում կամ ուտում են հնձած (կանաչ լրակերակրում)։ Կանաչ կերը հիմնական, առավել էժան կեր է ամառային շրջանում։ Բույսերը, որպես կանաչ կեր, սովորաբար օգտագործում են ոչ ուշ, քան ծաղկման սկզբնափուլում, քանի դեռ դրանք չեն կոպտացել և պարունակում են առավել քանակի սննդանյութեր։ Մատղաշ խոտը հարուստ է կարոտինով, C, E, K, B խմբի վիտամիններով։ Բակլազգի խոտի 100 կգ-ն պարունակում է 15–26 կերային միավոր և 2,6–4,6 կգ մարսելի պրոտեին։ Կանաչ կերում բոլոր սննդանյութերը հեշտ յուրացվող են։ Կանաչ կերի օրական պահանջարկը կախված է կենդանու կենդանի զանգվածից և մթերատվությունից (կգ). կովերին՝ 40–80, ոչխարին՝ 6–9, խոզին՝ 8–12, աշխատող ձիերին՝ 40–50։ Կանաչ կերի հիմնական աղբյուրն արոտավայրերն ու խոտհարքներն են։ Կանաչ կերով կենդանիներին ապահովում են կանաչ հարահոսով։ Բնական պայմաններից կախված՝ տավարի օրակերում կազմում է (կերային միավոր) 20–50 %, ոչխարի՝ 30–50 %, խոզի՝ 25–40 %։ Արոտային կանաչ կերի պահվածքի դեպքում կենդանիներին կանաչ կերով ապահովում են ամբողջ տարին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |