Խոտաբույսեր (դեղագործություն)

Խոտաբույսեր, լայն տարածում ունեցող բույսերի խումբ, որոնք օժտված են հաճելի համային կամ բուրավետ հատկություններով և օգտագործվում են սննդի համեմման ու ձևավորման, բուժական նպատակների կամ բույրեր ստանալու համար։ Խոհարարական կիրառության մեջ խոտաբույսերը սովորաբար տարբերվում են համեմունքներից։ Խոտաբույսեր եզրույթը հիմնականում վերաբերում է բույսի տերևավոր կանաչ կամ ծաղկող մասերին՝ թարմ կամ չորացրած վիճակում, մինչդեռ համեմունքները սովորաբար չորացված են և ստացվում են բույսի այլ մասերից, այդ թվում՝ սերմերից, կեղևից, արմատներից և պտուղներից։
Խոտաբույսերն ունեն տարբեր կիրառություններ, այդ թվում՝ խոհարարական, բուժական, բուրավետ, իսկ որոշ դեպքերում՝ նաև ծիսական։ Խոտաբույս տերմինի ընդհանուր գործածությունը տարբերվում է խոհարարական և բուժիչ խոտաբույսերի միջև․ բուժական կամ հոգևոր կիրառման մեջ բույսի ցանկացած մաս կարող է համարվել խոտաբույս, այդ թվում՝ տերևները, արմատները, ծաղիկները, սերմերը, արմատակեղևը, ներքին կեղևը (և կամբիումը), խեժն ու պտղամաշկը (պերիկարպիումը)։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուսաբանության մեջ խոտաբույս տերմինը վերաբերում է վերաբերում է փայտացած ցողուն չունեցող փոքր, սերմնավոր բույսին, որի վերգետնյա բոլոր մասերը յուրաքանչյուր վեգետացիոն շրջանի ավարտին չորանում են մինչև հողի մակերևույթ[1]։ Սովորաբար այս տերմինը վերաբերում է բազմամյա բույսերին[2], թեև խոտային բույսերը կարող են լինել նաև միամյա (բույսեր, որոնք մահանում են վեգետացիոն շրջանի ավարտին և հաջորդ տարի վերաճում են սերմից)[3], կամ երկամյա[2]։ Այս տերմինը հակադրվում է թփերին և ծառերին, որոնք ունեն փայտացած ցողուն[1]։ Թփերը և ծառերը սահմանվում են նաև ըստ չափսերի, թփերն ունեն տասը մետրից պակաս բարձրություն, իսկ ծառերը կարող են աճել տասը մետրից ավելի[1]։
Խոտաբույս տերմինի մեկ այլ իմաստ կարող է վերաբերել բույսերի շատ ավելի լայն շրջանակի[4], որոնք ունեն խոհարարական, բուժիչ կամ այլ կիրառություններ[2]։ Օրինակ՝ ամենահաճախ նկարագրվող խոտաբույսերից մի քանիսը, ինչպիսիք են Եղեսպակը, Հազրեվարդը և Նարդոսը, դուրս կմնային խոտաբույսի բուսաբանական սահմանումից, քանի որ դրանք ամեն տարի չեն չորանում/մահանում և ունեն փայտացած ցողուններ[3]։ Ավելի լայն իմաստով՝ խոտաբույսերը կարող են լինել ոչ միայն խոտային բազմամյա բույսեր, այլև ծառեր, կիսաթփեր, թփեր, միամյա բույսեր, լիաններ (մանրամագլցող բույսեր), պտերներ, մամուռներ և ջրիմուռներ[4], քարաքոսեր, և սնկեր[3]։ Բուսաբուժությունը (հերբալիզմ) կարող է օգտագործել ոչ միայն ցողուններն ու տերևները, այլև պտուղները, արմատները, կեղևը և խեժերը[3]։ Հետևաբար, խոտաբույսի առաջարկվող սահմանումներից մեկն այն է, որ այն մարդկանց համար օգտակար բույս է[3], թեև այս սահմանումը խնդրահարույց է, քանի որ այն կարող է ներառել բազմաթիվ բույսեր, որոնք սովորաբար չեն նկարագրվում որպես խոտաբույսեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին հունական փիլիսոփա Թեոփրաստեսը բուսական աշխարհը բաժանել է ծառերի, թփերի և խոտաբույսերի[5]։ Թալմուդը, որն անտիկ շրջանի հրեական հիմնարար տեքստ է, հիշատակում է համեմունքների համար օգտագործվող մոտ տասնհինգ տարբեր խոտաբույսեր[6]։ Խոտաբույսերը հետագայում սկսել են բաժանել երեք խմբի՝ ուտելի խոտաբույսեր (օրինակ՝ սոխ), բուրավետ խոտաբույսեր (օրինակ՝ ուրց) և աղցանային խոտաբույսեր(օրինակ՝ վայրի նեխուր)[3]։ 17-րդ դարում, երբ ընտրասերումը փոխել է բույսերի չափերն ու համային հատկությունները՝ դրանք տարբերելով վայրի տեսակներից, եփվող խոտաբույսերը սկսել են անվանել բանջարեղեն, քանի որ այլևս չէին համարվում միայն կերակուր պատրաստելու համար հարմար բույսեր[3][7]։
