Jump to content

Կայլաս

Կայլաս
Տեսակլեռ, Սրբազան լեռ և չնվաճված գագաթ
Երկիր Չինաստան
Վարչատարածքային միավորNgari Prefecture?
ԼեռնաշղթաGangdise Shan?
Բարձրությունը ծովի մակարդակից6638 մետր
Հարաբերական
բարձրություն
1319 մետր
31°04′01″N 81°18′46″E / 31.066944444444°N 81.312777777778°E / 31.066944444444; 81.312777777778

Կայլաս լեռ, լեռ Չինաստանի Տիբեթի ինքնավար տարածաշրջանի Նգարի պրեֆեկտուրայում։ Գտնվում է Տրանսհիմալայների Գանգդիսե Շան լեռնաշղթայում՝ Տիբեթի բարձրավանդակի արևմտյան մասում, 6638 մ բարձրությամբ՝ Չինաստանի, Հնդկաստանի և Նեպալի միջև արևմտյան եռակողմ սահմանային հանգույցի մոտ։

Կայլաս լեռը գտնվում է Մանասարովար և Ռակշաստալ լճերի մոտ։ Տարածաշրջանի մերձակայքում են սկիզբ առնում չորս գետեր՝ Ինդոսը, Սաթլեջը, Բրահմապուտրան և Ղաղհարան։ Լեռը սրբազան է համարվում բոնի, բուդդայականության, հինդուիզմի և ջայնիզմի հետևորդների համար։ Լեռ են այցելում ուխտավորներ, որոնց երթուղին սովորաբար ներառում է դեպի Մանասարովար լիճ արշավը և լեռան շուրջը պտույտը։

Չնայած նախկինում լեռը ուսումնասիրվել է լեռնագնացների կողմից, դրա գագաթը հաջողությամբ նվաճելու որևէ գրանցված դեպք չկա։ Լեռ բարձրանալն արգելված է Չինաստանի կառավարության կողմից դրա կրոնական նշանակության պատճառով։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանսկրիտում լեռը հայտնի է որպես «Կայլասա» (कैलास, IAST՝ Kailāsa, տարբերակ՝ «Կայլաշա» (कैलाश, IAST՝ Kailāśa))[1][2] ։Անվանումը կարող է ծագել «Կելասա» (केलास, IAST՝ kelāsa) բառից, որը նշանակում է «բյուրեղ»[3]։

Իր տիբեթերեն-անգլերեն բառարանում Սարատ Չանդրա Դասը նշում է, որ լեռը նշանակելու համար օգտագործվում է «kai la ca» (ཀཻ་ལ་ཙ་) ձևը, որը ծագում է սանսկրիտից[4]։ Տեղական անվանումներից են նաև Գանգ Ռինպոչեն (տիբեթերեն՝ གངས་རིན་པོ་ཆེ) և Գանգ Տիսեն[4][5][6]։ «Գանգ Ռինպոչե» անվանումը նշանակում է «ձյունե զարդ», որտեղ Kang (կամ Gang)-ը տիբեթերեն բառ է, որը նշանակում է «սպիտակ լեռ» կամ «ձյունածածկ գագաթ», իսկ Ռինպոչե-ն պատվանուն է, որը նշանակում է «թանկարժեք» ։

«Տիբեթյան բուդդայականները այն անվանում են Կանգրի Ռինպոչե՝ «Թանկարժեք ձյան լեռ»։ Բոնի տեքստերում այն ունի բազմաթիվ անուններ՝ Ջրի ծաղիկ, Ծովի լեռ, Ինը շարված սվաստիկաների լեռ։ Հինդուիստների համար այն հինդուական աստված Շիվայի բնակավայրն է, ջայնիզմի հետևորդների համար՝ այն վայրը, որտեղ նրանց առաջին առաջնորդը հասել է լուսավորության, բուդդայականների համար՝ տիեզերքի պորտը, իսկ Բոնի հետևորդների համար՝ երկնքի աստվածուհի Սիպայմենի բնակավայրը»։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջանի տեղագրությունը․ հետին պլանում Կայլաս լեռը, իսկ առաջին պլանում՝ Մանասարովար (աջից) և Ռակշաստալ լճերը

Կայլաս լեռը գտնվում է Չինաստանի Տիբեթի ինքնավար տարածաշրջանի Նգարի պրեֆեկտուրայում[6]։

Այն գտնվում է Տրանսհիմալայների Գանգդիզե Շան (կոչվում է նաև Կայլասի լեռնաշղթա) հատվածում՝ Տիբեթյան բարձրավանդակի արևմտյան մասում։ Կայլաս լեռան բարձրությունը 6,638 մ է [7][8]։ Այս տարածաշրջանը տեղակայված է Չինաստանի, Հնդկաստանի և Նեպալի եռակողմ սահմանային հանգույցից դեպի հյուսիս [9]։

Գանգդիսե լեռների արևմտյան հատվածից սկիզբ են առնում խոշոր գետեր՝ Յառլունգ Ցանգպոն, որը հայտնի է նաև որպես Բրահմապուտրա, Ինդոսը, Սատլեջը և Ղաղհարան՝ Գանգեսի վտակը։ Այս բոլոր գետերի ակունքները տարածաշրջանում տեղակայված են միմյանցից մոտ 60 կմ հեռավորության վրա[7][10][11]։ Կայլաս լեռը գտնվում է Մանասարովար և Ռակշաստալ լճերի մոտ։ 320 կմ² մակերեսով Մանասարովարը աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լիճն է[10][12][13]։

Երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայլաս լեռան շրջակայքում պահպանվել են չորրորդական ժամանակաշրջանում տարածաշրջանը ծածկած խոշոր սառցադաշտերի մնացորդները։ Դրանցից վերջինը նահանջել է մոտ 10 000 տարի առաջ։ Ենթադրվում է, որ լեռը կարող է լինել մետանստվածքային ապարի մնացորդ՝ գրանիտային հիմքով:

Ինդոսի ակունքների շրջանը բնութագրվում է ուշ կավճի ժամանակաշրջանից մինչև միջին Կայնոզոյի դարաշրջան լայնածավալ խզումային խախտումներով՝ մետանստվածքային ապարների տարածքներում, որոնք ընդմիջվում են ցենոզոյան մագմատիկ գրանիտային ապարներով։ Ցենոզոյան ապարները ներկայացնում են ծովափնյա ծովային կրաքարեր, որոնք նստել են Թետիսի օվկիանոսային երկրակեղևի սուբդուկցիայից առաջ։ Այս նստվածքները կուտակվել են Ասիայի բլոկի հարավային եզրին՝ Թետիսի օվկիանոսային երկրակեղևի սուբդուկցիայի ընթացքում՝ նախքան Հնդկական պլատֆորմի առաջացումը։

Տարածաշրջանը ներառում է նաև ավազաբլուրներ, որոնք ծածկում են ուշ էոցենի շրջանի հրաբխային գոյացությունները, ընդմիջվում են կավճի ու էոցենի շրջանների նստվածքներով[14][15]։

Կայլասի ֆլիշային գոտին լեռից տարածվում է մոտ 20 կմ և նշում է Հիմալայների հյուսիսային սահմանը և Տրանսհիմալայների սկիզբը։ Տրանսհիմալայան լեռնաշղթան ձևավորվել է Հնդկական և Եվրասիական սալերի բախման հետևանքով առաջացած նստվածքների սուբդուկցիայի արդյունքում[16]։

Ֆլիշային գոտին կազմված է պերիդոտիտների, ավազային թերթաքարերի և դոլոմիտների հերթագայող տարածքներից, որոնք ծածկված են խճային դարավանդներով։ Լեռն ինքնին կազմված է գրանիտի վրա տեղադրված հաստ կոնգլոմերատային ապարաշերտերից։ Կոնգլոմերատների տեսանելի մասը տարածվում է 4700 մ բարձրությունից մինչև գագաթը, իսկ դրանց հիմքը գտնվում է լեռան ավելի խոր հատվածում[17]։

Ապրիլից հունիս եղանակը համեմատաբար չոր է․ ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 5–17 °C, իսկ գիշերայինը՝ 0–6 °C սահմաններում։ Հոկտեմբերից ջերմաստիճանը սկսում է նվազել, իսկ ձմռանը ցերեկային ջերմաստիճանը զգալիորեն ցածր է՝ −4-ից 0 °C (25–32 °F)։ Գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել մինչև −20 °C, ընդ որում, ամենացուրտ ամիսը հունվարն է[18]։ Մուսսոնները հունիսի վերջից մինչև օգոստոս տեղումներ են բերում՝ ուղեկցվելով սառը քամիներով[19]։

Գլոբալ տաքացումը Տիբեթյան բարձրավանդակում տեղի է ունենում համաշխարհային միջին ցուցանիշից երեք անգամ ավելի արագ տեմպերով՝ մոտ 0,3 °C մեկ տասնամյակում, ուղեկցվելով ձմռանը ձյան տեղումների նվազումով[20][21]։ Տեղացիների վկայությամբ՝ վերջին տարիներին Կայլաս լեռան շրջակայքը տաքացել է, և ձմեռներն այլևս այնքան ցուրտ չեն, որքան նախկինում։ Տիբեթի տարածաշրջանում սառցադաշտերի նահանջը և բազմամյա սառցույթի հալոցքը կարող են անկանխատեսելի ազդեցություն ունենալ տարածաշրջանի ջրային ռեսուրսների վրա։ Այս գործընթացները, ինչպես նաև բնակչության աճն ու զբոսաշրջությունը, զգալի ճնշում են գործադրում Կայլաս լեռան շրջակայքի փխրուն էկոհամակարգի վրա[22][23][24]։

Միջկառավարական Լեռնային ինտեգրված զարգացման միջազգային կենտրոնը (ICIMOD) Կայլաս լեռան շրջակայքում իրականացնում է անդրսահմանային նախագիծ՝ «Կայլասի սրբազան լանդշաֆտի պահպանության և զարգացման նախաձեռնություն» անվամբ[25][26]։

Կազմակերպությունը շարունակում է աշխատանքը կլիմայական տվյալների հավաքագրման և տարածաշրջանի բնակչության համար կենսագործունեության կայուն եղանակների մշակման ուղղությամբ[27][28]։

Լեռնագնացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաիլաս լեռը հարավից

1926 թվականին Հյու Ռաթլեջը՝ Ալմորայի կոմիսարի հանձնակատարը, այցելել է Նգարի Գարպոնի՝ տեղի տիբեթյան առաջնորդի հետ հանդիպելու նպատակով։ Քանի որ Գարպոնը բացակայում էր, Ռաթլեջը ուսումնասիրեցլ է Կայլաս լեռը՝ միաժամանակ կատարելով դրա շուրջ շրջապտույտը[29]։ Ռաթլեջի գնահատմամբ՝ լեռան բարձրությունը մոտ 6000 մ էր, և այն ամբողջովին անմատչելի էր լեռնագնացության համար [30]։ Նա նախատեսել էր վերելք իրականացնել հյուսիսարևելյան լեռնակատարով և տարածքն ուսումնասիրել էր գնդապետ Ռ. Ք. Ուիլսոնի հետ համագործակցությամբ, որը լեռան մյուս կողմում էր՝ Ցետեն անունով շերպայի ուղեկցությամբ։ Ուիլսոնը գրել է, որ Ցետենն իրեն հայտնել էր, թե հարավարևելյան լեռնակատարը գագաթ հասնելու հնարավոր երթուղի է։ Ուիլսոնի հաղորդմամբ՝ չնայած լեռը բարձրանալու փորձին, առատ ձյան տեղումները անհնարին են դարձրել վերելքի շարունակությունը[31][32]։

Հերբերտ Տիչին 1936 թվականին այցելել է տարածաշրջան՝ փորձելով բարձրանալ լեռը[33]։ Երբ նա տեղի բնակիչներին հարցրել է, թե արդյոք հնարավոր է բարձրանալ Կայլաս, Գարպոնը պատասխանել է. «Միայն ամբողջովին մեղքերից զերծ մարդը կարող է բարձրանալ Կայլաս։ Եվ դրա համար նա ստիպված չի լինի բարձրանալ սառույցի ուղղաձիգ պատերով․ բավական է, որ վերածվի թռչնի և թռչի դեպի գագաթ»[34]։ Իտալացի լեռնագնաց Ռայնհոլդ Մեսներին 1980-ականների կեսերին Չինաստանի կառավարությունը առաջարկել է բարձրանալ լեռը, սակայն, ըստ հաղորդումների, նա հրաժարվել է՝ նշելով. «Եթե մենք նվաճենք այս լեռը, ապա կնվաճենք ինչ-որ բան մարդկանց հոգիներում։ Ես կառաջարկեի գնալ և բարձրանալ մի փոքր ավելի դժվար լեռ»։

2001 թվականին իսպանական մի թիմի մերժվել է գագաթը բարձրանալու թույլտվությունը [35]։ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Կայլաս լեռան վրա լեռնագնացության ցանկացած գործունեություն խստիվ արգելված է[36][37]։ Մինչ օրս լեռան գագաթը հաջողությամբ բարձրանալու որևէ հայտնի դեպք չի գրանցվել[35][38]։

Կրոնական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայլաս լեռը սրբազան է համարվում բուդդայականության, բոնի, հինդուիզմի և ջայնիզմի մեջ[39][40][41][42]։

Բուդդիզմ և Բոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայական տեքստերում Կայլաս լեռը նկարագրվում է որպես առասպելական Մերու լեռը[43][44]։ Կայլասը կենտրոնական տեղ է զբաղեցնում բուդդայական փիլիսոփայության մեջ և ուխտագնացության կարևոր վայր է բուդդայական որոշ ծեսերի ժամանակ[45]։ Բուդդայականության մեջ Կայլասը խորհրդանշում է աշխարհի հորը, իսկ Մանասարովար լիճը՝ մորը[10]։

Տարածաշրջանի բազմաթիվ վայրեր կապված են Պադմասամբհավայի հետ, որին վերագրվում է մ.թ. 8-րդ դարում Տիբեթում տանտրիկ բուդդայականության հաստատումը։

Վաջրայանա բուդդայականները հավատում են, որ սուրբ Միլարեպան մրցել է Տիբեթի Բոն կրոնի հետևորդ Նարո Բյոնչամի հետ[46]։ Նրանք մտքի և հնարամտության մրցույթում էին, սակայն նրանցից ոչ մեկը վճռական առավելություն չէր ստանում։ Ի վերջո նրանք պայմանավորվեցին, որ Կայլասի գագաթին առաջինը հասնողը կհաղթի[47][48][49]։

