Jump to content

Ծոծրակոսկր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծոծրակոսկր
Տեսականատոմիական կառուցվածքների դաս և membranous bone?
Ենթադասflat bone?[1], մարդու ոսկոր և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էԳանգ, calvaria? և neurocranium?
Կազմված էsquamous part of occipital bone?, basilar part of occipital bone?, lateral part of occipital bone? և foramen magnum?
Անատոմիական տեղայնացումԳանգ
Միանում էգագաթոսկր, Քունքոսկր, սեպոսկր և atlas?
MeSHA02.835.232.781.572
Անատոմիայի հիմնարար մոդել52735
Անատոմիական տերմինոլոգիա 98A02.1.04.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
 Occipital bones Վիքիպահեստում

Ծոծրակոսկր (լատիներեն՝ os occipitale), գանգի ծածկութային ոսկր, հետին գանգափոսի հիմնական ոսկորը: Այն ունի սեղանաձև և կորացած տեսք՝ հիշեցնելով ոչ խորը աման։ Ծոծրակոսկրը տեղակայված է մեծ կիսագնդերի ծոծրակային բլթերի վրա։ Ինչպես գանգի մյուս ոսկրերը, այն դասակարգվում է որպես տափակ ոսկր։ Այն կազմված է չորս մասերից՝ ծոծրակային խրթեշ, կողմնային մասեր, հիմային մաս, որոնք սերտաճում են 3-6 տարեկանում: Այս մասերն իրար միանալով՝ կազմում են ծոծրակային մեծ անցքը (լատիներեն՝ foramen occipitale magnum), որի միջոցով գանգի խոռոչը հաղորդակցվում է ողնաշարային խողովակի հետ: Ծոծրակոսկրը սաղմնային զարգացման ընթացքում առաջանում է պարաքսիալ մեզոդերմից՝ ի տարբերություն գանգադիմային բազմաթիվ այլ ոսկրերի, որոնք ձևավորվում են նյարդային կատարից։ Այս սաղմնաբանական առանձնահատկության հիման վրա առաջարկվել է այն հիպոթեզը, ըստ որի ծոծրակոսկրը կարող է դիտարկվել որպես կառուցվածքային և զարգացման առումով ձևափոխված, հսկայացած ող, որի հիմնական գործառույթը գլխուղեղի մեխանիկական աջակցությունն է[3]։

Ծոծրակոսկրը տափակ ոսկր է, ինչպես գանգի մյուս ոսկրերը, արտաքին և ներքին շերտերի միջև տեղակայված է սպունգանման նյութը։

Արտաքին մակերես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծոծրակոսկրի արտաքին մակերես

Խրթեշի արտաքին երեսի կենտրոնում տեղակայված է արտաքին ծոծրակային ցցաթումբը (լատիներեն՝ protuberantia occipitalis externa):

Ցցաթմբից ցած միջին գծով մինչև ծոծրակային մեծ անցքի հետին եզրն է իջնում արտաքին ծոծրակային կատարը (լատիներեն՝ crista occipitalis externa): Ցցաթմբից աջ և ձախ ընթանում է վերին վզարմատային գիծը (լատիներեն՝ linea nuchae superior), քիչ ավելի բարձր թույլ արտահայտված բարձրագույն վզարմատային գիծն է (լատիներեն՝ linea nuchae suprema): Արտաքին ծոծրակային կատարի միջին մասում՝ դեպի աջ և ձախ է ընթանում ստորին վզարմատային գիծը (լատիներեն՝ linea nuchae inferior): Սրանց կպչում են տարբեր կապաններ և մկաններ[4]։

Ներքին մակերես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծոծրակոսկրի ներքին մակերեսը

Ծոծրակոսկրի ներքին մակերեսը հետին գանգափոսի մեծ մասն է։

Կողմնային մասերով անցնում է ենթալեզվային նյարդի խողովակը (լատիներեն՝ canalis hypoglossus)։ Այստեղ առկա է լծային կտրուճը (լատիներեն՝ incisura jugularis), որը հետևից սահմանափակում է լծային ելունը (լատիներեն՝ processus jugularis), որը միանալով քունքոսկրի համանուն կտրուճի հետ ամբողջական գանգի վրա գոյացնում է լծային անցքը (լատիներեն՝ foramen jugulare):

Խրթեշի ներքին ուղեղային երեսին առկա է խաչաձև բարձրություն (լատիներեն՝ eminentia cruciformis), որն առաջացել է խրթեշի ուղեղային մակերեսը չորս փոսի բաժանող ակոսներով:

Խաչաձև բարձրության կենտրոնում ներքին ծոծրակային ցցաթումբն է (լատիներեն՝ protuberantia occipitalis interna), որից դեպի վեր ձգվում է վերին սագիտալ երակածոցի ակոսը (լատիներեն՝ sulcus sinus sagittalis superioris), դեպի կողմ՝ լայնական երակածոցի ակոսը (լատիներեն՝ sulcus sinus transversi), իսկ դեպի վար միջին գծով իջնում է ներքին ծոծրակային կատարը (լատիներեն՝ crista occipitalis interna)[4]:

Ծոծրակային մեծ անցք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ անցքը (լատիներեն՝ foramen magnum), որն առավել երկար է առջևից հետ ուղղությամբհ հետևի հատվածում ավելի լայն է, քան առջևում[5]։ Այստեղով անցնում են նյարդեր, ողնաշարային զարկերակներ։ Հիմային մասը (լատիներեն՝ pars basilaris) տեղակայված է ծոծրակային մեծ անցքից առաջ և 18-20 տարեկանում սերտաճում է սեպոսկրի մարմնին՝ կազմելով լանջը (լատիներեն՝ clivus), որի վրա պառկած է 3 երկարավուն ուղեղը[4]:

Ծոծրակոսկրի վերին անկյունը միանում է գագաթոսկրին, նորածինների մոտ դիրքով համապատասխանում է հետին գաղթունին։

Կողմնային անկյունները տեղակայված են լայնական երակածոցի ակոսի ուղղությամբ դա համապատասխանում է գագաթոսկրի պտկաձև անկյան և քունքոսկրի պտկաձև մասի միջև եղած տարածությանը։

Ստորին անկյունը սերտաճած է սեպոսկրի մարմնի հետ[4]։

Վերին եզրերը ձգվում են վերին անկյունից մինչև կողմնային անկյունները, դրանք ատամնավոր են՝ գագաթոսկրերի ծոծրակային եզրերի հետ հոդավորվելու համար, և այդ միացմամբ ձևավորում են լամբդայաձև կարանը (լատիներեն՝ lambdoid suture)[4]:

Լամբդայաձև կարանը միանում է ծոծրակոսկրին գագաթոսկրին։

Ծոծրակապտկաձև կարանը միացնում է ծոծրակոսկրը և քունքոսկրի պտկաձև ելունը։

Սեպահիմնային կարանը միացնում է ծոծրակոսկրի հիմնային մասը և սեպոսկրի մարմնի հետին հատվածը:

Վիմահիմնային կարանը միացնում է ծոծրակոսկրի հիմնային մասի կողմնային եզրը քունքոսկրի վիմային հատվածին։

Նկար 3. Ծոծրակոսկրը ծննդյան ժամանակ։

Ծոծրակոսկրի խրթեշային մասի ծոծրակային հարթությունը (լատիներեն՝ occipital plane, [նկ. 3]) զարգանում է թաղանթային հյուսվածքից և ձևավորում է միջգագաթային ոսկրը (լատիներեն՝ interparietal bone). ոսկրի մնացած մասը զարգանում է աճառային հյուսվածքից։

Խրթեշային մասի վերին և ստորին հատվածների միավորումը (սերտաճումը) տեղի է ունենում պտղի կյանքի երրորդ ամսում։

Հինգերորդ ամսվա ընթացքում մեծ անցքի հետին եզրում հայտնվում է մի կենտրոն (Կերկրինգ)։ Սա կազմում է առանձին ոսկրիկ, որը ծնվելուց առաջ միանում է խրթեշային մասին։

Կողմնային մասերից յուրաքանչյուրն սկսում է ոսկրանալ մեկ կենտրոնից՝ պտղի կյանքի ութերորդ շաբաթվա ընթացքում: Հիմնային մասը ոսկրանում է երկու կենտրոններից, որոնք գտնվում են մեկը մյուսի առջևում. դրանք ի հայտ են գալիս մոտավորապես պտղի կյանքի վեցերորդ շաբաթում և արագորեն միաձուլվում են:

Ասում են, որ ծոծրակային հարթությունը (լատիներեն՝ occipital plane) ոսկրանում է երկու կենտրոնից, իսկ հիմնային մասը՝ մեկից։

Մոտավորապես չորրորդ տարում խրթեշային մասը և երկու կողմնային մասերը միավորվում են, իսկ մոտ վեցերորդ տարում ոսկրն արդեն միասնական է լինում: 18-ից 25 տարեկան հասակում ծոծրակոսկրը և սեպոսկրը (լատիներեն՝ sphenoid bone) սերտաճում են՝ ձևավորելով մեկ ամբողջական ոսկրային միավոր[4]։

