Jump to content

Խորխե Գիլյեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորխե Գիլյեն
իսպ.՝ Jorge Guillén
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1893(1893-01-18)[1][2][3][…]
ԾննդավայրՎալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[4]
Մահացել էփետրվարի 6, 1984(1984-02-06)[5][1][6] (91 տարեկան) կամ փետրվարի 2, 1984(1984-02-02)[7] (91 տարեկան)
Մահվան վայրՄալագա, Անդալուզիա, Իսպանիա[8]
ԳերեզմանEnglish Cemetery in Malaga
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի կենտրոնական համալսարան և Facultad de Filosofía y Letras (Universidad de Granada)?[9]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1924)
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, համալսարանի դասախոս և գրական քննադատ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, University of Murcia?[10], Սևիլյայի համալսարան[10], Ուելսլի քոլեջ[8] և Փարիզի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն27 թվականի սերունդ, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԵրեխաներClaudio Guillén?
 Jorge Guillén Վիքիպահեստում

Խորխե Գիլյեն Ալվարեզ (հունվարի 18, 1893(1893-01-18)[1][2][3][…], Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[4] - փետրվարի 6, 1984(1984-02-06)[5][1][6] կամ փետրվարի 2, 1984(1984-02-02)[7], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[8]), իսպանացի բանաստեղծ «27-րդ սերնդի» անդամ, համալսարանի ուսուցիչ, մտավորական, գրական քննադատ։ 1957-1958 թվականներին նա դասախոսել է Հարվարդի համալսարանում։ «Չարլզ Էլիոթ Նորտոնի դասախոսությունների» շարքը 1961 թվականին հրատարակվել են «Լեզու և պոեզիա․ մի քանի իսպանացի բանաստեղծներ» խորագրով։ Վերջին դասախոսությունը նվիրված էր «27-րդ սերնդի» իր գործընկերներին։ 1983 թվականին նա ստացել է «Անդալուզիայի սիրելի որդի» պատվանունը։ Չորս անգամ ներկայացվել է Գրականության Նոբելյան մրցանակի[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորխե Գիլյենը ծնվել է վալյադոլիդ քաղաքում, ուր և անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ 1909-1911 թվականներին ապրել է Շվեյցարիայում։ Սովորել է Մադրիդի համալսարաններում՝ ապրելով «ուսանողների թաղամասում» (Մադրիդի գրականության և մշակույթի կենտրոն) և Գրանադայում, որտեղ էլ, 1913 թվականին ստացել է փիլիսոփայության լիցենզիա[13]։ Նրա կյանքը զուգահեռ է ընթացել իր ընկերոջ՝ Պեդրո Սալինասի կյանքին, որին նա 1917-1923 թվականներին հաջորդել է որպես իսպաներենի դասախոս Փարիզի համալսարանի Սորբոնի քոլեջում։ Փարիզում ապրելու տարիներին նա հանդիպել և 1921 թվականին ամուսնացել է Խերմեն Կահենի հետ։ Ունեցել են երկու երեխա, որդին՝ Կլաուդիոն ծնվել է 1924 թվականին և հետագայում դարձել համեմատական գրականության նշանավոր քննադատ և դուստրը՝ Թերեզան, որն ամուսնացել է Հարվարդի պրոֆեսոր Սթիվեն Գիլմանի հետ։ 1924 թվականին նա պաշտպանել է իր դոկտորական աստիճանը Մադրիդի համալսարանում։ Ատենախոսության վերնագիրն էր «Գոնգորայի բարդ և ժամանակին անտեսված «Պոլիֆեմո» պոեմը»[14]։ Սա նաև այն ժամանակաշրջանն էր, երբ նրա առաջին բանաստեղծությունները սկսեցին տպագրվել España-ում և La pluma-ում[13]։ 1925-1929 թվականներին նշանակվել է Մուրսիայի համալսարանի իսպանական գրականության ամբիոնի վարիչի պաշտոնում, որտեղ Խուան Գերերո Ռուիսի և Խոսե Բալեստեր Նիկոլասի հետ հիմնել և խմբագրել է «Չափածո և արձակ» գրական ամսագիրը։ Նա շարունակում էր այցելել Մադրիդի ուսանողների թաղամաս, թեև նրա ակադեմիական պարտականությունները սահմանափակում էին նրա հաճախակի այցեր կատարելու հնարավորությունը։ Այս այցերը հնարավորությւոն էին տալիս նրան ծանոթանալ գրական սերնդի կրտսեր անդամների հետ, ինչպիսիք են Ռաֆայել Ալբերտին և Ֆեդերիկո Գարսիա Լորկան: Վերջինիս հետ նա նամակագրական կապ է հաստատում և 1926 թվականի ապրիլին Լորկայի Վալյադոլիդի Արվեստների ակումբ կատարած այցի ժամանակ ներածությամբ ներկայացրել է Լորկայի պոեզիան։ Այն կշռադատված և սրտացավ գնահատական էր մի մարդու հասցեին, որին նա համարում էր «արդեն բանաստեղծական հանճար, չնայած ընդամենը մեկ ժողովածու էր հրատարակել»[15]։ Գիլյենը նաև մասնակցել է Գոնգորայի 100-ամյակի տոնակատարություններին։ Օկտավասի հատորը, որը նա պետք է խմբագրեր, այնուամենայնիվ, երբեք չի ավարտվել, բայց նա մեծ հաջողությամբ ընթերցել է իր բանաստեղծություններից մի քանիսը Սևիլիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ[16]։ 1929-ից 1931 թվականներին նա դասախոսել է Օքսֆորդի համլսարանում, իսկ 1932 թվականին նշանակվել է Սևիլիայի համալսարանի պրոֆեսոր։ 1933 թվականի մարտի8- ին Մադրիդում ներկա է գտվել Լորկայի «Արյան հարսանիք» պիեսի պրեմիերային[17]։ 1933 թվականի օգոստոսին Սանտանդեր քաղաքի Մագդալենա պալատում մասնակցել է Լորկայի ղեկավարած «Բարաք» շրջիկ թատերական ընկերության կողմից բեմադրված ներկայացումներին[18]։ 1936 թվականի հուլիսի 12-ին Մադրիդում նա ներկա է գտնվել մի երեկույթի, որը տեղի է ունեցել Գարսիա Լորկայի սպանությունից անմիջապես առաջ, նախքան վերջինս կմեկներ Գրանադա, որտեղ էլ սպանվել է։ Հենց այդտեղ է, որ Լորկան վերջին անգամ ընթերցել է իր նոր պիեսը՝ «Բերնարդա Ալբայի տունը»[19]։ 1936 թվականի հուլիսին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի բռնկման ժամանակ նա վերադարձել է Վալյադոլիդ, որտեղ քաղաքական նկատառումներով ձերբակալվել և կարճ ժամանակով բանտարկվել է Պամպլոնայում[20] for political reasons.[21]։ Նա վերադարձել է Սևիլյա և շարունակել դասավանդել համալսարանում մինչև 1938 թվականի հուլիսը, երբ որոշել է կնոջ և երկու դեռահաս երեխաների հետ արտագաղթել ԱՄՆ։ Բացի Իսպանիայում տիրող իրարանցումից, նրան անհանգստություն էր պատճառում նաև այն փաստը, որ կինը հրեա էր[21]։ ԱՄՆ-ում միացել է Սալինասին Ուելսլի քոլեջում և այնտեղ մնացել որպես իսպաներենի պրոֆեսոր 1941 թվականից մինչև թոշակի անցնելը՝ 1957 թվականը[22]։ Գիլյենի առաջին կինը՝ Խերմենը մահացել է 1947 թվականին։ Թոշակի անցնելով Գիլյենը մեկնել է Իտալիա և այնտեղ, Ֆլորենցիայում, ամուսնացել է Իռեն Մոչի-Սիսմոնդիի հետ։ Շարունակել է դասախոսել Հարվարդում, Փրինսթոնում և Պուերտո Ռիկոյում և որոշ ժամանակ եղել է Պիտսբուրգի համալսարանի իսպաներենի պրոֆեսոր, մինչև 1970 թվականը, երբ ընկնելու հետևանքով կոտրեց ազդրը: 1976 թվականին տեղափոխվել է Մալագա։ 1976 թվականին Գիլյենն արժանացել է Սերվանտեսի մրցանակի՝ իսպանալեզու գրողների ամենահեղինակավոր մրցանակը, իսկ 1977 թվականին՝ «Ալֆոնսո Ռեյեսի միջազգային մրցանակին»։ Մահացել է 1984 թվականին Մալագայում, 91 տարեկանում և հուղարկավորվել Մալագայի Անգլիկան Ս․ Գևորգ գերեզմանատանը։