Նարոն կախարդական թմբուկի վրա նստած բարձրանում էր լեռան լանջով, իսկ Միլարեպան հասավ գագաթ՝ արևի ճառագայթների վրա բարձրանալով և այդպիսով հաղթեց մրցույթում։ Նա նաև մոտակա լեռը, որն այդ ժամանակից հայտնի է որպես Բոնրի, նվիրեց Բոնին[50][51][52]։

Բոնի հետևորդների համար լեռը երկնքի աստվածուհի Սիպայմենի բնակավայրն է։ Լեռը նաև եղել է հին Բոն կայսրության՝ Չժան Չժունգի կենտրոնը[39][53][54]։

Տիբեթյան հավատալիքների համաձայն՝ լեռը տիեզերքի կենտրոնն էր՝ Մանդալան, և համարվում էր առասպելական Առյուծի, Ձիու, Սիրամարգի և Փղի գետերի ակունքը։ Ըստ ավանդության՝ այդ գետերը հոսում էին չորս հիմնական ուղղություններով[55]։

Կայլաս լեռան թհանկա պատկերը
Կայլասում Շիվայի հինդուիստական սուրբ ընտանիքը պատկերող նկարազարդում (մոտ 1810–1820 թվականներ)

Հինդուական արվեստում և գրականության մեջ լեռը նկարագրվել է որպես Շիվաի բնակավայր, որտեղ նա բնակվել է իր կնոջ՝ Փարվատիի, և նրանց զավակների՝ Գանեշաի ու Կարտիկեաի հետ[56] [57]։ Հին հինդուական պատկերագրության մեջ Կայլասը նկարագրվել է որպես Հիմալայների լեռներից մեկը[58]։

Հինդուական դիցաբանության մեջ Մերու լեռը համարվել է դեպի երկինք տանող աստիճան, որտեղ բնակվել են դևաները, իսկ Վիշնու պուրանան նշել է, որ այն գտնվել է աշխարհի կենտրոնում և շրջապատված է եղել վեց լեռնաշղթաներով, որոնք կազմել են լոտոսի նման պատկեր, որոնցից մեկը Հիմալայներն են եղել[59][60]։ Հետագա հինդուական աստվածաբանության մեջ Կայլասը նույնացվել է Մերուի հետ[61][62][63]։

Շիվան պատկերվել է լեռան խորքում՝ լոտոսի դիրքով նստած և մեդիտացիայով զբաղվելիս։ Կայլասն ու Մանասարովարը հիշատակվել են հինդուական Ռամայանա և Մահաբհարաթա էպոսներում[43][64]։

Հինդուական սուրբ գրությունների և քանդակային պատկերների համաձայն՝ դևերի արքա Ռավանան ցնցել է լեռը, երբ նրան թույլ չեն տվել մուտք գործել Կայլաշ։ Դա զայրացրել է Շիվային, որը ոտքի մատով սեղմել է լեռը՝ Ռավանային դրա տակ փակելով։ Ռավանան հազար տարի երգել է Շիվային փառաբանող օրհներգեր, մինչև ազատվել է[65][66][67][68]։ Շիվայի այս պատկերումը հայտնի է նաև որպես Ռավանանուգրահա (բառացի՝ «Ռավանային բարեհաճություն ցուցաբերող կերպար»)[69]։

Ջայնական սուրբ գրությունների համաձայն՝ Ռիշաբհադևան՝ ջայնիզմի առաջին տիրթհանկարան, Մեծ Կայլաս լեռան վրա հասել է մոկշայի[39][70][71]։

Ջայնականների հավատալիքների համաձայն՝ Ռիշաբհադևայի՝ մոկշայի հասնելուց հետո նրա որդին՝ կայսր Բհարատա Չակրավարտինը, որի անունով Հնդկաստանը կոչվել է Բհարատավարշա, այդ տարածաշրջանում կառուցել է երեք ստուպա և 24 տիրթհանկարների 24 սրբավայր՝ դրանցում տեղադրելով թանկարժեք քարերով զարդարված արձաններ, և տարածքն անվանել է Սինհնիշդհա[72][73][74]։ Նա նաև կատարել է Մահամագա կոչվող երկշաբաթյա պաշտամունքային արարողությունը և Կայլաս լեռան վրա հասել է մոկշայի[75]։ Հետագայում լեռան շուրջը փորվել են մեծ փոսեր, և Գանգես գետը ուղղվել է դրանց միջով հոսելու[74]։ 24-րդ և վերջին տիրթհանկարա Մահավիրային ծնվելուց կարճ ժամանակ անց Ինդրան տարել է Մերու լեռան գագաթ՝ նախապես նրա մորը՝ Տրիշալային, խոր քուն մտցնելով։ Այնտեղ նա օծվել է թանկարժեք նյութերով[76][77]։

Ուխտագնացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր կրոնների համար լեռան սրբազան համարվելու պատճառով մարդիկ դեպի այնտեղ ուխտագնացություն են կատարում, որը կոչվում է յատրա[78] ։ Թեև հայտնի չէ, թե երբ է սկսվել առաջին ուխտագնացությունը,սակայն այս երթուղին համարվում է ամենահին ուխտագնացության ուղիներից մեկը և գոյություն ունի վաղուց[10][63]։

Մանի քարերը դեպի Կայլաս լեռ ձգվող ճանապարհին

1930-ականներին դեպի լեռ ուխտագնացությունների թիվն աճել է, սակայն հետագայում դրանք սահմանափակվել են տարածաշրջանի նկատմամբ Չինաստանի և Բրիտանական կայսրության ունեցած տարածքային հավակնությունների պատճառով[79]։ 1950–1951 թվականներին Տիբեթի բռնակցումից հետո Չինաստանը թույլատրել է կրոնական ուխտագնացությունները դեպի Կայլաս և Մանասարովար։ Հնդկաստանից ուխտագնացության հնարավորությունը երաշխավորվել է 1954 թվականի չին-հնդկական համաձայնագրով, սակայն 1959 թվականի Տիբեթյան ապստամբությունից հետո մուտքը սահմանափակվել է, իսկ 1962 թվականի չին-հնդկական պատերազմից հետո սահմանները փակվել են[6][80]։ Մոտ երկու տասնամյակ անց՝ 1981 թվականին, Հնդկաստանից ուխտագնացությունը կրկին թույլատրվել է Հնդկաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունից հետո [78][80]։

2020 թվականից սկսած՝ COVID-19 համավարակի պատճառով ուխտագնացությունը երեք տարով դադարեցվել է[81]։ Երթուղին վերաբացվել է 2023 թվականին՝ նոր կանոնակարգերով[82][83]։

1981 թվականին Հնդկաստանից ուխտագնացության երթուղու վերաբացումից ի վեր տարեկան յատրա-ին մասնակցող ուխտավորների թիվը զգալիորեն աճել է[84]։ 2020 թվականին երթուղու փակվելուց առաջ Հնդկաստանից ամեն տարի մի քանի հազար ուխտավոր մասնակցում էր այս ուխտագնացությանը[85]։2015 թվականից Հնդկաստանից ուխտագնացության մեկնել ցանկացողները պարտավոր են եղել նախապես դիմել Արտաքին գործերի նախարարություն, իսկ ուխտավորներին տրամադրվող սահմանափակ թվով թույլտվագրերը հատկացվել են համակարգչային պատահական ընտրության միջոցով՝ նախապատվությունը տալով առաջին անգամ ուխտագնացություն կատարողներին [86][87]։

Հնդկաստանում ուխտագնացությունը կազմակերպվում է Հնդկաստանի կառավարության կողմից և թույլատրվում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում[78]։ Հնդկաստանից ուխտավորները ճանապարհորդում են այդ նպատակով բացված երկու երթուղիներով, որոնց սահմանային անցակետերը գտնվում են Ուտարխանդ նահանգի Լիպուլեխ լեռնանցքում և Սիկկիմ նահանգի Նաթհու Լա լեռնանցքում [88]։

2020 թվականից Մահակալի հովտի հնդկական հատվածով մինչև Լիպուլեխ լեռնանցք հասանելի է ավտոմոբիլային ճանապարհ, որից հետո ճանապարհը հատում է Չինաստանի սահմանը[89]։ Նաթհու Լա երթուղին բացվել է 2015 թվականին և ներառում է Գանգտոկ մեկնելը, այնուհետև Նաթհու Լա լեռնանցքով Չինաստան անցնելը[90]։

2015 թվականից Նեպալից ուխտագնացությունը հիմնականում իրականացվում է Նեպալի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Հումլա շրջանում[91] ։ 2015 թվականի ապրիլին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Տատոպանի–Չժանգմու սահմանային անցակետը փակվել է[92]։ Ուխտավորները Նեպալի տարածքից նաև աղոթում են Կայլաշ լեռանը, որը պարզ եղանակին տեսանելի է Լիմի հովտի վերևում գտնվող Լապչա Լա լեռնանցքից[93]։ Մեկ այլ երթուղի անցնում է Ռասուվա–Ջիրոնգ սահմանային անցակետով[94]։ Ուխտավորները նախքան Մանասարովար լիճ կամ Դարչեն մեկնելը կարող էին օդային ճանապարհով հասնել Լհասա[82]։

Դեպի Կայլաս լեռ ուխտագնացության ժամանակ օգտագործվող յակերը՝ Մանասարովար լճի ափին

Ուխտագնացությունը ներառում է արշավ դեպի Մանասարովար լիճ և Կայլաշ լեռան շուրջը շրջապտույտ։ Կայլաշ լեռան շուրջը ձգվող երթուղու երկարությունը 53 կմ է (33 մղոն)[78]։ Հինդուիստները, բուդդայականները և ջայնականները լեռան շուրջը շրջապտույտը կատարում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, մինչդեռ բոնականները՝ հակառակ ուղղությամբ։ Շրջապտույտը սովորաբար սկսվում և ավարտվում է Դարչենում՝ 4670 մ բարձրության վրա գտնվող փոքրիկ բնակավայրում։ Երթուղու ամենաբարձր կետը Դրոլմա լեռնանցքն է՝ 5650 մբարձրությամբ[19][91][95][96]։

