Jump to content

Կադուկեուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադուկեուս
Mythological attribute, խորհրդանիշ, օբյեկտ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաֆիզիկական օբյեկտ
 stick
  Գավազան Խմբագրել Wikidata
Կիրառությունըprofessional symbol Խմբագրել Wikidata
Օգտագործողcaduceator Խմբագրել Wikidata

Կադուկեուս (լատիներեն՝ caduceus) կամ կերիկիոն (հին հունարեն՝ κηρύκειον ), գավազան՝ դեպի իրար նայող երկու խճճված օձերով, հանդիպում է նաև գավազանի՝ վերևում թևերով տարբերակը։ Գավազանի հայտնվելը Անտիկ դարաշրջանում կապված է Ապոլլոնի և Հերմեսի առասպելի հետ։ Ըստ առասպելի՝ Ապոլլոնը, ի նշան եղբոր հետ հաշտության, նրան է նվիրում իր կախարդական գավազանը։ Երբ Հերմեսը որոշում է ստուգել գավազանի ուժը, այն դնում է երկու պայքարող օձերի միջև, նրանք անմիջապես դադարում են պայքարել և փաթաթվում են գավազանին։ Հերմեսին այնքան է դուր գալիս այդ տեսարանը, որ նա որոշում է անմահացնել այն։

Հին Հռոմում կադուկեուսը համարվում էր դեսպանների անբաժանելի մասը։ Բացի հաշտության խորհրդանիշ լինելուց, այն հետագայում դառնում է նաև առևտրի և բժշկության խորհրդանիշը։ Հայտնի է նաև որպես օկուլտային խորհրդանիշ, գաղտնի գիտելիքների բանալիի խորհրդանիշ. խաչված օձերն այս դեպքում խորհրդանշում են տիեզերքի դուալիզմը։ Կադուկեուսի այս բոլոր նշանակություններն ինչ-որ կերպ կապված են Հերմեսի դիցաբանական կերպարի հետ։

Կադուկեուսի ժամանակակից պատկերումը որպես լոգիստիկայի խորհրդանիշ։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին հունական կադեսուս։ Բրիտանական թանգարան, Լոնդոն։

կադուկեուսն ի սկզբանե եղել է ձիթապտղի երկու ընձյուղներով ճյուղ՝ ժապավեններով և (կամ) ծաղկաշղթայով զարդարված։ Հետագայում կադուկեուս սկսեցին կոչել վերևում միահյուսված օձերով մետաղական ձողերը։ Պարտադիր պայման էր, որ օձերի գլուխներն ուղղված լինեն միմյանց։ Կադուկեուսի հենց այս տեսքն է բնորոշ հին հունական նկարազարդումներին և հնագիտական գտածոներին։ Հռոմեական դարաշրջանում ավելացել են զույգ թևերը՝ քամու աստված Հերմեսի խորհրդանիշներից մեկը։ Կադուկեուսի այս տեսակն էլ դարձել է Նոր և Նորագույն ժամանակաշրջանի ընդունված պատկերը[1]։

Հին Հունական առասպել կադուկեուսի ստեղծման և օգտագործման մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտիկ շրջանի Հռոմեական կրկնորդ Հերմեսի Հին հունական օրիգինալի, V դար մ.թ.ա.։Պիո-Կլեմենտինո թանգարան, Վատիկան։

Հին հունական դիցաբանության մեջ կադուկեուսի հայտնվելը կապված է Հերմեսի կողմից Ապոլլոնի կովերի նախիրը գողանալու պատմության հետ։ Ծնվելուց չորս օրը հետո նորածին աստվածը դուրս է գալիս բարուրից[2], Հելիդորեա լեռան[3] քարանձավի մոտ մի կրիա է տեսնում։ Կրիայի պատյանից Հերմեսը քնար է պատրաստում՝ որպես լար օգտագործելով ոչխարի աղիքները[4]։ Այնուհետև նորածինը լքում է քարանձավը, գնում Պիերիա և նախրից գողանում հիսուն կով, որոնց Ապոլլոնին հանձնարարված էր արածեցնել[5]։ Որպեսզի կենդանիներին հետքերով չգտնեն, նրանց ոտքերին ճյուղեր է կապում և քշում Պիլոս, որտեղ էլ թաքցնում է քարանձավում[6]։

