Ծրագրային երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծրագրային երաժշտություն, պատմողական կամ նկարագրային բնույթի գործիքային երաժշտության տեսակ, նաև երաժշտական երկ, որն ստեղծվում է որոշակի սյուժետային ծրագրով ու բովանդակությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային երաժշտությունը հայտնի է հնագույն ժամանակներից։ Եզրույթը շրջանառել է Ֆերենց Լիստը։ Ստեղծագործության հիմքը որևէ գրական երկ է (կամ կերպար), պատմական դեմք, եղելություն, անձնական կյանքի իրադարձություն, բնապատկեր և այլն, որն առավելապես արտահայտվում է երկի վերնագրի միջոցով։

Ծրագրայնությունը երաժշտության մեջ ունի որոշակի և ընդհանրացված դրսևորումներ։ Ծրագիրը բացահայտում է այն, ինչը մատչելի չէ ունկնդրին երաժշտությամբ հաղորդելու համար։ Ծրագրային երաժշտության պարզագույն տեսակը պատկերայինն է (բնության, ժողովային հանդիսությունների, ճակատամարտերի և այլ երաժշտական պատկերներ)։

Ծրագրային երաժշտության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային երաժշտության մեջ օգտագործվում են զարգացման եղանակներ, որոնց շնորհիվ հնարավոր է «հետևել» թեմային՝ չխախտելով բուն երաժշտական օրինաչափությունները։ Ծրագրայնությունը նպաստել է երաժշտական երկի նոր արտահայտչամիջոցների հարստացմանն ու կերպարների շրջանակի ընդլայնմանը։

Ծրագրային երաժշտության նմուշներից են Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից», Ռոբերտ Շումանի «Կառնավալ» դաշնամուրային շարքերը, Քամիլ Սեն-Սանսի «Կենդանիների կառնավալը» ֆանտազիան, մասամբ՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիան», Պ. Ի. Չայկովսկու «Մանֆրեդ» սիմֆոնիան։

Ընդհանրացված բնույթի երկերից են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Յուպիտեր», Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիաները, Պյոտր Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանքը։ Կան նաև երկեր, որոնց ծրագրայնությունն արտահայտում է ընդհանուր գաղափար (Լյուդվիգ վան Բեթհովենի «Հերոսական» սիմֆոնիան ևն)։

18-րդ դարի գործիքային երաժշտությանը բնորոշ է պատկերային ծրագրայնությունը (Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները», Ժան Ֆիլիպ Ռամոյի «Թռչունների ձայնարկությունը»)։

Ծրագրային երաժշտությունը ռոմանտիզմի գեղագիտական սկզբունքներն իրագործող կարևոր միջոցներից է, մասնավորապես առաջադրվել են երաժշտության մոնոթեմատիկ (Ֆ. Լիստ) և լայտմոտիվ. (Էկտոր Բեռլիոզ) զարգացման սկզբունքները։

Իմպրեսիոնիստ կոմպոզիտորների գործերում ծրագրայնությունը հաճախ երևան է եկել որպես անձնական ապրումների դրսևորման միջոց (Կլոդ Դեբյուսիի «Երջանկության կղզին»՝ դաշնամուրի համար, «Ծովը» սիմֆոնիկ էսքիզը)։

20-րդ դարից ծրագրային երաժշտությունը շարունակումէ մնալ կոմպոզիտորների ուշադրության կենտրոնում (Բելա Բարտոկի «Կոշուտ» սիմֆոնիա-պոեմը, Պ. Բուլեզի «Պոռթկում»-ը՝ նվագախմբի համար, Դմիտրի Շոստակովիչի 7-րդ, 11-րդ սիմֆոնիաները)։

Հայ պրոֆեսիոնալ երաժշտության ծրագրային երաժշտության լավագույն նմուշներից են Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, Անուշավան Տեր-Ղևոնդյանի «Ախթամար» սիմֆոնիկ պոեմը, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն (ըստ Մարտիրոս Սարյանի կտավների), Տիգրան Մանսուրյանի «Ներբող կանոնական»-ը, Հարություն Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրի սոնատը, Ե. Երկանյանի «Հայկ և Բել» սիմֆոնիան, Վահրամ Բաբայանի «Համլետ» օպերան, «Անտունի» սիմֆոնիկ պոեմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։