Կամիլա Ուիլյամս
Կամիլա Ուիլյամս | |
---|---|
![]() Կամիլա Ուիլյամս, լուսանկարը՝ Կառլ Վան Վեխտենի, 1946 թվական | |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1919[1][2] Danville, Վիրջինիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 29, 2012[3][4][1][…] (92 տարեկան) Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ |
Գերեզման | Oak Hill Cemetery |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն |
Կրթություն | Վիրջինիա նահանգի համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Կամիլա Էլլա Ուիլյամս (անգլ.՝ Camilla Williams, հոկտեմբերի 18, 1919[1][2], Danville, Վիրջինիա, ԱՄՆ - հունվարի 29, 2012[3][4][1][…], Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ), միջազգային ճանաչում ունեցող ամերիկացի օպերային սոպրանո։ Նյու Յորքում հանրահայտ դասվանդողների մոտ ուսում ստանալուց հետո առաջին աֆրոամերիկուհին էր, որ կանոնավոր պայմանագիր է ստորագրել Նյու Յորքի քաղաքայն օպերային թատրոնի հետ[5]։ Ավելի վաղ հաղթել է վոկալ մրցույթներում և 1943–44 թվականին արժանացել Մարիան Անդերսոնի անվան կրթաթոշակի։
Առաջին աֆրոամերիկուհին էր, որը 1954 թվականին Վիեննայի պետական օպերայում հանդես է եկել գլխավոր դերակատարմամբ։ Հետագայում որպես մենակատար ելույթներով հանդես է եկել բազմաթիվ եվրոպական նվագախմբերի հետ ու որպես համերգային կատարող շրջագայել ԱՄՆ-ում, Ասիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Առաջին աֆրոամերիկուհին էր, որ 1977 թվականին որպես պրոֆեսոր նշանակվել է Ինդիանայի համալսարանում, որտեղ դասավանդել է մինչև 1997 թվականը։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 18-ին Վիրջինիա նահանգի Դանվիլ քաղաքում լվացարարուհու և վարորդի ընտանիքում, որոնց չորս զավակներից ամենակրտսերն էր։ Հասակ է առել աղքատության մեջ, սակայն ընտանիքում կարևորել են երաժշտությունը։ Ծնողները նրա մեջ ներարկել են հարգանք երաժշտության, եկեղեցու և կրթության հանդեպ, և ութ տարեկան հասակում երեխան դաշնամուր էր նվագում, երգում դպրոցում և քաղաքային եկեղեցում[6][7]։
Ուսում է առել Վիրջինիայի պետական քոլեջում (այժմ՝ Վիրջինիայի պետական համալսարան) և ստացել երաժշտության բակալավրի աստիճան[6]։ Քոլեջում ուսումնառությունն ավարտելուց հետո թողել է երրորդ դասարանի ուսուցչուհու իր աշխատանքն ու շարունակել երաժշտություն ուսումնասիրել Ֆիլադելֆիայում, վոկալի հեղինակավոր ուսուցչուհի Մերիոն Ֆրեշլի մոտ։ Կրթության համար վճարելու նպատակով Վիրջինիայի քոլեջի անգլերենի նրա նախկին դասախոս Թոսսի Վայթինգը հիմնել է «Կամիլա Ուիլյամսի ֆոնդը»[6]։ 1943 և 1944 թվականներին արժանացել է Մարիան Անդերսոնի անվան կրթաթոշակի և շարունակել վոկալ մրցումներում մրցանակների արժանանալ[8][9][7]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1944 թվականից սկսած երգել է ամերիկյան ռադիոհաղորդումներում։ 1946 թվականին առաջին աֆրոամերիկուհին էր, որի հետ ամերիկյան մի նշանավոր օպերային ընկերություն կանոնավոր պայմանագիր է կնքել, որի հիման վրա դեբյուտով հանդես է եկել Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի գլխավոր դերով[10]։ Կատարումը «Նյու Յորք Թայմս» օրաթերթի քննադատի կողմից գովասանքի է արժանացել որպես «ակնթարթային և ակնառու հաջողություն»[5]։ Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում հանդես է եկել նաև Նեդդայի դերերգով Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայից, Միմիի դերերգով Պուչինիի «Բոհեմ» օպերայից, Մարգուերիտի դերերգով Գունոյի «Ֆաուստ» օպերայից, Միքայելայի դերերգով Բիզեի «Կարմեն» օպերայից ու Վերդիի «Աիդա» օպերայի գլխավոր հերոսուհու դերերգով[6][10]։
ԱՄՆ-ում և Եվրոպայում հանդես է եկել բազմաթիվ այլ օպերային ընկերությունների հետ։ 1954 թվականին դարձել է առաջին աֆրոամերիկուհին, որը գլխավոր դերակատարմամբ հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում՝ կատարելով «Մադամ Բատերֆլայը»։ 1963 թվականին «Երթ դեպի Վաշինգտոն» բողոքի խաղաղ ակցիայի ժամանակ Սպիտակ տան մոտ, ինչպես նաև Լինքոլնի հուշահամալիրի մոտ 250,000 մարդու ներկայությամբ երգել է ԱՄՆ-ի ազգային հիմնը, որին հաջորդել է Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» հանրահայտ ճառը։
Որպես հանրահայտ համերգային կատարող շրջագայել է ամբողջ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայի տասնչորս երկրներում, ինչպես նաև բազմաթիվ ասիական երկրներում՝ Հարավային Կորեա, Չինաստան, Ճապոնիա, Լաոս, Հարավային Վիետնամ, Ֆիլիպինյան կղզիներ, Նոր Զելանդիա և Ավստրալիա[6][10]։ Բացի դրանից նաև հանդիսանում էր Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, ԲԲՍ-ի սիմֆոնիկ նվագախմբի, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի, Ֆիլադելֆիայի նվագախմբի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարը։ 1950 թվականին Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկու հետ ձայնագրել է Գուստավ Մալերի «8-րդ սիմֆոնիան»։
1970-ական թվականներին վոկալ է դասավանդել Բրուկլինի քոլեջում, Բրոնքսի քոլեջում, Քուինս քոլեջում և այլուր[11]։
