Խոսե Սալոմոն Ռոնդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սալոմոն Խոսե Ռոնդոն
իսպ.՝ Salomón Rondón
Rondon.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Սալոմոն Ռոնդեն Խիմենես
Ազգությունը Վենեսուելա Վենեսուելա
Քաղաքացիությունը Վենեսուելա Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 16, 1989(1989-09-16)[2] (29 տարեկան)
Ծննդավայր Կարակաս, Վենեսուելա
Հասակ 186 սմ[1]
Քաշ 86 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն
Համար 9
Պատանեկան կարիերա
1996-2004 Վենեսուելա ՖՇ Սան Խոսե դե Կալասանս
2004-2005 Վենեսուելա Դեպորտիվո Գուլիմա
2005-2006 Վենեսուելա Արագուա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Վենեսուելա Արագուա 49 (15)
2008-2010 Իսպանիա Լաս Պալմաս 46 (10)
2010-2012 Իսպանիա Մալագա 67 (25)
2012-2014 Ռուսաստան Ռուբին 36 (13)
2014-2015 Ռուսաստան Զենիթ 37 (20)
2015-մ.հ. Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 59 (16)
Ազգային հավաքական
2009 Վենեսուելա Վենեսուելա (երիտ.) 11 (7)
2008-մ.հ. Վենեսուելա Վենեսուելա 57 (18)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի դեկտեմբերի 14-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հոկտեմբերի 14-ի

Խոսե Սալոմոն Ռոնդոն Խիմենես (իսպ.՝ José Salomón Rondón Giménez, սեպտեմբերի 16, 1989(1989-09-16)[2], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ֆուտբոլային ակումբի և Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող:

Ռոնդոնի առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը եղել է վենեսուելական «Արագուան», որի կազմում ֆուտբոլիստը հաղթանակ է տարել Վենեսուելայի գավաթի խաղարկությունում և ճանաչվել Վենեսուելայի 2007-2008 մրցաշրջանի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[3]: 2008 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվում է իսպանական «Լաս Պալմաս», որի կազմում երկու մրցաշրջան անցկացնում է Սեգունդայում, իսկ հետ գնվում է «Մալագայի» կողմից, որը արդեն հանդես էր գալիս Իսպանիայի առաջնությունում: Լա Լիգայում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում հեղինակելով 25 գոլ՝ ֆուտբոլիստը ձեռք է բերվում Կազանի «Ռուբինի» կողմից, որը նրա տեղափոխության համար վճարում է վենեսուելացի ֆուտբոլիստների համար ռեկորդային համարվող՝ 10 մլն եվրո գումար: Կուրբան Բերդիևի թիմում Սալոմոնը դառնում է հիմնական հարձակվող և մասնակցություն է ունենում Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչին: 2014 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվում է սանկտպետերբուրգյան «Զենիթ», որի կազմում դառնում է Ռուսաստանի չեմպիոն և երկրի Սուպերգավաթի դափնեկիր: Ռուսաստանի առաջնությանը լեգիոներների մասնակցության նոր սահմանափակումների ընդունումից հետո հարձակվողը համալրում է անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի կազմը:

Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Ռոնդոնը մասնակցել է 57 հանդիպման և դարձել 18 գոլի հեղինակ: Այս արդյունքով նա դարձել է Վենեսուելայի հավաքականի պատմության երրորդ ամենաարդյունավետ հարձակվողը[4]: Ամերիկայի գավաթի խաղարկության եռակի մասնակից (2011, 2015 և 2016 թվականներ):

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդոնը «Արագուայի» կազմում (ձախից)

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Սալոմոն Ռոնդոնը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 16-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում: Նա իր ընտանիքի երկրորդ երեխան է: Հայրը՝ Խոսե Ռաֆայել Ռոնդոնը քիմիայի ուսուցիչ էր, իսկ մայրը մինչև երեխաների ծնունդը զբաղվել է բժշկությամբ: Սալոմոնն ունի մեկ մեծ եղբայր և մեկ կրտսեր քույր: Պատանեկան տարիքից Ռոնդոնն զբաղվել է սպորտով՝ Վենեսուելայում առավել ժողովրդականություն վայելող բեյսբոլով, բասկետբոլով և ֆուտբոլով: Այդ շրջանում ապագա ֆուտբոլիստը սիրում էր դիտել կատալոնական «Բարսելոնայի» խաղերը և իր հոր հետ այցելում էր մարզադաշտ տեղի «Կարակաս» ֆուտբոլային ակումբին երկրպագելու նպատակով[5]:

Յոթ տարեկան հասակում Սալոմոնի ծնողները նրան տանում են տեղի «Սան Խոսե դե Կալասանս» ֆուտբոլային դպրոց, որտեղ նա մարզումների է հաճախում մինչև տասնհինգ տարեկան հասակը, իսկ դրանից հետո համալրում է Սան Անտոնիո դե լոս Ալտոս արվարձանի «Դեպորտիվո Գուլիմա» սիրողական ակումբի կազմը[6]: Ֆուտբոլի հետ զուգահեռ Ռոնդոնը զբաղվում էր նաև բասկետբոլով, որտեղ հասնում է որոշակի հաջողությունների և հրավեր է ստանում Վենեսուելայի բասկետբոլի պատանեկան հավաքականի կողմից: Սակայն խորհրդակցելով հոր հետ՝ Սալոմոնը որոշում է շարունակել իր ֆուտբոլային կարիերան[5]:

«Դեպորտիվո Գուլիմայի» կազմում մասնակցելով մեկ մրցաշրջանի՝ 2006 թվականին 16-ամյա Ռոդենը պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիր է կնքում «Արագուա» ֆուտբոլային ակումբի հետ[6]: Ֆուտբոլիստի խոսքերով՝ ինքը չի ընտրել իր հայրենի քաղաքի ֆուտբոլային ակումբներից որևէ մեկը այնտեղ տիրող քրեական լարված դրության պատճառով[7]:

«Արագուա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելայի առաջնությունում Ռոնդոնն իր նորամուտը նոր թիմի կազմում նշում է 2006 թվականի հոկտեմբերի 8-ին «Կարաբոբո» ֆուտբոլային ակումբի դեմ դերբի խաղում[5], որն ավարտվում է «Արագուայի» պարտությամբ (1:3)[8]: Առաջին գոլերը Արագուայի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում Ռոնդոնը հեղինակում է թիմ գալուց կես տարի անց[6]՝ 2007 թվականի ապրիլի 8-ին. «Կարակասի» դեմ հանդիպման 58-րդ և 64-րդ րոպեներին Ռոնդոնի խփված գոլերի շնորհիվ «Արագուան» խույս է տալիս պարտությունից[9]: Ընդհանուր հաշվով 2006-07 մրցաշրջանում Ռոնդոնին հաջողվում է աչքի ընկնել 7 անգամ[10]:

2007 թվականի սեպտեմբերի 9-ին Ռոնդոնը «Յարակույանոսի» դեմ խաղում նշում է իր նորամուտը Վենեսուելայի գավաթի խաղարկությունում: «Արագուան» հաղթանակ է տանում խաղի ավելացված ժամանակում, իսկ Սալոմոնը մասնակցում է ամբողջ խաղին և 107-րդ րոպեին դառնում է գոլի հեղինակ[11]: Վենեսուելայի գավաթի խաղարկության ընդհանուր վիճակագրությամբ Ռոնդոնը մասնակցում է 9 հանդիպման և դառնում է 3 գոլի հեղինակ, իսկ իր ակումբը մրցաշրջանի ավարտին ճանաչվում է Գավաթի խաղարկության չեմպիոն: Վենեսուելայի առաջնության 2007-08 մրցաշրջանում Ռոնդոնը մասնակցում է 28 հանդիպման և դառնում է 8 գոլի հեղինակ[10]: Առաջնության ընդհանուր արդյունքներով ֆուտբոլիստը ճանաչվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[3]: Հայրենիքում ունեցած իր հաջող ելույթների շնորհիվ Ռոնդենը գրավում է որոշ եվրոպական ակումբների ուշադրությունը[12]:

«Լաս Պալմաս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդոնը իսպանական «Լաս Պալմասի» մարզաշապիկով
Ռոնդոնը «Լաս Պալմասի» կազմում

2008 թվականի ամռանը Սալոմոն Ռոնդոնը երեք տարվա պայմանագիր է կնքում Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լաս Պալմասի» հետ՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ[13]: «Արագուան» վճռական ձևով դեմ էր Ռոնդոնի տեղափոխմանը, սակայն վենեսուելական ակումբը հայտնվում է իրավաբանական բարդ իրավիճակում. Ռոնդոնի իրավունքները պատկանում էին իր ծնողներին, այդ պատճառով էլ «Լաս Պալմասն» ստիպված չէր դիմել «Արագուային» ֆուտբոլիստին գնելու համար և Ռոնդոնի Արագուայի հետ ունեցած պայմանագիրը ընդհանրապես չուներ իրավաբանական ուժ, քանի որ կնքված էր ֆուտբոլիստի հոր կողմից նախքան նրա չափահասությունը[14]: Օգոստոսի 10-ին «Էստադիո դե Գրան Կանիրիայում» Ռոնդոնը ներկայացվում է երկրպագուներին, իսկ որոշ ժամանակ անց երիտասարդը թիմի ընկերական խաղերից մեկում նշում է իր նորամուտը նոր թիմի կազմում: Այնուամենայնիվ օգոստոսի 27-ին Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվում է տալ ֆուտբոլիստի միջազգային տրանսֆերային քարտը «դեղձանիկներին»՝ այս քայլով ամբողջովին պաշտպանելով «Արագուային»: «Լաս Պալմասը» վերանայում է այս իրավիճակը և դիմում է ՖԻՖԱ-յին տվյալ հարցին վերջնական լուծում տալու համար. սեպտեմբերի 17-ին դատարանը որոշում է կայացնում հօգուտ իսպանական ակումբի և սեպտեմբերի 29-ին «Լաս Պալմասը» ստանում է փաստաթղթերը, որոնք պետք է ֆուտբոլիստին թույլ տային հանդես գալ պաշտոնական մրցաշարերում[15]:

Հարձակվողի նորամուտը նոր ակումբի կազմում կայանում է 2008 թվականի հոկտեմբերի 5-ին «Դեպորտիվո Ալավես» ակումբի դեմ խաղում, որում «Լաս Պալմասը» պարտվում է մրցակցին 1:2 հաշվով[16]: Նոր թիմի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Ռոնդոնը մասնակցում է 10 հանդիպման՝ հիմնականում փոխարինում կատարելով[10]: Սեգունդայի մրցաշարային աղյուսակում «Լաս Պալմասը» զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը և մեծ դժվարությամբ է խուսափում Իսպանիայի երրորդ դիվիզիոնում հայտնվելուց[17]:

