Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 49, 2021 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Ηράκλειο 4795.JPG

Կրետե (հուն․՝ Κρήτη Կրիտի), Հունաստանի ամենամեծ և ամենախիտ բնակեցված կղզին։ Ըստ տարածքի՝ 88-րդն է աշխարհում և հինգերորդը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից, Սարդինիայից, Կորսիկայից և Կիպրոսից հետո։

Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան, որը հանդիսանում է Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը։ Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հերակլիոնն է՝ 623․065 մարդ բնակչությամբ (ըստ 2011 թվականի տվյալների)։

Կրետեն կարևոր դեր ունի Հունաստանի տնտեսության և մշակույթի մեջ։ Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600 թվականից մինչև մ.թ.ա. 1400 թվականը, համարվում է Եվրոպայի ամենահին քաղաքակրթությունը, իսկ Կրետեի ծովապետությունը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը:

Կրետեի մասին առաջին հիշատակումներն եղել են մ.թ.ա. 18-րդ դարի սիրիական Մարի քաղաք-պետությանը նվիրված աշխատությունում, նեո-ասորեստանյան գրառումներում և Աստվածաշնչում։ Կրետե կղզու անվանումը հիշատակված է նաև հինեգիպտական գրառումներում, որտեղ այն նշվում է կեդտիու անվանումով։

Կրետեի հարավային ափի Պլակիաս գյուղի մոտակայքում հայտնաբերվել են Աշելյան մշակույթի քարե գործիքներ, որոնք ավելի քան 130 հազար տարեկան են։ Կրետեի հարավում (Էտոկրեմնոս) պեղումների ժամանակ հայտնաբերվել է 11-13 հազար տարեկան բնակավայր։ Նեոլիթի ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. մոտ 7000 թվականին ստեղծվել են առաջին բնակավայրերը (Կնոսոս, Մագասա, Տրապեզա), որոնց բնակիչներն անասուններ, ոչխարներ, այծեր, խոզեր էին պահում, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսեր և լոբազգիներ աճեցնում։ Նրանք ապրում էին քարե տներում, ավելի հազվադեպ՝ քարանձավներում։ Իլիթիասի (հուն․՝ Ειλειθυίας), Ստրավոմիտիի (հուն․՝ Στραβομύτη), Էլինոսպիլեոյի (հուն․՝ Ελληνοσπήλαιο) քարանձավներում հայտնաբերվել են զենք, գործիքներ, շինարարական աշխատանքներ, քարից պատրաստված դանակներ և ոսկոր, ինչպես նաև կրոնական առարկաներ, որոնք նվիրված են պտղաբերության աստվածուհուն։ Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի սկզբին Կրետե կղզում ստեղծվել են չորս տեղական թագավորություններ՝ Կնոսոս, Ֆեստոս, Մալիա և Զակրոս քաղաքներում։ Կղզու բնակչությունը բաղկացած էր մինոացիներից (հուն․՝ ετεόκρητες), կիդոններից (հուն․՝ κύδνες), ինչպես նաև մայրցամաքից գաղթած պելասգներից, կարիացիներից և փյունիկացիներից։ Սանտորինի հրաբխի ժայթքումից առաջ Կրետեն ուներ 1 միլիոն բնակչություն, որից 100 հազարն ապրում էր Կնոսոսում․․․Ավելին