Կամիլլա Տրևեր
Կամիլլա Տրևեր Камилла Тревер | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1892 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 11, 1974 (82 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ և արվեստագետ |
Հաստատություն(ներ) | ՌԴ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սուրբ Պետրոսի դպրոց (1907), Կանանց մանկավարժական ինստիտուտ (1912), Բեստուժևյան դասընթացներ (1914) և Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ (1914) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1939) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1][2] |
Գիտական ղեկավար | Ֆադեյ Զելինսկի |
Պարգևներ |
Կամիլլա Վասիլյևնա Տրևեր (Камилла Васильевна Тревер, հունվարի 25, 1892, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1974, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պատմաբան, արևելագետ։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1943), Ուզբեկստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Պետերբուրգում։ Ոսկե մեդալով ավարտելով գիմնազիան` նա ուսանել է Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտում, միաժամանակ հանդիասնալով Բեստուժևյան իգական բարձրագույն դասընթացների ազատ ունկնդիր։ 1914 թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1913 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտական հանձնաժողովում, Տրևերը հաջորդ իսկ տարին հանդես է եկել իր անդրանիկ հոդվածով` նվիրված մերձսևծովյան հին հունական Օլվիա քաղաքում գտնված մարմարե արձանի ուսումնասիրմանը։ 1919 թվականից աշխատել է էրմիտաժում և Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիայում (ՆՄՊՊԱ)։ 1943-1945 թթ. ապրել է Սովետական Հայաստանում, աշխատել պատմության ինստիտուտում։
1935 թվականին Լենինգրադում ու Մոսկվայում գումարված իրանական արվեստին ու հնագիտությանը նվիրված միջազգային 3-րդ կոնգրեսում նա ընտրվել է կոնգրեսի գիտնական քարտուղար։ Այդտեղ նա հանդես է եկել «Հունա-բակարիական արվեստի պրոբլեմը» զեկուցումով, որը դարձել է 1940 թվականին հրատարակած նրա «Հունա-բակարիական արվեստի հուշարձանները» ստվարածավալ մենագրության հիմքը։
Կյանքի վերջին տարիներին Տրևերը գլխավորել է Հ․ Օրբելու գիտական ժառանգության ուսումնասիրման և հրատարակման աշխատանքները։ Պարգևատրվել է Լենինի և «Պատվո Նշան» շքանշաններով։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրությունները վերաբերում են Իրանի, Հունաբակտրիական թագավորության, Հայաստանի, Աղվանքի պատմությանն ու մշակույթին։ 1929 թ. մասնակցել է ՆՄՊՊԱ-ի և էրմիտաժի միացյալ արշավախմբին, որն աշխատել է Դաղստանում և Հայաստանում։ 1936 թվականին եղել է Նոր Ամբերդի հնագիտական արշավախմբի անդամ։ Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի հուշարձանների ուսումնասիրության արգասիքն է «Հին Հայաստանի մշակույթի պատմության ուրվագծեր (մ․թ․ա․ 2-րդ - մ․թ․ 4-րդ դարեր)» (1953) աշխատությունը։ 1939 թվականին մասնակցել է «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարության հանդեսներին և հատուկ հոդված գրել «Հայկական էպոսի ջրային Անթեոսը» խորագրով։
Տրևերի «Կովկասյան Ալբանիայի պատմության և մշակույթի ուրվագծեր, մ․թ․ա․ 4-րդ - մ․թ․ 7-րդ դարեր» (1959) աշխատությունն, ըստ էության, Աղվանքի պատմության, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, նյութական մշակույթի հարցերին նվիրված առաջին ընդհանրացնող գործն է։
Գիտական աշխարհում մեծ արձագանք է գտել Տրևերի իրանական գեղարվեստական մետաղագործությանը նվիրված ուսումնասիրությունները, որոնցից առավել նշանակալիցը «Սասանյան մետաղն» էր` գրված Հ. Օրբելու հետ միասին։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գ. Ա. Տիրացյան «Կ. Վ. Տրևեր» (Ծննդյան 80-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1972, էջ 111-115
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|
- Հունվարի 25 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 1974 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պատմաբաններ
- Խորհրդային արևելագետներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Հայագետներ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս արևելագետներ