Jump to content

Կալմար Նյուկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կալմար Նյուկել» (շվեդ.՝ Kalmar Nyckel, Կալմարի բանալի), նիդերլանդներում կառուցված շվեդական պինաս։ 1637-1638 թվականներին նավարկել է դեպի Հյուսիսային Ամերիկայի ափերը, որտեղ հիմնել է «Նոր Շվեդիա» գաղութը։ 1997 թվականին Վիլմինգթոն քաղաքում կառուցվել է այս նավի կրկնօրինակը։

Պինասը կառուցվել է 1625 թվականին Նիդերլանդներում։ 1629 թվականին նավը գնվել է Շվեդիայի թագավորության կողմից՝ որպես օժանդակ նավ օգտագործելու համար[1]։ Գնելուց հետո շվեդները նավը վերանվանել են «Կալմար Նյուկել», որը նշանակում է «Կալմարի բանալի», նույն անունով ամրոցը պաշտպանել է Կալմար քաղաքը ծովային հարձակումներից[2]։ Շուտով նավը ներառվել է Շվեդիայի ռազմածովային նավատորմի կազմում։ Երբ շվեդները որոշել են գաղութ հիմնել Հյուսիսային Ամերիկայում, բնակիչներին տեղափոխելու համար ընտրվել են «Կալմար Նյուկել» և «Ֆագել Գրիպ» պինասները (շվեդ.՝ Fågel Grip, Գրիֆ թռչուն)։ 1637 թվականի նոյեմբերին երկու բնակիչներով պինասները լքել են Գյոթեբորգը և ուղևորվել են դեպի Նոր Աշխարհի ափեր։ Հյուսիսային ծովում նրանց հանդիպել է ուժեղ փոթորիկ և պինասները բաժանվել են։ «Կալմար Նյուկելը» տարվել է դեպի Նիդեռլանդների ափերը, սակայն անձնակազմին հաջողվել է փրկել նավը և տեղափոխել այն տեղական ծովածոց։ Մեկ շաբաթ անց այնտեղ է ժամանել նաև «Ֆոգել Գրիպը»։ Երկարատև վերանորոգումից հետո Ամանորի նախօրեին նավերը դուրս են եկել նավարկության[2]։ 1638 թվականի մարտին նավերը կանգ են առել Քրիստինա և Դելավեր գետերի գետաբերանին[3], որտեղ Պետեր Մինյոյտը հիմնադրել է Քրիստինա ամրոցը, որն անվանվել է ի պատիվ Շվեդիայի այն ժամանակվա թագուհի Քրիստինայի: Նավերով ժամանել է 24 վերաբնակիչ։ 1640 թվականի փետրվարի 7-ին «Կալմար Նյուկելը» մեկնել է երկրորդ նավարկության և ապրիլի 17-ին հասել է Քրիստինա ամրոց, շվեդական գաղութ բերելով նոր բնակիչներ։ Հետագայում այս նավը ևս 2 ուղերթ է կատարել Շվեդիայից դեպի գաղութ և հակառակը։ Ընդհանուր առմամբ 1637-1644 թվականներին «Կալմար Նյուկելը» կատարել է 4 ուղերթ դեպի այնտեղ և հետ։ 1651 թվականին նավը հանվել է Շվեդիայի ռազմածովային ուժերի կազմից և վաճառվել է առևտրականի։ Բայց մեկ այլ վարկածի համաձայն՝ «Կալմար Նյուկելը» վաճառվել է հոլանդացիներին, որոնք այն Հյուսիսային ծովում անգլո-հոլանդական առաջին պատերազմի ժամանակ օգտագործել են որպես ուղեկցող նավ[1]։

1986 թվականին ամերիկացի կոմպոզիտոր Բենջամին Լիսը գրել է սիմֆոնիա, որը կոչվել է «Կալմար Նյուկել» նավի անունով, որի ձայնագրությունը Ռեյնլանդ-Պֆալցի գերմանական պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ 2003 թվականին առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի[4]։ 1996-1997 թվականներին ԱՄՆ Դելավեր նահանգում Ալեն Ռոուլի ղեկավարությամբ կառուցվել է առագաստանավի պատճենը։ Առագաստանավը կառուցվել է Ուիլմինգթոնի նավաշինարանում՝ Քրիստինա գետի վրա, համանուն շվեդական ամրոցի մոտ։ Նավի կառուցումը սկսվել է 1997 թվականի սեպտեմբերի 28-ին և ավարտվել 1998 թվականի մայիսի 9-ին։ Նավի լայնությունը կազմել է 25 ֆուտ (7,6 մետր), երկարությունը՝ 105 ֆուտ (32 մետր), իսկ բարձրությունը՝ 12 ֆուտ 5 դյույմ (3,78 մետր)[2]։ Ջրատարողությունը կազմել է մոտ 300 տոննա։ Նավի վրա տեղադրվել է նաև էլեկտրոնային նավիգացիոն սարքավորում և երկու 165 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչ, մանրակրկիտ քողարկելով դրանք։ Նավի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է մինչև 3,2 միլիոն դոլար։ Պատճենի դեկորատիվ հարդարանքի որոշ մասեր դիմանկարային նմանություն են ունեցել այն մարդկանց հետ, որոնք աջակցել են նախագծի իրականացմանը՝ Դելավեր նահանգի նահանգապետից մինչև կամավոր օգնականներ։ «Կալմար Նյուկել» ժամանակակից պինասի քիթը զարդարում է հզորության և մեծության խորհրդանիշը փորագրված երկպոչանի առյուծը։ Այս արձանը պատրաստել է ամերիկացի վարպետ Հոուլուկը։ Նավի վրա տեղադրվել են նաև տասը թնդանոթ, որոնք կարող են կրակել միջուկներով[2]։ «Կալմար Նյուկելը» իր առաջին ուղևորությունը Ուիլմինգթոնից դեպի Բալթիմոր և Անապոլիս կատարել է 1998 թվականի ապրիլի 26-ին։ Ավելի ուշ այն որպես ծովահենների նավ մասնակցել է իտալական «Ծովահենները» (իտալ.՝ Caraibi) ֆիլմի նկարահանումներին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «History of the Kalmar Nyckel». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Парусные корабли. Самые красивые и знаменитые. — Аванта, 2005.
  3. Johnson, Amandus The Swedish Settlements on the Delaware, 1638–1664. — Philadelphia: Swedish Colonial Society, 1911.
  4. Fox, Margalit (2010 թ․ հունիսի 7). «Benjamin Lees, 86, Versatile Classical Composer». New York Times. էջ A-19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Балакин, С. Парусные корабли / Ред. группа: М. Аксёнова, Е. Ананьева, Е. Дукельская. — М.: Аванта+, 2005. — С. 44—45. — 183 с. — (Самые красивые и знаменитые). — ISBN 5-94623-111-1