Հաջորդ մրցաշրջանը Ռոնդոնի համար դառնում է էլ ավելի հաջող: Իր առաջին գոլերը Իսպանիայում ֆուտբոլիստը հեղինակում է 2009 թվականի սեպտեմբերի 2-ին՝ երկու անգամ աչքի ընկնելով Իսպանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլի շրջանակներում կայացած «Կադիսի» դեմ խաղում[18]: Ռոնդոնը դառնում է ամենաերիտասարդ արտասահմանցի ֆուտբոլիստը, որին հաջողվում է «Լաս Պալմասի» կազմում դառնալ գոլի հեղինակ. այդ պահին ֆուտբոլիստը 19 տարեկան, 11 ամսական և 22 օրական էր[19]: Իսպանիայի գավաթի խաղարկության հաջորդ խաղում «Լաս Պլամասը» 1:2 հաշվով պարտություն է կրում «Ռեկրատիվոյից»[20]. «Լաս Պալմասն» այդ խաղը անցկացնում էր առանց Ռոնդոնի, ով ակումբի մոտակա խաղերից ազատվել էր աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով[21]: Սեգունդայում Ռոնդոնը հեղինակում է իր առաջին գոլերը 2010 թվականի հունվարի 3-ին կայացած «Էլչեի» դեմ խաղում՝ նորից դառնալով երկու անգամ գոլի հեղինակ: Մինչև առաջնության ավարտը ֆուտբոլիստին հաջողվում է դառնալ 8 գոլի հեղինակ[10], իսկ ակումբն այս անգամ արդեն զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը[22]: Ռոնդոնի հաջող խաղը մրցաշրջանի երկրորդ մասում հետաքրքրություն էր առաջացրել «Մալագա» ակումբի տնօրինության մոտ: Ակումբն այդ պահին հանդես էր գալիս Լա Լիգայում:

«Մալագա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Սալոմոնը «Մալագայի» կազմում

2010 թվականի հուլիսի 19-ին Ռոնդոնը դառնում է «Մալագայի» ֆուտբոլիստ: Գործարքի արժեքը կազմում է 3,5 մլն եվրո[23]: Նոր ակումբի կազմում հարձակվողը նշում է իր նորամուտը 2010 թվական օգոստոսի 28-ին՝ Իսպանիայի առաջնության առաջին տուրում կայացած «Վալենսիայի» դեմ խաղի ժամանակ փոխարինում կատարելով և խաղադաշտ մտնելով[24]: Ռոնդոնն իր առաջին գոլը հեղինակում է երկու ամիս անց՝ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «Սևիլյայի» դեմ կայացած խաղում[25], որը ավարտվում է «Մալագայի»՝ 1:2 հաշվով պարտությամբ: Հոկտեմբերի 30-ին ֆուտբոլիստը վնասվածք է ստանում (աջ ազդրի չորսգլխանի մկանի վնասվածք)[26], որի հետևանքով բաց է թողնում թիմի առաջիկա չորս հանդիպումները և կարողանում է վերադառնալ խաղադաշտ միայն նոյեմբերի 28-ին[27]: 2010 թվականի դեկտեմբերի 22-ին Ռոնդոնը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղերի շրջանակներում կայացած «Սևիլյայի» դեմ հանդիպման ժամանակ դառնում է դուբլի հեղինակ[28]: Չնայած դրան «Մալագան» պարտություն է կրում և՛ այդ խաղում, և՛ պատասխան խաղում՝ դուրս մնալով երկրի գավաթի համար հետագա պայքարից: 2011 թվականի մայիսի 1-ին Ռոնդոնը «Հերկուլեսի» դեմ տնային հանդիպման ժամանակ գոլ է հեղինակում, որը դառնում է «Մալագայի» պատմության մեջ պաշտոնական խաղերում խփված 1000-րդ գոլը[29]: Անձամբ ֆուտբոլիստի համար այդ գոլը առաջնությունում դառնում է 13-րդը, ինչի շնորհիվ նա սահմանում է նոր ռեկորդ Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում վենեսուելացի ֆուտբոլիստների կողմից հեղինակված առավելագույն գոլերի քանակով (մինչև Ռոնդոնը այդ ռեկորդը պատկանում էր Խուան Արանգոյին, ով 2007/2008 մրցաշրջանի ընթացքում կարողացել էր գրավել իսպանական ակումբի մրցակիցների դարպասները 12 անգամ)[30]: 2010-11 մրցաշրջանում Ռոնդոնը «Մալագայի» կազմում մասնակցում է առաջնության 30 և Իսպանիայի գավաթի խաղարկության երկու հանդիպումների[27]: Առաջնությունում ֆուտբոլիստը դարձել էր 14 գոլի հեղինակ, իսկ գավաթի խաղարկությունում՝ 2: Մրցաշրջանի արդյունքներով ակումբն զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը առաջնությունում, իսկ Ռոնդոնը ճանաչվում է լավագույն հարձակվող՝ եզրափակելով Լա Լիգայի 10 լավագույն ռմբարկուների ցանկը[31]:

2011-2012 մրցաշրջանը Սալոմոնն սկսում է պահեստայինների նստարանին[32], քանի որ ուղղակի սիտպված էր իր տեղը զիջել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ռուդ վան Նիստելռոյը և Սանտի Կասորլան: Այդ երկու ֆուտբոլիստները «Մալագայի» նոր ձեռքբերումներ էին: Հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստը ասում է, որ այդպիսի ֆուտբոլիստների հետ խաղալը իրեն տալիս է շատ կարևոր փորձ[5]: Մի քանի ամիս անց Սալոմոնին հաջողվում է թիմի հիմնական կազմում փոխարինել կարիերայի ավարտին մոտ Նիստերլոյին, ով ստացել էլ ծնկի ծանր վնասվածք[33]: Նոր մրցաշրջանում Ռոնդոնը իր առաջին գոլը հեղինակում է 2011 թվականի հոկտեմբերի 30-ին Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայացած «Էսպանյոլի» դեմ խաղում[34]. Ռոնդոնը խաղի 5-րդ րոպեին ճշգրիտ հարվածով բացում է հանդիպման հաշիվը: Մինչև մրցաշրջանի վերջը Ռոնդոնին հաջողվում է ևս 10 գնդակ հեղինակել, որոնց թվում էր նաև «Բարսելոնայի» դեմ խաղում խփված գնդակը[35][36]: Այդ մրցաշրջանում նույնպես Ռոնդոնը ճանաչվում է թիմի լավագույն ռմբարկու[37]:

«Ռուբին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդոնը «Ռուբինի» կազմում՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացող «Լևանտեի» դեմ խաղից առաջ