Բուսաբանությունը և խոտաբույսերի ուսումնասիրությունն սկզբնական շրջանում հիմնականում բույսերի դեղաբանական կիրառությունների ուսումնասիրություններն էին։ Միջնադարում, երբ բժշկությունը առաջնորդվել է հումորալ տեսությամբ, ենթադրվել է, որ սննդամթերքը, օժտված լինելով իր սեփական հումորալ հատկություններով, կարող է փոխել մարդկանց հումորալ խառնվածքը։ Մաղադանոսն ու եղեսպակը հաճախ միասին են օգտագործվում միջնադարյան խոհարարության մեջ, օրինակ՝ արգանակում, որը 14-րդ դարում ձեռք էր բերել բուժիչ սննդի հռչակ։ Դարաշրջանի ամենատարածված սոուսներից մեկը՝ կանաչ սոուսը, պատրաստվել է մաղադանոսից, իսկ հաճախ նաև եղեսպակից։ 14-րդ դարի՝ լատիներենով գրանցված մի բաղադրատոմսում, որը նախատեսված է եղել «տերերի համար՝ նրանց խառնվածքը հանդարտեցնելու և ախորժակը բացելու նպատակով», կանաչ սոուսը մատուցվել է պանրի և ամբողջական ձվի դեղնուցների հետ, որոնք եփվել են ջրով նոսրացված գինու մեջ՝ խոտաբույսերով և համեմունքներով[8]։
Վերարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա խոտաբույսերը սովորաբար վերարտադրվում են ցողունային կտրոններով՝ կա՛մ չհասունացած ընձյուղների փափուկ կտրոններով, կա՛մ փայտացած կտրոններով, որոնց կեղևը քերծված է՝ կամբիումի շերտը բացելու համար։ Կտրոնի երկարությունը սովորաբար մոտ 3-ից 4 դյույմ է (8-ից 10 սմ)։ Բույսի արմատները կարող են աճել ցողուններից։ Տերևները հեռացվում են ստորին հատվածից մինչև կեսը, նախքան կտրոնը աճի միջավայրում տեղադրելը կամ ջրով լի ապակե տարայի մեջ արմատակալելը։ Այս գործընթացը պահանջում է միջավայրի բարձր խոնավություն, բավարար լուսավորություն և արմատային գոտու ջերմություն[9]։
Կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոհարարական
[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոհարարական խոտաբույսերը տարբերվում են բանջարեղենից նրանով, որ, ինչպես համեմունքները, դրանք օգտագործվում են փոքր քանակությամբ և ուտեստին հաղորդում են համ ու բույր, այլ ոչ թե սննդարար զանգված[10]։
Խոտաբույսերը կարող են լինել բազմամյա, ինչպիսիք են ուրցը, խնկածաղիկը, եղեսպակը կամ նարդոս, երկամյա, ինչպիսին է մաղադանոսը, կամ միամյա, օրինակ ռեհանը։ Բազմամյա խոտաբույսերը կարող են լինել թփեր, ինչպիսին է ռոզմարինը, կամ ծառեր, ինչպիսին է դափնին. սա հակադրվում է բուսաբանական խոտաբույսերին, որոնք, ըստ սահմանման, չեն կարող լինել փայտացող բույսեր։ Որոշ բույսեր օգտագործվում են և՛ որպես խոտաբույս, և՛ որպես համեմունք, օրինակ՝ սամիթի կանաչին ու սամիթի սերմերը կամ համեմի տերևներն ու սերմերը։ Կան նաև որոշ խոտաբույսեր, օրինակ՝ անանուխազգիների ընտանիքին պատկանողները, որոնք օգտագործվում են ինչպես խոհարարական, այնպես էլ բուժիչ նպատակներով։
Կառլոս Մեծ կայսրը (742-814 թվականներ) կազմել է 74 տարբեր խոտաբույսերի ցանկ, որոնք պետք է աճեցվեին իր այգիներում։ Խոտաբույսերի և առողջության միջև կապը կարևոր էր դեռևս եվրոպական Միջնադարում. «The Forme of Cury» աշխատությունը խրախուսում է խոտաբույսերի լայնորեն օգտագործումը, այդ թվում՝ աղցաններում, և իր առաջաբանում նշում է, որ ստեղծվել է «Թագավորական արքունիքի բժշկության և փիլիսոփայության վարպետների համաձայնությամբ ու խորհրդով»։[11]
Թեյեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ խոտաբույսեր կարելի է թրմել եռման ջրում՝ բուսական թեյեր (նաև անվանվում են թուրմեր) պատրաստելու համար[2][4]։ Սովորաբար օգտագործվում են չորացրած տերևները, ծաղիկները կամ սերմերը, կամ էլ օգտագործվում են թարմ խոտաբույսեր[2]։ Բուսական թեյերը հիմնականում պատրաստվում են բուրավետ խոտաբույսերից[5], և կարող են տանիններ կամ կոֆեին չպարունակել[2], և սովորաբար չեն խառնվում կաթի հետ[4]: Տարածված օրինակներից են երիցուկի թեյը[4], կամ անանուխի թեյը[5]: Բուսական թեյերը հաճախ օգտագործվում են հանգստանալու համար կամ կարող են կապված լինել ծեսերի հետ[5]։
Դեղամիջոց
[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտաբույսերն օգտագործվել են դեռևս նախապատմական բժշկության մեջ։ Դեռևս մ․թ․ա․ 5000 թվականին սեպագրերում արձանագրվել են ապացույցներ այն մասին, որ շումերներն օգտագործել են խոտաբույսերը բժշկության մեջ[13]։ 162 թվականին բժիշկ Գալենը հայտնի է եղել բարդ բուսական դեղամիջոցներ պատրաստելով, որոնք պարունակել են մինչև 100 բաղադրիչ։
Որոշ բույսեր պարունակում են բուսաքիմիական նյութեր (ֆիտոքիմիկատներ), որոնք ազդեցություն ունեն օրգանիզմի վրա։ Նույնիսկ կերակրատեսակների համեմման համար անհրաժեշտ չնչին չափաբաժինները կարող են որոշակի ներգործություն ունենալ օրգանիզմի վրա, իսկ որոշ խոտաբույսեր մեծ քանակությամբ օգտագործելիս թունավոր են։ Օրինակ՝ բուսական քաղվածքների որոշ տեսակներ, ինչպիսիք են արևքուրիկի կամ կավայի քաղվածքները, կարող են օգտագործվել բժշկական նպատակներով՝ դեպրեսիան և սթրեսը թեթևացնելու համար[14]: Այնուամենայնիվ, այս խոտաբույսերի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել թունավոր գերբեռնվածության (տոքսիկ ավելցուկի), որը կարող է առաջացնել բարդություններ՝ այդ թվում լուրջ բնույթի, ուստի դրանք պետք է օգտագործել զգուշությամբ։ Բարդություններ կարող են առաջանալ նաև որոշ դեղատոմսային դեղամիջոցների հետ միաժամանակ ընդունելիս։
Խոտաբույսերը երկար ժամանակ օգտագործվել են որպես չինական ավանդական բուսաբուժության հիմք․ դրանց կիրառումը սկիզբ է առնում դեռևս մեր թվարկության 1-ին դարից և շատ ավելի վաղ ժամանակներից։ Հնդկաստանում Այուրվեդա բժշկական համակարգը նույնպես հիմնված է խոտաբույսերի վրա։ Արևմտյան մշակույթներում խոտաբույսերի բժշկական օգտագործման արմատները հասնում են հիպոկրատյան (հունական) տարրական բուժման համակարգին, որը հիմնված էր չորս տարրերի բուժիչ փոխաբերության (մոդելի) վրա։ Արևմտյան ավանդույթի հայտնի բուսաբույժներից են Ավիցեննան (պարսիկ), Գալենը (հռոմեացի), Պարացելսը (գերմանացի-շվեյցարացի), Քալփեփերը (անգլիացի) և 19-րդ դարի ու 20-րդ դարասկզբի Ամերիկայի բուսաբանական ուղղվածություն ունեցող էկլեկտիկ բժիշկները (Ջոն Միլթոն Սքադեր, Հարվի Ուիքս Ֆելթեր, Ջոն Յուրի Լլոյդ)։ Ժամանակակից դեղագործության հիմքում ընկած են բուսական հումքից պատրաստված դեղամիջոցները։ Մինչ օրս էլ որոշ դեղեր ստացվում են բույսերից ակտիվ նյութերի անջատման (էքստրակտավորման) միջոցով, որոնք այնուհետև մաքրվում են՝ դեղագործական չափանիշներին համապատասխանեցվելու համար։
Կա արձանագրություն՝ թվագրված 1226 թվականով, «12 պենս՝ բարոնի սենյակի վարդերի համար», իսկ 1516 թվականին՝ «ծաղիկներ և եղեգն՝ Հենրի 9-րդի սենյակների համար»[2]։
Որոշ խոտաբույսեր պարունակում են հոգեակտիվ հատկություններ, որոնք մարդկանց կողմից օգտագործվել են ինչպես կրոնական, այնպես էլ ժամանցային նպատակներով դեռևս վաղ Հոլոցենի դարաշրջանից ի վեր․ հատկապես հայտնի են կանեփի և կոկայի բույսերի տերևներն ու քաղվածքները։ Պերուի հյուսիսային հասարակություններում մարդիկ կոկայի տերևները ծամել են ավելի քան 8000 տարի[15], իսկ կանեփի օգտագործումը որպես հոգեակտիվ նյութ սկիզբ է առնում մեր թվարկության 1-ին դարից՝ Չինաստանում և Հյուսիսային Աֆրիկայում[16]։
