Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 2, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Թեոդոսիայում
Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Թեոդոսիայում

Հայերը Թեոդոսիայում հաստատվել են զարգացած միջնադարում՝ կապված Անիի Բագրատունյաց թագավորության (885-1045) անկման հետ։ 11-12-րդ դարերում Ղրիմի հայկական գաղութները սկսում են ստվարանալ Հայաստանից և Փոքր Ասիայի հայաշատ քաղաքներից այստեղ տեղափոխված վաճառականների ու արհեստավորների խմբերի շնորհիվ։

Ղրիմահայերի ոչ պաշտոնական կենտրոնը Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա) քաղաքն էր։ 11-12-րդ դարերում այստեղ հիմնվեց ղրիմահայերի կողմից ստեղծված ամենահին կառույցը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն տեղակայված է քաղաքի կենտրոնում, և նրան առընթեր գտնվում է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանը։ Վերջինս 1845 թվականին կառուցել էր նաև իր արվեստանոցը, որը հետագայում վերածվում է պատկերասրահի։

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս և մի քանի այլ հայկական եկեղեցիները հիշատակվում են Կաֆայի 1316 թվականի կանոնադրության մեջ։ Կաֆան եղել է եպիսկոպոսանիստ քաղաք, որտեղ 14-րդ դարում եպիսկոպոսի ջանքերով անցկացվել է ջրմուղ։ Քաղաքի պաշտպանական կառույցների մեջ նշանավոր էր Հայկական պարիսպը, որը կոչվում էր «Հայոց բերդ»։ Դրա մի հատվածը մինչև օրս պահպանվել է։ Կաֆան 14-րդ դարում ուներ 70 հազար բնակիչ, որից 46 հազարը հայեր էին։ Ծովային և ցամաքային ապրանքաշրջանառության այս խոշոր կենտրոնի առևտուրը 13-15-րդ դարերում հիմնականում կատարվում էր հայերի միջոցով, որոնք ունեին վաճառականական ընկերություններ, վարձակալած նավեր, իջևանատներ, պահեստաշենքեր, վարկատու տներ, 12 դրամատուն (բանկ)։ Հայերից բացը առևտուրը գտնվում էր նաև ռուս և ջենովացի վաճառականների... Ավելին