2012 թվականի օգոստոսի 5-ին Ռոնդոնը լքում է «Մալագան» և չորս տարի ժամկետով պայմանագիր կնքում Կազանի «Ռուբինի» հետ[38]: Գործարքի արժեքը կազմում է 10 մլն եվրո, ինչը Ռոնդոնին դարձնում է վենեսուելական ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը[33]:

Նոր թիմի կազմում Ռոնդոնը կատարում է իր նորամուտը 2012 թվականի օգոստոսի 12-ին մոսկովյան «Դինամոյի» դեմ կայացած խաղում[39]: Ֆուտբոլիստի խոսքերով՝ ինքը շուտ է հարմարվել թիմին[40]: «Ռուբինի» կազմում իր առաջին գոլը նա հեղինակում է «Տերեկի» դեմ սեպտեմբերի 1-ին կայացած տնային հանդիպման ժամանակ[41]: Ռոնդոնը հաջողությամբ է իրեն ներկայացնում Եվրոպայի լիգայի խմբային փուլում. խմբային փուլի 6 խաղերում ֆուտբոլիստը դառնում է 4 գոլի հեղինակ, որոնցից երկուսը հեղինակում է Միլանի «Ինտերի» դեմ խաղում[42][43][44][45]: Մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը վերջնականապես հաստատվում է թիմի հիմնական կազմում: 2013 թվականի ապրիլին Ռոնդոնը մասնակցում է Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղին[46]: Գրավել անգլիական ակումբի դարպասը Ռոնդոնին չի հաջողվում, իսկ Կուրբան Բերդիևի թիմը համառ պայքարում զիջում է մրցանակի ապագա դափնեկրին[47]: Ռուսաստանի առաջնությունում «Ռուբինը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Ռոնդոնն իր հեղինակած 7 գոլերով դառնում է թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն[48]:

Նոր մրցաշրջանում Ռոնդոնը պահպանում է թիմի հիմնական կազմի հարձակվողի իր կարգավիճակը, առանց փոխարինման մասնակցում է 9 խաղի անընդմեջ և հեղինակում է 5 գոլ, այդ թվում նաև «Ուրալի» դարպասը հեղինակված հետ-տրիկը[49]: Եվրոպայի լիգայում «Ռուբինը» հաջողությամբ հաղթահարում է որակավորման փուլերը և դուրս է գալիս Լիգայի խմբային փուլ: Վենեսուելացին մասնակցություն է ունենում խմբային փուլի խաղերից 5-ին և դառնում է 4 գոլի հեղինակ[50]: 2013 թվականի սեպտեմբերի 22-ին «Տոմի» դեմ խաղում Ռոնդոնը ստանում ծանր վնասվածք (ձախ ոտնաթաթի հինգերորդ ոսկորի կոտրվածք) և չի կարողանում դուրս գալ խաղադաշտ շուրջ երկու ամիս[51][52]: Ռոնդոնը վերադառնում է միայն նոյեմբերի 28-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Մարիբորի» դեմ խաղում[53]: Ձմեռային շրջանում «Ռուբինը» նահանջում է մի քանի հորիզոնականով և զբաղեցնում է արդեն 11-րդ հորիզոնականը առաջնությունում, սակայն որոշ ժամանակ անց նրանց հաջողվում է ետ բերել կորցրածը և նաև վաստակել Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլին մասնակցելու իրավունք: Խմբային փուլում Ռոնդոնը, մասնակցելով երեք խաղի, աչքի է ընկնում երկու գոլով[54]:

«Զենիթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդոնը «Զենիթի» կազմում

2014 թվականի հունվարի 31-ին Սալոմոն Ռոնդոնը, կնքելով 4,5 տարով պայմանագիր, համալրում է սանկտպետերբուրգյան «Զենիթի» կազմը[55]: Գործարքի արժեքը կազմում է 18 մլն եվրո, որը ներառում էր ֆուտբոլիստի գործակալի վարձը և կնքման բոնուսը[56]: Ռոնդոնն իր նորամուտը «Զենիթի» կազմում նշում է 2014 թվականի փետրվարի 25-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Դորտմունդի Բորուսիայի» դեմ խաղում[57]: Ռոնդոնը սկսում է խաղը մեկնարկային կազմի հետ և հանդիպման 58-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակի դիպչում է դարպասաձողին և հետ թռչում, ինչից հետո Օլեգ Շատովը գրավում է մրցակցի դարպասը: Նույն թվականի մարտի 19-ին կայացած «Բորուսիայի» դեմ պատասխան խաղում Ռոնդոնը խփում է իր առաջին գոլը «Զենիթի» կազմում. հանդիպման 73-րդ րոպեին կատարված ճշգրիտ հարվածով նա գրավում է Ռոման Վանդենֆեյլերի պաշտպանած դարպասը[58]: «Զենիթը» այդ խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տանում, սակայն երկու խաղերի ընդհանուր հաշվով մյուս փուլ է անցնում գերմանական ակումբը: 2014 թվականի մարտին նշանակված «Զենիթի» նոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը կարողանում է ճիշտ ձևով օգտագործել Ռոնդոնի հնարավորությունները թիմի խաղերում[59]: Մրցաշրջանի մնացած մասում Սալոմոնը Ռուսաստանի առաջնությունում ցուցադրում է բարձր արդյունավետություն՝ 10 խաղում խփելով 7 գոլ[49][60]: 7 գոլերից 3-ը ֆուտբոլիստը հեղինակում է իր նախկին թիմի՝ «Ռուբինի» դեմ կայացած խաղում՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 66-րդ րոպեին: Վենեսուելացու հրաշալի մարզավիճակը, որը գումարվել էր նրա հարձակման մեջ ունեցած ունիվերսալության կարողությանը[61], թույլ էր տալիս իրեն առաջնության վերջնամասում «Զենիթի» հիմնական կազմից բառացիորեն դուրս մղել Ալեքսանդր Կերժակովին[62]: «Զենիթը» մրցաշրջանի արդյունքներով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ Ռոնդոնը, թիմի կազմում մասնակցելով ընդամենը 10 հանդիպման, դառնում է թիմի երրորդ լավագույն ռմբարկուն առաջնությունում[63]:

2014-15 մրցաշրջանի սկիզբը Սալոմոնի և իր թիմակից Հալկի համար դառնում է շատ արդյունավետ. Ռուսաստանի առաջնության առաջին երեք խաղերում նրանք «գոլ+փոխանցում» կարգով վաստակում են 11 միավոր[64]: 2014 թվականի օգոստոսի 6-ին վենեսուելացին կիպրոսյան ԱԵԼ-ի դարպասը գոլ է հեղինակում, որը դառնում է «Զենիթի» 200-րդ գոլը եվրոգավաթային մրցաշարերում[65], իսկ սեպտեմբերի 20-ին «Ռոստովի» դեմ խաղում խփված երեք գնդակներից առաջինը դառնում է «Զենիթի» պատմության մեջ լեգեոներների խփած 300-րդ գոլը[66]: Սեպտեմբերի արդյունքներով Ռոնդոնն ստանում է «Ամսվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը[67]: Դրանից հետո նրա մոտ անկում է նկատվում[68], և մինչև օրացույցային տարվա վերջը նրան հաջողվում է հեղինակել ընդամենը մեկ գոլ, որը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բայերի» դեմ հանդիպման ժամանակ խփված գոլն էր[69]: Խմբային փուլի արդյունքներով «Զենիթը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և հայտնվում է Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում:

Ձմեռային ընդմիջումից հետո Ռոնդոնը կրկին կարողանում է լավ մարզավիճակ ձեռք բերել և «Զենիթի» կազմում դառնալ ընկերական խաղերի լավագույն ռմբարկու[70]: Նոր տարում Սալոմոնը հեղինակում է իր պաշտոնական առաջին գոլերը փետրվարի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայացած նիդերլանդյան ՊՍՎ-ի դարպասը դուբլ հեղինակելով[71]: Այդ մրցաշրջանում «Զենիթը» հասնում է մինչև Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ Ռոնդոնը խփում է իր երրորդ գոլը այդ մրցաշարում և դառնում է առաջին վենեսուելացին, ում հաջողվում է դառնալ գոլի հեղինակ եվրոպական գավաթային մրցաշարերի այս փոլում[72]: Բացի դրանից այդ գոլի շնորհիվ Ռոնդոնն ընդգրկվում է ռուսական ակումբների եվրագավաթային լավագույն ռմբարկուների քառյակում[73]: Ռուսաստանի առաջնությունում հարձակվողը աչքի է ընկնում ձմեռային ընդմիջումից հետո հեղինակած 6 գոլերով[74], որոնց շնորհիվ ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին առաջնության լավագույն ռմբարկուների շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն իր թիմակից Հալկին[75]: «Զենիթի» կազմում Ռոնդոնը դառնում է Ռուսաստանի չեմպիոն[76]: 2015 թվականի ամռանը մամուլում տարածվում է ինֆորմացիա այն մասին, որ ֆուտբոլիստի հաջող ելույթների և Վենեսուելայի հավաքականի կազմում ցուցադրած խաղերի շնորհիվ նրանով սկսել են հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Ատլետիկոն» և Ռոման[77][78][79]: Ռոնդոնի՝ թիմը լքելու հավանականությունն առաջացել է կապված Ռուսաստանում լեգեոններների հետ կապված նոր կանոնի ընդունման պատճառով[80][81][82]:

Հուլիսի 12-ին Ռոնդոնը «Զենիթի» հետ միասին դառնում է 2015 թվականի Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիրը: Եզրափակչում Ռոնդոնը խաղին միանում է միայն 64-րդ րոպեին, իսկ ակումբը 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթանակ է տանում «Լոկոմոտիվի» նկատմամբ և դառնում հաղթող[83]: 2015 թվականի հուլիսի 19-ին Ռուսաստանի առաջնության 2015-16 մրցաշրջանի առաջին տուրի շրջանակներում կայացած մոսկովյան «Դինամոյի» դեմ խաղը դառնում է Ռոնդոնի համար վերջինը «Զենիթի» կազմում: Հաջորդ երկու տուրերում հարձակվողը մնում է պահեստայինների նստարանին, իսկ հետո լքում է ռուսական ակումբը[84]:

«Վեստ Բրոմվիչ Ալբիոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդոնը «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» կազմում

2015 թվականի օգոստոսի 10-ին Ռոնդոնը չորս տարով պայմանագիր է կնքում անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» հետ: Գործարքի արժեքը կազմում է շուրջ 12 մլն ֆունտ, ինչը վենեսուելացուն դարձնում է ամենաթանկ ֆուտբոլիստն իր նոր ակումբի պատմության մեջ[85]: Անգլիական ակումբի մարզչի՝ Տոնի Պյուլիսի խոսքերով՝ մինչև Ռոնդոնին գնելը ինքը խոսել էր ֆուտբոլիստի նախկին մարզիչների, մասնավորապես՝ Մանուել Պելեգրինիի և Անդրե Վիլաշ Բոաշի հետ, որոնք էլ խորհուրդ էին տվել գնել նրան[86]: Անգլիայի Պրեմիեր Լիգայում Ռոնդոնը նշում է իր նորամուտը 2015 թվականի օգոստոսի 15-ին՝ փոխարինման դուրս գալով «Ուոտֆորդի» դեմ խաղի 62-րդ րոպեին[87]: Անգլիայի առաջնությունում հարձակվողն իր առաջին գոլը խփում է օգոստոսի 29-ին` ընդդեմ «Սթոք Սիթիի» խաղում[88]: Դեկտեմբերի 19-ին «Բորնմութի» դեմ խաղում Ռոնդոնը մրցակից Դեն Գոսլինգի դեմքին գլխով հարվածելու համար արժանանում է կարմիր քարտի և հեռացվում խաղադաշտից: Այդ քարտին հետևում է նրա որակազրկումը և ակումբի կողմից կատարված տուգանքը[89]: Ավելի ուժեղ լիգա տեղափոխվելը և նոր թիմի մարտավարությանն անսովոր լինելը հուսախաբ են անում Ռոնդոնին, ով նաև ուներ արդյունավետության խնդիր[90]: Այնուամենայնիվ Ռոնդոնը ժամանակի հետ սովորում է իր նոր թիմին[7], կարողանում է հաղթահարել թիմի ներսում Սեյդո Բերահինոյի, Ռիկի Լամբերտի և Վիկտոր Անիչեբեի հետ առաջացած պայքարը[91] և ավարտել մրցաշրջանը 34 խաղերում հեղինակված 9 գոլերով: Ռոնդոնի գոլերը շատ մեծ կարևորություն են ունեցել ակումբի խաղերում[92][93]: «Վեստ Բրոմվիչը» ավարտում է մրցաշրջանը 14-րդ հորիզոնականում[94]:

