Մերինոսներ, միատարր, նուրբ բրդածածկով ոչխարների ցեղեր։ Հայրենիքը համարում են Փոքր Ասիան, որտեղ դրանք բուծվել են սկսած մ․ թ․ ա․ III—II դդ․։ Հետագայում տարածվել են միջերկրածովյան երկրներ, իսկ XVIII դ․ կեսերին՝ Արևմտյան Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա։ Ռուսաստանում XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին ստեղծվսլ են ռուսական ինֆանտադո, մազաևյան և նորկովկասյան ցեղեր։ Խորհրդային ոչխարաբույծները ստացել էին բարձր մթերատու մերինոսային ոչխարների ցեղեր՝ ասկանիական, կովկասյան, ալթայան, ստավրոպոլյան, գրոզնենյան և այլն։ Մերինոսի բուրդը նուրբ է, սպիտակ, բրդաթելերի հաստությունը 15—25 մկմ է, երկարությունը՝ 6—8 սմ։ Խուզում են տարեկան մեկ անգամ։ Խոյերի բրդատվությունը 8—12 կգ է, մաքիներինը՝ 4—6 կգ։ Բրդի մաքուր ելունքը՝ 35—45%։ Մերինոսները տրամախաչում են կոպտաբուրդ և կիսանրբագեղմ ոչխարների հետ՝ վերջիններիս բրդատվության բարելավման նպատակով։
Խորհրդային շրջանի Հայաստանում տեղական ոչխարները նրբագեղմ և կիսանրբագեղմ ուղղությամբ վերափոխելու նպատակով օգտագործվել են կովկասյան նրբագեղմ և խորհրդային մերինոս ցեղերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 492)։