Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 11, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Թմբուկ
Թմբուկ

Թմբուկ, հարվածային երաժշտական գործիքների ընտանիքի երաժշտական գործիք։ Թմբուկների տարբեր տեսակները տարածված են տարբեր ազգերի մոտ և օգտագործվում են երաժշտական համույթներում։ Թմբուկ նվագողը թմբկահարն է։

Տիպիկ տեսակն է մեմբրանային թմբուկը, որը բաղկացած է տարբեր ձևի սնամեջ մարմնից կամ շրջանակից` ռեզոնատորից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան։ Այս մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը։ Թմբուկի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից (պողպատ, արույր և այլն), ակրիլային պլաստիկից կամ նույնիսկ կավից, օրինակ՝ մրիդանգա-ն։

Ձայնը ստացվում է մեմբրանին հարվածելով փափուկ ծայրով փայտե թակով, թմբուկի փայտիկներով, ձեռքերով, երբեմն էլ շփումով։ Մի քանի գործիքների միաժամանակյա օգտագործման համար թմբուկները հավաքվում են հարվածային գործիքների մեջ։ Այլ կառուցվածք ունեցող որոշ թմբուկներ` պողպատե, շփական թմբուկները, չունեն թաղանթ և պատկանում են իդիոֆոնային գործիքներին։ Թմբուկը հայտնի է վաղնջական ժամանակներից։ Այն հանդիպում է երկրագնդի գրեթե բոլոր մասերում։ Ժամանակին դրանք պատրաստում էին կավից, ոսկորից, բրոնզից և այլ նյութերից։

Միջագետքում կատարած պեղումների ժամանակ հայտնաբերվել են հարվածային հնագույն գործիքներից, որոնք ունեցել են փոքր գլանի ձև։ Դրանք պատրաստվել են մ. թ. ա. 6.000 տարի առաջ։ Նույն ժամանակաշրջանին են վերագրվում Հարավային Ամերիկայում քարանձավների ժայռապատկերները։ Մորավիայում հայտնաբերված թմբուկի տարիքը թվագրվում է մ. թ. ա. 5-րդ հազարամյակին, իսկ Հին Եգիպտոսում թմբուկներն ի հայտ են եկել մ. թ. ա. 4 հազար տարի առաջ։ Հայտնի է հին Շումերում թմբուկների գոյության մասին (մ. թ. ա. 3 հազար տարի առաջ)։ Գործիքի զարգացման երկարատև պատմության մասին է վկայում նրա տեսակների մեծ բազմազանությունը մեր օրերում։

Հնագույն ժամանակներից թմբուկը կիրառվել է որպես ազդանշանային գործիք, ինչպես նաև ծիսական պարերի, կրոնական ծեսերի, ռազմական արշավանքների ու գործողությունների ժամանակ, որտեղ հարկ էր պահել ռիթմը, օրինակ` քայլել, փախչել, ձգել, թիավարել կամ ներդաշնակ խփել։ Դեռևս հին հույների ու հռոմեացիների մոտ տիմպանը (հին հունարեն՝ τύμπανον), որը ժամանակակից լիտավրի նախատիպն է, օգտագործվել է Կիբելայի ու Բաքոսի պաշտամունքի ծեսերում, ինչպես նաև բանակում և ծովազորում։ Նման բազմաթիվ օրինակների կան. 16-րդ դարում թմբուկները կիրառվել են բրիտանական բանակի հետևակում, դրագունների մոտ ու հեծելազորում։ Հենրի VIII-ի ժամանակ 100 զինվոր ունեցող յուրաքանչյուր դասակին ... Ավելին