2016-17 մրցաշրջանը Ռոնդոնը սկսում է ԱՊԼ-ի առաջին տուրի շրջանակներում կայացած «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի միակ և հաղթական գոլը հեղինակելով[95]:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարի 3-ին Հայիթիի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում Ռոնդոնը 18 տարեկան հասակում դուրս է գալիս խաղադաշտ երկրի ազգային հավաքական կազմում[96]: Նույն տարվա մարտի 23-ին Սալվադորի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում Ռոնդոնը հեղինակում է իր առաջին գնդակը հօգուտ ազգային հավաքականի[97][98]:

2009 թվականին Վենեսուելայի երիտասարդական հավաքականի կազմում Սալոմոնը մասնակցություն է ունենում Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությանը: Մրցաշարի խմբային փուլում Ռոնդոնը մասնակցում է Նիգերիայի[99] և Թայիթիի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին: Թայիթիի դեմ խաղում Սալոմոնին հաջողվում է հետ-տրիկ ձևակերպել, իսկ խաղն ավարտվում է 8:0 հաշվով[100]: Վենեսուելան դուրս է գալիս մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ ԱՄԷ-ի երիտասարդական հավաքականի դեմ խաղում Սալոմոնի ջանքերով թիմը 12-րդ րոպեին բացում է խաղի հանդիպման հաշիվը, սակայն 22-րդ և 83-րդ րոպեներին ԱՄԷ-ի կողմից խփված գնդակները դուրս են թողնում ակումբին հետագա պայքարից[101]: Երեք խաղերում հեղինակած չորս գնդակներով Ռոնդոնը դառնում է առաջնության երրորդ լավագույն ռմբարկուն[5]: 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Սալոմոնը 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման մրցաշարում մասնակցություն է ունենում Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ խաղին: Խաղն ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ Ռոնդոնը մասնակցում է խաղի շատ փոքր մասի[102]:

2011 թվականին Սալոմոնը ընդգրկվում է Արգենտինայում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկության համար կազմվող հայտացուցակում: Խմբային փուլում Ռոնդոնը մասնակցում է Բրազիլիայի[103], Էկվադորի[104] և Պարագվայի դեմ տեղի ունեցած խաղերին: Պարագվայցիների դեմ խաղի 6-րդ րոպեին Ռոնդոնը բացում է հանդիպման հաշիվը, իսկ 90-րդ րոպեին դառնում է գոլային փոխանցման հեղինակ[105]: Քառորդ եզրափակչում Վենեսուելան հաղթանակ է տանում Չիլիի ազգային հավաքականի դեմ խաղում[106], սակայն կիսաեզրափակչում նրանք խաղավերջյան 11 մետրանոց հարվածաշարում զիջում են Պարագվայի ազգային հավաքականին[107]. Ռոնդոնը մասնակցում է այդ խաղի 120 րոպեներին էլ: Երրորդ տեղի համար ընթացող՝ Պերուի ազգային հավաքականի դեմ պայքարում վենեսուելացիները կրում են 1:4 հաշվով պարտություն, իսկ 61-րդ րոպեին խաղադաշտ մտած Ռոնդոնը չի կարողանում ինչ-որ կերպ հանել իր հավաքականին դժվարին իրավիճակից[108]:

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռոնդոնը, լինելով թիմի հիմնական կազմի հարձակվողը, հրավիրվում է հավաքական: Նա մասնակցություն է ունենում 12 խաղերի և դառնում է 4 գոլի հեղինակ[109]: 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման արդյունքում Վենեսուելան 10 հավաքականների մեջ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և չի կարողանում դուրս գալ մրցության եզրափակիչ փուլ: 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Ռոնդոնը մասնակցություն է ունենում Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղին, որը ավարտվում է 2:2 հաշվով[110]: Պարզվում է, որ հարձակվողը չուներ խաղադաշտ դուրս գալու այդ իրավունքը, քանի որ նախորդ ընկերական խաղում արժանացել էր կարմիր քարտի[111]: Արդյունքում Վենեսուելայի նկատմամբ հաշվվում է տեխնիկական պարտություն[112]:

2015 թվականին Սալոմոնը մասնակցություն է ունենում Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությանը[113]: Մրցաշարի շրջանակներում հարձակվողը մասնակցություն է ունենում խմբային փուլի բոլոր խաղերին ընդդեմ Կոլումբիայի, Պերուի և Բրազիլիայի ազգային հավաքականների[114]: Կոլումբիայի ազգային հավաքականի դեմ խաղում հարձակվողը գոլի հեղինակ է դառնում հանդիպման 60-րդ րոպեին, ինչի շնորհիվ ակումբը հաղթանակ է տանում այդ խաղում: Մյուս երկու խաղերում Վենեսուելայի ազգային հավաքականը պարտություններ է կրում և դուրս մնում հետագա պայքարից[115]:

2016 թվականին Ռոնդոնը կրկին ընդգրկվում է Ամերիկայի գավաթի խաղարկության համար կազմված հայտացուցակում[116][117][118]: Մրցաշարի խմբային փուլի առաջին խաղը Ռոնդոնի համար դառնում է 50-րդը միջազգային մակարդակում[119]: Վենեսուելան դուրս է գալիս առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ ջախջախիչ պարտություն է կրում Արգենտինայի հավաքականի դեմ խաղում[120]: Ռոնդոնը մասնակցություն է ունենում իր հավաքականի բոլոր չորս խաղերին և դառնում է երկու գոլի հեղինակ՝ գրավելով Ուրուգվայի և Արգենտինայի ազգային հավաքականների դարպասները[121]:

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդոնը բարձրահասակ և ատլետիկ ֆուտբոլիստ է, որն իրեն լավագույնս դրսևորում է գնդակի համար ընթացող պայքարում և տուգանային հրապարակում կազմավորվող գրոհներին[122]: Ֆուտբոլիստը լավ է խաղում գլխով, ֆիզիկական ուժը թույլ է տալիս «ձերբազատվել» պաշտպաններից և կենտրոնանալ գնդակի վրա[6]: Ռոնդոնի մյուս ուժեղ կողմը համարվում է թիմակիցների համար շատ արագ և արդյունավետ բացվելու կարողությունը: Իսկ ընդհանուր առմամբ ֆուտբոլիստն ունի լավ արագություն, տեխնիկա և համաձայնեցվածություն[123]: Այն պահից, երբ Ռոնդոնը հայտնվում է Իսպանիայում, իր խոսքերով՝ իրենց սկսում էին համեմատել Պատրիկ Կլյուվերտի հետ, ով ուներ նմանատիպ խաղաոճ[97]: Վենեսուելացու թերություններից են խաղային կայունության բացակայությունն[124] ու ոչ բարձր դիմացկունությունը[6]:

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոմոն Ռոնդոնը ամուսնացած է, նրա կնոջ անունը Վալերիա է[125]: Ռոնդոնը ունի երկու երեխա. դուստրը՝ Ռաֆաելան, ծնվել է 2014 թվականի օգոստոսի 1-ին, իսկ որդին՝ Ռոդրիգոն, ով մեծ է իր քրոջից երեք տարով[126]:

Ռոնդոնի սիրելի ֆուտբոլիստն է բրազիլացի Ռոնալդոն[127]: Սպորտի ուրիշ տեսակներից Ռոնդոնը սիրում և զբաղվում է բոքսով և բասկետբոլով[128]: Ռոնդոնի սիրելի թիվը 23-ն է, որը վերցված է եղել ի պատիվ Մայքլ Ջորդանի, ով էլ հանդիսանում էր Սալոմոնի կուռքը պատանի տարիքում[33][129]:

Ազատ ժամանակ ֆուտբոլիստը սիրում է զբաղվել ընթերցանությամբ, խաղալ Nintendo-ով և զբոսնել իր շան հետ[97]: Սիրելի երգի ժանրը ռեփն է, սիրելի ռեփերը՝ 50 Cent[128]: Սիրելի ֆիլմը «Գլադիատորն» է[128]: Ուտելիքի մեջ նախընտրում է վենեսուելական խոհանոցը[97][129]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Վենեսուելա «Արագուա»

Ռուսաստան «Զենիթ»

Անձնական

  • Վենեսուելայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2008
  • Ռուսաստանի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ – սեպտեմբեր, 2014[130]
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում – 2-րդ հորիզոնական, 2015[76]

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին հոկտեմբերի 14-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Սուպերգավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Խաղեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վենեսուելա Արագուա Վենեսուելայի առաջնություն 2006/07 21 7 0 0 21 7
2007/08 28 8 9 3 37 11
Ընդհանուր 49 15 9 3 58 18
Իսպանիա Լաս Պալմաս Սեգունդա 2008/09 10 0 0 0 10 0
2009/10 36 10 1 2 37 12
Ընդհանուր 46 10 1 2 47 12
Իսպանիա Մալագա Պրիմերա 2010/11 30 14 2 2 32 16
2011/12 37 11 3 0 40 11
Ընդհանուր 67 25 5 2 72 27
Ռուսաստան Ռուբին Պրեմիեր լիգա 2012/13 25 7 0 0 12 5 37 12
2013/14 11 6 0 0 8 6 19 12
Ընդհանուր 36 13 0 0 20 11 56 24
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր լիգա 2013/14 10 7 0 0 2 1 12 8
2014/15 26 13 2 1 16 6 44 20
2015/16 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 37 20 2 1 18 7 1 0 58 28
Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն Պրեմիեր Լիգա 2015/16 34 9 6 1 0 0 40 10
2016/17 7 3 0 0 1 0 8 3
Ընդհանուր 41 12 6 1 1 0 48 13
Ամբողջ կարիերա 276 95 23 9 1 0 38 18 1 0 339 122

