Jump to content

Խորվաթիայի անկախ պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորվաթիայի անկախ պետություն
Խորվաթիայի դրոշ Զինանշան


Կարգավիճակպատմական պետություն և մարիոնետային պետություն
Պետական լեզուխորվաթերեն
ՄայրաքաղաքԶագրեբ
Պետական կարգՌազմական բռնապետություն
Երկրի ղեկավարPrince Aimone, 4th Duke of Aosta? և Անտե Պավելիչ
Ազգաբնակչություն6 640 000 մարդ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՀիմնԽորվաթիայի օրհներգ
Հիմնադրված էապրիլի 10, 1941 թ.
ԱրժույթIndependent State of Croatia kuna?
Անկախ Խորվաթիայի պետության տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբարները

Խորվաթիայի Անկախ պետություն (խորվ.՝ Nezavisna Država Hrvatska), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի խամաճիկային[1][2][3] կոլաբորացիոնիստական պետություն՝ նացիստական Գերմանիայի և Ֆաշիստական Իտալիայի (մինչև 1943 թվականը) արբանյակ, որը հռչակվել է ուստաշների կողմից 1941 թվականի ապրիլի 10-ին «առանցքի» երկրների և նրանց դաշնակիցների ռազմական ու քաղաքական աջակցությամբ՝ Հարավսլավիայի օկուպացված տարածքի մի մասում։ 1941 թվականին այն ունեցել է 6,64 միլիոն բնակչություն և զբաղեցրել է 102,7 հազար կմ² տարածք[4]։

Իր գոյության ողջ ընթացքում Խորվաթիայի անկախ պետությունը կառավարվել է որպես միակուսակցական պետություն ուստաշական ֆաշիստական կազմակերպության կողմից։ Ռեժիմը հետապնդել է սերբերին, հրեաներին և գնչուներին լայնածավալ ցեղասպանության շրջանակներում, ինչպես նաև հակաֆաշիստական կամ այլախոհ խորվաթներին և բոսնիացի մուսուլմաններին[5][6]։ Ըստ Սթենլի Փեյնի՝ «Անկախ Խորվաթիայի պետության հանցագործությունները իրենց մասշտաբներով զիջում էին միայն նացիստական Գերմանիայի, Կամբոջայի Կարմիր կհմերների և որոշ ծայրահեղ ցեղասպան աֆրիկյան ռեժիմների հանցագործություններին»[7]։  1941-1945 թվականներին Անկախ Խորվաթիայի պետության վերահսկողության տակ գտնվող տարածքում գոյություն ունեին 22 համակենտրոնացման ճամբարներ։ Դրանցից ամենամեծը Յասենովացն էր, որտեղ (ըստ տարբեր գնահատականների) սպանվել է 83.000-ից մինչև 100.000-ից ավելի մարդ[8][9][10][11]։ Երկու ճամբարներում՝ Յաստրեբարսկոյում և Սիսակում, միայն երեխաներ էին[5][12]։

Նոր պետության կազմում ընդգրկվեց ժամանակակից Խորվաթիայի մի մասը՝ առանց Իստրիայի ևԴալմաթիայի մեծ մասի, ինչպես նաև ամբողջ ժամանակակից Բոսնիա և Հերցեգովինան, Սլովենիայի որոշ շրջաններ և Սրեմը։ Ամբողջ Իստրիան ևԴալմաթիայի մեծ մասը (Շիբենիկ և Սպլիտ քաղաքներով) Հռոմի համաձայնագրերով (կնքված Իտալիայի և Խորվաթիայի անկախ պետության կառավարությունների միջև 1941 թվականի մայիսի 18-ին) ներառվեցին Իտալիայի Թագավորության կազմում։ Խորվաթիայի անկախ պետությունը արևմուտքում և հարավ-արևելքում սահմանակից էր Իտալիային, հյուսիսում՝ Գերմանիային և Հունգարիայի Թագավորությանը, արևելքում՝ Սերբիային (Ազգային փրկության կառավարություն) և Չեռնոգորիային, որը իտալական պրոտեկտորատ էր։

Իտալիայի կապիտուլյացիայից հետո գերմանական կառավարությունը Հռոմի համաձայնագրերը հայտարարեց անվավեր և Դալմաթիան միացրեց Խորվաթիային։ Սակայն Իստրիան, ինչպես նաև դալմաթական Զադար քաղաքը, որը միջպատերազմյան ժամանակաշրջանում իտալական անկլավ էր, գրավվեցին Գերմանիայի կողմից և չէին մտնում Խորվաթիայի անկախ պետության կազմի մեջ։

Երկրում սկսվեց տեռոր, որն ուղղված էր հիմնականում ուղղափառ սերբերի, ինչպես նաև հրեաների և գնչուների դեմ։ Զանգվածային ոչնչացումների արդյունքում (Խորվաթիայի անկախ պետության տարածքում գոյություն ունեին համակենտրոնացման ճամբարներ) Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Խորվաթիայի անկախ պետության տարածքում, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է 330,000-ից մինչև 1.2 միլիոն սերբ[13]։ Բրանիմիր Ստանոևիչի «Ուստաշական մահվան նախարարը» գրքում նշվում է, որ Խորվաթիայի անկախ պետությունում 1941-1945 թվականներին զոհվել է 800 հազար մարդ։

Սերբերի ֆիզիկական ոչնչացման փորձը վերածվեց զինված դիմադրության։ Արդյունքում Խորվաթիայի անկախ պետության կառավարությունը փաստացի երբեք չի վերահսկել իր տարածքի զգալի մասը. իր գոյության ողջ ժամանակահատվածում երկրում քաղաքացիական պատերազմ էր ընթանում կոմունիստների և չետնիկների պարտիզանական ջոկատների և Խորվաթիայի անկախ պետության ու գերմանա-իտալական զորքերի միջև։

1944 թվականի վերջին Խորվաթիայի անկախ պետության և գերմանական զորքերի վերահսկողության տակ էին միայն մի շարք խոշոր քաղաքներ, ինչպես նաև առավել կարևոր ավտոմոբիլային ճանապարհներ և դրանց երկայնքով փոքր տարածքներ[14]։

Խորվաթական զորքերը մասնակցել են Արևելյան ճակատի մարտական գործողություններին՝ նացիստական Գերմանիայի կողմից։ 1943 թ. Ստալինգրադի տակ գերեվարված խորվաթներից ձևավորվել են խորհրդամետ զորամասեր։

1944թ. հուլիս-օգոստոսին ծագեց Լորկովիչ-Վոկիչի դավադրությունը, որի ընթացքում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ փորձեցին կոալիցիոն կառավարություն ձևավորել Օգուստ Կոշուտիչի գլխավորությամբ, ով պատերազմից առաջ հայտնի Գյուղացիական կուսակցության առաջնորդ Վ. Մաչեկի տեղակալն էր, որը կխզեր դաշինքը Գերմանիայի հետ և դուրս կգար պատերազմից։ Դավադիրների կողմից ակտիվ գործողությունների սկսվելուց առաջ նրանք բոլորը ձերբակալվեցին, իսկ 1945թ. մայիսին նրանց մի մասը մահապատժի ենթարկվեց (Կոշուտիչը փախավ)։

1945 թվականի մայիսի 6-ին, երբ գերմանական բանակը գրեթե ամբողջությամբ նահանջել էր Բալկաններից, խորվաթական կառավարությունը լքեց Զագրեբը։ Նույն ամսում Իոսիպ Բրոզ Տիտոյի հրամանատարությամբ Հարավսլավիայի Ժողովրդական ազատագրական բանակը լիակատար վերահսկողություն հաստատեց Խորվաթիայի անկախ հանրապետության տարածքի վրա։

Պետական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստացի պետությունը իր ամբողջ պատմության ընթացքում ղեկավարում էր ուստաշի կուսակցության «պոգլավնիկը» (առաջնորդը)՝ Անտե Պավելիչը։ Առաջին երկու տարիների ընթացքում Խորվաթիայի անկախ պետության ձևական ղեկավարը համարվում էր թագավորը, որը 1941թ. հռչակվեց Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուել III-ի զարմիկ՝ Սպոլետոյի դուքս Այմոնեն, որը վերցրեց Տոմիսլավ II անունը՝ ի պատիվ Խորվաթիայի առաջին թագավորի։ Միապետը երբեք չի այցելել իր «տիրույթները»։ 1943թ. հոկտեմբերին, Իտալիայի թագավորական ընտանիքի՝ դաշնակիցների կողմը անցնելուց և Իտալիայի կապիտուլյացիայից հետո, նա հրաժարվեց գահից, որից հետո մինչև Խորվաթիայի անկախ պետության գոյության ավարտը Խորվաթիայի գահը մնաց թափուր, իսկ Պավելիչը պաշտոնապես ստանձնեց պետության ղեկավարի լիազորությունները։ Այս կապակցությամբ ստեղծվեց վարչապետի պաշտոնը, որը մինչև պետության գոյության ավարտը զբաղեցնում էր տարեց իրավաբան Նիկոլա Մանդիչը (մինչ այդ կառավարության ղեկավար էր համարվում «պոգլավնիկը»)։

Ներկայացուցչական մարմինը Խորվաթական Պետական Սաբորն էր (Hrvatski državni sabor): Բարձրագույն դատական ատյանը՝ Գերագույն Դատարանն էր (vrhovni sud), վերաքննիչ ատյանի դատարանը՝ բանական տրիբունալը (banski stol), առաջին ատյանի դատարանը՝ ժուպանական տրիբունալները (župske sudbene stolove), դատական համակարգի ստորին օղակը՝ շրջանային դատարանը (kotarska suda):

Խորվաթիայի անկախ պետությունը Հարավսլավիայում հաստատված օկուպացիոն համակարգի մի մասն էր։ Սակայն այն ուներ պետության իրական հատկանիշներ և որոշակի ինքնուրույնություն ներքին քաղաքականության իրականացման մեջ։ Խորվաթական բնակչության լայն շերտերը դրանում տեսնում էին ազգային պետականության իրականացում։ Ռուս պատմաբան Լեոնիդ Գիբիանսկու կարծիքով, Խորվաթիայի անկախ պետությանն աջակցում էր խորվաթական բնակչության մեծամասնությունը և բոսնիական մուսուլմանների մի մասը։ Ուստաշիների իշխանությունը իրենից ներկայացնում էր ռադիկալ-ազգայնական ռեժիմ՝ ուժեղ տոտալիտար գծերով։ Ուստաշիները և նրանց գաղափարախոսությունը նոր պետությունում զբաղեցրեցին բացարձակ մենաշնորհային դիրք։ Բոլոր քաղաքական կուսակցությունները և հասարակական շարժումները արգելվեցին։ Որպես փոխարինում ստեղծվեց պաշտոնական հասարակական կազմակերպությունների համակարգ, այդ թվում՝ երիտասարդական, կանանց և այլն, որոնք կամ ուստաշական շարժման մասն էին, կամ լիովին վերահսկվում էին նրա կողմից։ Միայն շարժման անդամները կարող էին զբաղեցնել կարևոր պետական պաշտոններ[15]։

Խորվաթիայի անկախ պետությունը իր գոյության առաջին իսկ օրերից սկսեց սերբերի, հրեաների և գնչուների ցեղասպանությունը։

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթական տունը պաշտպանող զորքերի (Խորվաթական ինքնապաշտպանական ուժերի) ձևավորումը սկսվել է 1941 թվականի ապրիլին՝ պետության ստեղծման հետ միասին։ Խորվաթական բանակը հիմնականում մասնակցել է հարավսլավական պարտիզանների դեմ պայքարին։ 1945 թվականի մայիսին խորվաթական բանակի ընդհանուր թվաքանակը հասել է 200 000 մարդու։ 1945 թվականի մայիսին Հարավսլավիայի Ժողովրդական ազատագրական բանակի ուժերի առաջխաղացման հետ խորվաթական բանակի մեծ մասը նահանջել է Ավստրիա, որտեղ փորձել է հանձնվել դաշնակիցներին, սակայն նրանք հրաժարվել են ընդունել նրանց գերության մեջ և հանձնել են պարտիզաններին։ Բլայբուրգյան ջարդի ընթացքում զոհվել են տասնյակ հազարավոր խորվաթ կոլաբորացիոնիստներ, խորվաթական զինված ուժերի նախկին անդամների զգալի մասը հայրենադարձվել է Հարավսլավիա, որտեղ դատի է տրվել[16]։ Առանձին ստորաբաժանումները շարունակել են դիմադրությունը մինչև 1945 թվականի մայիսի կեսերը[17]։

Խորվաթ կամավորականներից կազմավորվել էին վերմախտի երեք գերմանական դիվիզիաներ (369-րդ, 373-րդ, 392-րդ), 13-րդ լեռնային ՍՍ դիվիզիա «Հանջար», 369-րդ հետևակային գունդ (Խորվաթական լեգիոն), խորվաթական օդային և ծովային լեգիոններ։ Վերջին երեքը մասնակցել են արևելյան ճակատի պատերազմին։ Նաև որոշ թվով խորվաթներ ընդգրկված էին գերմանական և իտալական զինված ուժերի այլ միավորումներում[18].

1941 թվականի հուլիսից գոյություն ուներ նաև այսպես կոչված «Իտալա-խորվաթական լեգիոնը» (կամ «Թեթև մոտորիզացված բրիգադ»), որը ստեղծվել էր Մուսոլինիի նախաձեռնությամբ։ Բրիգադը ղեկավարում էր գնդապետ Էգոն Զիտնիկը։ Նրա թվաքանակը կազմում էր 1215 մարդ (45 սպա, 70 ենթասպա, 1100 շարքային)։ 1941 թվականի աշնանը բրիգադը ներգրավված էր պարտիզանների դեմ պայքարում, իսկ 1942 թվականի մարտին մեկնեց խորհրդա-գերմանական ճակատ, որտեղ մտավ իտալական 8-րդ բանակի 3-րդ հեծելազորային դիվիզիայի «Արքայազն Ամեդեո, դուքս դ՛Աոստա» կազմի մեջ։ Մայիսի 7-ին բրիգադը առաջին անգամ մտավ մարտի մեջ և մասնակցեց գերմանական ամառային հարձակմանը։ Սեպտեմբերի սկզբին բրիգադը տեղափոխվեց Ստալինգրադի տակ, որտեղ նրա կորուստները սկսեցին արագորեն աճել, իսկ դեկտեմբերի 19-ից 25-ը խորհրդային հակահարձակման ընթացքում շրջապատման մեջ հայտնվեց և գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց։ Պաշտոնապես լուծարվել է 1943 թվականի մարտին[19]։

Карта оккупационных зон в НГХ (1941—1943)
Карта оккупационных зон в НГХ (1941—1943)

Գրեթե ամբողջ պատերազմի ընթացքում խորհրդա-գերմանական ճակատում գործում էին խորվաթական զինվորական ստորաբաժանումներ, որոնք մեծ կորուստներ կրեցին՝ ավելի քան 5000 զոհ և առնվազն 1000 գերի[19][20].

Խորվաթիայի անկախ պետության օրենքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե Խորվաթիայի անկախ պետության իշխանությունները ցանկանում էին ստեղծել պետություն, որը նախ և առաջ բաղկացած էր խորվաթներից, իսկ հետո՝ կաթոլիկներից, ապա Խորվաթիայի Կաթոլիկ եկեղեցին առաջին տեղում դնում էր հենց կաթոլիկացումը։ Երկու գաղափարները միաձուլվեցին մեկի մեջ՝ կաթոլիկները հայտարարվեցին խորվաթներ։ Գոյություն ունի նաև Խորվաթիայի անկախ պետության ՆԳՆ-ից դուրս եկած փաստաթուղթ, ըստ որի բոլոր ուղղափառ սերբերը, ովքեր ընդունել են կաթոլիկություն, համարվում էին խորվաթներ[21]։

1941 թվականի ապրիլին արգելվեց կիրիլիցայի օգտագործումը մասնավոր և հասարակական կյանքում[21]։

«Խորվաթական ազգայնության մասին» հրամանագրի համաձայն՝ քաղաքացիության իրավունք ունեին միայն արիական ծագում ունեցող անձինք. սերբերը և, բնականաբար, հրեաներն ու գնչուները այդպիսին չէին ճանաչվել[22]։

1941 թվականի ապրիլին նաև կարգադրություն արվեց, որ սերբերը պարտավոր են հագուստի վրա կրել առանձնահատուկ ճանաչման նշան՝ կապույտ թևկապ «Պ» տառով, որը նշանակում էր «ուղղափառ»։ Այնուամենայնիվ, Տատյանա Պուշկադիա-Ռիբկինան (Խորվաթիայի Ազգային արխիվի նախկին աշխատակից) պնդում է, որ ոչ արխիվային փաստաթղթերում, ոչ էլ պաշտոնական մամուլում համապատասխան կարգադրություններ չեն հայտնաբերվել, ինչը սակայն չի նշանակում, որ նման բան տեղերում չի եղել։ Նրա ծանոթի հուշերի համաձայն, այդպիսի թևկապեր կրում էին Վիրովիտիցա քաղաքում (ժամանակակից Խորվաթիայի արևելքում), սակայն որոշ ժամանակ անց դրանց կրելը չեղյալ է հայտարարվել[21]։

Հակասեմիտական նորմերի համաձայն, որոնք սահմանվել էին Զագրեբի հրեաների համար, հրեաներին խստիվ արգելվում էր լքել Զագրեբը, նրանք իրավունք ունեին գնումներ կատարել միայն հրեական խանութներում (բոլոր հրեական խանութների վրա պետք է տեղադրված լիներ հատուկ ցուցանակ), բոլոր հրեաներին արգելվում էր զբոսնել քաղաքի՝ հրեաների համար արգելված գոտիներում[23]։

Այնուամենայնիվ, կիսով չափ հրեա մարդիկ կարող էին ճանաչվել արիացիներ որոշակի պայմաններում, օրինակ՝ Պոգլավնիկի կինը՝ Մարա Պավելիչը (նրա մայրը հրեական արյուն ուներ) ճանաչվել էր արիուհի, քանի որ նա կաթոլիկ էր և ամուսնացել էր արիացու հետ։ Հրեան նույնիսկ կարող էր դառնալ ոչ հրեա՝ անցնելով որոշակի ձևական ընթացակարգեր։ Կային նաև հրեաներ, ովքեր ստացել էին այսպես կոչված «պատվավոր արիացիների» կարգավիճակ. նրանք չէին կարող դառնալ լիիրավ արիացիներ, սակայն նրանց ժամանակավորապես տրվում էին արիական իրավունքներ[24]։

1941 թվականի հունիսի 2-ին հրաման է տրվել Խորվաթիայի անկախ պետությունումում բոլոր սերբական ուղղափառ ժողովրդական դպրոցների և մանկապարտեզների լուծարման մասին[21]։

Ցեղասպանության քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Իրինա Օգնյանովան հայտարարել է, որ Անկախ Խորվաթիայի պետության և Երրորդ Ռեյխի միջև նմանությունը կայանում էր նրանում, որ ահաբեկչությունն ու ցեղասպանությունը անհրաժեշտ էին պետության պահպանման համար։ Մայքլ Ֆեյերը բացատրել է, որ Խորվաթիայում ցեղասպանությունը սկսվել է նախքան նացիստների կողմից եվրոպական հրեաներին ոչնչացնելու որոշում կայացնելը, իսկ Ջոնաթան Սթեյնբերգը հայտարարել է, որ Խորվաթիայի անկախ պետության-ում սերբերի դեմ հանցագործությունները «Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում առաջին լիակատար ցեղասպանության փորձն էին»[25]։ Զագրեբ ժամանելու իր առաջին օրը Անտե Պավելիչը հռչակեց օրենք, որը գործում էր ՆԳՀ-ի գոյության ողջ ընթացքում։ 1941 թվականի ապրիլի 17-ին ընդունված օրենքը սահմանում էր, որ բոլոր մարդիկ, ովքեր վիրավորել են կամ փորձել են վիրավորել խորվաթական ազգը, մեղավոր են պետական դավաճանության մեջ՝ հանցագործություն, որը պատժվում է մահապատժով[26]։ Մեկ օր անց՝ ապրիլի 18-ին, հրապարակվեց առաջին խորվաթական հակասեմական ռասայական օրենքը։ Այս օրենքը հրեական բնակչության շրջանում խուճապ չառաջացրեց, քանի որ նրանք կարծում էին, որ դա պարզապես Հարավսլավիայի թագավորության հակասեմական օրենքների շարունակությունն է, որոնք հռչակվել էին 1939 թվականին։ Սակայն իրավիճակը արագ փոխվեց ապրիլի 30-ին, երբ հրապարակվեց «Արիական ռասան»։ Ռասայական օրենսդրության կարևոր մասն էին կրոնափոխության մասին օրենքները, որոնց հետևանքները հասկանալի չէին բնակչության մեծամասնության համար, երբ դրանք հրապարակվեցին 1941 թվականի մայիսի 3-ին։ Հետևանքները պարզ դարձան կրթության նախարար Միլե Բուդակի հուլիսյան ելույթից հետո, որում նա հայտարարեց. «Մենք կսպանենք բոլոր սերբերի մեկ երրորդը։ Մյուս երրորդին մենք կարտաքսենք, իսկ մնացածին կստիպենք կաթոլիկություն ընդունել»։ Ռասայական օրենքները գործում էին մինչև 1945 թվականի մայիսի 3-ը[26]։