Ստեղծագործությունների վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականի հրատարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Գիլյենի գրած բանաստեղծություններին մի հայացք նետելը հուշում է, որ նա բեղմնավոր բանաստեղծ էր, նա սկսել է գրել բավականին դանդաղ: Նա սկսել է բանաստեղծություններ գրել արդեն 25 տարեկան հասակում, երբ 1919 թվականին Փարիզում էր։ Հետագա 10 տարիների ընթացքում նրա բանաստեղծությունները բավականին հաճախ տպագրում էին այն ժամանակվա փոքր ամսագրերում։ Նրա անունը սկսել է հայտնվել իր սերնդակից գրողների անունների կողքին, ներառյալ Դամասո Ալոնսոն և Ֆեդերիկո Գարսիա Լորկան[23]։ Դեռևս 1923 թվականին Պեդրո Սալինասը նրան հորդորել է ժողովածու հրատարակել, բայց նա չի շտապել հետևել նրա հորդորներին։ Նրա բնավորության երկու հիմնական գծերը բացահայտվում են այս երկար հապաղումներում՝ կատարելության ձգտումը և բնածին ինքնամփոփությունը: Իրականում Գիլյենը սերնդի գլխավոր գրողներից վերջինն էր, որ հավաքել է ժողովածու՝ «Cántico»-ն («Տաղիկներ»), այս փուլում 75 բանաստեղծություններից բաղկացած ժողովածու, որը 1928 թվականին հրատարակել է Խոսե Օրտեգա ի Գասետը՝ իր խմբագրված «Արևմտյան ամսագրում»։ Այդ ժամանակ Գիլյենը 35 տարեկան էր։ Նամակագրությունը Գարսիա Լորկայի հետ ցույց է տալիս, թե որքան տքնաջան էր նա՝ ամիսներ շարունակ հղկելով, վերանայելով և ուղղելով իր արդեն գրած և հրապարակած բանաստեղծությունները, մինչև այն աստիճան, որ դրանք գործնականում անճանաչելի էին դարձել առաջին անգամ հանրության առաջ հայտնվելուց[23]։ Հստակությունն ու համակարգվածությունը նրա գլխավոր նպատակներն էին, բայց թվում էր, թե նա ցանկանում էր խուսափել ակնհայտ ինքնաբացահայտումից և սենտիմենտալության ցանկացած նշույլից: Լորկայի արձագանքը 1928 թվականի դեկտեմբերի 27-ին Գիլյենին ուղղված բացիկում արտացոլ է այն տարրերը, որոնք գերակշռում են վերջինիս պոեզիայի քննադատական արձագանքներում. տեխնիկական մաքրություն, որը կարող է սառը և չափից դուրս ինտելեկտուալ թվալ[24]։ Փարիզում ապրելու տարիներին Գիլյենը գտնվել է Պոլ Վալերիի գրականության ազդեցության տակ։ Վալերին սերտորեն կապված էր մաքուր պոեզիայի իդեալի հետ, և Գիլյենը ավելի ուշ հիշատակել է նրան, ասելով․ «Մաքուր պոեզիան այն է, ինչ մնում է այն ամենի վերացումից հետո, ինչը պոեզիա չէ»[14]։ Նրան նաև ոգեշնչում էր Վալերիի այն համոզմունքը, որ բանաստեղծը պետք է գրի ընդամենը մեկ գիրք․ «Մեկը, որն իր էության ամենալավն է ու միակը»[25], արտահայտություն, որը իմաստավորել է Գիլյենի կարիերան և ի վերջո հանգեցրել ավարտին հասցնելու «Տաղիկները» և ստիպելնրան 1968 թվականին միավորել իր ամբողջ հրապարակված պոեզիան մեկ «Մեր օդը» ժողովածուի մեջ: Նա նաև իսպաներեն է թարգմանել Վալերիի չորս բանաստեղծությունները, ներառյալ հայտնի «Ծովային գերեզմանատունը»։ Այնուամենայնիվ, «Լեզու և պոեզիա» գրքում նա նաև անդրադարձել է Գոնգորայի բանաստեղծական խստությանը, ցույց տալով, որ նա