Ծիրանենի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծիրանենի սովորական
Плоды абрикоса.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վրդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Ծրենենի
Տեսակ Ծիրանենի սովորական
Լատիներեն անվանում
Armeniaca vulgaris


Ծիրանենի սովորական (լատ.՝ Armeniaca vulgaris), վարդազգիների ընտանիքի, ծիրանենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր կամ խոշոր ծառ է 5-8, երբեմն՝ 17 մ բարձրությամբ։ Սաղարթը կլորավուն է, տափակ կամ ցրված։ Բնի տրամագիծը կարող է հասնել 30-ից 60 սմ-ի։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագորշավուն է, երկայնական ուղղությամբ ճաքճքված, ճյուղերի վրա գորշադարչնագույն, խոշոր, մոխրագույն ընդլայնական ոսպնյակներով։ Ընձյուղները կարմրադարչնագույն են կամ գորշաձիթագույն, փայլուն, մերկ, ծածկված բազմաթիվ մանր ոսպնյակներով։ Բողբոջները կլորակոնաձև են, հավաքված խմբերով։ Տերևները կլորավուն են, ձվաձև, ձգված գագաթով, ձվաձև կամ թեթևակի ձգված հիմքով, սովորաբար 4-5, երբեմն՝ 6-9, հազվադեպ 12 սմ երկարությամբ, (3) 5-8 (11) սմ լայնությամբ, մերկ կամ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, հաճախ թույլ մազմզուկապատ, մանր, բութ, անհավասար սղոցաեզր կամ աղեղնաեզր։ Տերևակոթունները բարակ են (1,8) 2,5-3 (5,5) սմ երկարությամբ, ակոսավոր։ Ծաղիկները միայնակ են, նստադիր կամ շատ կարճ կոթունավոր, (1,8) 2,5-3 (4) մմ տրամագծով։ Պսակաթերթիկները սպիտակ են կամ վարդագույն, կլորավուն կամ հակառակ ձվաձև, մեծ մասամբ գդալանման գոգավոր, կարճ եղունգով։ Հիպանթիումը գլանաձև է, մուգ կանաչ կարմրավուն, բաժակաթերթիկներն օվալաձև են, մուգ կարմիր, ծաղկման ժամանակ դեպի ցած թեքվող և հիպանթիումին սեղմված։ Առէջների թիվը հասնում է 25-45-ի, սպիտակ թելիկներով և դեղին բծերով։ Պտուղը կլորավուն է, երբեմն՝ հակառակ ձվաձև կամ տափակ կլորավուն, հաճախ անհավասարակող, կողքերից սեղմված, 2-5,5X1,5-5 սմ չափերով սպիտակավուն, դեղին, նարնջագույն, մինչև նարնջակարմրավուն, կարմիր բծերով կամ առանց դրանց («կարմրաթուշ»), մազմզուկապատ կամ մերկ։ Կորիզը հասունանալիս անջատվում է պտղամսից (երբեմն չի անջատվում), կլորավուն, օվալաձև, հակառակ ձվաձև, նշտարաձև, հաճախ անհավասարակող։ Սերմերը տափակ են, հակառակ ձվաձև, դառնահամ կամ անուշահամ։ Ծաղկում է մինչև տերևների բացվելը մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են հունիս-օգոստոսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Չինաստանում, արևելյան Տիբեթից մինչև Պեկինյան լեռները, Միջին Ասիայում (արևմտյան և արևելյան Տյան Շան: Մշակվում է հյուսիսային և հարավային կիսագնդի բարեխառն գոտու գրեթե բոլոր շրջաններում։