Անկախ Խորվաթիայի պետության կառավարությունը համագործակցում էր Նացիստական Գերմանիայի հետ Հոլոքոստի ընթացքում և իրականացնում էր ցեղասպանության իր սեփական տարբերակը իր սահմաններում բնակվող էթնիկ սերբերի նկատմամբ։ Սերբերի նկատմամբ պետական քաղաքականությունը առաջին անգամ հայտարարվեց 1941 թվականի մայիսի 2-ին Խորվաթիայի անկախ պետության Օրենսդրական կոմիտեի նախարար Միլովան Ժանիչի խոսքերով. «Այս երկիրը կարող է լինել միայն խորվաթական երկիր, և չկա մի մեթոդ, որը մենք չէինք օգտագործի այն իսկապես խորվաթական դարձնելու և սերբերից մաքրելու համար, ովքեր դարեր շարունակ մեզ վտանգի են ենթարկել և կրկին կվտանգեն մեզ, եթե նրանց այդպիսի հնարավորություն ընձեռվի»։ Տարբեր գնահատականներով, 320.000-340.000 սերբ, 30.000 խորվաթ հրեա և 30.000 գնչու սպանվել են Խորվաթիայի անկախ պետության գոյության ընթացքում, այդ թվում՝ 77.000-ից 99.000 սերբ, բոսնիացի, խորվաթ, հրեա և գնչու՝ սպանված Յասենովաց[27] համակենտրոնացման ճամբարում, մինչդեռ մոտ 300.000 սերբ արտաքսվել են Խորվաթիայի անկախ պետությունից։

Թեև ուստաշների հիմնական նպատակը սերբերի հետապնդումն էր, նրանք նաև մասնակցել են հրեական և գնչուական բնակչության ոչնչացմանը։ Խորվաթիայի անկախ պետությունը շեղվել է նացիստական հակասեմիտական քաղաքականությունից՝ խոստանալով որոշ հրեաների պատվավոր արիական քաղաքացիություն, եթե նրանք պատրաստ լինեն ծառայության անցնել և կռվել Խորվաթիայի անկախ պետության համար[28]։ Խորվաթ պատմաբան Իվո Գոլդշտեյնը հաշվարկել է, որ Խորվաթիայի անկախ պետությունում սպանվել է նաև 135,000 խորվաթ, հիմնականում որպես իրական կամ ենթադրյալ կոլլաբորացիոնիստներ (սպանված պարտիզանների կողմից), 19,000-ը մահացել են բանտերում կամ ճամբարներում՝ որպես ուստաշական ռեժիմի հակառակորդներ, և 45,000-ը զոհվել են որպես պարտիզաններ։