Ապոլլոնը կորուստը նկատելուն պես, սկսում է որոնումները։ Հարցաքննելով տեղի բնակիչներին, որոնցից մեկը տեսել էր մտրակով մի տղայի, որը կովեր է առևանգում, ինչպես նաև Ապոլլոնին ծանոթ գուշակության արվեստի շնորհիվ, իմանում է առևանգողի ինքնության մասին։ Գալով քարանձավ, որտեղ Հերմեսը քնած էր օրորոցում, Ապոլլոնը պահանջում է կովերին վերադարձնել։ Տղան հերքում է՝ նշելով իր տարիքը։ Այնուհետև Ապոլլոնը վերցնում է բարուրով Հերմեսին և տանում Օլիմպոս իրենց ընդհանուր հոր՝ Զևսի մոտ։ Իրավիճակը ծիծաղ է առաջացնում գերագույն աստծո մոտ։ Հոր հրամանով Հերմեսը ստիպված է լինում Ապոլլոնին տանել այն վայրը, որտեղ թաքցրել էր կովերին։ Ճանապարհին Հերմեսը սկսում է նվագել կրիայի պատյանից պատրաստված քնարով։ Երաժշտական կատարումը քնարի վրա այնքան է դուր գալիս Ապոլլոնին, որ քնարի դիմաց նա Հերմեսին է տալիս իր նախիրը[7][8]։

Հերմեսն անմիջապես սրինգ է ստեղծում։ Այդ երաժշտական գործիքը, ինչպես և քնարը, դուր է գալիս Ապոլլոնին։ Սրնգի համար Ապոլլոնը Հերմեսին առաջարկում է իր կախարդական գավազանը։ Միմյանց հրաժեշտ տալով՝ երկու աստվածներն էլ երդվում են հավերժական բարեկամության մասին։ Բացի այդ, Հերմեսն Ապոլլոնին խոստանում է, որ այլևս երբեք ոչինչ չի գողանա նրա ունեցվածքից[7][8]։

Ըստ ավանդազրույցներից մեկի՝ Ապոլլոնը, իր գավազանը փոխանցելով Հերմեսին, ասում է, որ հանձնում է առատության և առողջության կախարդական գավազանը, որը կպաշտպանի նրան, ում կպատկանի։ Ցանկանալով ստուգել նվերի ուժը՝ Հերմեսն այն դնում է երկու պայքարող օձերի միջև։ Օձերը դադարում են պայքարել և անմիջապես փաթաթվում են գավազանին։ Հերմեսին այնքան է դուր գալիս այդ տեսարանը, որ նա քարացնում է օձերին՝ գավազանը վերածելով կադուկեուսի[9]։

Հերմեսի կերպարի անքակտելի կապը իր գավազանի հետ տեսանելի է տվյալ Օլիմպիական աստծո «ոսկե գավազանի կրողը» էպիտետից (հին հունարեն՝ χρυσόρραπις ), որն արդեն հանդիպում է Հոմերոսի «Ոդիսականում»[10][11]։ Ինքը՝ Հերմեսը, այն օգտագործել է քնեցնելու և արթնացնելու, մահից հետո հոգիներին ուղղորդելու, մարդկանց թռչունների և անկենդան առարկաների վերածելու համար[12][11]։

Կադուկեուսի խորհրդանշական իմաստները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության զինանշանը։

Կադուկեուսը ձեռք է բերել բազմաթիվ խորհրդանշական իմաստներ՝ այս կամ այն կերպ կապված Հերմեսի բազմակողմանի կարողությունների հետ։ Կադուկեուսի՝ որպես համաձայնության և հաշտեցման խորհրդանիշ գաղափարի դիցաբանական հիմքը կապված է վեճի ավարտից հետո Ապոլլոնի կողմից Հերմեսին այն տալու, ինչպես նաև պայքարը դադարեցրած օձերի պատմությունների հետ։ Հին Հռոմում կադուկեուսը համարվում էր թշնամական ճամբար ուղարկված դեսպանների անբաժանելի ուղեկիցը։ Կադուկեուս կրողն իր պարտականությունները կատարելիս համարվում էր անձեռնմխելի անձ[13][14]։

