Կանադայի կենդանական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադայի ֆաունային բնորոշ ամենանշանավոր կենդանատեսակներից է հյուսիսամերիկյան կուղբը

Կանադայի կենդանական աշխարհը բավականին յուրատեսակ է։ Կանադային բնորոշ է էկոհամակարգերի բազմազանությունը՝ սկսած բրիտանական Կոլումբիայի փարթամ անտառներից և արևմտյան Կանադայի գագաթներից մինչև Հյուսիսային Կանադայի տունդրա[1]։ Կենդանիները հիմնականում բնակվում են բնության հատուկ պահպանության տարածքներում՝ արգելոցներում, արգելավայրերում և ազգային պարկերում։ Կանադայի տարածքում հաշվարկվում են շուրջ 70 000 անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիներ՝ կաթնասուններ, ձկներ, սողուններ, հոդվածոտանիներ, փափկամարմիններ, երկկենցաղներ և այլն։

Գոյություն ունի կենդանիների մի ստվար զանգված, որը բացառապես բնորոշ է Կանադայի կենսապայմաններին։ Դրանք էնդեմիկ կենդանատեսակներ են, որոնք բնակվում են միայն Կանադայի տարածքում։ Դրանցից են արևելյան որմզդեղնը, կանադական բադը և այլն։ Կանադայում բնակվող ավելի քան 400 կենդանատեսակներ գտնվում են վերացման վտանգի տակ։ Կանադայի կառավարությունը այդ կենդանիներին վերցրել է հատուկ պաշտպանության տակ։

Կենդանատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադական լուսանը բնակվում է հյուսիսային Կանադայում և վարում է մենակյաց կյանք

Կաթնասունները հայտնաբերվել են Կանադայի բոլոր շրջաններում։ Առանձնացվում են վեց հիմնական խմբերի կաթնասուններ՝ չղջիկներ, գիշատիչներ (այդ թվում՝ մաշկոտանիներ), երկսմբակավորներ, կետանմաններ, միջատակերներ, կրծողներ և նապաստականմաններ։ Բացի այդ, հարավային Կանադայում հանդիպում են նաև պարկավորներ և պարկամկներ (մասնավորապես՝ վիրջինյան պարկամուկ)։ Ի շնորհիվ Կանադայի կանաչ տարածությունների առատության՝ այս երկրի տարածքում բավականին մեծ է կաթնասունների բազմազանությունը։

Բազում գիշատիչներ հանդիպում են անգամ խիտ բնակեցված տարածքներում։ Այդպիսի կենդանատեսակներ են անտառային աղվեսը, գորշ գայլը և արջը։ Կանադայի ֆաունային առավել բնորոշ կենդանատեսակներից են որմզդեղնը, հյուսիսային եղջերուն, կուղխը և բիզոնը։ Կանադայի հայտնի կաթնասուններից է նաև կանադական լուսանը, իսկ գլխավոր խորհրդանիշը համարվում է հյուսիսամերիկյան կուղբը։

Բացի տեղական կաթնասուններից՝ այստեղ լայնորեն տարածված են եվրոպական գաղութարարների կողմից բերված (դիտավորությամբ կամ պատահաբար) տեսակները։ Դրանց թվում են տնային կաթնասունենրը՝ ձին, խոզը, ոչխարը, շունը, կատուները, ինչպես նաև շագանակագույն առնետն ու տնային մկնիկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կանադայի բնաշխարհը՝ բուսական և կենդանական աշխարհի համառոտ բնութագիր և բնաշխարհագրական ակնարկ». www.nationsencyclopedia.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.