Սերբերը Անկախ Խորվաթիայի պետությունում կրել են Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամենամեծ կորուստներից մեկը։ Քաղաքագետ Ռուդոլֆ Ռամմելն իր «դեմոցիդի» մասին գրքում Անկախ Խորվաթիայի պետությունը անվանել է 20-րդ դարի ամենամահաբեր ռեժիմներից մեկը[29]։ Այնուամենայնիվ, պատմաբան Տոմիսլավ Դուլիչը Յուգոսլավիայի վերաբերյալ Ռումմելի գնահատականների քննադատական վերլուծության մեջ նշել է, որ դրանք հակասում են յուգոսլավական ժողովրդագրական հետազոտություններին և չափազանց բարձր են։ Պատմաբան Սթենլի Գ. Փեյնը պնդում էր, որ Խորվաթիայի Անկախ պետության ռեժիմի կողմից իրականացված ուղղակի և անուղղակի մահապատիժները «արտակարգ զանգվածային հանցագործություն» էին, որն իր մասշտաբներով գերազանցում էր ցանկացած այլ եվրոպական պետություն, բացառությամբ Երրորդ Ռեյխի։ Նա ավելացրել է, որ Խորվաթիայի անկախ պետությունում կատարված հանցագործությունները համամասնորեն գերազանցել են միայն Կամբոջայում Կարմիր կհմերների և մի քանի ծայրահեղ ցեղասպան աֆրիկյան ռեժիմների հանցագործությունները[7]։