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծոծրակոսկրի վնասվածքը կարող է առաջացնել գանգի հիմի կոտրվածք, որը կոչվում է հիմային կոտրվածք: Ռենտգենոգրամայի վրա երևացող հիմնա-ատամնային գիծը հիմքի և ատամնային ելունի գագաթի միջև եղած հեռավորությունն է, որն օգտագործվում է տարանջատման վնասվածքների (լատիներեն՝ dissociation injuries) ախտորոշման համար[6]։

Գենետիկական խանգարումները կարող են առաջացնել արտահայտված (ցցված) ծոծրակ, ինչպիսին հանդիպում է Էդվարդսի համախտանիշի և Բեքվիթ-Վիդեմանի համախտանիշի դեպքում։

Ծննդաբերության ժամանակ կարևոր է պտղի ծոծրակի տեղակայման որոշումը:

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծոծրակային տերմինը ծագում է լատիներեն occiput բառից, որը նշանակում է «գանգի հետնամաս» (կազմված է ob՝ հետևում + caput՝ գլուխ արմատներից)։ Այն տարբերվում է sinciput-ից (գանգի առաջնային հատված)[7]:

Այլ կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կենդանիների շրջանում այս մասերը մնում են առանձնացված ամբողջ կյանքի ընթացքում։ Օրինակ՝ շան մոտ չորսն են՝ խրթեշային մաս, կողմնային մասեր՝ ձախ և աջ և հիմնային մաս։

Ծոծրակոսկրը ներքին գանգի մի մասն է՝ գանգի հիմնային հատվածը: Կռճիկային ձկների և անծնոտների մոտ ծոծրակոսկրը չի ձևավորվում որպես առանձին ոսկր, այլ ամբողջ կյանքի ընթացքում մնում է որպես աճառային գանգի մաս: Ողնաշարավորների մեծ մասի մոտ մեծ անցքը շրջապատված է չորս ոսկրերով։

Հիմնածոծրակային (լատիներեն՝ basioccipital) ոսկրը գտնվում է անցքի առջևում, երկու արտածոծրակային (լատիներեն՝ exoccipital) կոճերը դասավորված են կողքերում, իսկ ավելի մեծ վերծոծրակային (լատիներեն՝ supraoccipital) ոսկրը գտնվում է հետևում և կազմում է գանգի հետին մասի մի հատվածը: Շատ ոսկրային ձկների և երկկենցաղների շրջանում վերծոծրակային մասը երբեք չի ոսկրանում և ամբողջ կյանքի ընթացքում մնում է որպես աճառ: Հասարակ ձևերի մոտ հիմնածոծրակային և արտածոծրակային ոսկրերը որոշակիորեն հիշեցնում են ողի մարմինը և աղեղները ու սաղմի մոտ ձևավորվում են նմանատիպ եղանակով: Միասին այս վերջին ոսկրերը սովորաբար ձևավորում են մեկ գոգավոր շրջանաձև կոճ՝ առաջին ողի հետ հոդավորման համար[8]։

Կաթնասունների շրջանում, սակայն, կոճը բաժանված է երկու մասի. սա մի օրինաչափություն է, որը հանդիպում է միայն որոշ երկկենցաղների մոտ։

Կաթնասունների մեծամասնությունն ունի սերտաճած ծոծրակոսկր, որը ձևավորվում է մեծ անցքի շուրջ գտնվող չորս առանձին ոսկրերից, ինչպես նաև զույգ հետգագաթային (լատիներեն՝ postparietal) ոսկրերից, որոնք այլ ողնաշարավորների մոտ կազմում են գանգի տանիքի հետին մասը[8]։

Լրացուցիչ պատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Susan Standring; Neil R. Borley; և այլք:, eds. (2008). Gray's anatomy: the anatomical basis of clinical practice (40th ed.). London: Churchill Livingstone. ISBN 978-0-8089-2371-8.

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/31.html
  3. Nie, Xuguang (2005). «Cranial base in craniofacial development: Developmental features, influence on facial growth, anomaly, and molecular basis». Acta Odontologica Scandinavica. 63 (3): 130. doi:10.1080/00016350510019847. PMID 16191905. S2CID 1091809 via Taylor & Francis Online.
  4. 1 2 3 4 5 6 «https://books.ysmu.am/uploads/%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A3.pdf» (PDF). {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. Gray's Anatomy, 2008, էջ 425
  6. Hacking, Craig. «Basion-dens interval | Radiology Reference Article | Radiopaedia.org». radiopaedia.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. "occipital" A Dictionary of Zoology. Ed. Michael Allaby. Oxford University Press 2009.
  8. 1 2 Romer, Alfred Sherwood; Parsons, Thomas S. (1977). The Vertebrate Body. Philadelphia, PA: Holt-Saunders International. էջեր 221–244. ISBN 0-03-910284-X.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծոծրակոսկր» հոդվածին։