Կամպսիս արմատակալող
Կամպսիս արմատակալող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Փողածաղկազգիներ (Bignoniaceae) |
Ցեղ | Կամպսիս (Campsis) |
Տեսակ | Կամպսիս արմատակալող (C. radicans) |
Միջազգային անվանում | |
Campsis radicans |
Կամպսիս արմատակալող (լատին․՝ Campsis radicans), փողածաղկազգիների ընտանիքի, կամպսիսների ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևաթափ լիանա է՝ մինչև 15 մ երկարությամբ։ Ունի օդային արմատներ։ Տերևները կենտ փետրաձև են, կազմված 9-11 (երբեմն՝ 13) տերևիկներից, որոնք կարճ կոթունավոր են, ձվաձև կամ ձվաձև երկարավուն, 3-6 սմ երկարությամբ, սրածայր սեպաձև հիմքով, սղոցաեզր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, մերկ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, համատարած, կամ միայն ջղերի ուղղությամբ մազմզուկապատ։ Ծաղիկները հավաքված են գագաթնային ողկույզներում։ Բաժակը կարճ է պսակի խողովակից, փողականման զանգակաձև է' 5 եռանկյունի մասերով։
Պսակը խողովակաձագարաձև է, 7-9 սմ երկարությամբ, 5 բլթակներով, դրսի կողմից նարնջագույն, ալ կարմիր, ծռվածքով, 4-5 սմ լայնությամբ և բաժակից 3 անգամ լայն փողակով։ Տուփիկը երկարավուն գլանաձև է, 8-12 սմ երկարությամբ, կարի վրա կեռիկով և գագաթին կտուցիկով։
Սերմերը բազմաթիվ են, տափակ, 2 խոշոր թևիկներով։ Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-դեկտեմբերին։
Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9—10, 18—20, 23-25, 28, 32:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Փենսիլվանիայից մինչև Միսսուրի, Ֆլորիդա և Տեխաս։ Դիմանում է մինչև -25 °C-ի սառնամանիքներին։ Երևանի պայմաններում շատ լավ է աճում, առատորեն ծաղկում և պտղաբերում է, մինչև 5—6 մ բարձրությամբ խիտ կենդանի ցանկապատ է առաջացնում։
Հրաշալի է աճում նաև Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևելյան շրջաններում։ Լուսասեր է, լավ է տանում խուզումը։ Երևանի պայմաններում թեթևակի ցրտահարվում է միայն արտակարգ ցուրտ և երկարատև ձմռան դեպքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
|