Միջազգային-իրավական ճանաչում և դիվանագիտական հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի անկախ պետությունը լիովին ճանաչվել է «առանցքի» տերությունների և նրանց օկուպացիայի տակ գտնվող երկրների, ինչպես նաև Իսպանիայի կողմից։ Մինչև 1941 թվականի հոկտեմբերի 20-ը Խորվաթիայի անկախ պետությունը դիվանագիտական ճանաչում էր ստացել Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ճապոնիայի, Մանջոու-Գոյի, Ռումինիայի, Սլովակիայի, Իսպանիայի, Հունգարիայի կողմից։ Չնայած աքսորված հարավսլավական կառավարության մտավախություններին, որ Խորհրդային Միությունը կհաստատի դիվանագիտական հարաբերություններ Խորվաթիայի անկախ պետության հետ Հարավսլավիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո, Խորվաթիայի անկախ պետության լիարժեք ճանաչումը Խորհրդային Միության կողմից այդպես էլ տեղի չունեցավ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Усташи Արխիվացված է Ապրիլ 7, 2016 Wayback Machine-ի միջոցով: / Словарь исторических терминов. / сост. В. С. Симаков; общ. ред. А. П. Крюковских. — СПб.: Лита, 1998. — ISBN 5-88935-726-8
  2. Павелич, Анте Արխիվացված է Ապրիլ 7, 2016 Wayback Machine-ի միջոցով: / С. Воропаев. Энциклопедия Третьего рейха. — М.: Локид; Миф, 1996. — ISBN 5-320-00069-3 ; 5-7905-3721-9
  3. «Fascism». Encyclopædia Britannica onlain. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին. «When Germany invaded Yugoslavia in 1941, Ante Pavelić, the Ustaša's leader, became head of a German puppet state, the Independent State of Croatia (NDH), and established a one-party regime.»
  4. Jasenovac Concentration Camp Արխիվացված է Օգոստոս 26, 2011 Wayback Machine-ի միջոցով: // Jusp Jasenovac
  5. 5,0 5,1 Balkan strongmen: dictators and authoritarian rulers of South Eastern Europe / Bernd Jürgen Fischer. — West Lafayette, Ind: Purdue University Press, 2007. — 494 с. — (Central european studies). — ISBN 978-1-55753-455-2, 978-1-55753-456-9
  6. Yeomans, Rory (2024 թ․ հուլիսի 4). «Croatia Must Stop Downplaying the Genocidal Crimes of the Ustasa». Balkan Insight (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 Stanley G. Payne The NDH State in Comparative Perspective(անգլ.) // Totalitarian Movements and Political Religions. — 2006-12. — В. 4. — Т. 7. — С. 409–415. — ISSN 1469-0764. — doi:10.1080/14690760600963198
  8. Jasenovac Concentration Camp: an unfinished past / Stipe Odak, Andriana Benčić Kužnar, Lucić Danijela. — Updated, second (English) edition. — Abingdon, Oxon New York, NY: Routledge, 2023. — 1 с. — (Routledge studies in genocide and crimes against humanity). — ISBN 978-1-000-86711-4, 978-1-003-32663-2, 978-1-000-86710-7
  9. Jewish Virtual Library // Reference Reviews. — 2003-02-01. — В. 2. — Т. 17. — С. 51–52. — ISSN 0950-4125. — doi:10.1108/09504120310461950
  10. Milan Koljanin The role of concentration camps in the policies of the independent state of Croatia (NDH) in 1941(անգլ.) // Balcanica. — 2015. — В. 46. — С. 315–340. — ISSN 0350-7653. — doi:10.2298/BALC1546315K
  11. Mario Kevo The International Committee of the Red Cross and Camps on the Territory of the Independent State of Croatia with Special Review of the Jasenovac Concentration Camp // Jasenovac Concentration Camp. — London: Routledge, 2023-02-24. — С. 276–297. — ISBN 978-1-003-32663-2.
  12. Stevan K. Pavlowitch Hitler's new disorder: the Second World War in Yugoslavia. — New York: Columbia University Press, 2008. — 333 с. — ISBN 978-0-231-70050-4
  13. «Jasenovac». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
  14. Fikreta Jelić-Butić. Četnici u Hrvatskoj 1941.-1945., U fronti okupljanja snaga kontrarevolucije Արխիվացված է Հոկտեմբեր 22, 2018 Wayback Machine-ի միջոցով:
  15. Югославия в XX веке, 2011, էջ 394
  16. «Хорватская армия во Второй мировой войне». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  17. «Независимое Государство Хорватия — Форум коллекционеров». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 33 (օգնություն)
  18. [militera.lib.ru/h/sb_crusade_in_rossia/06.html Крестовый поход на Россию] // Сайт «Военная литература»
  19. 19,0 19,1 Романько О. В. Хорватские добровольческие формирования на советско-германском фронте (1941—1943). // Военно-исторический архив. — 2011. — № 9. — С.71—90.
  20. По данным ГИПВИ МВД СССР, в советских лагерях военнопленных учтено 21 830 лиц под наименованием «югославы» (Կաղապար:Книга:Россия и СССР в войнах XX века), но какая часть из них относится к хорватским формированиям, вычленить не возможно.
  21. 21,0 21,1 21,2 21,3 Косик Хорватская Православная Церковь (от организации до ликвидации) (1942-1945). Взгляд из XXI века.. — Институт славяноведения РАН, 2012. — С. 12—13, 15.
  22. Пройдаков А.А., Суворов Ю.В Геноцид сербов как часть политики Независимого государства Хорватия (1941-1945 годы). // Журнал Ученые записки Петрозаводского государственного университета. — 2017. — С. 37—40.
  23. Ривели Архиепископ геноцида. Монсеньор Степинац, Ватикан и усташская диктатура в Хорватии 1941-1945. — 2011. — С. 43.
  24. Никифоров Еврейское население и «арийство» в Независимом Государстве Хорватия (1941-1945) // Журнал Славянский альманах. — 2020. — С. 282—296.
  25. The Catholic Church and the Holocaust, 1930-1965 / Michael Phayer. — Bloomington: Indiana University Press, 2000. — 301 с. — ISBN 978-0-253-33725-2, 978-0-253-10834-0
  26. 26,0 26,1 http://www.crohis.com/izvori/ustzk.pdf
  27. Marko Attila Hoare Genocide and resistance in Hitler's Bosnia: the Partisans and the Chetniks, 1941-1943. — Oxford: Oxford University Press, 2006. — (British academy postdoctoral fellowship monograph). — ISBN 978-0-19-726380-8
  28. Jozo Tomasevich War and revolution in Yugoslavia. 1: The Chetniks. — Stanford, Calif: Stanford Univ. Press, 1975. — 508 с. — ISBN 978-0-8047-0857-9
  29. Encyclopedia of genocide / Israel W. Charny. — Santa Barbara, Calif: ABC-CLIO, 1999. — 2 с. — ISBN 978-0-87436-928-1

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]