19-րդ դարից սկսած ՝ կադուկեուսը համարվում է խաղաղ միջազգային առևտրի խորհրդանիշ, որը նույնպես կապ ունի Հերմեսի կերպարի հետ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո առաջին տարիներին ստեղծվել էր «կադուկեուսը աստղի հետ» խորհրդանիշը, որը խաղաղ հարաբերությունների խորհրդանիշն էր։ Գավազանը որոշ չափով փոփոխված էր, թևերը փոխարինվում էին կամ ջահով, կամ պետասով՝ Հերմեսի թևավոր կլոր գլխարկը։ Հետագայում կադուկեուսը դարձավ Խորհրդային առևտրի և արդյունաբերության խորհրդանիշ։ Այն նույնիսկ առաջարկվել էր տեղադրել ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ զինանշանների վրա՝ որպես խաղաղ գոյակցության խորհրդանիշ։ Կադուկեուսը հաճախ օգտագործվում է նաև որպես հարկային և մաքսային մարմինների, առևտրաարդյունաբերական պալատների, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի խորհրդանիշ[15][16]։

Կադուկեուսի օկուլտային նշանակությունը սերտորեն կապված է Հերմես Եռամեծի գաղափարի հետ՝ տարբեր մեկնաբանություններում կամ աստվածություն, կամ մի շարք փիլիսոփայական տրակտատների հեղինակ և հերմետիզմի հիմնադիր։ Ալքիմիկոսները, որոնք իրենց ուսմունքը հիմնում էին հերմետիզմի գիտելիքների վրա, կադուկեուսը օգտագործում էին որպես հերմետիզմի արվեստը և առհասարակ գաղտնի գիտությունները նշող հիմնական խորհրդանիշներից մեկը։ Օկուլտային ներկայացուցիչներն ընդգծում էին նմանատիպ խորհրդանշանների առկայությունը Հին Եգիպտական հիերոգլիֆներում, Հին Հնդկաստանի և Հին Միջագետքի կերպարվեստում[17]։ Ըստ Ե. Բլավատսկայայի՝ կադուկեուսը հույների կողմից փոխառված եգիպտական հնագույն խորհրդանիշներից մեկն է։ Այն, Բլավատսկայայի կարծիքով, միավորում է չորս տարր՝ ձողը (բույն) խորհրդանշում է երկիրը, թևերը՝ օդը, օձերը՝ կրակը և ջուրը։ Կան բազմատեսակ, ամենատարբեր օկուլտային մեկնաբանություններ այն մասին, թե ի՛նչ է խորհրդանշում և նշանակում կադուկեուսը[18][19]։

Զինանշանագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանագիտության մեջ կադուկեուսը, որպես կերպար, տեղադրում են տարատեսակ ազնվական տոհմերի զինանշանների վրա, ինչպես նաև այնպիսի քաղաքների զինանշանների, ինչպիսիք են Բալտան, Բերդիչևը, Ենիսեյսկը, Զելենոդոլսկը, Իրբիտը, Լյուբարը, Նեժինը, Նովայա Վոդոլագան, Նովոզիբկովը, Ռավա-ռուսկան, Սլավյանսկը, Տագանրոգը, Տալնոեն, Տելշյայը, Թիֆլիսը, Ուլան-Ուդեն, Թեոդոսիան, Խարկովը և այլն[14][16]։

