Ծաղկային ձևավորում


Ծաղկային ձևավորումը կամ ծաղկային կոմպոզիցիան բույսերի նյութերի և ծաղիկների օգտագործման արվեստն է՝ աչքին գրավիչ և հավասարակշռված կոմպոզիցիա կամ ցուցադրություն ստեղծելու համար։ Նուրբ ծաղկային դիզայնի ապացույցները հայտնաբերվել են դեռևս Հին Եգիպտոսի մշակույթում: Ծաղկային ձևավորումները, որոնք կոչվում են կոմպոզիցիաներ, ներառում են ծաղկային ձևավորման հինգ տարրեր և յոթ սկզբունքներ[1]։
Ծաղկային դիզայնը համարվում է ծաղկաբուծության բաժին։ Բայց ծաղկային ձևավորումը վերաբերում է միայն ձևավորմանը և կոմպոզիցիաների ստեղծմանը։ Այն չի ներառում ծաղիկների վաճառքը, խնամքը, աճեցումը կամ առաքումը։
Ծաղկային ձևավորման մեջ տարածված ծաղկային կոմպոզիցիաները ներառում են ծաղկամանների ձևավորում, ծաղկեպսակներ, փոքր փնջեր, ծաղկաշղթաներ, ծաղկե ժապավեններ, կրծքի զարդեր, դաստակի ծաղիկներ և ծաղկեփնջեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան, Արևմտյան և Եվրոպական ոճերը մեծ ազդեցություն են թողել ժամանակակից ծաղկային ձևավորման արդյունաբերության վրա։ Արևմտյան ձևավորումը պատմականորեն բնորոշվում է սիմետրիկ, ասիմետրիկ, հորիզոնական և ուղղահայաց կոմպոզիցիաներով։ Ծաղկային ձևավորման պատմությունը սկիզբ է առնում հին Եգիպտոսից և աստիճանաբար զարգացել է ժամանակի ընթացքում։
Հին քաղաքակրթություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտացիները առաջիններից են եղել, ովքեր մոտ 4000 տարի առաջ սկսել են ծաղիկներ ու բողբոջներ տեղադրել ծաղկամաններում[2]։ Նրանք նաև ստեղծում էին ծաղկեփնջեր, պսակներ, ծաղկաշղթաներ, գլխազարդեր և վզնոցներ։ Այս կոմպոզիցիաներում հաճախ օգտագործվում էին նիլյան շուշանը (լոտոս) և պապիրուսը, որոնք սրբազան էին համարվում Իսիս աստվածուհու համար։ Հին հույներն ու հռոմեացիները նույնպես ստեղծում էին ծաղկեպսակներ ու ծաղկաշղթաներ, որոնք օգտագործվում էին կրոնական արարողությունների ժամանակ։ Նրանք նաև պատրաստում էին մրգերով և բանջարեղենով լցված «Առատության եղջյուրներ»[3]։
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինական և կորեական ծաղկային ձևավորումները հիմնված են Կոնֆուցիոսի ուսմունքի՝ ինքնամեկուսացման գաղափարի, բուդդայականության պահպանման սկզբունքի և դաոսիզմի խորհրդանիշների վրա։ Այս ձևավորումները հաճախ ներառում են տարբեր բարձրության և ձևի տարաներ ու բնական տարրեր, ինչպես օրինակ՝ քարեր[3][4]։
Իկեբանան ճապոնական ծաղկային ձևավորման արվեստն է, որը ներառում է երեք հիմնական գիծ՝ երկինք, մարդ և երկիր[4]։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերածննդի շրջանում ծաղկային ձևավորումները հաճախ պարունակում էին խորհրդանշական տարրեր և օգտագործում էին վառ ու հակադրվող գույներ։ Դրանք սովորաբար ունենում էին սիմետրիկ ձև և հաճախ պատրաստվում էին եռանկյունաձև, կամարաձև կամ էլիպսաձև[2][4][5]։
Ֆրանսիական դիզայնում ձևավորումները հաճախ օգտագործում էին փափուկ պաստելի գույներ։ Ձևավորումները հաճախ թեթև և եթերային էին, և ընդգծում էին յուրաքանչյուր ծաղկի անհատական գեղեցկությունը, այլ ոչ թե ամբողջ դասավորությունը։ Կտորները կիսաձվաձև էին, փափուկ և եթերային, ունեին կանացի ձևավորում, սիմետրիկ էին և առանց կիզակետային կետի։ Նրանք ընդգծում էին ռիթմը կորերով, գծերով և բուսական նյութի ծաղկումներով[2][4][5]։
