Կաղնի երկարակոթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղնի երկարակոթուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Հաճարազգիներ
Ցեղ Կաղնի
Լատիներեն անվանում
Quercus longipes Stev


Կաղնի երկարակոթուն (լատին․՝ Quercus longipes Stev), հաճարազգիների ընտանիքի, կաղնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառեր են՝ 15-20 մ բարձրությամբ և մինչև 1 մ բնի տրամագծով։ Ընձյուղները սկզբնական շրջանում ծածկված են աղվամազով և ունեն մոխրադարչնավուն գունավորում։ Բողբոջները օվալաձև են, 3-4 մմ երկարությամբ։ Տերևակորությունների երկարությունը հասնում է 5-15 մմ-ի։ Տերևները ամուր են, գրեթե կաշվեկերպ, վերևի կողմից կանաչ են, անփայլ, մերկ, ներքևից ավելի բաց գույնի, խիտ, նուրբ մազմզուկապատ, ընդ որում մազմզուկները ջղերի երկարությամբ ավելի խոշոր են, սրտաձև կամ լայն սեպաձև հիմքով, գագաթին կարճ բութ բլթակով, յուրաքանչյուր կողմից 3-4 կարճ, անհավասար ձևի և մեծության բութ բլթակներով։ Երբեմն դրանք երկար են ու նեղ, յուրաքանչյուր կողմում 5-6 հատ։ Պտղակիրը հաստ է, 3-7 սմ երկարությամբ և իր վրա կրում է 1-3 կաղիններ։ Պտղագավաթը ունի մինչև 1,5 սմ բարձրություն և 1,5-2 սմ տրամագիծ, հաստ է, խոր-թասանման, բավականին խոշոր թեփուկներով, որոնք դասավորված են կանոնավոր շարքերով, ուժեղ կերպով արտափքված են, ծածկված խիտ աղվամազով, լայն-եռանկյուն են կամ կլորավուն։ Կաղինները նեղ գլանաձև են, 3-5 սմ երկարությամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում (Արևելյան Անդրկովկասում, Քուռ գետի և նրա վտակների երկարությամբ)։ Հովտային անտառներ է առաջացնում գետային դարավանդներում, գետամերձ ողողվող գոտուց բարձր։ Հայկաստանի տարածքում հանդիպում է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում և հազվադեպ Զանգեզուրում, որտեղ աճում է ստորին լեռնային գոտում, գետափերին, ալուվիալ հողերի վրա։ Բավականին երաշտադիմացկուն և ցրտադիմացկուն տեսակ է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ հայտնի չէ։ Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները 3, 8-14, 17-32[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 189։