Ծխախոտագործություն


Ծխախոտագործություն, գյուղատնտեսության ճյուղ, որը զբաղվում է ծխախոտի կամ մախորկայի մշակությամբ:
Ծխախոտագործությունը տարածված է աշխարհի 90 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ուր ծխախոտագործական առաջին կոոպերատիվ ընկերությունը («Պոնտոս») կազմակերպվել է 1924-ին: Ծխախոտագործության զարգացմանը նպաստել է 1930-ին Բագրատաշենում կազմակերպված Ա. Խանջյանի անվան ծխախոտագործական սովետական տնտեսությունը և ծխախոտի հայկական փորձակայանը (1931):
Հայաստանում ծխախոտ մշակվում է 21 շրջաններում: Շրջանացված են Սամսուն, Օստրոլիսա և Տրապեզոնդ էկոտիպերին պատկանող սորտերը: Ծխախոտը մշակվում է սածիլման միջոցով: Սածիլները աճեցվում են տաք, արևային ջերմոցներում և սառը մարգերում: 1 մ² վրա ցանում են 0,6–1,0 գ սերմ և ստանում 1500–2500 սածիլ: Վեգետացիայի ընթացքում կատարում են 3–4 միջշարային մշակություն, 1–2 սնուցում, ոռոգում, բուժում, ծերատում, բճատում: Բերքը հավաքում են 5–6, բարձրորակ սորտերը՝ 7–8 անգամ՝ տերևների տեխնիկական հասունացման շրջանում: Տերևները շարում են թելի վրա, տամկացնում, չորացնում, ապա տեսակավորում են, հակավորում և հանձնում մթերող կազմակերպություններին:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- էդիլյան Ռ. Ա., Հայաստանի ծխախոտագործական շրջանների հողերը, Ե.,1964:
- Գյուլխասյան Մ., Ծխախոտի մշակության գիտական հիմունքները, Ե., 1975:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 127)։ |