Անգլիական ձևավորումը ներշնչվել է կալվածքներում և գյուղական վայրերում առկա բուսականության բազմազանությունից։ Տարբեր ժամանակաշրջաններում կոմպոզիցիաները հիմնականում եղել են պաշտոնական, հիմնականում եռանկյունաձև և սիմետրիկ[2][4][5]։
Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկայում, գաղութային ժամանակաշրջանում (1607–1699), ծաղկային ձևավորումները պատրաստվում էին վայրի ծաղիկներից, խոտերից և սերմերով պատիճներից, որոնք հավաքվում էին բնությունից։ Այս ձևավորումները արտացոլում էին պարզ կենսակերպ՝ նվազագույն ճոխություններով, ինչը բնորոշ էր այն առաջին գաղութաբնակներին, ովքեր նոր էին ժամանել այնտեղ։ Ամերիկյան ծաղկային ձևավորումները հետագայում զարգացան բազմաթիվ ազդեցությունների ներքո, որոնցից հիմնականը եվրոպականն էր։ Այդ պատճառով ամերիկյան ստեղծագործությունները սկսեցին արտացոլել ժամանակի եվրոպական ձևավորման իդեալների նրբագեղությունը, սիմետրիան և ձևերը[2][4][5]։
Ժամանակակից դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի կեսերին ծաղիկների դասավորությունն ու ծաղկային ձևավորումը սկսեցին դիտարկվել որպես արվեստի ձև։ Չնայած նրան, որ ժամանակակից ծաղկային դիզայներներն ու կազմողներն այսօր էլ ներշնչվում են 19-րդ դարի բնական ձևավորումներից, նրանք հակված են դուրս գալու անցյալի խիստ նորմերից ու սահմանափակումներից։ Սա հանգեցրեց աբստրակտ ձևավորումների ստեղծմանը ժամանակակից ծաղկային ձևավորումներում։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակակից դիզայներներ ո՛չ ներշնչվում էին, ո՛չ էլ ձգտում էին աբստրակտ ձևավորմանը։ Այդպիսով, նրանք սկսեցին ստեղծել նոր դիզայնի ոճեր։ Այսօր ծաղկային ձևավորումները ստեղցվում են այս երկու միտումների արդյունքում։ Ժամանակակից կոմպոզիցիաները կարող են լինել զրոյական աբստրակցիայով՝ երբ տարրերը մշակված չեն և դասավորված են բնական ձևով, կամ ամբողջական աբստրակցիայով՝ որտեղ լիովին անտեսվում են բոլոր նախշերն ու կանոնները[6][7][8]։
Այսօր ծաղկային ձևավորման բազմաթիվ ոճեր գոյություն ունեն, այդ թվում՝ Բուսաբանական ոճը (Botanical Style), Այգու ոճը (Garden Style – որը ներառում է ձեռքով կապած (Hand Tied), կոմպոտային (Compote) կամ ամրանային (Armature) ձևավորումները), Կիսալուսնի կորսաժը (Crescent Corsage), Նոզգեյ կորսաժը (Nosegay Corsage), Pot au Fleur-ը, Շրջված «T» ձևավորումը (Inverted "T"), Զուգահեռ համակարգերը (Parallel Systems), Արևմտյան գիծը (Western Line), Կենաց պատնեշի դիզայնը (Hedgerow Design), Միլի դե Ֆլյորը (Mille de Fleur) և Պաշտոնական գծային ոճը (Formal Linear)[9]։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ ստեղծվում են ծաղկային ձևավորումներ, ընդհանուր առմամբ գոյություն ունեն յոթ սկզբունքներ, որոնք ծաղկային դիզայներները պետք է ներառեն իրենց ստեղծագործության մեջ՝ այն գեղագիտական և գրավիչ դարձնելու համար։ Այդ յոթ սկզբունքներն են`[1][10][11]
- Համաչափություն- այն հարաբերակցությունը, որը գոյություն ունի ձևավորման տարրերի չափսերի միջև (օրինակ՝ ծաղիկներ, տերևներ, ծաղկաման, աքսեսուարներ)։
- Մասշտաբ- ձևավորման ընդհանուր չափսի և այն միջավայրի հարաբերակցությունը, որտեղ այն տեղադրվում է։
- Հավասարակշռություն- բաղկացած է ֆիզիկական և տեսողական հավասարակշռությունից։ Ֆիզիկական հավասարակշռությունը նյութերի և քաշի հավասարաչափ բաշխումն է ողջ կոմպոզիցիայի մեջ, այն պետք է կայուն լինի և չփլվի։ Տեսողական հավասարակշռությունը ներդաշնակությունն ու հավասարակշռվածությունն է, որը ստեղծագործությունը փոխանցում է առաջին հայացքից։ Տեսողական հավասարակշռությունն ունի երեք տեսակ՝ սիմետրի, ասիմետրի,բաց։
- Կիզակետ- ձևավորման գլխավոր տարրը կամ այն առաջին բանը, որ գրավում է դիտողի հայացքը։
- Ռիթմ- ձևավորման տեսողական հոսքը։ Այն պետք է խրախուսի դիտողի հայացքը շարժվել դեպի ներս, դուրս, վեր ու վար՝ նայելով կոմպոզիցիային։ Այս սկզբունքը ձևավորվում է գույների, ձևերի, գծերի, հյուսվածքների և տարածությունների միջոցով։
- Ներդաշնակություն- ձևավորման մեջ օգտագործված գույների, նյութերի և հյուսվածքների հաճելի համադրությունը։
- Միասնություն- ամեն ինչ տեղադրված է սահմանվավ կերպով. այս սկզբունքը ձեռք է բերվում, երբ մյուս վեց սկզբունքները ճիշտ են գործածված։
Պետք է հիշել, որ ոչ բոլոր ձևավորումներում կօգտագործվեն այս յոթ սկզբունքները։ Օրինակ՝ ֆրանսիական բարոկկո և ռոկոկո ոճի ձևավորումները չունեին կիզակետ։ Ռոկոկոյի ձևավորումները նաև անտեսում էին համաչափությունը, քանի որ դրանք պետք է լինեին շատ ավելի բարձր, քան լայն։ Որոշ ավանդական ձևավորումներ անտեսում էին տարածությունը (և, հետևաբար, ռիթմի որոշ բաղադրիչներ)[2][5]։ Ժամանակակից աբստրակտ դիզայներները կարող են ընդհանրապես անտեսել այս յոթ սկզբունքները[7]։
Տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթ սկզբունքներից բացի, կան նաև հինգ տարրեր, որոնք ձևավորողը պետք է հաշվի առնի ծաղկեփունջը դասավորելիս։ Այդ հինգ տարրերն են[1][10][11][12]`
- Գիծ- ապահովում է ձևավորանքի կառուցվածքը և ձևը։ Գիծն ուղղություն է տալիս դիտողի աչքին՝ որոշելով ծաղկեփնջի ամբողջական կերպարը։ Այն կարող է լինել հստակ (ակնհայտ) կամ ենթադրյալ (առաջացած գույնի, երանգի կամ հյուսվածքի փոփոխությունների շնորհիվ)։ Գիծը օգնում է ստեղծել ձևավորման չափերը և ընդհանուր ձևը։
- Գույն- ծաղկեփնջի գունային համադրությունը։ Կան բազմաթիվ գունային սխեմաներ, օրինակ՝ միագույն, եռագույն, միանման կամ լրացնող գույների համադրություններ։ Տարբեր գունային սխեմաները տարբեր ազդեցություն են թողնում ծաղկեփնջի տրամադրության վրա։
- Ձև- ծաղկեփնջի բարձրությունը, լայնությունը և խորությունը։ Ձևն օգնում է ստեղծել ծաղկեփնջի ամբողջական կառուցվածքը՝ նույն կերպ, ինչպես գիծը։
- Տարածություն- ծաղիկների, տերևների և այլ բաղադրիչների միջև եղած հեռավորությունը։ Տարածությունը կարևոր է, որպեսզի ծաղիկները լինեն տեսանելի, և ամբողջ ձևավորումը չդառնա չափազանց խիտ, սեղմված, ցրված կամ դատարկ։
- Հյուսվածք- տարբեր ծաղիկների ու բաղադրիչների մակերևույթի յուրահատկությունը։ Հյուսվածքը ծաղկեփնջին տալիս է բազմազանություն և հետաքրքրություն։ Այն կարող է օգնել ձևավորել ռիթմ ծաղկեփնջում։ Հյուսվածքները լինում են հարթ, թոշնած, կոպիտ, փայլուն և այլն։
Նյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկային ձևավորման մեջ օգտագործվող նյութերի մեծ մասը թարմ կամ կենդանի է։ Թարմ նյութերը ներառում են ծաղիկներն ու տերևները։
Ծաղիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկները, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորման մեջ, բաժանվում են չորս տեսակների՝ ուղղահայաց, ձևային, խիտ և լրացնող ծաղիկներ։ Յուրաքանչյուր տեսակ նպաստում է դիզայնի որոշակի տարրի կամ սկզբունքի իրականացմանը[13][14]։
- Ուղղահայաց ծաղիկներ- այս ծաղիկներն ունեն երկար ցողուն, որի երկայնքով ծաղկում են բողբոջները։ Դրանք ստեղծում են ծաղկեփնջի ուրվագիծը և որոշում բարձրությունն ու լայնությունը։ Այս ծաղիկները կարող են լինել ուղիղ կամ բնականաբար կոր։ Նրանց ծաղիկները հաճախ ավելի խոշոր են ցողունի ներքևի մասում և աստիճանաբար փոքրանում են դեպի գագաթը, ինչը նպաստում է ձևավորման ռիթմին։ ՈՒղղահայաց ծաղիկների օրինակներ են՝ շանբերան, ոջլադեղ, լաթրիաս, թրաշուշան, շահոքրամ, եղեգն և կարճաբերձ ուռենի։
- Ձևային ծաղիկներ- այս ծաղիկները աչքի են ընկնում իրենց յուրահատուկ գույներով, հյուսվածքներով կամ նախշերով և առանձնանում են ձևավորման ընդհանուր միջավայրում։ Դրանք հաճախ օգտագործվում են որպես ծաղկեփնջի կենտրոնական կետ։ Ձևային ծաղիկների օրինակներ են՝ հիրիկ, կալա շուշան, անթուրիում և խոլորձ։
- Խիտ ծաղիկներ- ունեն մեկ ցողուն և նրա վրա՝ մեկ խիտ, կլորավուն ծաղկաթուփ։ Դրանք ծաղկեփնջին ավելացնում են ծավալ և տեսողական ծանրություն։ Խիտ ծաղիկներն օգտագործվում են հիմնական ուշադրություն գրավելու համար։ Այս կատեգորիայի ծաղիկները հաճախ համարվում են ձևավորման «աստղերը»։ Դրանք երբեմն համակցվում են միմյանց հետ, որպեսզի ստեղծվի բազմազանություն և խուսափեն միատեսակությունից։ Խիտ ծաղիկների օրինակներ են՝ մեխակ, քրիզանթեմ, մարգարտածաղիկ, հողմածաղիկ, գեորգենի, դրախտավարդ և վարդ։
- Լրացնող ծաղիկներ – բաղկացած են փոքր, բազմաթիվ ճյուղավոր ծաղիկներից։ Դրանք ծառայում են որպես լրացում՝ ծածկելով խիտ ծաղիկների միջև եղած բացերը և տալով ծաղկեփնջին լրացուցիչ չափս ու խորություն։ Լրացնող ծաղիկների օրինակներ են՝ բալեի շունչ և ծովային նարդոս։
Միևնույն ծաղիկը կարող է դասվել տարբեր կատեգորիաների՝ կախված նրա չափից ու կիրառությունից։ Օրինակ՝ քրիզանթեմը կարող է լինել ինչպես խիտ, այնպես էլ լրացնող ծաղիկ։ Անթուրիումը և խոլորձը երբեմն համարվում են և՛ ձևային, և՛ խիտ ծաղիկներ։
Այլ ծաղիկներ էլ կան որ, հաճախ օգտագործվում են ծաղկային ձևավորման մեջ, օրինակ` պերուական շուշան, զարդենի, ֆրեեզիա, գարդենիա, հակինթ, աճատերև, ոջլախոտ, նարդոս, եղրևանի, շուշան, լիմոնիում, լուպին, պիոն, բոցենի, պրոտեա, հրանուկ, թանթռիկ, ոսկեշիվ, արևածաղիկ, կակաչ և զինածաղիկ[15]։
Խոտաբույսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնպես, ինչպես ծաղիկները, խոտաբույսերն էլ կարելի է բաժանել նույն չորս կատեգորիաների։ Սովորաբար, դրանք օգտագործվում են՝ ընդգծելու և լրացնելու ծաղիկների ստեղծած ընդհանուր տեսքը[13]։
- Ուղղահայաց խոտաբույսեր - Այս տեսակն օգնում է կրկնել և ընդգծել այն գծերն ու ուղղությունները, որոնք ստեղծում են ուղիղ ծաղիկները։ Սա կոմպոզիցիայում ստեղծում է կրկնություն և ամբողջականություն։ Ինչպես ուղղահայաց ծաղիկները, դրանք նույնպես կարող են լինել ուղիղ կամ կոր։ Օրինակ՝ ձուկենի, կտավատ, սուսամբար, թրաձև պտեր։