կարող էր հետևել ոճական մաքրության այս սկզբունքին շատ ավելի լավ, քան Վալերին: Նույնիսկ նրա ամենավաղ բանաստեղծություններում, ինչպիսին է «Մեծ լռությունը», լեզուն անանձնական է. բանաստեղծը բանաստեղծության մեջ չի երևում։ Նրա բանաստեղծություններն առաջարկում են էքստատիկ արձագանք իրենց նկարագրած երկրաչափական ձևերին կամ առարկաներին, բայց սա ընդհանուր արձագանք է, ոչ թե Գիլյենի անձնական պատասխանը։ Նա գեղագետի կամ փիլիսոփայի նման դաստիարակում է ընթերցողին: «Ելք» բանաստեղծության բոլոր բայերը անորոշ դերբայներ են: Սա նշանակում է, որ նկարագրվածը չունի հատուկ ենթակա կամ ժամանակ, ինչը կրկին օգնում է Գիլյենին անանուն մնալ և պաշտպանվել սենտիմենտալությունից[26]։ Ինչպես Վալերին, նա նույնպես գրում է բանաստեղծություններ, որոնք արտացոլում են հենց պոեզիան, օրինակ՝ «Գիշեր» և «Վարդ» բանաստեղծությունները, երկուսն էլ գրված Գիլյենի սիրելի ձևով։

Այնուամենայնիվ, թեև Վալերին

Կաստիլիացի բանաստեղծի կողմից կարդացվել և վերընթերցվել է մեծ նվիրումով, եղել է նյութի օրինակելի վեհացման և ոճի օրինակելի խստության մոդել[27],

Գիլյենը եզրափակում է ասելով, որ «Տաղիկները»

կարելի է բացասաբար սահմանել որպես Վալերիի հմայքի հակադրություն[27]։

Գիլյենն ընդգծել է «պոեզիային որպես ստեղծագործություն, բանաստեղծությանը որպես աշխարհ՝ ըստ էության վերաբերվելու վճռականությունը»[27]։ Վալերիի համար պոեզիան ինքնաբացահայտման գործընթաց է, գիտակցության վարժություն՝ պարզելու, թե ինչ է նշանակում լինել իրականությունը ուսումնասիրող անհատ բանաստեղծ: Գիլյենն ընդունել է իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա, և ցանկացել է ցույց տալ, թե ինչ ընդհանուր բան ունի այլ մարդկանց հետ գոյության հավերժական փորձառության մեջ[28]: Դա ֆենոմենոլոգիա է, որը եկել է Օրտեգա ի Գասետից, ինչպես օրինակ է բերվել նրա «Դոն Քիշոտի խորհրդածությունները» աշխատության մեջ։

1945 թվականի հրատարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ բան է տեղի ունեցել Գիլյենի կյանքում, նախքան նա 1945 թվականին Մեքսիկայում կհրատարակեր «Տաղիկների» հաջորդ հրատարակությունը: Գիրքը չափերով կրկնապատկվել էր և պարունակում էր 270 բանաստեղծություն։ Ընթերցողը կարող էր ակնկալել, որ Գիլյենի պոեզիայի վրա ազդեցություն կունենան այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են իր ընկերոջ՝ Գարսիա Լորկայի խորհրդավոր մահը, Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, աքսորն ԱՄՆ և Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հատկապես աքսորը, կարծես, ծանր հարված է հասցրել նրան, քանի որ նա այնքան էլ լավ անգլերեն չէր խոսում, և շատ կապված էր իր իսպանական ծագմանը[29]: Բայց նրա բանաստեղծություններում դարձյալ արտահայտվում են կենսագրական հիշատակումներ։ Այս հրատարակության մեջ ավելացել է այն բանաստեղծությունների թիվը, որոնք վերաբերում են ցավին և մահվանը: Նա մերթընդմերթ տատանվում է ծայրահեղությունների միջև․ որոշ բանաստեղծություններ հստակորեն հաստատում են նրա արժեքները, իսկ մյուսները շատ ավելի խորհրդածական և հանգիստ են, քան մինչ այժմ: Կան բանաստեղծություններ, որոնք վերաբերում են հասարակ կենցաղային հաճույքներին, ինչպիսիք են