Լեռան շուրջ արշավը կարելի է կատարել ոտքով՝ պոնիի կամ ընտանի յակի օգնությամբ։ Շրջապտույտը միջինում տևում է երեք օր։ Առաջին օրը Դարչենից մինչև Դիրապուկ գոմպա անցնում են մոտ 14 կմ (8,7 մղոն), երկրորդ օրը՝ Դիրապուկից Դրոլմա լեռնանցքով մինչև Զուտուլփուկ՝ 19 կմ (12 մղոն), իսկ երրորդ օրը երթուղին ավարտվում է Դարչեն վերադառնալով[19][95]։

Տիբեթական բուդդայականությունում շրջապտույտի (կորա) կատարման ամենաէքստրեմալ եղանակը լեռան շուրջն ամբողջ ճանապարհը մարմնով լիակատար խոնարհումներ կատարելով անցնելն է[97]։ Ուխտավորը կռանում է, ծնկի է գալիս, ամբողջ մարմնով խոնարհվում է, մատներով նշում է տեղը, ապա բարձրանում է ծնկների վրա, աղոթում և այնուհետև ձեռքերով ու ծնկներով սողալով հասնում է մատներով նշած տեղին, որից հետո կրկնում է նույն գործընթացը։ Այս եղանակով ուխտագնացությունն ավարտելու համար միջինում պահանջվում է երեք շաբաթ[91]։

Ուխտավորները հավատում են, որ Կայլաս լեռան շուրջը շրջապտույտ կատարելը հոգևորապես օգտակար արարողություն է, որը կարող է տարբեր դրական արդյունքներ ունենալ, այդ թվում՝ մաքրել մարդու մեղքերը[98][97]։ Յուրաքանչյուր շրջապտույտ համարվում է կյանքի և մահվան մեկ շրջափուլի ավարտ։ Երթուղու երկայնքով կան բազմաթիվ ստուպաներ, դրոշակաձողեր, բուդդայական վանքեր և աղոթատեղիներ[99]։ Երթուղու երկայնքով գտնվող մշակութային բազմաթիվ հուշարձաններ ոչնչացվել են Չինաստանում 1966-1976 թվականների Մշակութային հեղափոխության ընթացքում։

Հինդուիստները շրջապտույտը կատարելուց առաջ ծիսական լոգանք են ընդունում Մանասարովար լճում։ Հինդուիստական Սկանդա պուրանա տեքստում ասվում է. «Չկա Հիմալայներին հավասար լեռ, քանի որ այնտեղ են Կայլասն ու Մանասարովարը։ Ինչպես առավոտյան արևն է չորացնում ցողը, այնպես էլ Հիմալայների տեսքը չորացնում է մարդկանց մեղքերը»[78][100]։