Արմատային համակարգը առանցքային է, խոր գնացող կողքերի վրա տարածվող, որը հաճախ դուրս է գալիս սաղարթի սահմաններից։ Լավ է աճում սննդանյութերով հարուստ, հզոր, ստրուկտուրային, լավ ջրաթափանց և օդաթափանց հողերում։ Հարուստ բերք է տալիս նաև քարքարոտ, բավականին խոնավ, լանջային, փոքր հզորության հողերում։ Պահանջում է առատ ոռոգում։ Վատ է տանում ջրաողողումները և հողի աղիությունը։ Սալորենու վրա պատվաստելու դեպքում լավ է աճում անգամ ծանր կավային հողերում և հաշտվում է գերխոնավացման հետ։ Նշենու վրա պատվաստելու դեպքում ձեռք է բերում երաշտադիմացկունություն և լավ է աճում չոր, քարքարոտ, կրով հարուստ հողերում։ Բավականին ձմեռնադիմացկուն կուլտուրա է։ Առանց վնասվելու դիմանում է մինչև -25 °C նույնիսկ -27 °C սառնամանիքներին։ 28-30 °C սառնամանիքների դեպքում ցրտահարվում են բողբոջները և վերջին տարվա շիվերը։ Չափազանց զգայուն է ուշ գարնանային ցրտահարությունների Նկատմամբ, որի դեպքում ընթացիկ տարվա բերքը կարող է լրիվ ոչնչանալ։ Բազմացնում են պատվաստով, սորտային հատկանիշները պահպանելու համար։ Ապրում է 40-50 տարի։ Հայտնի են դեպքեր, երբ ծիրանենին ապրել է 100, անգամ 200 տարի։ Աչքի է ընկնում արագ աճով և վաղ պտղաբերմամբ։ Արդեն կյանքի 4-րդ տարում բավարար բերք է տալիս։ Պտուղները աչքի են ընկնում համային հրաշալի հատկանիշներով։ Դրանք պարունակում են շաքարներ՝ 4,6-20°/օ, օրգանական թթուներ՝ 0,3-2,6 °/0, ազոտային Նյութեր՝ 0,05 -2,7 °/0, բջջանյութ՝ 0,4-2,7 0/օ, պեկտինային նյութեր՝ 0,05-1,08 °/0: Սերմերը պարունակում են 29,45-55,47 °C ճարպեր, որոնք օգտագործվում են որպես արժեքավոր սննդանյութեր և 24,90-28,36 °/0 սպիտակուցներ։ Հատկապես A վիտամինի պարունակությամբ ծիրանը համազոր է կովի կարագին և հավի թարմ ձվին։ Ունի նաև բուժիչ հատկություն։ Մեր հանրապետությունում ծիրանենին արդյունաբերական նշանակություն ունի։ Ամեն տարի բարձրորակ թարմ պտուղների արտադրանքը (8-10 հազար տ) C° վերամշակվածը (կոմպոտ, մուրաբա, հյութ և ջեմ) առաքվում է համամիութենական ֆոնդ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բարձրության թույլ աճող են համարվում Սաթենի, Սպիտակ, Կանաչենի, Կարմրենի, Աղջանաբադ սորտերը։ Նախիջևանի, Նախիջևանի սպիտակ սորտերն աչքի են ընկնում բարակ շիվերով, մանր տերևներով ու ծաղիկներով։ Շուտ են ծաղկում Բադամարիկ, Կանաչենի, Նովրաստ կարմիր, Նախիջևանի, Սպիտակ և Նուշի սորտերը։ Ուշ գարնանային ցրտահարությունների դեպքում խոսրովենի, Դեղնանուշ, Աբութալիբի, ճամբան, Երևանի սորտերի ծաղկաբողբոջները թույլ են վնասվում։ Բավականին բարձր դիմացկունություն ունեն Երևանի, խուրմայի, ճամբան սորտերը, միջին դիմացկունութ յուն՝ Բադամարիկ, Կանաչենի, Նախիջևանի կարմիր, Ղայսի և Դառգառ սորտերը, թույլ դիմացկուն են՝ Սաթենին, Կարմրենին և Աղջանաբադը։ Բարձր բերքատու խմբին են պատկանում Բադամարիկ, Երևանի, Երևանի ուշահաս, Դեղնանուշ և Սաթենի սորտերը։ Կայուն բերք ունեն Նուշի, խոսրովենի կարմիր, Օրդուբադի դեղին, Աբութալիբի, Կանաչենի ուշահաս, ճամբան սորտերը։ Վաղահաս են համարվում Նախիջևանի, Նովրաստ, Նախիջևանի դեղին սորտերը։ Միջավաղահաս՝ Նախիջևանի սպիտակ, Նախիջևանի կարմիր, Նուշի, Երևանի, Բադամարիկ, միջահաս՝ Կանաչենի ուշահաս, խոսրովենի վաղահաս, Նուրի, Աղջանաբադ, Սաթենի դեղին, Դեղնանուշ, միջաուշահաս՝ խոսրովենի, խոսրովենի կարմիր, Սաթենի կարմիր, Կարմրենի, Բալյարմի, ուշահաս՝ ճամբան, Աբու-թալիբի, Ղևոնդի սորտերը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 426։