տունը, ընտանեկան կյանքը և ընկերությունը, որոնք նախկին հրատարակություններում բացակայում էին: Կան ոճական նորամուծություններ։ «Լեզու և պոեզիա» գրքում դասախոսություններից մեկը վերաբերում է միջնադարյան բանաստեղծ Գոնսալո դե Բերսեոյի արձակին, որի խոնարհությամբ և հավատքով Գիլյենը հիացած էր։ «Հավասարակշռություն» բանաստեղծության մեջ՝ համեմատած ավելի վաղ բանաստեղծությունների հետ, կա շարահյուսության պարզություն, ինչը կարծես հուշում է, որ նա փորձում է ընդօրինակել դա: Կան բանաստեղծություններ, օրինակ՝ «քաղաքային կյանք», որոնք հուշում են, որ Գիլյենը զգում է, որ այժմ ապրում է այլ միջավայրում[30]։ Ի հայտ է գալիս նաև ցավի և տառապանքի թեման։ Երբեմն ցավը խանգարում է լիարժեքության գիտակցմանը, ինչպես «Շատ շնորհակալ եմ, ցտեսություն» բանաստեղծությունում, երբեմն էլ ցավի և մահվան գիտակցումը կարող է օգնել բանաստեղծին հիշեցնել կյանքի համար պայքարելու կարևորության մասին: Թեև «Տաղիկներում» շատ քիչ են ինքնակենսագրական հիշատակումները, այս հրատարակության մեջ հետաքրքիր է տեսնել նրա կնոջ երկարատև հիվանդության և հաճախակի հիվանդանոց այցելությունների մասին հղումներ, մինչև վերջինիս մահը 1947 թվականին, ինչպես նաև բանաստեղծի վատառողջության նոպաների մասին: «Ձեր անձը» բանաստեղծության մեջ նա պնդում է, որ միայնությունը չի կարելի հաղթել՝ դիմելով ընդհանուր ուրախությունների հիշողություններին, քանի որ դրանք պարզապես ֆանտազմներ են: Փոխարենը պետք է առերեսվել իրականության հետ և գտնել այնտեղ եղած լավը: Այս հրատարակության մեջ Գիլյենն ընդունել է, որ իրականությունը մութ կողմ ունի, բայց հաստատել է, որ դրան կարելի է և պետք է դիմակայել[31]։

1950 թվականի վերջին հրատարակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հրատարակության ամբողջական տարբերակը պարունակում է 334 բանաստեղծություն և հրատարակվել է Բուենոս Այրեսում։ Նոր բանաստեղծությունների թվում տասը շատ երկար բանաստեղծություններ են, որոնք ցույց են տալիս Գիլյենի պարզության և ներդաշնակության որոնումները։ «Տղամարդու հայացք» բանաստեղծությունը, օրինակ, սկսել է գրել Նյու Յորքի հյուրանոցներից մեկում և երկնաքերի պատուհանից նկարագրում է մի անանուն մեգապոլիս: Այն զարգացնում է բանաստեղծի մտքերը այս քաղաքում ապրող և աշխատող մարդկանց հետ իր փոխհարաբերությունների վերաբերյալ, մինչև այն փակվի բանաստեղծի իր անկողնում թոշակի հետ: Ի տարբերություն Գարսիա Լորկայի «Բանաստեղծը Նյու Յորքում» բանաստեղծության կամ անթիվ այլ բանաստեղծների, քաղաքն անմարդկային, սառը, վերացական չէ: Շեշտը դրված է քաղաքի մարդկության զանգվածի վրա[32]։ Քաղաքը բարու և չարի, մարդու հերոսական ջանքերի և բարբարոսության խառնուրդ է. իրականություն, որը պետք է ամբողջությամբ ընդունել, նույնիսկ երբ չես կարողանում հասկանալ այն: Բանաստեղծը և՛ հյուրանոցային համարում մեկուսացված անհատ է, և՛ այս հասարակության անդամ: Թեև տարբեր բանաստեղծություններ հիշեցնում են Մուրսիան, Օքսֆորդը և Մանհեթենը, «Ծննդյան լույս» բանաստեղծությունը պարունակում է միակ տեղանունն ամբողջ «Տաղիկներում»՝ Ս․ Քրիստտոբալի բլուրը Վալյադոլիդի սահմաններից դուրս, որը նա այցելել է 1949 թվականին՝ տեսնելու իր հիվանդ հորը: Դա խորհրդածություն