Առանձնահատուկ պատմություն ունի Խարկովի զինանշանը՝ կանաչ ֆոնի վրա խաչված առատության եղջյուրով և կադուկեուսով։ Այն ստեղծվել է արքայազն Մ. Շչերբատովի կողմից, այնուհետև հաստատվել է կայսրուհի Եկատերինա II-ի կողմից։ Հերալդիկայում կանաչ գույնը խորհրդանշում է հույս, ուրախություն, բարեկեցություն, առատության եղջյուրը՝ բնական հարստություն։ Խաչված եղջյուրն ու գավազանը ձևավորում են «X» տառը՝ քաղաքի անվան մեծատառը։ Հետագայում, 19-րդ դարի կեսերին, Բ. Վ. Կյոնեի ակտիվ մասնակցությամբ իրականացվեց զինանշանագիտական բարեփոխում։ Նպատակն էր սահմանափակել և միավորել քաղաքային զինանշանագիտությունը։ Ենթադրվում էր ոչ զինանշանագիտական պատկերների օգտագործման զգալի կրճատում, որոնց մեջ էին մտնում կադուկեուսը և առատության եղջյուրը։ Զինանշանի պատկերի թեքությունը դեպի ձախ, ինչպես Խարկովի զինանշանի կադուկեուսինը, նույնպես հակասում էր զինանշանագիտության կանոններին։ Սակայն Ալեքսանդր II-ի կողմից հաստատված նոր զինանշանն արժանացավ խարկովցիների քննադատությանը։ Կենտրոնական կառավարությունը 1887 թ. բավարարեց Խարկովի ազնվականության միջնորդությունը քաղաքին Եկատերինա II-ի կողմից շնորհված «հին» զինանշանը վերադարձնելու մասին[20]։

Եկեղեցական գավազան, կադուկեուս

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրիայի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսի գավազան։

17-րդ դարում ռուսական եկեղեցում փոխվեց եպիսկոպոսի գավազանի ձևը։ Պատրիարք Նիկոնն առաջինն էր, որ օգտագործեց գավազանը՝ վերևի մասում երկու օձի գլուխներով։ Այս ձևն օգտագործվել է նաև այլ ուղղափառ եկեղեցիներում։ Եկեղեցու պառակտման ֆոնին այն հակասություններ առաջացրեց։

Պաշտոնական եկեղեցու ներկայացուցիչները նշում էին, որ օձերով եկեղեցական գավազանը խորհրդանշում է Մովսեսի գավազանը, որը Հին Կտակարանի մարգարեն Փարավոնի առաջ օձի է վերածել[21]։ Գագաթներին օձեր առկա էին ներմուծված հունական գավազանների վրա, իսկ վերադարձը բնօրինակ հունական ավանդույթին այն փաստարկներից մեկն էր, որը պաշտպանում էր եկեղեցական կյանքում փոփոխությունները, որոնք դարձան պառակտման պատճառներից մեկը։ Օձերով եկեղեցական գավազանների նախատիպը, ըստ երևույթին, դարձել է կադուկեուսը՝ որպես ամենագիտության և իմաստության խորհրդանիշ[22][23]։

Բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ բանակի բժշկական ծառայության զինանշան։
Ռուսաստանի Դաշնության պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամի հորհրդանշան։

Հնում կադուկեուսը բժշկության խորհրդանիշ չէր համարվում։ Հռոմեական կայսրության աչքի բժիշկների կադուկեուսներ պարունակող կնիքների մի շարք հնագիտական գտածոների հիման վրա ենթադրվել է, որ Հերմեսի գավազանը կարող է լինել այս բժշկական մասնագիտության ներկայացուցիչների մասնավոր խորհրդանշանը։ Ընդ որում, նշվում է նաև կապը առասպելների հետ այն մասով, որ Հերմեսն իր գավազանի հպումով կարող էր վերադարձնել մարդու տեսողությունը[9]։