Տիբեթական բուդդայական ուխտավորները հաճախ Դոլմա Լա լեռնանցքով անցնելիս արտասանում են Om mani padme hum («զարդ լոտոսի մեջ») մանտրան և երգում երգեր, որոնք, ըստ հավատալիքի, խորհրդանշում են Կայլասի ուխտագնացության ընթացքում միմյանց հանդիպող բոլոր ուխտավորների եղբայրությունը[97][101]։ Քանի որ լեռը գտնվում է Հիմալայների հեռավոր շրջանում, ուխտագնացներին աջակցող ենթակառուցվածքները և այլ հարմարությունները շատ սահմանափակ են[102] ։ Տարբեր կրոնների կողմից լեռան նկատմամբ ունեցած սրբազան վերաբերմունքի պատճառով լեռան լանջերին ոտք դնելը կամ այն բարձրանալ փորձելը օրենքով արգելված է[103]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Sanskrit Dictionary». Monier-Williams. էջ 311. Արխիվացված օրիգինալից 3 December 2018-ին. Վերցված է 1 December 2023-ին.
  2. «Entry for कैलासः». Apte Sanskrit-English Dictionary. Արխիվացված է օրիգինալից 8 July 2012-ին. Վերցված է 1 December 2023-ին.
  3. Williams, Monier. «Monier-Williams Sanskrit-English Dictionary». Արխիվացված է օրիգինալից 31 August 2018-ին. Վերցված է 10 October 2017-ին. «kelāsa m. crystal W»
  4. 1 2 Das, 1902, էջ 32
  5. Samkar, 2020, էջ 3
  6. 1 2 3 «Mount Kailas». Britannica. Արխիվացված օրիգինալից 1 June 2023-ին. Վերցված է 1 December 2023-ին.
  7. 1 2 Freeman Attwood (2003). «Gangdise Mountains» (PDF). Alpine Journal. 4: 103–109. Արխիվացված (PDF) օրիգինալից 13 November 2022-ին. Վերցված է 17 March 2024-ին.
  8. «Mount Kaliash, China». Peakbagger.com. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  9. Claude Arpi (23 February 2024). «China playing new border games close to Mt Kailash». Deccan Chronicle. Արխիվացված օրիգինալից 28 February 2024-ին. Վերցված է 1 March 2024-ին.
  10. 1 2 3 4 Brockman, 2011, էջ 356
  11. «Lake Mapam». Britannica. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 December 2023-ին.
  12. Likens, 2009, էջ 505
  13. Likens, 2010, էջ 294
  14. Pete Winn. «Geology and Geography of the Mt. Kailash area and Indus River headwaters in southwestern Tibet». Արխիվացված օրիգինալից 28 December 2014. Վերցված է 1 January 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  15. «Geology and Geography of the Mt. Kailash area and Indus River headwaters in southwestern Tibet». Ministry of Geology and Mineral Resources, China. Արխիվացված օրիգինալից 15 January 2014-ին. Վերցված է 1 January 2014-ին.
  16. Francois Debon (1986). «The Four Plutonic Belts of the Transhimalaya-Himalaya: a Chemical, Mineralogical, Isotopic, and Chronological Synthesis along a Tibet-Nepal Section». Journal of Petrology. 27 (1): 219–250. doi:10.1093/petrology/27.1.219. Արխիվացված օրիգինալից 22 June 2022-ին. Վերցված է 22 June 2022-ին.
  17. Augusto Gansser-Biaggi (1964). Geology Of The Himalayas. Wiley. էջեր 141–144. ISBN 978-0-47029-055-2.
  18. «Tibet Weather». Tibet tour. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  19. 1 2 3 Kailash Yatra (PDF) (Report). Government of India. 12 May 2006. էջ 60. Արխիվացված (PDF) օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  20. Qiu, Jane (1 July 2008). «China: The third pole». Nature. 454 (7203): 393–396. Bibcode:2008Natur.454..393Q. doi:10.1038/454393a. ISSN 1476-4687. PMID 18650887.
  21. «The world has a third pole – and it's melting quickly». The Guardian. 15 September 2019. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  22. Tanguang Gao (23 April 2021). «Accelerating permafrost collapse on the eastern Tibetan Plateau». Environmental Research Letters. 16 (5). Bibcode:2021ERL....16e4023G. doi:10.1088/1748-9326/abf7f0.
  23. Kailash Sacred Landscape Conservation Initiative: Feasibility Assessment Report (Report). Kathmandu: ICIMOD. 22 June 2009. էջ 4. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  24. Zomer, Oli, էջ 39-40
  25. «About KSLCDI». ICIMOD. 16 December 2019. Արխիվացված օրիգինալից 7 August 2022-ին. Վերցված է 7 August 2022-ին.
  26. «KSLCDI Components». ICIMOD - International Centre for Integrated Mountain Development. ICIMOD. 16 December 2019. Արխիվացված օրիգինալից 7 August 2022-ին. Վերցված է 7 August 2022-ին.
  27. «ICIMOD collaborates with NASA to monitor air quality in the Hindu Kush Himalayas». Deccan Herald. 27 May 2024. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  28. «Khar's experimentation with Himalayan nettle brings recognition». Down to Earth. 16 May 2017. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  29. Samkar, 2020, էջ 95
  30. Hugh Ruttledge (1928). «Notes on a Visit to Western Tibet in 1926». The Geographical Journal. The Royal Geographical Society. 71 (5): 431–438. Bibcode:1928GeogJ..71..431R. doi:10.2307/1783276. JSTOR 1783276.
  31. R.C.Wilson (1928). «Kailas Mountains» (PDF). Alpine Journal. 40: 23–37. Արխիվացված (PDF) օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  32. Snelling, 1983, էջ 15–39
  33. Bernbaum, 2022, էջ 29
  34. Samkar, 2020, էջ 95-96