է այս վայրի նշանակության մասին, որտեղից նա սկսել է իր ճամփորդությունը դեպի իրականություն, և որից նա դեռևս տանում է իր կողմնորոշումը: Այն նոր հարթություն՝ պատմություն է ավելացնում Գիլյենի պոեզիային: Գլխավոր հերոսը նույնպես պատմության մի մասն է և նա պետք է հաշտվի իր մշակույթի պատմության լավ ու վատ կողմերի հետ, ինչպես որ պետք է ընդունի իր առջև ծառացած իրականության լավն ու վատը[33]։ Այս վերջին հրատարակության մեջ Գիլյենն ամփոփում է իր նպատակը՝ ցույց տալու, որ մարդկային կյանքն ունի կառուցվածք և իմաստ, որոնք մենք պետք է ուսումնասիրենք իր ամբողջությամբ[34]։

Գիլյենի հաջորդ ժողովածուի «Maremágnum»-ի հրատարակումը տեղի է ունեցել յոթ տարի անց՝ 1957 թվականին։ Սա նրա երկրորդ` «Աղաղակ» համապարփակ հավաքածուի սկիզբն էր: Այս հավաքածուն գրեթե հակասում է «Տաղիկներին»: Շարունակական լավատեսությունն ու կյանքի բերկրանքը, որ բանաստեղծը դրսևորել էր՝ չնայած իր անձնական կյանքում տեղի ունեցող ցնցումներին և համաշխարհային իրադարձությունների թոհուբոհին, պետք է սկսեին ոչ ադեկվատ արձագանք թվալ: Այսպիսով, կան բանաստեղծություններ, ինչպիսիք են «Անհանգիստները», որոնք օգտագործում են շատ ավելի պարզ, ավելի մատչելի լեզու և փոխանցում անհանգստության, դժգոհության, անորոշության զգացում: Այս բանաստեղծության մեջ այս ամենից միակ փրկությունը խմիչքի կամ հեռուստացույցի առաջարկած մոռացության մեջ է[35]: «Տաղիկներում» բազմաթիվ բանաստեղծություններ կային արթնության մասին և թե որքան հրաշալի է վերադառնալ գիտակցություն: «Աղաղակում» լուսաբացը նորից քնի մեջ ընկղմվելու և մոռացության մատնվելու ցանկություն է առաջացնում: «Իհարկե»-ն համեմատվում է «Տաղիկների» «Մահ հեռվում»-ի հետ և ոչ միայն այն պատճառով, որ երկու բանաստեղծություններն էլ սոնետներ են: Ավելի վաղ բանաստեղծության մեջ մահը ինչ-որ տեղ ապագայում էր, և կյանքը պետք է վայելել: Հետագա բանաստեղծության մեջ բանաստեղծը հետ է նայում իր անցյալին, որտեղ լավ հիշողություններն են: Այնուհետև նա կառչում է ներկայից, բայց չի կարող խուսափել ապագայի զգացումից, որն ամեն օր փոքրանում է: «Ապրելով» բանաստեղծության մեջ բանաստեղծը քաղաքում է՝ քայլում է մթնշաղի մեջ՝ շրջապատված երթևեկության բզզոցով։ Բանաստեղծն իրեն զգում է մեքենայի մաս, որը կամաց-կամաց տանում է ժամանակը։ Նա հասնում է այն գիտակցմանը, որ անհատը կարող է մահանալ առանց դանդաղեցնելու կամ կանգնեցնելու մեքենայի ընթացքը, անկախ նրանից, թե անհատն ավարտել է այդ մեքենայի աշխատանքի իր մասը, թե ոչ: Ժամանակն անցնում է, սրճարանի պատշգամբում գտնվող սեղանների տեսքը նրան հիշեցնում է, որ ի վերջո այս մեքենայի մեջ մարդ կա: Եզրակացությունը, որ ի հայտ է գալիս, դարձյալ հրաժարում է մահվան անխուսափելիությունն ընդունելուց, բայց չկա մխիթարության զգացում, պարզապես մարդու անհամոզիչ ստոիցիզմ, որը ճամփորդում է ոչնչից դեպի ոչինչ[36]: Դա շատ տարբեր է «Տղամարդու հայացք»-ից: «Հայրական ձևով» բանաստեղծության մեջ, չունենալով Աստծո կամ անդրշիրիմյան կյանքի հանդեպ որևէ հստակ հավատ, բանաստեղծն ինքն իրեն ասում է, որ իրենից ինչ-որ բան կփրկվի և ապագայում կպատճենվի իր երեխաների մեջ: Այս համոզմունքը հակակշռում է հավաքածուի մեծ մասի տխրությանն ու հոռետեսությանը:

Հարգանքի տուրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժողովածուն, թեև հրատարակվել է 1967 թվականին, հավաքում է 1949–66 թվականներին գրված բանաստեղծություններ, ուստի այն համընկնում է «Տաղիկների» ստեղծագործական վերջին փուլերի, ինչպես նաև «Աղաղակ»-ի հետ։ Այն պարունակում է դիպվածային պոեզիա՝ արտահայտելով Գիլյենի ընթերցումները, այցելած վայրերը, նրա ընկերների, սիրելի նկարիչների մասին հատվածներ և այլն: Ժողովածուն պարունակում է նաև ֆրանսիական, իտալական, գերմանական, անգլիական և պորտուգալական պոեզիայի Գիլյենի թարգմանությունները։ Այնուամենայնիվ, կան նաև ավելի շատ անձնական արտացոլումներ: «Տաղիկի եզրին» բանաստեղծությունը, օրինակ, ցույց է տալիս իր արձագանքը քննադատներին, ի թիվս այլոց նաև Խուան Ռամոն Խիմենեսին, ովքեր մեղադրում էին նրան վերացական գրելու մեջ։ «Անավարտ պատմություն»-ը հիշատակում է մի քանի գրողների, այդ թվում՝ հարգանքի տուրք մատուցելով Գարսիա Լորկային, որոնք նրա համար մեծություններ են եղել։ Եվ կան նաև բանաստեղծություններ, որոնք ցույց են տալիս կյանքի նորահայտ հրաժարում կամ ընդունում՝ զերծ «Ապրելով»-ի երկիմաստություններից ու անորոշություններից[36]։ 1968 թվականից առաջ իր երեք մեծ բանաստեղծական գրքերի ընդհանուր ժողովածուն Գիլյենը վերնագրել է «Մեր օդը»: Հետագայում նա հրատարակեց «Եվ այլ բանաստեղծություններ» (1973) և «Վերջ» (1982) ժողովածուները:



Գիլյենը և Սալինասը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երկու բանաստեղծներին հաճախ են համեմատել մինյանց հետ[37]։ Որոշ չափով դա պայմանավորված է նրանով, որ նրանք լավ ընկերներ էին և մի փոքր ավելի տարիքով, քան իրենց սերնդի մյուս առաջատար գրողները, նաև նրանով, որ նրանք պոեզիայի նկատմամբ նմանատիպ մոտեցում էին կիսում: Նրանց բանաստեղծությունները հաճախ հազվագյուտ որակ ունեն և չեն առնչվում «հատուկ», հեշտությամբ ճանաչելի մարդկանց ու վայրերին: Այնուամենայնիվ, նրանք տարբերվել են շատ առումներով, ինչը վկայել են իսպանական պոեզիայի վերաբերյալ իրենց հրատարակած դասախոսությունների վերնագրերը: Ջոնս Հոփքինսի մոտ Սալինասը հրատարակել է «Իրականությունը և բանաստեղծը իսպանական պոեզիայում» ժողովածուն, մինչդեռ Գիլյենի Նորթոնի դասախոսությունները կոչվում էին «Լեզուն և պոեզիան»: Երկուսն էլ ունեցել են առանձին դասախոսություններ նվիրված Գոնգորային և Սան Խուան դե լա Կրուսին, և նրանց միջև համեմատություններն ուսանել են: Սալինասը կարծես ցանկանում է մեզ ցույց տալ պոետական իրականությունը արտաքին տեսքի հետևում կամ դրանից դուրս, սովորեցնել մեզ տեսնել, թե ինչպես տեսնել, մինչդեռ Գիլյենը մեզ տալիս է իր մտքերի և զգացմունքային տպավորությունների պատմությունը. ընթերցողն այս գործընթացի դիտողն է, ոչ թե մասնակիցը[13]։ Վիսենտե Ալեյքսանդրեն հիշում է, որ այցելել է Սալինասին և նրան գտել է իր գրասեղանի մոտ՝ մի ծնկին դստեր, իսկ մյուս ծնկին՝ որդու հետ, և ձեռքը մեկնել է գրիչը մատների արանքում՝ սեղմելով իր այցելուի ձեռքը: Թեև Գիլյենը նույնպես նվիրված էր իր ընտանիքին, նա հավանաբար աշխատում էր մեկուսի աշխատասենյակում։

Ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տաղիկներ (75 բանաստեղծություն, 1928) (իսպ.)
