Կամք առ իշխանություն (գիրք)
| Հեղինակ | Ֆրիդրիխ Նիցշե |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | էսսե |
| Թեմա | փիլիսոփայություն |
| Բնօրինակ լեզու | գերմաներեն |
| Նախորդ | Նիցշեն ընդդեմ Վագների |
Կամ առ իշխանություն (գերմ.՝ Der Wille zur Macht), Ֆրիդրիխ Նիցշեի գրառումներից կազմված գիրք, որոնք հավաքել և ի մի են բերել նրա քույր Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեն և Պիտեր Գաստը (իսկական անունը՝ Յոհան Հայնրիխ Կյոզելից)։ Ժողովածուն քննադատվել է գրառումների միտաումնավոր ընտրված լինելու և կեղծիքների համար[2]։ Նիցշեն նախատեսում էր «Կամ առ իշխանություն» վերնագրով գիրք գրել, որի մասին նշված է «Բարոյականության ծննդաբանության շուրջ» գրքում, սակայն հետագայում թողնում է այդ գաղափարը հօգուտ «Բոլոր արժեքների վերագնահատման փորձ» գրքի օգտին, որն էլ չի հասցնում ավարտել։ Գրքի սևագրությունները «Կուռքերի մթնաշաը» և «Հակաքրիստոսը» գրքերի (երկուսն էլ գրված են 1888 թվականին) նյութ են դարձել։
Գրքից հատվածներ թարգմանվել են հայերեն Հակոբ Մովսեսի կողմից[3]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1889 թվականին Նիցշեի բանականության կորստից հետո, երբ նրա գրական ժառանգության վերահսկողությունն անցավ նրա քրոջ՝ Էլիզաբեթ Ֆյորստեր-Նիցշեի ձեռքը, Նիցշեի ընկեր Հայնրիխ Կյոզելիցը մտահղացավ հրատարակել Նիցշեի տետրերից ընտրված հատվածներ՝ դրանց դասավորության համար որպես ուղեցույց օգտագործելով Նիցշեի ավելի պարզ ուրվագծերից մեկը։ Ինչպես նա բացատրում էր Էլիզաբեթին 1893 թվականի նոյեմբերի 8-ին.
Քանի որ սկզբնական վերնագիրը ներկայացված է որպես՝ «Հակաքրիստոսը. Բոլոր արժեքների վերագնահատում» (և հետևաբար ոչ թե՝ «Բոլոր արժեքների վերագնահատման առաջին գիրքը»), դուք կարող եք մտածել, որ ձեր եղբայրը իր մոտալուտ խելագարության նախաշեմին կարծել է, թե գիրքն ավարտված է։ ... Այնուամենայնիվ, այս վերագնահատման հետևանքները նույնպես պետք է բացահայտորեն ներկայացվեն բարոյականության, փիլիսոփայության և քաղաքականության ոլորտներում։ Այսօր ոչ ոք ի վիճակի չէ պատկերացնել արդյունքները, այդ պատճառով էլ ձեր եղբոր կատարած հսկայական նախապատրաստական աշխատանքները՝ «Վերագնահատման» մյուս երեք գրքերը, պետք է իմ առաջարկի համաձայն դասավորվեն և մի տեսակ համակարգի մեջ հավաքվեն։[4]
1894-ից մինչև 1926 թվականը Էլիզաբեթը կազմակերպեց Նիցշեի երկերի քսանհատորյա Großoktavausgabe հրատարակությունը՝ C. G. Naumann հրատարակչության կողմից։ Դրանում, հետևելով Կյոզելիցի առաջարկին, նա ներառեց Նիցշեի հետմահու հատվածներից ընտրված նյութեր, որոնք հավաքվեցին միասին և ստացան «Կամք առ իշխանություն» (Der Wille zur Macht) վերնագիրը։
Նա պնդում էր, որ այս տեքստը, ըստ էության, այն մեծագույն երկն (magnum opus) էր, որը Նիցշեն ցանկանում էր գրել և անվանել՝ «Կամք առ իշխանություն. բոլոր արժեքների վերագնահատման փորձ»։ Առաջին գերմաներեն հրատարակությունը, որը ներառում էր 483 բաժին, լույս տեսավ 1901 թվականին։ Այն խմբագրեցին Կյոզելիցը, Էռնստ Հորնեֆերը և Ավգուստ Հորնեֆերը՝ Էլիզաբեթի ղեկավարությամբ։ Այս տարբերակը 1906 թվականին փոխարինվեց ընդլայնված երկրորդ հրատարակությամբ, որը պարունակում էր 1067 բաժին։ Հենց այս ավելի ուշ կազմված ժողովածուն է, որ այսօր հայտնի է որպես «Կամք առ իշխանություն»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամք առ իշխանություն (գիրք)» հոդվածին։ |
| ||||||