Ավստրալիայի բնիկ ժողովուրդները մշակել էին «բնիկների ավանդական բժշկություն» հիմնված իրենց համար հասանելի բույսերի վրա։ Այս խմբերի մեկուսացվածության պատճառով մշակված բուժամիջոցները նախատեսված էին շատ ավելի թեթև հիվանդությունների համար, քան արևմտյան հիվանդություններ, որոնցով նրանք վարակվեցին գաղութացման ընթացքում։ Այնպիսի բույսեր, ինչպիսիք են գետային անանուխը, ակացիան և նվենի, օգտագործվում էին հազի, փորլուծություն, տենդի և գլխացավերի բուժման համար[17]։
Ծես
[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոտաբույսերն օգտագործվում են բազմաթիվ կրոններում։ Վանականության դարաշրջանում վանականները խոտաբույսեր էին մշակում բանջարեղենի հետ մեկտեղ, իսկ որոշ բույսեր առանձնացվում էին դեղաբույսերի այգում՝ հատուկ նպատակների համար[18]։ Օրինակ՝ զմուռսը և խունկ հելլենիստական կրոնում, ինը խոտաբույսերի հմայիլը անգլո-սաքսոնական հեթանոսության մեջ, նիմի տերևները, բելի տերևները, սուրբ ռեհանը կամ թուլսին, քրքումը և կանեփը հինդուիզմում, ինչպես նաև սպիտակ եղեսպակը (սալվիան) Վիկկայում։ Ռաստաֆարիները նույնպես կանեփը համարում են սուրբ բույս։
Սիբիրյան շամանները նույնպես օգտագործում էին խոտաբույսեր հոգևոր նպատակներով։ Բույսերը կարող են օգտագործվել հոգևոր ապրումներ առաջացնելու համար՝ նախատեսված ձեռնադրման ծեսերի համար, ինչպիսիք են տեսիլքների որոնումները բնիկ ամերիկյան որոշ մշակույթներում։ Չերոկիները օգտագործում են ինչպես սպիտակ եղեսպակը, այնպես էլ մայրին՝ հոգևոր մաքրման և ծխահարման համար։
Կոսմետիկ միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե հին հասարակություններում, հատկապես արևմտյան ավանդույթների կասկածամիտ միջավայրում, միշտ էլ կասկածներ են եղել բուսական դեղամիջոցների արդյունավետության վերաբերյալ։ Բուսական կոսմետիկայի օգտագործումը Եվրոպայում և արևմտյան երկրներում սկիզբ է առնում շուրջ վեց դար առաջ։ Հաճախ պատրաստվում էին խառնուրդներ և քսուքներ՝ դեմքը սպիտակեցնելու համար։ 1940-ական թվականներին բուսական կոսմետիկան շրջադարձային փուլ ապրեց կարմիր շրթներկի ի հայտ գալով․ ամեն տարի այն ստանում էր ավելի ինտենսիվ կարմիր երանգ։ Բուսական կոսմետիկան լինում է բազմաթիվ ձևերով, ինչպիսիք են դեմքի կրեմները, սկրաբները, շրթներկը, օծանելիքը, դիմափոշիները, մարմնի յուղերը, հոտազերծիչները և արևապաշտպան միջոցները։ Դրանք ներգործում են ճարպագեղձերի էպիթելի միջոցով՝ մաշկն ավելի առանձգական դարձնելու համար։ Այուրվեդիկ յուղերը լայնորեն օգտագործվում են Հնդկաստանում՝ բարձր գնահատվելով իրենց բնական, առողջարար հատկությունների համար[19]:
Շրթներկ ստանալու համար դեղաբույսերից բնական յուղեր անջատելու լավագույն միջոցը բաշխիչ քրոմատոգրաֆիան է․ այն ներառում է նյութերի բաժանում ջրային լուծույթում և ճնշման տակ գույնի ավելացում։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակելի տների և շենքերի հատակին հաճախ խոտաբույսեր էին փռում, որոնք ունեին հաճելի կամ կծու բույր։ Դրանք ոչ միայն թարմացնում էին օդը, այլև ծառայում որպես ախտահանիչ կամ միջատներին (օրինակ՝ լվերին) վանող միջոց։ Այդպիսի բույսերից էր փրփրուկ թեղանմանը, որը Միջնադարում լայնորեն տարածված էր իր քաղցր բույրի պատճառով[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Allaby, Michael (2012). A Dictionary of Plant Sciences. Oxford University Press. ISBN 9780191079030.
