Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 53, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին, քաղաքական գործընթաց, որը տեղի ունեցավ 1921 թվականի հուլիսին։ Դրա արդյունքում Մեծ Հայքի պատմական նահանգներից Արցախը անջատվեց նորաստեղծ Խորհրդային Հայաստանից և բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին: Այդ ժամանակաշրջանում Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 95% կամ ավելի քան 200 000 մարդ, հայեր էին։ 1923 թվականին բռնակցված Արցախի մի հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որը ընդհանուր սահմաններ չուներ Խորհրդային Հայաստանի հետ։ Այդտեղ ապրում էր 125 000 բնակիչ, որոնցից հայեր էին 111 000-ը՝ Շուշիի 35 000-անոց հայ համայնքի ջարդից հետո։ Բռնակցման արդյունքում մոտ 70 տարի անց հայ բնակչությունը ոչ միայն չաճեց, այլև նվազեց՝ 1988 թվականին հասնելով 145 հազարի ու կազմելով ընդհանուր բնակչության 77 տոկոսը։ Փոխարենը կտրուկ ավելացավ ադրբեջանցիների թիվը՝ 12 հազարից հասնելով 40 հազարի, իսկ շրջակա արցախյան մի քանի շրջանների հետ (Աղդամ, Քաշաթաղ, Քարվաճառ և այլն) անցնում էր կես միլիոնից։

Արցախը մինչ այդ մշտապես եղել էր հայկական թագավորություների, անկախ և կիսակախյալ պետական կազմավորումների կազմում: Երվանդունիների թագավորության (մ.թ.ա. 570-մ.թ.ա. 201) ժամանակաշրջանում երբեմն նվաճվել է հարևան աղվանական ցեղերի կողմից, սակայն կրկին միավորվել հայոց պետությանը և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) ու Արշակունիների թագավորության (54-428) մաս կազմել և եղել Ծավդեաց իշխանների ոստանը: Հայաստանի առաջին բաժանումից (387) որոշ ժամանակ անց միացվել է Աղվանից մարզպանությանը, սակայն ղեկավարվել է հայկական ծագում ունեցող Եռանշահիկների կողմից: 7-րդ դարում Աղվանից պետության վերացումից հետո Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Չողա երկիրը (Դերբենդ) միավորվում են վարչաքաղաքական մեկ միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ: Զարգացած միջնադարում Արցախը կազմել է Բագրատունիների թագավորության (885-1045), ավելի ուշ՝ Զաքարյան իշխանապետության մասը: Ուշ միջնադարում Արցախում իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Գյուլիստանի պայմանագրից (1813) հետո Արցախն անցնում է Ռուսական կայսրությանը` հարևան Սյունիքի, Գարդմանի և Տավուշի հետ մտնում էր Ելիզավետպոլի նահանգի կազմ:

1918 թվականի մայիսին Հարավային Կովկասում հայ և վրաց ժողովուրդների պետականության վերականգնումը առիթ է հանդիսանում կովկասաբնակ մուսուլմանների կողմից նոր քաղաքական միավորի` Մուսավաթական Ադրբեջանի ստեղծմանը, որը հովանավորվում էր նախ Օսմանյան կայսրության, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Անգլիայի կողմից։ Մինչև 1918 թվականը տարածաշրջանում «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չէր եղել. Ատրպատական (Ադրբեջան) վարչաքաղաքական կազմավորումը գտնվում էր Արաքս գետից հարավ։ Այս պետության ստեղծումը և կազմավորումը նպատակ ուներ իրեն բռնակցել հայկական, վրացական և իրանական տարածքները, դառնալ Թուրքիայի արևելյան դաշնակիցը և իրագործել երիտթուրքերի պանթյուրքական գաղափարները... Ավելին