Կալոպանաքս յոթբլթականի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալոպանաքս յոթբլթականի
Կալոպանաքս յոթբլթականի
Կալոպանաքս յոթբլթականի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Արալիազգիներ (Araliaceae)
Ենթաընտանիք Արալիայիններ (Aralioideae)
Ցեղ Կալոպանաքս (Kalopanax)
Տեսակ Կալոպանաքս յոթբլթականի (K. septemlobus)
Միջազգային անվանում
Kalopanax septemlobus

Կալոպանաքս յոթբլթականի (լատին․՝ Kalopanax septemlobus), Արալիազգիներ ընտանիքի, Կալոպանաքս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ 10—25 (երբեմն՝ 35) մ բարձրությամբ, հզոր, ուղղաձիգ բնով, որի տրամագիծը հասնում է 10—50, ծեր ծառերինը՝ 120—150 սմ-ի։ Սաղարթը բավականին ցածր է, գեղեցիկ, վրանաձև կամ կլորաձվաձև բնի և ճյուղերի կեղևը բաց գույնի է, արծաթամոխրավուն, հարթ, ծեր ծառերինը՝ գորշ, ծածկված երկարավուն, խոր ակոսներով։ Ընձյուղները գլանաձև են, մերկ, ձիթականաչ, ծածկված բազմաթիվ բաց գույնի ոսպնյակներով։ Բունը, ճյուղերը և ընձյուղները ծածկված են բազմաթիվ, 1—2 սմ երկարությամբ փշերով։ Բույսի հասակի մեծացման հետ միասին բնի վրայի փշերը անհետանում են (50 տարեկանում լրիվ վերանում են)։ Բացվելուց առաջ բողբոջները խիստ մեծանում են, հասնելով աղավնու ձվի մեծության։ Դրանք լայն են, բութ կեգելանման, փայլուն, դարչնակարմրավուն, ծածկված մերկ կամ թեթևակի թարթիչաեզր թեփուկներով։ Տերևադասավորությունը հերթադիր է (հաճախ՝ տերևները փնջաձև են դասավորված, ընձյուղների խիստ կարճացման հետևանքով)։ Տերևները բարդ թաթաբլթակավոր են, 7 (երբեմն՝ 5—9) բլթակներով, հաճախ՝ թաթաձև կտրատված, ուրվագծում գրեթե կլորավուն, սովորաբար լայնությունը գերազանցում է երկարությանը, հազվադեպ՝ լայն ձվաձև, 8—25 (երբեմն՝ 35 սանտիմետր) երկարությամբ, 10—35 (երբեմն՝ 40) սմ լայնությամբ, հատված, մեծ մասամբ սրտաձև կամ փոսիկավոր հիմքով, վերևի կողմից՝ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ կապտավուն, կամ բաց գույնի, մերկ։ Բլթակները տարբեր ձևի են, լայն եռանկյունուց և լայն ձվաձևից մինչև երկարավուն կամ նշտարաձև, սուր կամ սրավուն գագաթով, սղոցաեզր։ Աշնանը տերևները երկար են պահպանում կանաչ գույնը, այնուհետև ստանում են դեղին կամ դեղնակարմրավուն գունավորում և չեն թափվում մինչև սառնամանիքները։ Տերևակոթունները հավասար են տերևաթիթեղի երկարությանը կամ գերազանցում են նրան։ Տերևակիցներ չունի։ Ծաղիկները մանր, սպիտակավուն, բազմածաղիկ, մինչև 2 սմ տրամագծով հովանոցներ են, հավաքված 100 և ավելի ծաղիկներ կրող խոշոր, ծայրային, հովանոցաձև կամ վահանաձև բարդ ծաղկաբույլերում, որոնց տրամագիծը հասնում է 20—30 (երբեմն՝ 60) սմ-ի։ Դրանք գեղեցիկ են և լավ են առանձնանում տերևների ֆոնի վրա։ Բաժակը ունի 5 (երբեմն՝ 4) կարճ ատամիկներ, պսակաթերթիկները ևս 5 հատ են (հազվադեպ՝ 4)։ Առէջների թիվը համապատասխանում է պսակաթերթիկների թվին։ Դրանք ունեն վարդագույն փոշանոթներ։ Ենթասռնակը այս կամ այն չափով փքված է։ Սերմնարանը 2 բնանի է, սռնակները՝ 2-ն են, սերտաճած մինչև սյունակի գագաթը, սպին փոքր է։ Պտուղը գնդաձև է, կապտասևավուն, մսալի էկզոկարպով և երկու եռանկյունի սերմերով։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և մեծ մասամբ ծառի վրա մնում են մինչև հաջորդ տարվա գարունը։ Ունի բազմաթիվ այլատեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են տերևների բլթակների ձևով, սղոցաեզրությամբ, փշիկներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հեռավոր Արևելքում (Պրիմորսկի երկրամասի, Սախալինի, Կուրիլյան կղզիների հարավային մասերը), Ճապոնիա, Կորեա, հյուսիսարևելյան և կենտրոնական Չինաստան։ Աճում է լայնատերև և փշատերև լայնատերև խառը անտառներում, միայնակ կամ խմբերով, հիմնականում գետահովիտներում և լեռնալանջերում, տարածման արեալի հարավում մինչև 2000 մ բարձրության վրա։ Ապրում է մինչև մի քանի դար։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտը ոսկեդեղին է, թեթև, փափուկ, ունի գեղեցիկ նախշեր, լավ է մշակվում և փայլեցվում։ Բարձր է գնահատվում ֆաներային արտադրության բնագավառում։ ճապոնիայում լայնորեն է օգտագործվում բնակավայրերի ներքին հարդարման համար, կահույքի արտադրության գործում։ Ունի նաև լավագույն ռեզոնանսային հատկանիշներ, որի շնորհիվ դրանից երաժշտական գործիքներ են պատրաստում։ Չափազանց գեղեցիկ, սլացիկ, դեկորատիվ ծառ է, որը պարկային տնկարկների զարդը կարող է լինել։ Երևանում մշակվել է մինչև 1967 թվականը։ Հաջողությամբ էր աճում բարդիների ստվերի տակ։ Ոչնչացավ ձմեռային երաշտի ժամանակ` ջրազրկվելու հետևանքով։ Հեռանկարային է մեր հանրապետության մեզոֆիլ-անտառային գոտու համար (հյուսիսարևելյան շրջաններ և Զանգեզուր), ծովի մակարդակից մինչև 1200—1400 մ բարձրություններում։ Էկոլոգիական խումբը՝ Xllա[1]։

Կեղև; փշերով ճյուղ; տերև; ծաղկաբույլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 170։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալոպանաքս յոթբլթականի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալոպանաքս յոթբլթականի» հոդվածին։