  35. 1 2 «Are there any mountains left unclimbed?». The Spectator. 23 January 2021. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  36. Samkar, 2020, էջ 96
  37. «China to Ban Expeditions on Mount Kailash». tew.org. 7 June 2001. Արխիվացված է օրիգինալից 18 July 2011-ին. Վերցված է 16 September 2016-ին.
  38. Brit Jones (3 November 2023). «Mountain significantly smaller than Everest has never been climbed by a human». Unilad. Արխիվացված օրիգինալից 7 November 2023-ին. Վերցված է 1 December 2023-ին.
  39. 1 2 3 Albinia, 2008, էջ 288
  40. Izu, Kenro (2013). «Passage to Kailash». World Literature Today. 87 (2): 68. doi:10.7588/worllitetoda.87.2.0068. S2CID 163370522.
  41. «Kailash Manasarovar Yatra». Ministry of External Affairs, Government of India. Արխիվացված օրիգինալից 17 June 2022-ին. Վերցված է 30 July 2022-ին.
  42. Karen Swenson (16 March 2003). «A Sacred Circuit in Tibet». The New York Times. Արխիվացված օրիգինալից 30 July 2022-ին. Վերցված է 30 July 2022-ին.
  43. 1 2 McKay, 2015, էջ 13
  44. Govinda, 1966, էջ 198
  45. Buswell, 2004, էջ 407-408
  46. Gyatso, 2022, էջ 395
  47. McKay, 2015, էջ 84
  48. «Padmasambhava». Britannica. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  49. Heller, Orofino, էջ 187
  50. Samkar, 2020, էջ 21
  51. Batchelor, 1987, էջ 367
  52. Vinding, 1998, էջ 413
  53. Allen, 2013, էջ 266-267
  54. Chamaria, 1996, էջ 19
  55. Govinda, 1966, էջ 199-200
  56. Archer, 1973, էջ 365
  57. Flood, 1996, էջ 151
  58. McKay, 2015, էջ 74
  59. Allen, 1982, էջ 8
  60. Wolpert, 1994, էջ 74
  61. Zimmer, 1946, էջ 68
  62. Allen, 1982, էջ 4
  63. 1 2 Thubron, 2011, էջ 6
  64. Thubron, 2011, էջ 5
  65. Rangaswamy, 1990, էջ 527
  66. Honour, Fleming, էջ 443
  67. Henry, 2022, էջ 46
  68. DiBiasio, 2013, էջ 33
  69. Dallapiccola, 2003
  70. Rai, 1929, էջ 178
  71. «Rishabhanatha». Britannica. Արխիվացված օրիգինալից 19 May 2017-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  72. Rai, 1929, էջ 159
  73. Shah, 1987, էջ 72
  74. 1 2 Jain, 2009, էջ 273
  75. Rai, 1929, էջ 179-180
  76. Welch, 1985, էջ 71
  77. «Jainism Literature Center - Rituals». Արխիվացված է օրիգինալից 16 August 2019-ին. Վերցված է 3 December 2018-ին.
  78. 1 2 3 4 5 «Kailash Mansarovar Yatra». Government of Uttarakhand. Արխիվացված օրիգինալից 8 December 2023-ին. Վերցված է 1 December 2023-ին.
  79. McKay, 2015, էջ 217
  80. 1 2 Thubron, 2011, էջ 7
  81. «Kailash-Mansarovar yatra unlikely to resume this year, say officials». The Hindu. 7 April 2022. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  82. 1 2 «Pilgrims to Kailash discouraged by new Chinese rules». Kathmandu Post. 8 May 2023. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  83. «Kailash Masarovar Yatra hits hurdles ahead of opening next month». The Indian Express. 19 May 2023. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 December 2023-ին.
  84. Zomer, Oli, էջ 10
  85. «Kailash Manasarovar Yatra likely to see record numbers». Kathmandu Post. Արխիվացված օրիգինալից 4 August 2022-ին. Վերցված է 4 August 2022-ին.
  86. «First-time pilgrims get preference for Mansarovar Yatra». The Hindu. 16 May 2019. Արխիվացված օրիգինալից 20 August 2024-ին. Վերցված է 1 June 2024-ին.
  87. «Mansarovar Yatra: First-time pilgrims get preference in computerized draw of lots». The Economic Times. Արխիվացված օրիգինալից 4 August 2022-ին. Վերցված է 4 August 2022-ին.
  88. «Kailash Manasarovar Yatra». Government of India. Արխիվացված օրիգինալից 17 June 2022-ին. Վերցված է 4 August 2022-ին.
  89. «New road to Kailash Mansarovar via Lipulekh Pass and why Nepal is objecting to it». The Print. 11 May 2020. Արխիվացված օրիգինալից 6 August 2022-ին. Վերցված է 6 August 2022-ին.
  90. «Alternate Route for Kailash-Mansarovar Yatra Will Become Operational Next Month: PM Modi». NDTV. 15 May 2015. Արխիվացված օրիգինալից 17 March 2024-ին. Վերցված է 1 December 2023-ին.
  91. 1 2 3 Bubriski, Pandey, էջ 163-165
  92. Rajan, Thakuir, էջ 86
  93. «Limi-Lapcha could be an alternative route to Kailash Manasarovar». The Himalayan Times. 13 March 2021. Արխիվացված օրիգինալից 28 May 2022-ին. Վերցված է 9 August 2022-ին.
  94. «A Personal Account of Border Crossing Reveals the Deep Ties Between Nepal, China». The Wire. Արխիվացված օրիգինալից 4 August 2021-ին. Վերցված է 9 August 2022-ին.
  95. 1 2 Macfarlane, 2012, էջ 259-288
  96. Govinda, 1966, էջ 202
  97. 1 2 3 Brockman, 2011, էջ 357
  98. Thurman, Wise, էջ 32
  99. Huber, Rigzin, էջ 130
  100. Berreman, 1972, էջ 15
  101. Pandey, Abhimanyu (20 April 2023). «Ancient bonds: Joining the Kailash-Mansarovar yatra». The Hindu. Արխիվացված օրիգինալից 21 April 2023-ին. Վերցված է 21 April 2023-ին.
  102. McNeely, 2018, էջ 282
  103. Snelling, 1983, էջ 15-39

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայլաս» հոդվածին։