Jump to content

Ծափահարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանդիսատեսի ծափահարությունները Լիվերպուլի արաբական արվեստի 2006 թ. փառատոնի ժամանակ
Ջութակահար Ալեքսեյ Սեմենենկոն դուրս է գալիս ընդունելու ծափահարությունները Վիսբադենի «Կուրհաուս»-ում Կիևի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալուց հետո․ նվագախումբը ղեկավարել է Լուիջի Գագերոն

Ծափահարություն կամ ծափ տալ (լատիներեն՝ applaudere), ծափահարելու գործողությամբ արտահայտվող գովեստի կամ ողջույնի դրսևորում։ Հանդիսատեսը սովորաբար ծափահարություններով է արձագանքում ելույթից, համերգից կամ ներկայացումից հետո՝ դրանով հայտնելով իր գոհունակությունն ու հավանությունը։

Ծափահարելու սովորույթի ծագման ստույգ ժամանակը հայտնի չէ, սակայն այն լայնորեն տարածված է եղել մարդկային տարբեր մշակույթներում։ Ծափահարության տարբեր ձևերը սովորաբար ծառայել են որպես հանդիսատեսի կողմից երախտագիտություն հայտնելու միջոց։ Դրա ձևերի բազմազանությունը սահմանափակվել է միայն աղմուկ հանելու միջոցներ հնարելու կարողությամբ (օրինակ՝ ոտքերով թփթփացնելը կամ բռունցքներով ու ձեռքերով սեղանին խփելը)։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մշակույթի ներսում այն սովորաբար ենթարկվել է որոշակի կանոնների։

Հին հռոմեացիները հանրային ներկայացումների ժամանակ ունեցել են սահմանված ծեսեր՝ հավանության աստիճանն արտահայտելու համար օգտագործվել են մատներով կտկտացնելը, հարթ կամ կորացրած ափերով ծափ տալը և տոգայի ծայրը թափահարելը։ Բարձր խավի հանդիսատեսն իր հավանությունն արտահայտել է տոգաները թափահարելով, մինչդեռ ցածր խավի հանդիսատեսը, ում չէր թույլատրվում տոգա կրել, թափահարել է կտորներ (այն թաշկինակի նախատիպն է)։ Հռոմի կայսրը Ավրելիանոսը 270-275 թվականներին, տոգա թափահարելու փոխարեն կիրառել է անձեռոցիկների թափահարումը, որոնք նա նախապես բաժանել է հռոմեացիներին[1]։ Հռոմեական թատրոնում ներկայացման ավարտին գլխավոր դերասանն աղաղակել է՝ «Valete et plaudite!» («Մնաք բարով և ծափահարեք»), իսկ հանդիսատեսը հետևելով նրա օրինակին վանկարկել է դա[2]։ Սա հաճախ եղել է կազմակերպված և վճարովի գործողություն[1]։

Կակը (ֆրանսերեն՝ claque, ծափահարություն կամ ապտակ) եղել է ֆրանսիական թատրոններում և օպերային թատրոններում պրոֆեսիոնալ ծափահարողների կազմակերպված խումբ, որին վճարել են կատարողները՝ հանդիսատեսի կողմից հավանության բարձր մակարդակի պատրանք ստեղծելու համար։ Նրանց չվճարելու դեպքում՝ նրանք սուլել են և իրեր նետել բեմի ուղղությամբ[3]։ 1830-ական թվականներին սա դարձել է սովորական երևույթ։ Թատրոնների և օպերային թատրոնների ղեկավարները կարողացել են բազմաթիվ պրոֆեսիոնալ ծափահարողներ ձեռք բերել այն ժամանակ, երբ աջակցության կարիք են ունեցել։ Կլակի ղեկավարն է որոշել, թե երբ և որտեղ սկսել բացականչությունները։ Կլակը բաղկացած է եղել տարբեր դերեր ստանձնած մարդկանցից. ոմանք անգիր են արել ներկայացումը՝ առանցքային տեսարանները կամ պահերը ընդգծելու համար, ծիծաղողները կեղծել են ծիծաղը՝ հանդիսատեսին ևս ծիծաղեցնելու համար, լացողները կեղծ արտասվել են։ Կլակների ի հայտ գալը ստիպել է այնպիսի երգահանների, ինչպիսիք են Գուստավ Մալերը, Ռոբերտ Շումանը և Ֆելիքս Մենդելսոնը, իրենց պարտիտուրներում պահանջել, որ իրենց գործերը կատարվեն առանց ընդմիջման: Սա թույլ է տվել խուսափել ծափահարություններից՝ խթան հանդիսանալով դասական համերգների ժամանակ էթիկետի ձևավորման համար։

Եկեղեցին քրիստոնեության ընդունումից հետո իր ծեսերում ու գործունեության մեջ ներառել է թատերական որոշ սովորույթներ։ Քրիստոնյա գիտնական Եվսեբիոսը[4] նշել է, որ Պողոս Սամոսատցին խրախուսել է ծխականներին իրենց հավանությունն արտահայտել նրա քարոզների վերաբերյալ՝ վուշե կտորներ թափահարելով, իսկ 4-րդ և 5-րդ դարերում հայտնի քարոզիչների ճարտասանությանը ծափահարելը դարձել է ձևավորված սովորույթ։ Այնուամենայնիվ, եկեղեցում ծափահարելու ավանդույթն ի վերջո դուրս է եկել կիրառությունից։ Բայրոյթում Վագների օպերաների ցուցադրությունների ժամանակ ձևավորված զուսպ ու հարգալից մթնոլորտը հետագայում նորից արմատավորվել է աշխարհիկ թատրոններում և համերգային դահլիճներում[2]։

Արձանագրություններ և տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչված քաղաքական գործիչները, դերասանները, երաժիշտներն ու հռետորները հաճախ արժանացել են ծափահարությունների բեմում հայտնվելուն պես՝ դեռևս որևէ ելույթ կամ կատարում չսկսած։ Գովասանքն արտահայտվել է որպես հարգանքի տուրք նրանց նախկին ձեռքբերումներին և կապված չի եղել տվյալ պահին ներկայացված կատարման հետ։ Որոշ դեպքերում ծափահարությունները տեղի են ունեցել միջոցառման ընթացքում։ ԱՄՆ նախագահի «Երկրի վիճակի մասին» ամենամյա ուղերձը հաճախ ընդհատվել է ծափահարություններով։ Ջազային կատարողների համար սովորական է եղել արժանանալ ծափահարությունների ստեղծագործության մեջտեղում՝ իմպրովիզացիոն մենանվագն ավարտելուց հետո։ Սովորական է եղել ծափահարել նաև մյուզիքլներում՝ երաժշտական համարի ավարտին։ Ներկայացումների մեծ մասում, եթե հանդիսատեսը մեծապես հավանել է կատարումը (հատկապես դասական երաժշտության դեպքում), ծափերն ուղեկցվել են նաև բեմի վրա ծաղիկներ նետելով։ Կատարումից հետո ծափահարությունների ուժգնությունը արտացոլել է հանդիսատեսի կողմից ելույթի ընկալման և գնահատման աստիճանը։

Միջոցառման ավարտին տևական ծափահարությունները, որոնք հաճախ վերածվել են հոտնկայս ծափահարությունների, արտահայտել են սովորականից առավել հավանություն և ստիպել են կատարողին վերադառնալ բեմ՝ շնորհակալություն հայտնելու կամ երբեմն նոր կատարմամբ հանդես գալու համար։