1977 թվականին նշանակվել է Ինդիանայի համալսարանի «Jacobs School of Music» դպրոցի վոկալի պրոֆեսոր․ այդ պաշտոնում առաջին աֆրոամերիկուհին էր։ 1984 թվականին դարձել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կոնսերվատորիայի առաջին աֆրոամերիկուհի դասախոսը։ 1997 թվականին դարձել է Ինդիանայի համալսարանի «Jacobs School of Music» դպրոցի վոկալի պատվավոր պրոֆեսոր, սակայն շարունակել է մասնավոր դասեր տալ[10]։
Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1950 թվականին ամուսնացել է քաղաքացիական իրավունքների պաշտպան Չառլզ Թ․ Բիվերսի հետ, որը սերտորեն համագործակցում էր սևամորթների իրավունքների պաշտպան Մալկոլմ Իքսի հետ։ Մահացել է 1969 թվականին[5]։
2000 - 2011 թվականներին ապրել է իր բուլղարացի նվագակցող Բորիս Բազալայի ընկերակցությամբ[5]։
Ժառանգություն և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 թվականին արժանացել է Ազգային օպերային ընկերության «Բարձրացրու յուրաքանչյուր ձայն» մրցանակին՝ ի պատիվ օպերայի ասպարեզում աֆրոամերիկացիների ունեցած ներդրման։
- 1996 թվականին Հարվարդի համալսարանի կողմից ճանաչվել է ականավոր աֆրոամերիկուհի երգչուհի/ռահվիրա։
- 2000 թվականին որպես առաջին աֆրոամերիկուհի երգչուհու նրա կենսագրությունը պատկերվել է «Աիդայի քույրեր և եղբայրներ․ սևամորթների ձայներն օպերայում» վավերագրական ֆիլմում, որը թողարկվել է նույն տարվա փետրվարին։
- 2006 թվականին պատկերվել է «Սիրո առեղծվածը» վավերագրական ֆիլմում։
- 2007 թվականին Վիրջինիայի գրադարանի կողմից «Վիրջինիացի կանայք պատմության մեջ» նախագծի շրջանակներում մեծարանքի արժանացած ութ կանանցից մեկն էր։
- 2009 թվականի փետրվարի 11-ին Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի ու «Սևամորթների մշակույթի ուսումնասիրման Շոմբուրգյան կենտրոն» գիտահետազոտական գրադարանի հովանավորությամբ Նյու Յորքում անցկացվել է «Հարգանքի տուրք Կամիլա Ուիլյամսին» ծրագիրը։
- 2009 թվականի սեպտեմբերի 4-ին Ինդիանայի համալսարանի կողմից արժանացել է «Գերազանցության համար» մեդալի։
- 2011 թվականին «Էդվին Մելեն Պրես» հրատարակչատունը հրատարակել է նրա՝ «Աֆրոամերիկուհի դասական երգչուհի և օպերային դիվա Կամիլա Ուիլյամսի կյանքը» ինքնակենսագրականը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 American opera singer Camilla Williams dead
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Obituary: "Camilla Williams", Telegraph, 2012
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Williams Camilla, Shonekan Stephanie (2011)։ The Life of Camilla Williams: African American Classical Singer and Opera Diva։ Lewiston, NY: The Edwin Mellen Press։ ISBN 9780773414389
- ↑ 7,0 7,1 «The Jacobs School of Music mourns the passing of opera star Camilla Williams»։ Jacobs School of Music։ The Trustees of Indiana University։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-13-ին։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ Fox Margalit (փետրվարի 2, 2012)։ «Camilla Williams, Barrier-Breaking Opera Star, Dies at 92»։ The New York Times (The New York Times Company)։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ Langer Emily (հունվարի 30, 2012)։ «Camilla Williams, an acclaimed soprano who broke racial bounds, dies at 92»։ The Washington Post (The Washington Post)։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Elizabeth Nash. "A Day with Camilla Williams", Opera Quarterly 18, no. 2 (2002): 219–230
- ↑ «Williams, Camilla (1919-)»։ Amistad Research Center։ The University of Illinois at Urbana-Champaign։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-12-ին։ Վերցված է փետրվարի 18, 2017
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Elizabeth Nash. "A Day with Camilla Williams", Opera Quarterly 18, no. 2 (2002): 219–230.
- Stephanie Shonekan and Camilla Williams, The Life of Camilla Williams, The African American Classical Singer and Opera Diva, Edwin Mellen Press, 2011. 0-7734-1483-5.
- Eileen Southern, The Music of Black Americans: A History, W. W. Norton & Company; 3rd edition, 1997. 0-393-97141-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Camilla Williams papers, 1947–2010, bulk 1978–1996, at the Indiana University Archives.
- "Camilla Williams", Virginia Women in History, Library of Virginia, 2007
- Aida's Brothers and Sisters: Black Voices in Opera Archived 2012-11-03 at the Wayback Machine., Great Performances, PBS documentary, 2000
- The Mystery of Love, PBS documentary, 2006; includes audio clip
- Danville Museum Honors Camilla Williams Archived 2013-11-28 at the Wayback Machine., Danville Museum of Fine Arts & History
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կամիլա Ուիլյամս կատեգորիայում։ |
|