- 1 2 3 4 5 6 7 The Royal Horticultural Society encyclopedia of gardening (2nd ed.). Dorling Kindersley. 2004. էջեր 404, 679. ISBN 9781405303538.
- 1 2 3 4 5 6 7 Stuart, Malcolm (1989). The Encyclopedia of herbs and herbalism. Crescent Books. էջ 7. ISBN 978-0517353264.
- 1 2 3 4 5 6 Bown, Deni (1995). Encyclopedia of herbs & their uses. Dorling Kindersley. էջեր 10, 11. ISBN 978-0751302035.
- 1 2 3 4 Bremness, Lesley (1994). The complete book of herbs. Viking Studio Books. էջ 8. ISBN 9780140238020.
- ↑ Broshi, Magen (2001). Bread, Wine, Walls and Scrolls. The Library of Second Temple Studies. London: Bloomsbury Publishing PLC. էջ 138. ISBN 978-1-84127-201-6.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «Stuart19892» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Health and Healing From the Medieval Garden. The Boydell Press. 2008. էջ 67. ISBN 9781843833635.
- ↑ Tucker, Arthur; Debaggio, Thomas (2009). The Encyclopedia of Herbs. London: Timber Press.
- ↑ Small, E.; National Research Council Canada (2006). Culinary Herbs. NRC Research Press. էջ 1. ISBN 978-0-660-19073-0. Վերցված է 9 October 2018-ին.
- ↑ Freeman, Margaret B. (1943). Herbs for the Medieval Household, for Cooking, Healing and Divers uses. New York: The Metropolitan Museum of Art. էջեր ix–x.
- ↑ Patrick Curry: "Culpeper, Nicholas (1616–1654)", Oxford Dictionary of National Biography (Oxford, UK: OUP, 2004)
- ↑ Wrensch, Ruth D. (1992). The Essence of Herbs. University Press of Mississippi. էջ 9.
- ↑ Adele G Dawson (2000). Herbs, Partners in Life: Healing, Gardening and Cooking with Wild Plants. Bear & Co. էջեր 5–6.
- ↑ Dillehay T, Rossen J, Ugent D, Karathanasis A, Vásquez V, Netherly P (2010). «Early Holocene coca chewing in northern Peru». Antiquity. 84 (326): 939–953. doi:10.1017/S0003598X00067004. S2CID 162889680.
- ↑ Ernest Abel (1980). Marihuana: The First Twelve Thousand Years (PDF). New York: Springer. ISBN 978-0-306-40496-2. Վերցված է 2018-07-25-ին.
- ↑ Tapsell LC, Hemphill I, Cobiac L, Sullivan DR, Fenech M, Patch CS, Roodenrys S, Keogh JB, Clifton PM, Williams PG, Fazio VA, Inge KE (2006). «Health benefits of herbs and spices: The past, the present, the future». Medical Journal of Australia. 185 (4): S1–S24. doi:10.5694/j.1326-5377.2006.tb00548.x. hdl:2440/22802. PMID 17022438. S2CID 9769230.
- ↑ Cooper, Guy; Taylor, Gordon I. (1986). English Herb Garden. Random House.
- ↑ Panda, H. (2015). Herbal Cosmetics Handbook (3rd ed.). Asia-Pacific Business Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- § 182.10 Spices and other natural seasonings and flavorings that are generally recognized as safe Արխիվացված 2018-02-09 Wayback Machine, US Code of Federal Regulations
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոտաբույսեր (դեղագործություն)» հոդվածին։ |
| ||||||