Դասական երաժշտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական երաժշտության համերգների ընթացքում ընդունված է եղել ծափահարել յուրաքանչյուր ստեղծագործության ավարտին և ելույթի սկզբում։ Ծափահարելու պահին սովորաբար դիրիժորը շրջվել է հանդիսատեսի կողմը։ Դասական երաժշտության համերգային էթիկետում տեղին չեն համարվում ստեղծագործության մասերի միջև հնչող ծափահարությունները․ ընդունված է ծափահարել միայն ամբողջական կատարման ավարտին։ Բղավոցները, ցատկոտելը և այլ խանգարող գործողությունները նույնպես չեն խրախուսվել, թեև բացականչությունները պատշաճ են համարվել հոտնկայս ծափահարությունների ընթացքում։ Փորձեր են կատարվել տարբեր հանգամանքներում ծափահարություններն ավելի սահմանափակելու ուղղությամբ։ Օրինակ՝ Բեռլինի պալատական թատրոններն արգելել են ծափահարությունները ներկայացման ընթացքում և նախքան վարագույրի բացվելը/բեմելը։ Ընդհանուր առմամբ, օպերային ներկայացումներն ավանդաբար ընդհատվել են ծափահարություններով արիայի կամ որոշակի այլ ավարտուն համարների վերջում, և օպերային շատ պարտիտուրներ արտացոլել են երաժշտական դադարներ այն հատվածներում, որտեղ սովորաբար ծափահարություններ են հնչել։ Այս փորձառությունը համարելով շեղող հանգամանք՝ Վագները կանխել է այն՝ վերացնելով գործողությունների ներսում եղած դադարները. նրա օպերաներում արիաները չեն ավարտվել դադարներով, այլ շարունակվել են դեպի երաժշտության հաջորդ հատվածը։

Եկեղեցական արարողությունների ընթացքում ծափահարությունները ավանդաբար համարվել են տաբու՝ հաշվի առնելով արարողության սրբությունը. ուշադրությունը կենտրոնացվել է պաշտամունքային կողմի, այլ ոչ թե արարողության ընթացքում քարոզող կամ երգող անհատի վրա։ Կանոնը մեղմացվել է․ հիմա կարելի է ծափահարել նորապսակներին, երբ նրանք շրջվում են դեպի ժողովուրդը։ Ծափահարությունները կարող են թույլատրվել նաև որոշակի արարողությունների ժամանակ՝ ի պատիվ կոնկրետ անհատի, օրինակ՝ մկրտության, նոր քահանայի կամ հոգևորականի ձեռնադրության ժամանակ։ Ոչ ավանդական համայնքներում, հատկապես ժամանակակից ավետարանչական եկեղեցիներում, տիրում է ավելի ազատ մթնոլորտ, և ծափահարությունները կարող են հանդիպել նույնքան հաճախ, որքան ցանկացած աշխարհիկ ներկայացման ժամանակ։

Օրենսդիր մարմիններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորության խորհրդարանում և Հնդկաստանի խորհրդարանում ծափահարություններն ընդհանուր առմամբ արգելված են (այնուամենայնիվ, այս կանոնը հաճախ է խախտվել, իսկ օտարերկրյա պետությունների ղեկավարների ելույթների ժամանակ ընդհանրապես չի գործել)[5][6]: Փոխարենը, Խորհրդարանի անդամները և Լորդերի պալատի անդամները, իսկ Հնդկաստանում՝ Լոկ սաբհայի և Ռաջյա սաբհայի անդամները, սովորաբար աջակցություն են հայտնել սեղանին խփելով կամ «Hear, hear!» («Լսե՛ք, լսե՛ք») գոռալով[6]: Կանադայի Համայնքների պալատում, ընդհակառակը, ծափահարությունները սովորութային և հաճախակի բնույթ են կրում[7]:

Օդային փոխադրումների ոլորտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներում ընդունված է ծափահարել ինքնաթիռի հաջող վայրէջքից հետո, հենց անիվները դիպչում են թռիչքուղուն[8]: Այս սովորույթի նպատակն անհայտ է:

Կինոփառատոններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի փառատոններում սովորական երևույթ է ֆիլմի ցուցադրությունից հետո ծափահարելը (սովորաբար հոտնկայս ծափահարություններ): Այս ծափահարությունները հիմնականում ավելի երկար են տևել, քան սովորաբար, և երբեմն գերազանցել են 20 րոպեի սահմանագիծը: Մեծամասամբ ծափահարությունները եղել են ֆիլմի ռեժիսորի և դերասանների համար, և ոչ թե բուն ֆիլմի: Կաննի ու Վենետիկի փառատոններում ծափահարությունների տևողությունը դարձել է յուրահատուկ ցուցանիշ․ այն հաճախ ներառվել է ֆիլմերի գովազդային նյութերում՝ ցույց տալու համար, թե որքան ջերմ է ընդունվել ֆիլմը:

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլֆի մրցաշարերում ընդունված է ծափահարել շատ մեղմ, որպեսզի բարձր աղմուկը չխանգարի հարվածին պատրաստվող մյուս գոլֆիստներին։ Գոլֆի ծափերը երբեմն օգտագործվել են այլ միջոցառումների ժամանակ՝ ծաղրելու կամ հեգնանք ցույց տալու համար: Նմանապես, սնուկեր խաղում լավ հարվածը, որին պատասխանելը դժվար է, մրցակցի կողմից գնահատվել է փայտիկի ծայրով սեղանի եզրին մի քանի անգամ թակելով:

Նույն կերպ, նվագախմբի լարային գործիքներ նվագող երաժիշտներն օգտագործել են աղեղները օդում ճոճելը կամ դրանք իրենց գործիքների լարերին թեթևակի թակելը՝ որպես ծափահարության փոխարինիչ: Փողային բաժնի երաժիշտները սովորաբար թեթևակի խփել են ոտքերը գետնին կամ մի ձեռքով խփել են ոտքին՝ դիրիժորին կամ մենակատարին հավանություն ցույց տալու համար, մինչդեռ հարվածային գործիքներ նվագողները հաճախ թմբուկի փայտիկներ են խփել իրար: Նվագախմբում գործընկերոջ լավ կատարումը գնահատելու ավելի զուսպ ձև է փորձերի կամ ելույթների ժամանակ ոտքով թեթևակի գետնին խփելը կամ ձեռքը ծնկին թփթփացնելը։ Կատարողների կողմից մյուս կատարողներին ուղղակիորեն ծափահարելը, թեև գնալով ավելի տարածված է դարձել, ավանդաբար համարվել է անտաշություն, ինքնագովասանք և հանդիսատեսի արտոնության յուրացում, քանի որ գնահատական տալու իրավունքը պատկանում է միայն հանդիսատեսին։

Սքեյթբորդինգի մշակույթում, երբ սքեյթբորդիստը բացառիկ լավ ձևով հնարք է կատարում, ականատեսները խփում են իրենց տախտակները գետնին՝ հավանություն կամ քաջալերանք արտահայտելու համար:

ԾափահարություններըՓիթսբուրգի խուլերի ակումբում

Խուլ հանդիսատեսներն օգտագործել են ծափահարության ավելի տեսողականորեն արտահայտիչ տարբերակ: Ափերը միմյանց խփելու փոխարեն, նրանք բարձրացրել են ձեռքերը ուղիղ վերև՝ պարզած մատներով, և պտտել են դաստակները[9]:

Պոեզիայի երեկոներին ծափահարություններին հաճախ փոխարինում է մատները կտկտացնելը, ինչը թույլ է տալիս հավանություն արտահայտել՝ առանց աղմուկ բարձրացնելու և ելույթն ընդհատելու։

Որոշ մշակույթներում ընդունված է ծափահարություններով հարգել հանգուցյալի հիշատակը, օրինակ՝ հուղարկավորության թափորի ժամանակ։ Մեծ Բրիտանիայում և Իսրայելում ժամանակակից սովորություն է մեկ րոպե տևողությամբ ծափահարությունների օգտագործումը, ինչի միջոցով մարդիկ սկսել են փոխարինել մեկ րոպե տևողությամբ լռությանը: Մեծ Բրիտանիայում այն օգտագործվել է հատկապես ֆուտբոլային հանդիպումների ժամանակ[10], իսկ Իսրայելում՝ նաև բասկետբոլային խաղերում և այլ մարզաձևերում[11][12]: Այնուամենայնիվ, ներկայումս երկրների մեծ մասում մահացած մարդու համար ծափահարելը դեռևս լայնորեն անընդունելի է և չի խրախուսվում, քանի որ կարող է մեկնաբանվել որպես գռեհիկություն կամ ուրախություն:

Գերմանախոս երկրներում համալսարանի ուսանողների համար սովորութային է եղել յուրաքանչյուր դասախոսությունից հետո մատների ծայրերով սեղաններին խփելը[13]: Նույն տեխնիկան օգտագործվել է գերմանախոս երկրներում՝ ժողովների ժամանակ հավանությունն արտահայտելու համար:

Ճամայկայում տոնական իրադարձությունների ժամանակ (ինչպիսիք են հաղթանակը Օլիմպիական խաղերում կամ «Միսս Աշխարհ» մրցույթներում) մարդիկ կաթսաների կափարիչները խփում են միմյանց[14][15]:

Ֆիլմերում դանդաղ ծափահարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանդաղ ծափերի մեկ այլ տեսակ էլ օգտագործվել է որպես դրամատիկական հնարք, որը հաճախ ձևավորել է ֆիլմերում դրամատիկ բեկումնային պահերի ավարտը: Տպավորիչ ելույթից հետո ներկաներից մեկը սկսել է դանդաղ ծափահարել, ապա նրան են միացել երկրորդը, երրորդը, մինչև ծափերը վերածվել են հուժկու, բարձրաձայն ծափահարությունների, որոնք հաճախ ավարտվել են հոտնկայս ծափերով։ Սա անվանվում է նաև կրեշենդո ծափահարություն՝ ի պատիվ ձայնի աստիճանական աճի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Böttiger, Über das Applaudieren im Theater bei den Alten, Leipz., 1822
  2. 1 2  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Applause». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 2 (11th ed.). Cambridge University Press. էջեր 222–223.
  3. Saxon, A. H. (2010-10-21) [1964-05-01]. «A Brief History of the Claque». Theatre Survey. online (անգլերեն). 5 (1): 10–26. doi:10.1017/S0040557400006888. ISSN 1475-4533. S2CID 163320193.
  4. Church History, vii. 30
  5. Aaron Wherry, Why do our MPs clap for each other so much?, MacLean's (June 1, 2015).
  6. 1 2 Brian Wheeler, Why are MPs banned from clapping?, BBC News (May 28, 2015).
  7. Wherry, Aaron (2016 թ․ հունվարի 31). «To reform Parliament, MPs might start by holding their applause». CBC News.
  8. Orlov, Alex (2017 թ․ հունիսի 26). «Here's why people clap when planes land». Mic.
  9. Harrington, Tom (2007 թ․ հոկտեմբեր). «FAQ: History of Visual Applause for the Deaf». Gallaudet University. Արխիվացված է օրիգինալից 2010-06-09-ին. Վերցված է 2010-09-09-ին.
  10. Marcel Berlins (2007 թ․ սեպտեմբերի 12). «Can applause really replace the minute's silence?». The Guardian. London.
  11. «לה פמיליה: דקה של כפיים לזכר אוהד בית"ר נחמן איטח ז"ל | כל העיר». כל העיר ירושלים (եբրայերեն). 2017-04-19. Վերցված է 2019-02-27-ին.
  12. «שבוע לאחר שנהרג: המחווה לזכר "סבא הברזל" בתחרות איש הברזל הראשונה בארץ - וואלה! חדשות». וואלה! (եբրայերեն). 2021-11-12. Վերցված է 2022-12-22-ին.
  13. Rothe, Bastian. «Etiquette for the Lecture Hall». Study in Germany. Արխիվացված է օրիգինալից 2014-04-13-ին. Վերցված է 2014-04-09-ին., German Academic Exchange Service
  14. Jamaica Gleaner (2019 թ․ դեկտեմբերի 21), Miss World arrives to screams and Pot-Cover Celebrations (անգլերեն), Facebook, Վերցված է 2020-07-11-ին
  15. «Jamaicans blow whistles, horns & bang metal pot covers for Bolt». Vanguard (ամերիկյան անգլերեն). Lagos, Nigeria. 2016-08-15. Վերցված է 2020-07-11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]