Կաղնի շագանակատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղնի շագանակատերև
Կաղնի շագանակատերև
Կաղնի շագանակատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Հաճարազգիներ (Fagaceae)
Ցեղ Կաղնի (Quercus)
Տեսակ Կաղնի շագանակատերև (Q. castaneifolia)
Միջազգային անվանում
Quercus castaneifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Կաղնի շագանակատերև (լատին․՝ Guercus castaneifolia), հաճարազգիների ընտանիքի, կաղնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ մինչև 25 մ բարձրությամբ, երիտասարդ ճյուղերը հարթ մոխրագույն են, իսկ բունը և բազմամյա ճյուղերը մուգ և խոր ճաքճքված կեղևով։ Ազատության մեջ սաղարթը վրանաձև է։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են խիտ դեղնամոխրագույն աղվամազով։ Տարեկան ընձյուղները գրեթե մերկ են։ Բողբոջները ձվաձև են, կարմրագորշավուն աղվամազով, սրածայր, և թեփուկներով ծածկված։ Շրջապատված են 1,5 սմ երկարությամբ գծանման, խիտ աղվամազապատ տերևակիցներով։ Տերևակոթունները ունեն 2 սմ երկարություն և մազմզուկապատ են։ Տերևները հիմնականում սեպաձև են, հիմքում կլորավուն կամ թեթևակի սրտաձև, երկարավուն, հակառակ-ձվաձև, կամ երկարավուն-էլիպսաձև, 10 — 18 սմ երկարությամբ և 4—8 սմ լայնությամբ։ Այն Եռանկյունաձև-սրածայր բլթակներով է և եզրերին 10 — 12 (երբեմն՝ 7 — 15) խոշոր, եռանկյուն սրածայր ատամիկներով է։ Տերևները ամուր են, գրեթե կաշվեկերպ, վերևից մուգ կանաչավուն, ներքևի կողմից մոխրասպիտակավուն աղվամազով ծածկված, սկզբնական շրջանում թեթևակի աղվամազապատ, իսկ հետագայում համարյա մերկ։ Հանդիպում են նաև ավելի լայն տերևներ։ Դրանք լինում են լայն, բութ ատամիկներով կամ բլթակներով, որոնք ծայրում կարճ սրված են։ Այսպիսի տերևների ներքին մակերեսը բաց կանաչավուն է, գրեթե մերկ։ Առէջային կատվիկները 7 — 10 սմ երկարություն ունեն։ Վարսանդային ծաղիկները և պտուղները միայնակ են կամ 2 -3-ական, Նստադիր կամ շատ կարճ, հաստ պտղակիր ունեն։ Պտղագավաթը կիսագնդաձև է, մինչև 2 սմ բարձրությամբ և 2,5 սմ տրամագծով։ Նրա թեփուկները ծածկված են մոխրագույն աղվամազով, սրածայր են, ստորինները՝ նեղ-օվալաձև, դեպի ետ ծռված միջինները և վերինները՝ նեղ-նշտարաձև, մինչև 1,5 սմ երկարությամբ։ Կաղինների երկարությունը կազմում է 2,5 —3,5 սմ, 2 — 3 անգամ ավելի երկար պտղագավաթից։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կասպից ծովի հարավարևմտյան ափերին, Լենքորանում, Մեծ Կովկասի նախալեռներում և Ադրբեջանիի հյուսիսարևմտյան շրջաններում։ Անտառներ է կազմում ցածրավայրերում և լեռներն է բարձրանում մինչեւ 1800 մ բացարձակ բարձրության վրա։ Կարևորագույն անտառ կազմող ծառատեսակ է համարվում իր տարածման շրջանում։ Հայաստանում հանդիպում է Երևանում, Վանաձորում և Իջևանում։ Երևանում մշակվում է 1930-ական թվականներից։ Քաղաքի կանաչ գոտում և Հաղթանակի զբոսայգում աճում են 50—55 տարեկան խոշոր ծառեր, մինչև 16 — 17 մ բարձրությամբ և 60 —65 սմ բնի տրամագծով։ Առատորեն ծաղկում և պտղաբերում են։ Թեթևակի ցրտահարվում են միայն արտակարգ երկարատեւ ու ցուրտ ձմռան դեպքում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հրաշալի դեկորատիվ ծառատեսակ միանգամայն պիտանի է հանրապետության ցածրադիր գոտու բնակավայրերի կանաչապատման համար։ Կարելի է օգտագործել մասսիվներում, խմբերում, ծառուղիներում եւ որպես սոլիտեր։ Վերջին տարիներին մասսայական կարգովդ բազմացվել է Երևանի բուսաբանական այգում։ Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները 9, 18 — 19, 20ա, 24-25, 28, 32[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (179)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի շագանակատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի շագանակատերև» հոդվածին։