Խցանակաղնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կաղնի խցանայինից)
Խցանակաղնի
Խցանակաղնի
Խցանակաղնի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Հաճարազգիներ (Fagaceae)
Ցեղ Կաղնի (Quercus)
Տեսակ Խցանակաղնի (Q. suber)
Միջազգային անվանում
Quercus suber
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կաղնի խցանային (լատին․՝ Quercus suber), հաճարազգիների ընտանիքի, կաղնի ցեղի բույս։

Quercus suber

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար ծառեր են՝ մինչև 20 մ բարձրությամբ։ Սաղարթը վրանաձև է, հզոր ճյուղերով։ Բունը և հաստ ճյուղերը ծածկված են հաստ խցանաշերտով։ Բողբոջները մանր են, կլորավուն, ծածկված դեղնամոխրավուն թաղիքանման աղվամազով։ Նույնպիսի աղվամազով են ծածկված նաև երիտասարդ ընձյուղները։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 1-1,5 սմ-ի։ Տերևները օվալաձև են կամ էլիպսաձև, 3- 7 սմ երկարությամբ և 1,5—3,5 սմ լայնությամբ, ամբողջաեզր, կամ թեթևակի ատամնաեզր, վերևի կողմից մուգ կանաչ է, փայլուն, Ներքևից մոխրաթաղիքանման աղվամազով ծածկված (հազվադեպ գրեթե մերկ), կաշվեկերպ, որոնք թափվում են երկու տարուց հետո։ Կաղինները 1 -3-ական հատ Նստած են կարճ պտղակոթունների վրա և հասունանում են առաջին տարում, ունեն 3 սմ երկարություն և 1,5 սմ տրամագիծ։ Շրջապատված են պտղագավաթով, որը արտաքինից ծածկված է խիտ մոխրաթաղիքանման մազմզուկներով։ Նրա վերևի մասի թեփուկները երկարավուն-նշտարաձև են, մինչև 5 մմ երկարությամբ ուղղաձիգ, ներքևինները ավելի կարճ են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Միջերկրական ծովի շրջանում, Հարավային Եվրոպայում, դեպի հարավ՝ մինչև Ադրիատիկ ծովի Դալմաթյան ափերը, Հյուսիսային Աֆրիկայում՝ մինչև Թունիս և մերձծովյան գոտում, ծովի մակերևույթից մինչև 400-500 մ բարձրության վրա։

Մշակվում է Ղրիմում և Կովկասում։ Հայաստանի պայմաններում լավ է աճում մերձարևադարձային գոտում, ծովի մակերևույթից մինչև 700 մ բացարձակ բարձրության վրա։ Ներմուծվել է 1950-ական թվականներին։ Մինչև Աղստաֆա-Իջևան երկաթգծի շինարարության սկսվելը 20 տարեկան մի խոշոր (10 մ բարձրությամբ և 18 սմ բնի հաստությամբ) ծառ էր աճում Իջևանի տարածաշրջանում Այգեհովիտի տնկարանում։ Թեթևակի ցրտահարվում էր միայն արտակարգ ցուրտ ձմռան դեպքում։ Առաջացնում էր հաստ խցանաշերտ։ Այդ եզակի նմուշը հատվեց երկաթուղու շինարարության կապակցությամբ։ Ներկայումս երիտասարդ ծառեր կան Իջևանի դենդրարիում, որոնք բավականին լավ են աճում և չեն ցրտահարվում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռանկարային է որպես դեկորատիվ ծառատեսակ Հայաստանի մերձարևադարձային շրջանների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 180։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 96
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խցանակաղնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խցանակաղնի» հոդվածին։