Կադուկեուսը սկսեց օգտագործվել, որպես համընդհանուր բժշկական խորհրդանիշ՝ սկսած Վերածննդի դարաշրջանից։ Այն կարծիքը, որ այս խորհրդանիշը սկսեցին սխալմամբ օգտագործել Ասկլեպիոսի գավազանի փոխարեն (փայտ, որին փաթաթված է օձ), ըստ բժշկության պատմաբան է.Դ. Գրիբանովի, քննադատության անգամ ենթակա չէ։ Այդ ժամանակահատվածում, որը բնութագրվում էր հին հռոմեական մշակույթի և պատմության նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, նման սխալը քիչ հավանական էր։ Գրիբանովը շատ ավելի հիմնավորված է համարում այն տեսակետը, ըստ որի՝ կադուկեուսի նման օգտագործումը հիմնված է դեղագործության զարգացման պատմության վրա։ Ալքիմիկոսները սերտորեն կապված էին զինանշանագիտության օկուլտիիկ ուսումնասիրման հետ։ Կադուկեուսը, որպես Հերմեսի խորհրդանիշ, դարձավ նաև ալքիմիկոսների խորհրդանիշը, որոնք, ի թիվս այլ բաների, նրա պատկերով կնիքներ էին դնում դեղահաբերի անոթների վրա։ Բժշկության, դեղագործության և ալքիմիայի սերտ կապը XVI—XVIII դարերում հանգեցրել է նրան, որ Հերմեսի գավազանը դարձել է դեղագործական, իսկ հետո նաև բժշկական խորհրդանիշ[9]։

Առաջին անգամ բժշկական գրքում կադուկեուսը հայտնվել է 1516 թվականին։ Հնարավոր է, որ տպագրիչ Յոհան Ֆրոբենն այն օգտագործել է որպես առևտրի խորհրդանիշ։ Որպես համընդհանուր բժշկական խորհրդանիշ՝ կադուկեուսն օգտագործվել է 1520 թ. Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի անձնական բժիշկ Ուիլյամ Բաթսի կողմից։ Հետագայում բժշկական միջավայրում կադուկեուսի տարածվածությունն աճեց։ 1860-ական թթ. այն դարձել է ԱՄՆ հանրային առողջապահական ծառայության պաշտոնական խորհրդանիշը, իսկ հետագայում՝ նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի[9]։

Ռուսաստանում 2007 թ. սեպտեմբերից կադուկեուսն օգտագործվում է պարտադիր բժշկական ապահովագրության դաշնային հիմնադրամի խորհրդանիշում[24]։

Մետաղադրամերի և թղթադրամների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադուկեուսը պատկերվել է ինչպես հին հունական պոլիսների մետաղադրամների վրա, այնպես էլ հելլենիստական պետությունների, որոնք առաջացել են Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած հողերի վրա[25]։

Հանրապետության ժամանակաշրջանի հին Հռոմում մետաղադրամների վրայի պատկերները կառավարվում էին Սենատի կողմից, որը նշանակում էր մոնետարիաներ, որոնք պատասխանատու էին թողարկման տեխնոլոգիական գործընթացի համար և ինքնուրույն որոշում էին դիմերեսի և հակադարձի պատկերները։ Հանրապետական դարաշրջանի բնորոշ ավանդույթ էր մետաղադրամների այնպիսի տեսակների ստեղծումը, որոնք ինչ-որ կերպ կապված էին մոնետարի տոհմի հետ, փառաբանում էին նրա հովանավոր աստվածներին։ Հանրապետական դարաշրջանում կադուկեուսը հայտնվում է Սեստիացիների (մ.թ.ա. 43-42 թվականներին՝ Լյուցիուս Սեստիուս), Կլավդիացիների, Լիցինիացիների, Պլետորիացիների և Սեպուլիացիների տոհմերի մետաղադրամների վրա[26]։

Կայսերական դարաշրջանում կադուկեուսը հանդիպում է կայսերական մետաղադրամների մեծ մասի վրա։ Այն կարող էր լինել Մերկուրիի ձեռքում, կանացի կերպարներ՝ երջանկության և հաջողության անձնավորման (Ֆելիցիտաս), խաղաղության (Պաքս), համաձայնության (Կոնկորդիա), անվտանգության (Սեկուրիտաս) աստվածուհիների ձեռքերում։ Կադուկեուսը երկու առատության եղջյուրների միջև նշանակում էր համաձայնություն։ Ձեռքսեղմման պատկերը, զուգորդված սեղմված եգիպտացորենի հասկերի և կադուկեուսի հետ, խորհրդանշում էր բարեկեցություն։ Կադուկեուսի այս տեսքը առկա է նաև հին հռոմեական մետաղադրամների վրա[27]։

