Կաղապար:FA/14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ պետական դրոշը

Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) պետություն է Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին` Հարավային Կովկասում։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Ադրբեջանին, հարավից՝ Իրանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքից՝ Թուրքիային:

Մինչև 1991 թիվը Հայաստանը մեկն էր Խորհրդային Միության 15 հանրապետություններից (տես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ Անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության քայքայման ընթացքում՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է անկախության հռչակագիրը։ ՄԱԿ-ի անդամ է 1992 թ. մարտի 22-ից:

ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեով։ Ըստ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանը հնագույն պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Մեծ Հայքի թագավորությունը 301 թ. առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում` միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական ազատությունները:

Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, նարնջագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը: