Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 30, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Պարսկական առաջին ներխուժում Հունաստան, հույն-պարսկական պատերազմների մաս, որը սկսվել է մ․թ․ա․ 492 թվականին և ավարտվել մ․թ․ա 490 թվականին Մարաթոնի ճակատամարտում աթենացիների տարած հաղթանակով։ Ներխուժումը բաղկացած է եղել երկու տարբեր արշավանքներից, որոնք կազմակերպված են եղել պարսից արքա Դարեհ I Մեծի կողմից․ դրանց պատրվակն Աթենք և Երետրիա քաղաք-պետություններին պատժելն էր։ Այս երկու քաղաքներն օգնություն էին ցուցաբերել հոնիական քաղաքներին, որոնք ապստամբել էին ընդդեմ Աքեմենյան տերության, ինչն էլ բարկության պատճառ էր դարձել Դարեհի համար։ Դարեհն այս արշավանքը դիտում էր որպես հնարավորություն իր տերությունը դեպի Եվրոպա ընդարձակելու և արևմտյան սահմանները պաշտպանելու համար։

Առաջին արշավանքն արդյունքում տեղի է ունեցել մ․թ․ա․ 492 թվականին և ղեկավարվել է Մարդոնիոսի կողմից։ Դրա արդյունքում վերանվաճվել է Թրակիան, իսկ Մակեդոնիան, որը մ․թ․ա․ 6-րդ դարի սկզբին՝ հավանաբար մ․թ․ա․ 512 թվականին, դարձել էր աքեմենյան վասալ, ամբողջապես ենթակա թագավորություն է դառնում։ Այնուամենայնիվ, հետագա առաջխաղացումը կանխվել է, երբ Մարդոնիոսի նավատորմն Աթոս լեռան մոտ խորտակվել է փոթորկի ժամանակ։ Հաջորդ տարի ցույց տալով իր մտադրությունները՝ Դարեհը դեսպաններ է ուղարկում Հունաստանի բոլոր շրջաններ՝ պահանջելով հպատակվել իրեն։ Քանի որ Աթենքը դեռևս դիմադրում էր, իսկ Սպարտան պատերազմի մեջ էր ընդդեմ պարսիկների, Դարեհը հրամայում է հաջորդ տարի շարունակել ռազմական գործողությունները։

Պարսիկների երկրորդ արշավանքը տեղի է ունենում մ․թ․ա․ 490 թվականին, որը ղեկավարվում էր Դատիսի և Արտափրենեսի կողմից։ Արշավախումբը նախ ուղևորվում է Կիկլայդնա կղզիներ՝ մասնավորապես Նաքսոս, որը գրավվում և հրդեհվում է։ Այնուհետև նա անցնում է մնացած կղզիներով, որոնցից յուրաքանչյուրը միացվում է Աքեմենյան տերությանը։ Հասնելով մայրցամաքային Հունաստան՝ զորքն ափ է իջնում Երետրիայում, որը պաշարվում է և քիչ ժամանակ անց գրավվում։ Երետրիան ավերվում է, իսկ դրա բնակիչները՝ գերեվարվում։ Ի վերջո զորքն ուղևորվում է Ատտիկա և Աթենքի ճանապարհին՝ Մարաթոնի դաշտում, հանդիպում աթենական փոքրաթիվ զորքին, որը, այնուամենայնիվ, նշանավոր հաղթանակ է տանում ճակատամարտում։

Մարաթոնում կրած պարտությունը կանխում է արշավանքի հաջող հանգուցալուծումը, և զորքը վերադառնում է Ասիա։ Այնուամենայնիվ, արշավանքի արդյունքում պարսիկները կատարել էին իրենց առջև դրված խնդիրների մեծ մասը՝ պատժելով Նաքսոսին և Երետրիային, Եգեյան ծովի մեծ մասում հաստատելով հսկողություն և ամբողջությամբ հպատակեցնելով Մակեդոնիան։ Արշավանքի արդյունքում անավարտ մնացած հարցերին լուծում տալու և Հունաստանն ամբողջապես հպատակեցնելու համար Դարեհը պատրաստում էր ավելի մեծ զորքով ներխուժել Հունաստան և պատժել Աթենքին ու Սպարտային։ Այնուամենայնիվ, տերության ներքին խնդիրների արդյունքում այս արշավանքը հետաձգվում է, իսկ քիչ հետո մեծ տարիքում մահանում է Դարեհը։ Այսպիսով, նախատեսվող արշավանքի՝ Պարսիկների երկրորդ ներխուժման ղեկավարումն ընկնում է Դարեհի որդու՝ Քսերքսես I-ի ուսերին, որն էլ սկսում է արշավանքը մ․թ․ա․ 480 թվականին։ Ավելին