Որպես բարեկեցության և հարստության խորհրդանիշ՝ կադուկեուսը տեղ է գտել Նոր և Նորագույն ժամանակների մետաղադրամների վրա։ Այն օգտագործվել է որպես դրամահատարանի խորհրդանիշ կամ որպես մետաղադրամի պատկերի հիմնական տարրերից մեկը։ Կադուկեուսը, որպես դրամահատարանի մետաղադրամի խորհրդանիշ տարր, օգտագործվել է Բոգոտայի (Կոլումբիա)[28], Բորդո[29] և Լիլ[30] (Ֆրանսիա), Ուտրոխտի (Նիդերլանտներ) մետաղադրամներում, որպես մետաղադրամի պատկերի մաս գերմանական և իտալական պետությունների[31][32]՝ Բելգիա[33], Բոլիվիա[34], Բրազիլիա[35], Դանիայի Արևմտյան Հնդկաստան[36], Մեքսիկա[37], Ֆրանսիա[38] և Շվեդիա[39], մետաղադրամներում։

Բացի մետաղադրամներից, կադուկեուսը պատկերվել է նաև Ալժիրի[40], Բելգիական Կենգոյի[41], Բրազիլիայի[42], Իսպանիայի[43], Կուբայի[44], Նիդերլանտների[45], Նոր Կալեդոնիայի[46], Պապուա Նոր Գվինեայի[47], Պերուի[48], Լեհաստանի, Պորտուգալական Հնդկաստանի[49], Տահիտիի[50], Ֆինլանդիայի[51], Ֆրանսիայի[52], Ֆրանսիայի Սոմալի ափի[53], Ֆրանսիական Հնդկաչինի[54], Չիլիի[55] և Հարավսլավիայի[56] թղթադրամների վրա։

Օլիմպիայի մետաղադրամ, մ.թ.ա. 360 թվական։ Հակադարձում առկա է կադուկեուսի նշանը։
Կադուկեուսի պատկերը Հնդկական-Հունական թագավորության պղնձե մետաղադրամի վրա, մ.թ.ա. 200-180 թվականներ։
Կլավդիոս կայսեր աուրեսուսը, որի վրա պատկերված է խաղաղության աստվածուհի Պարքսը՝ ձեռքին կադուկեուս բռնած։
Գալեր Գյերցա Մերկուրիով, 1718 թվական։ Շվեդիա։
Բելգիական ֆրանկ։1922 թվական։
Նապոլեոնդոր Լիլի դրամահատման խորհրդանիշ կադուկեուսով (հակադարձի ջախ կողմի ներքևի մասում)։1813 թվական։
50 լեհական զլոտ։ 1929 թվական։

