Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 48, 2021 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Shushi Carpet Museum, Yerevan 2021.jpg

Վարդան Վլադիմիրի Ասծատրյան, արվեստի գործերի հայ հավաքորդ, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր, տնտեսագետ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ, գործարար, Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական (2009 - 2015 թթ․), Արցախյան ազատամարտի (1991 -1994 թթ․), Քառօրյա պատերազմի (2016 թ․) և հայ-ադրբեջանական պատերազմի (2020 թ․) մասնակից։ Դեռ վաղ տարիքից մշակույթի հանդեպ սեր ու նվիրում է տեսել ընտանիքում։ Պատանեկան հասակից հնությունների հանդեպ հետաքրքրություն է ունեցել։ Հետագայում, երբ բազմաթիվ պատմություններ է լսել, իսկ հետո նաև անձամբ ականատես եղել, թե ինչպես են ադրբեջանցիները Արցախի գյուղերով շրջում և գյուղացիներից պապենական գորգերը գնելու կամ փոխանակելու փորձեր անում, Վարդան Ասծատրյանը սկսել է անհանգստանալ հայկական գորգերի մշակութային շերտի պահպանմամբ, մտածել արցախյան ավանդական գորգգարվեստը մոռացությունից փրկելու և Ադրբեջանի կողմից յուրացնելու վտանգի մասին։ Սկսել է խորությամբ ուսումնասիրել հայկական մշակույթը, կերպարվեստի տարբեր ճյուղեր, գեղանկարչություն և հայրենի երկրի արվեստը՝ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով հատկապես հնությունների նկատմամբ։ Այդպիսով, 2000 թվականից սկսել է հայկական գյուղերից ու հայկական ընտանիքներից գորգեր հավաքագրել ու գրառել դրանց պատմությունը։

Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ և «Շուշիի արվեստի կենտրոն» հիմնադրամի ներքո, պայմանագրի համաձայն, Շուշի քաղաքում 2011 թվականի սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության օրը ստեղծվել է Շուշիի գործերի թանգարանը։ Գորգարվեստի թանգարանի ցուցանմուշները 17-20-րդ դարերում ստեղծված մոտ 300 ձեռագործ գորգեր էին, ինչպես նաև կենցաղային հին իրեր։ Թանգարանում ցուցադրվել են նաև գորգագործության համար կիրառված գործիքները՝ հին հաստոցներ (դազգահ), ճախարակ, իլիկ և այլն, որոնք գորգի ստեղծման պատմությունն էին ներկայացնում։ Վարդան Ասծատրյանն ունի բազմաթիվ անկախ փորձագիտական հրապարակումներ, վերլուծական, հայեցակարգային և հրապարակախոսական ակնարկներ ու հոդվածներ, որոնք ստորագրել է ինչպես իր անունով, այնպես էլ Դավիթ Վարդանյան գաղտնանունով․․․Ավելին