- Ձևային խոտաբույսեր - այս խոտաբույսն առանձնանում է յուրահատուկ կառուցվածքով, նախշերով կամ գույներով, ինչի շնորհիվ այն ընդգծվում է ծաղիկների ձևավորման մեջ։ Ձևային խոտաբույսերը հաճախ օգտագործվում է տարածականության տպավորություն ստեղծելու համար, ինչպես նաև օգնում է ուղղորդել դիտողի ուշադրությունը դեպի կիզակետային մասը։ Օրինակ՝ էվկալիպտ, կալատեա, ձիաձետ դաշտային, դիֆենբախիա, գալաքսի։
- Խիտ խոտաբույսեր- դրանք ծառայում են նույն նպատակին, ինչ ծավալային ծաղիկները՝ ավելացնելով ծավալ և տեսողական կշիռ կոմպոզիցիային։ Բացի այդ, այն օգնում է լրացնել ծաղիկների միջև եղած դատարկ տարածքները և ծածկել ծաղիկների ձևավորման տեխնիկական տարրերը, օրինակ՝ ծաղկային սպունգը կամ ժապավենը։ Օրինակ՝ կաշվե տերևավոր պտեր, սալալ։
- Լրացնող խոտաբույսեր- այս խոտաբույսերը ծառայում են որպես լրացնող տարր, որը ստեղծում է ամբողջականություն և ներդաշնակություն կոմպոզիցիայում։ Կախված դրա կառուցվածքից, այն կարող է տարբեր տեսողական էֆեկտներ ստեղծել։ Օրինակ՝ պլումոզա ասպարագուս և սպրենգերի պտեր հաղորդում են թեթևություն ու փափկություն, մինչդեռ հապալասը և տոսախ ավելի կոպիտ կառուցվածք ունեն, ինչի շնորհիվ ստեղծում են հակադրություն։
Մեկ այլ նմանություն, որը դիտվում է խոտաբույսերի ու ծաղիկների դասակարգման մեջ, այն է, որ որոշ տեսակի խոտաբույսեր կարող են ներառվել մեկից ավելի կատեգորիաներում։ Կաշվե տերևավոր պտերը կարող են համարվել խիտ կամ ուղղահայաց խոտաբույսեր, իսկ ռուսկուսը կարող է դիտարկվել որպես ձևային անձրևաթերթ կամ ուղղահայաց խոտաբույսեր։
Այսօր ծաղիկների ձևավորման մեջ օգտագործվող այլ խոտաբույսեր ներառում են՝ իտալական ռուսկուս, իսրայելական ռուսկուս, տերեփուկ, մոնստերա, էվկալիպտ (ներառյալ արծաթե դոլար, գուննի, բեյբի բլյու տեսակները), տարբեր տեսակի պտերներ (օրինակ՝ ծառանման պտեր), կամելիա, ձիթենու ճյուղեր, սրոհունդ հատապտուղներ և պիտոսպոր[16]։
Պահպանված
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորացրած նյութերը, ինչպիսիք են կեղևը, փայտը, չոր ծաղիկները, չոր (և հաճախ բուրավետ) ծաղկաբույլերը, տերևները, տերևի կմախքները և այլ պահպանված նյութերը, ծաղիկների ձևավորման արվեստի և մեդիայի ընդլայնված տարրերն են։ Դրանք գործնական կարևորություն ունեն, քանի որ պահպանվում են անժամկետ և կախված չեն տարվա եղանակից։ Նրանց նյութերը կարող են լրացնել կամ հակադրվել թարմ ծաղիկներին ու խոտաբույսերին ՝ ստեղծելով յուրահատուկ ազդեցություններ ու ասոցիացիաներ։
Գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղիկների կոմպոզիցիա ստեղծելու համար ֆլորիստը պետք է օգտագործի բազմաթիվ գործիքներ։ Ընդհանուր առմամբ, առավել տարածված գործիքներն են՝ ծաղիկների ժապավենը, ծաղիկներն ամուր պահող հարմարանքը, սոսինձը, կպչուն ժապավենը, կտրող գործիքները, ծաղկային սպունգը, տարաները և մետաղալարը[17][18]։
Ծաղկամաններն ու այլ տարաները նախատեսված են կոմպոզիցիան պահելու համար։ Դրանք հաճախ կարևոր նշանակություն են ունենում վերջնական տեսքի ձևավորման մեջ և լինում են տարբեր ձևերի ու չափերի՝ համապատասխանելու տարբեր նախագծերին։
Ծաղկային սպունգը խիտ կառուցվածքով փրփուրից պատրաստված նյութ է, որը խոնավություն է պահպանում և ապահովում ծաղիկների կայուն դիրքը։ Որոշ տեսակների ծաղկային սպունգ համար կան հատուկ տարաներ, որոնց մեջ այն պարզապես տեղադրվում է առանց լրացուցիչ ամրացման։ Սակայն այն հնարավոր է կտրել ցանկացած ձևի ու տեղադրել ցանկացած տարայի մեջ։ Վերջին տարիներին ծաղկային փրփուրի օգտագործումը դարձել է վեճերի առարկա՝ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության և չթրջված փրփուրից առաջացող փոշու հնարավոր վնասակարության պատճառով։ Այնուամենայնիվ, ծաղկային փրփուրը դեռևս մնում է ֆլորիստիկայի կարևոր գործիքներից մեկը[19]։
Կտրող գործիքները, ինչպիսիք են ծաղիկների դանակները, մկրատները, էտիչները ու ժապավենի մկրատները, օգտագործվում են ֆլորիստիկայում տարբեր նյութեր կտրելու համար։ Դանակները կարող են կիրառվել ծաղիկների կամ ծաղկային սպունգերի կտրման համար։ Մկրատները և էտիչները նույնպես կարող են օգտագործվել տերևներն ու ծաղիկները կտրելու կամ ձևավորելու համար։ Ժապավենի մկրատները նախատեսված են ժապավեն և պարան կտրելու համար[20]։
Կպչուն նյութերը ներառում են ծաղկային ժապավենը, կպչուն ժապավենը, ծաղկային սոսինձը (հայտնի է նաև որպես սառը սոսինձ) և տաք սոսինձը։ Ծաղկային ժապավենը հիմնականում օգտագործվում է ծաղիկները միասին ամրացնելու կամ կոմպոզիցիայի տեխնիկական մասերը ծածկելու համար, հատկապես, երբ պատրաստվում են կրծքածաղիկներ կամ ձեռքի ծաղկեփնջեր։ Կպչուն ժապավենը օգտագործվում է ծաղկամաններում ցանցաձև նախշ ստանալու համար, ինչը թույլ է տալիս ծաղիկներն ու տերևածածկը մնալ իրենց տեղում։ Այն կարող է նաև կիրառվել ծաղկային սպունգը տարայի մեջ ամրացնելու համար։ Սառը սոսինձը նախատեսված է թարմ, կենդանի ծաղիկները միմյանց կամ կոմպոզիցիայի մեջ ամրացնելու համար։ Տաք սոսինձը կիրառվում է ոչ կենդանի նյութերը իրար կամ որևէ հիմքի վրա ամրացնելու համար[21]։
Մետաղալարը ֆլորիստիկայում օգտագործվում է տարբեր նպատակներով։ Այն կարող է ծառայել ժապավենները ամրացնելու, վնասված ցողունները վերականգնելու կամ թույլ ու փափուկ նյութերին ամրություն հաղորդելու համար։ Մետաղալարը հասանելի է տարբեր հաստությունների՝ նախատեսված տարբեր կիրառությունների համար։
Ծաղկակալները սարքեր են, որոնք պահում են ծաղիկներն ուղղահայաց դիրքում։ Դրանք սովորաբար ունեն անցքեր, որոնց մեջ տեղադրվում են ծաղիկները, կամ փշեր, որոնց վրա ամրացվում է կտրած ծաղկի ցողունը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության և ծաղիկների նկատմամբ աճող հետաքրքրության պատճառով ծաղկային արդյունաբերությունը շարունակում է ընդլայնվել։ Ծաղկային ձևավորման ուսուցում տրամադրող կրթական հաստատությունների թիվն աճել է՝ ներառելով պետական համալսարաններ, սերտիֆիկացված դիզայներական դպրոցներ և նույնիսկ միջնակարգ դպրոցներ ամբողջ աշխարհում։ Այս դպրոցներում դասավանդվում են ծաղկային կոմպոզիցիաների ստեղծման տեխնիկաներ, բույսերի ճանաչում, թարմ և չորացրած բույսերի խնամք, ծաղկի խանութի գործառույթների կառավարում, ինչպես նաև ծաղիկների պատվերների ձևավորում և ընդունում։ Այս ծրագրերի մեծ մասը ուսանողներին տրամադրում է սերտիֆիկատներ կամ դիպլոմներ ծաղկային ձևավորման, խանութի կառավարման կամ արհեստագործության ոլորտներում։

Ծաղկային ձևավորման դասընթացները սովորաբար ավելի էժան են, քան բարձրագույն կրթության ծրագրերի մեծ մասը, և դրանց արժեքը կարող է տատանվել 125 ԱՄՆ դոլարից մինչև ավելի քան 25,000 ԱՄՆ դոլար։ Դասընթացների մեծ մասը տևում է մոտ վեցից տասնութ ամիս[22]։
Հետևյալ ցանկում ներկայացված են դպրոցներ և կազմակերպություններ, որոնք առաջարկում են ծաղկային ձևավորման դասընթացներ[22][23]
- Ռիտներսի ծաղկային ձևավորման դպրոց
- Տեխասի Տեխնիկական համալսարանի ծաղկային ձևավորման դպրոց
- Գոլդեն Ուեսթ քոլեջ
- Էն Արանդելի համայնքային քոլեջ
- Նյու Յորքի արվեստի և դիզայնի ինստիտուտ
- Ամերիկյան ծաղկային ձևավորողների ինստիտուտ
- Կալիֆորնիայի Պոլիտեխնիկական պետական համալսարան
- Միսիսիպիի պետական համալսարան
- Լոնդոնի ծաղկային դպրոց
- Ջուդիթ Բլաքլոքի ծաղիկների դպրոց
- Հոնկոնգի ծաղկային ձևավորման ակադեմիա
- Նոբլմենի ծաղկային ձևավորման դպրոց
Հասարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկի խանութներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղկի խանութները այն գործարար հաստատություններն են, որոնք ստեղծում և վաճառում են ծաղկային կոմպոզիցիաներ։ Դրանք սովորաբար ունեն ծաղիկների և բույսերի մեծ տեսականի, որոնք օգտագործվում են նախապես պատրաստված կամ պատվերով կոմպոզիցիաների ստեղծման համար։ Ծաղկի խանութները հիմնականում իրենց առևտրի մեծ մասը իրականացնում են հետևյալ տոների և իրադարձությունների ընթացքում․ Սուրբ Ծնունդ, Սուրբ Վալենտին, Ադմինիստրատիվ աշխատողների օր, միամսյակ, Հոգեհանգիստ, Գալստյան տոն, Զատիկ, հարսանիքներ և հուղարկավորություններ։
Ծաղկի խանութներում ներառված են նաև ֆլորիստիկայի մյուս կողմերը, ներառյալ մարքեթինգը, ծաղիկների գնումն ու վաճառքը, արտադրությունը և այլ գործառույթներ։
Փողոցային վաճառականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն փողոցային վաճառականները, որոնք վաճառում են ծաղիկներ և ծաղկային կոմպոզիցիաներ, կոչվում են ծաղկավաճառներ։ Ծաղկավաճառները մեծ տարածում ունեն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեքսիկան, Հնդկաստանը, Վիետնամը, ինչպես նաև ԱՄՆ-ի հարավարևմտյան նահանգները։
Ասոցիացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորիստիկայի ոլորտում գործող հայտնի միջազգային կազմակերպություններից են՝ Ամերիկյան ծաղկային ձևավորողների ինստիտուտը, Ամերիկյան ֆլորիստների ընկերությունը և Ծաղկային ձևավորման ազգային ասոցիացիաների միությունը։ ԱՄՆ-ում գործում են նաև ծաղկաբուծության և ծաղկային ձևավորման բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ընդգրկում են գրեթե բոլոր 50 նահանգները[24]։ Այս ասոցիացիաները նպաստում են ծաղկային ձևավորման զարգացմանը՝ կազմակերպելով վարպետության դասեր, համաժողովներ, ծաղկային ցուցադրություններ և սեմինարներ[25]։
Դիզայներներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրաճանաչ ծաղկային դիզայներներից են՝ Դանիել Օստը, Ջունիչի Կակիզակին, Պաուլա Փրայքը, Ֆիլ Ռուլոդան, Քեթրին Քոնլին, Քոնստանս Սփրայը, Ջենիֆեր ՄակԳարիգլը, Ջուդիթ Բլաքլոքը, Սթենլի Գատին, Այրին Հեյսը, Ջուլիա Քլեմենցը, Ազումա Մակոտոն, ինչպես նաև Սպիտակ տան գլխավոր ծաղկային դիզայները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Book of Floral Terminology, AIFD