  • Տաղիկներ (125 բանաստեղծություն, 1936) (իսպ.)
  • Տաղիկներ (270 բանաստեղծություն, 1945) (իսպ.)
  • Տաղիկներ (334 բանաստեղծություն, 1950) (իսպ.)
  • Huerto de Melibea (1954)
  • Del amanecer y el despertar (1956)
  • Clamor (1957)
  • Lugar de Lázaro (1957)
  • Cl amor... Que van a dar en la mar (1960)
  • Historia Natural (1960)
  • Las tentaciones de Antonio (1962)
  • Según las horas (1962)
  • Clamor. A la altura de las circunstancias (1963)
  • Homenaje (1967)
  • Aire nuestro: Cántico, Clamor, Homenaje (1968)
  • Guirnalda civil (1970)
  • Al margen (1972)
  • Y otros poemas (1973)
  • Convivencia (1975)
  • Final (1981)
  • La expresión (1981)
  • Horses in the Air and Other Poems, (1999)
  • Ջանինա Բրաշկիի սպանգլիական Yo-Yo Boing! վեպը (1998) ներկայացնում է բանավեճ ստեղծագործողների և իսպանական և լատինաամերիկյան պոեզիայի վարպետների մասին: Բանավեճը Խորխե Գիլյենին, Վիսենտե Ալեյքսանդրեին, Վիսենտե Հուիդոբրոյին, Լուիս Չերնուդային, Ալբերտիին, Պեդրո Սալինասին ներկայացնում է որպես մեծ վարպետներ[38]։
  • Քանդակագործ Էդուարդո Չիլիդան ստեղծել է «Հարգանքի տուրք Խորխե Գիլյենին» հուշարձանը, որը գտնվում է Իսպանիայի Վալյադոլիդ քաղաքի Քանդակագործության ազգային թանգարանի բակում:
  • Լուիս Սանտյագո Պարդոն 1998 թվականին Պոնիենտե պարկում (ընդարձակ բուսաբանական այգիներ) ստեղծել է «Խորխե Գիլյեն և մանկություն» հուշարձանը:
  • 1993 թվականին Իսպանիայի կառավարությունը թողարկել է փոստային նամականիշեր, որոնց վրա պատկերված են Գիլյենի դիմանկարները[39]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Гильен Хорхе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ
  7. 7,0 7,1 7,2 Find A Grave — 1996.
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://www.nytimes.com/1984/02/11/obituaries/jorge-guillen-is-dead-at-91-a-spanish-poet-and-teacher.html
  9. 9,0 9,1 http://www.spainisculture.com/en/artistas_creadores/jorge_guillen.html
  10. 10,0 10,1 poets.org
  11. Premio Internacional Alfonso Reyes (իսպ.)
  12. «Nomination Database». www.nobelprize.org. Վերցված է 2017-04-19-ին.
  13. 13,0 13,1 13,2 Connell p 168
  14. 14,0 14,1 Havard p 18
  15. Gibson p 162
  16. Alberti p 254
  17. Gibson p348
  18. Gibson p359
  19. Gibson p442
  20. «Centre for Study of Hispanic Exile». Արխիվացված է օրիգինալից 2012-12-23-ին. Վերցված է 2024-08-15-ին.
  21. 21,0 21,1 Havard p 67
  22. Jorge Guillen Is Dead at 91; A Spanish Poet and Teacher - New York Times
  23. 23,0 23,1 Havard p 11
  24. Havard p 9
  25. Valéry Oeuvres vol 1 pp 1560-61
  26. Havard p 14
  27. 27,0 27,1 27,2 Guillen L and P p 208
  28. Havard p 25
  29. Havard p 68
  30. Havard p 84
  31. Havard p 90
  32. Havard p 93
  33. Havard p 106
  34. Havard p 118
  35. Connell p 171
  36. 36,0 36,1 Connell p 172
  37. Morris
  38. Poets, philosophers, lovers : on the writings of Giannina Braschi. Aldama, Frederick Luis, 1969-, O'Dwyer, Tess. Pittsburgh, Pa. 27 October 2020. ISBN 978-0-8229-4618-2. OCLC 1143649021.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
  39. «Stamp Shows Jorge Guillen Alvarez Editorial Stock Photo - Image of portrait, jorge: 145374633». Dreamstime (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-27-ին. Վերցված է 2020-10-23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորխե Գիլյեն» հոդվածին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]