Համակարգչային նշան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադուկեուսի խորհրդանիշը ներառված է Յունիկոդի նիշերի կոդավորման «նշաններ, այլ» (U+2624 CADUCEUS), սկսած 1.1տարբերակից 1993 թվականի[57]։ HTML գերտեքստի նշագրման լեզվում տրվում է, որպես &#9764[58]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Caduceus». britannica.com (անգլերեն). Encyclopaedia Britannica. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. Античные гимны, 1988, Гомеровский гимны. III К Гермесу. 19—24, էջ 74
  3. Павсаний, 1996, VIII. 17 (5)
  4. Античные гимны, 1988, Гомеровский гимны. III К Гермесу. 24—54, էջ 74—75
  5. Античные гимны, 1988, Гомеровский гимны. III К Гермесу. 68—75, էջ 75—76
  6. Античные гимны, 1988, Гомеровский гимны. III К Гермесу. 94—110, էջ 76—77
  7. 1 2 Античные гимны, 1988, Гомеровские гимны. III. К Гермесу, էջ 74—88
  8. 1 2 Грейвс, 1992, Происхождение и деяния Гермеса, էջ 38—39
  9. 1 2 3 4 Грибанов, 1990, Жезл Гермеса (Меркурия)
  10. Կաղապար:Книга:Гомер:Одиссея
  11. 1 2 Scherer, 1884—1890, kol. 2365
  12. Антонин Либерал, 1997, X, XV, XXI, XXIII
  13. Κήρυξ // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  14. 1 2 Щукарев А. Н. (1890–1907). «Кадуцей». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Похлебкин, 2007, էջ 182—183
  16. 1 2 Мазараки, 2013, էջ 332
  17. Власов, 2006, էջ 264—266
  18. Королёв, 2005, էջ 168—169
  19. Раменская, 2011
  20. Соболева, 2018, էջ 101, 138, 139
  21. Маслова, 2016, էջ 46
  22. Щедрина, 2005
  23. Маслова, 2016, էջ 46—50
  24. «О Федеральном фонде ОМС». Федеральный фонд обязательного медицинского страхования. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  25. Schrötter, 1970, Kerykeion
  26. DRC, 1889, Caduceus, էջ 149
  27. Мэттингли, 2005, էջ 131, 134, 137, 146
  28. Krause 1601—1700, 2008, Columbia, էջ 184
  29. Krause 1701—1800, 2010, France, էջ 183
  30. Krause 1801—1900, 2009, France, էջ 321
  31. Krause 1601—1700, 2008, Munster, էջ 649
  32. Krause 1601—1700, 2008, Italian States, էջ 1064
  33. Krause 1901—2000, 2014, Belgium, էջ 200
  34. Krause 1801—1900, 2009, Bolivia, էջ 122
  35. Krause 1801—1900, 2009, Brazil, էջ 138
  36. Krause 1901—2000, 2014, Danish West-Indies, էջ 694
  37. Krause 1801—1900, 2009, Mexico, էջ 901
  38. Krause 1901—2000, 2014, France, էջ 819
  39. Krause 1701—1800, 2010, Sweden, էջ 1237
  40. World Paper Money, 2008, Algeria, էջ 40
  41. World Paper Money, 2008, Belgian Congo, էջ 107
  42. World Paper Money, 2008, Brazil, էջ 147
  43. World Paper Money, 2008, Spain, էջ 1092
  44. World Paper Money, 2008, Cuba, էջ 406
  45. World Paper Money, 2008, Netherlands, էջ 884
  46. World Paper Money, 2008, New Caledonia, էջ 902
  47. World Paper Money, 2008, Papua New Guinea, էջ 941
  48. World Paper Money, 2008, Peru, էջ 954
  49. World Paper Money, 2008, Portuguese India, էջ 996
  50. World Paper Money, 2008, Tahiti, էջ 1133
  51. World Paper Money, 2008, Finland, էջ 489
  52. World Paper Money, 2008, France, էջ 504
  53. World Paper Money, 2008, French Somaliland, էջ 538
  54. World Paper Money, 2008, French Indo-China, էջ 525
  55. World Paper Money, 2008, Chile, էջ 208
  56. World Paper Money, 2008, Yugoslavia, էջ 1215
  57. «U+2624 CADUCEUS». codepoints.net. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  58. «☤». htmlsymbols.xyz. HTML Symbols - Unicode symbols, entities and codes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

[нем.] / Roscher Wilhelm Heinrich. — Leipzig : Druck und Verlag von B. G. Teubner, 1884—1890. — Bd. I. — Kol. 2342—2432.

  • Schrötter Friedrich Freiherr von Wörterbuch der Münzkunde. — zweite, unveränderte Auflage. — Berlin: J. Guttenberg Verlagsbuchhandlung, 1970. — 757 S. ISBN 978-3110012279
  • Stevenson S. W., Smith C. R., нп5 Мэдден, Фредерик Уильям|Madden F. W|en|Frederic William Madden A Dictionary of Roman Coins. — London: нп5 George Bell & Sons, 1889. — P. 756.
  • Standard Catalogue of World Paper Money, General Issues — 1368 — 1960 / edited by George Cuhaj. — 12th edition. — Krause Publications, 2008. — 1224 p. ISBN 978-0-89689-730-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադուկեուս» հոդվածին։