- 1 2 3 4 5 6 Vagg, Daphne (2006). PERIOD FLOWER ARRANGING. National Association of Flower Arrangement Societies.
- 1 2 «Floral decoration». Encyclopædia Britannica. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
- 1 2 3 4 5 6 Berrall, Julia S. (1953 թ․ հունվարի 1). A History of Flower Arrangement. The Saint Austin Press.
- 1 2 3 4 5 Hannay, Frances J. (1948). Period Flower Arrangements. National Council Books, Inc.
- ↑ «Floral Styles and Designs» (PDF). Garden Club of Virginia. 2015 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 24-ին.
- 1 2 Curtis, Christina D. (2004). Contemporary Floral Design. National Association of Flower Arrangement Societies.
- ↑ Healey, Deryck (1986). The New Art of Flower Design. Villard Books.
- ↑ «Floral Design Institute | Floral Design Styles |». www.floraldesigninstitute.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- 1 2 Lersch, Gregor (1999). Principles of Floral Design. Donau Verlag Kriener & Potthoff KG.
- 1 2 Johnson, James. «Principles of Design» (PDF). Texas State Florists’ Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
- ↑ Dicks, Lori. «Elements of Floral Design». Արխիվացված է օրիգինալից 2023-06-04-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
- 1 2 https://www.ecisd.net/site/handlers/filedownload.ashx?moduleinstanceid=7707&dataid=11229&FileName=8943-A.pdf Արխիվացված 2023-11-06 Wayback Machine, FORMS AND FUNCTIONS OF FLOWERS AND FOLIAGES USED IN FLORAL DESIGNS, Instructional Materials Service.
- ↑ «Floral Design curriculum Chapter 2» (PDF). Texas State Florists’ Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
- ↑ «List of Common Florist Flowers». We Love Florists. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
- ↑ Neary, Kayla (2019 թ․ նոյեմբերի 21). «Green Foliage: Eleven Varieties to Pair with Flowers». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 24-ին.
- ↑ «10 Floral Tools Every Florist Should Have». Floranext. 2021 թ․ հունիսի 23.
- ↑ «Essential Floral Tools and How to Use Them». Walden Floral. 2021 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
- ↑ Feldmann, Rita (2019 թ․ նոյեմբերի 27). «Floral Foam – the impact on our environment». Flowers Magazine. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Using a Knife to Cut Fresh Flowers». Mississippi State University. Արխիվացված է օրիգինալից 2025-03-21-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
- ↑ «WHY AND HOW TO GLUE PROM (AND OTHER) FLOWERS». OASIS Floral Products. 2019 թ․ մարտի 25.
- 1 2 «Floral Design Schools and Colleges in the US». Thursd. 2022 թ․ դեկտեմբերի 28.
- ↑ «The Best Florist Schools In The World». Onya Magazine. 2020 թ․ ապրիլի 28.
- ↑ https://endowment.org/associations-industry-organizations/, Associations and Industry Organizations
- ↑ Kruchmol, Connie. «Revolutionary Wiggy Flowers». Bella Online—The Voice of women. Bella Online. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.