Գոլերը Վենեսուելայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 23 մարտի, 2008 Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա Սալվադոր Սալվադոր 1:0 1:0 Ընկերական խաղ
2. 11 փետրվարի, 2009 Մոնումենտալ, դե Մատուրին, Մատուրին, Վենեսուելա Գվատեմալա Գվատեմալա 2:1 2:1 Ընկերական խաղ
3. 9 փետրվարի, 2011 Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1:1 2:2 Ընկերական խաղ
4. 9 փետրվարի, 2011 Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2:2 2:2 Ընկերական խաղ
5. 13 հուլիսի, 2011 Պադրե Էռնեստո Մարտեարենա, Սալտա, Արգենտինա Պարագվայ Պարագվայ 0:1 3:3 Ամերիկայի գավաթ 2011
6. 23 մայիսի, 2012 Պոլիդեպորտիվո Կաչամայ, Սյուդադ Գուայանա, Վենեսուելա Մոլդովա Մոլդովա 2:0 4:0 Ընկերական խաղ
7. 23 մայիսի, 2012 Պոլիդեպորտիվո Կաչամայ, Սյուդադ Գուայանա, Վենեսուելա Մոլդովա Մոլդովա 4:0 4:0 Ընկերական խաղ
8. 2 հունիսի, 2012 Սենտենարիո, Մոնտեվիդեո, Ուրուգվայ Ուրուգվայ Ուրուգվայ 1:1 1:1 ԱԱ-2014 որակավորման փուլ
9. 11 սեպտեմբերի, 2012 Դեֆենսորես դել Չակո, Ասունսյոն, Պարագվայ Պարագվայ Պարագվայ 1:0 2:0 ԱԱ-2014 որակավորման փուլ
10. 11 սեպտեմբերի, 2012 Դեֆենսորես դել Չակո, Ասունսյոն, Պարագվայ Պարագվայ Պարագվայ 2:0 2:0 ԱԱ-2014 որակավորման փուլ
11. 26 մարտի, 2013 Պոլիդեպորտիվո Կաչամայ, Սյուդադ Գուայանա, Վենեսուելա Կոլումբիա Կոլումբիա 1:0 1:0 ԱԱ-2014 որակավորման փուլ
12. 10 սեպտեմբերի, 2013 Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա Պերու Պերու 1:0 3:2 ԱԱ-2014 որակավորման փուլ
13. 15 հունիսի, 2015 Էլ Տենենտե, Ռանկագուա, Չիլի Կոլումբիա Կոլումբիա 0:1 0:1 Ամերիկայի գավաթ 2015
14. 8 սեպտեմբերի, 2015 Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա Պանամա Պանամա 1:1 1:1 Ընկերական խաղ
15. 27 մայիսի, 2016 Estadio Nacional, Սան Խոսե, Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1:0 1:2 Ընկերական խաղ
16. 1 հունիսի, 2016 Լոկհարթ, Ֆորտ Լոդերդեյլ, ԱՄՆ Գվատեմալա Գվատեմալա 1:1 1:1 Ընկերական խաղ
17. 9 հունիսի, 2016 Լինքոլն Ֆայնենշել Ֆիլդ, Ֆիլադելֆիա, ԱՄՆ Ուրուգվայ Ուրուգվայ 1:0 1:0 Ամերիկայի գավաթ 2016
18. 18 հունիսի, 2016 Ջիլետ, Ֆոքսբորո, ԱՄՆ Արգենտինա Արգենտինա 1:3 1:4 Ամերիկայի գավաթ 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jose Salomon Rondon»։ West Bromwich Albion F.C։ Վերցված է 6 February 2016 
  2. 2,0 2,1 Transfermarkt — 2000.
  3. 3,0 3,1 «Чемпионат России. Введение в «Рубин»»։ Официальный сайт футбольного клуба «Зенит»։ Վերցված է 2016-10-24 
  4. «All-time Top Scorers» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2016-10-14 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Александр Андреев. Саломон Рондон: План на игру у нас всегда разный // Наш Зенит. — 2014. — Т. 7 (28). — С. 52—63.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Meet José Salomón Rondon – the Venezuelan powerhouse who could complete Liverpool's front-line» (անգլերեն)։ FourFourTwo։ Վերցված է 2015-07-01 
  7. 7,0 7,1 «Саломон Рондон: "Родные мне нужны живыми"»։ football.ua։ Վերցված է 2016-10-29 
  8. ««Карабобо» 3:1 «Арагуа»» (անգլերեն)։ Վերցված է 2015-07-01 
  9. ««Арагуа» 2:2 «Каракас»» (անգլերեն)։ Վերցված է 2015-07-01 
  10. 10,0 10,1 10,2 10,3 «José Salomón Rondón Giménez» (անգլերեն)։ Официальный сайт футбольного клуба «Малага»։ Վերցված է 2016-10-14 
  11. «Venezuela 2007/08» (անգլերեն)։ rsssf.com։ Վերցված է 2015-07-01 
  12. «El venezolano Rondón es el elegido y está cerrado» (իսպաներեն)։ futbol.as.com։ Վերցված է 2016-12-16 
  13. Palmas La Provincia - Diario de Las։ «La UD ficha por tres temporadas al ariete venezolano Salomón Rondón»։ Վերցված է 2016-11-03 
  14. «Las Palmas: Salomón Rondón fue presentado - Goal.com»։ Goal.com (es-ES)։ 2008-08-11։ Վերցված է 2016-11-03 
  15. La Provincia - Diario de Las Palmas։ «La FIFA da el visto bueno a Rondón - La Provincia - Diario de Las Palmas»։ www.laprovincia.es։ Վերցված է 2016-11-03 
  16. ««Депортиво» 2:1 «Лас-Пальмас»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-01 
  17. «Таблица Сегунды 2008/2009» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-01 
  18. ««Лас-Пальмас» 2:1 «Кадис»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02 
  19. «El gol extranjero más joven» (իսպաներեն)։ laprovincia.es։ Վերցված է 2015-07-02 
  20. ««Рекреативо» 2:1 «Лас-Пальмас»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02 
  21. ««Эльче» 2:5 «Лас-Пальмас»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02 
  22. «Таблица Сегунды 2009/2010» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02 
  23. «Transfer History» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02 
  24. ««Малага» 1:3 «Валенсия»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02 
  25. ««Малага» 1:2 «Севилья»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02 
  26. «Rubén and Rondón only patients in the malaguista infirmary» (անգլերեն)։ www.malagacf.com։ Վերցված է 2016-10-30 
  27. 27,0 27,1 «Статистика Рондона в сезоне 2010/11» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02 
  28. ««Севилья» 5:3 «Малага»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-02 
  29. ««Salomón Rondón anotó el gol número mil para el Málaga CF»։ nuevosiglotampa.com։ Վերցված է 2016-10-30 
  30. «Rondón, ´Pichichi´ de los novatos» (իսպաներեն)։ laopiniondemalaga.es։ Վերցված է 2015-07-02 
  31. «Лучшие бомбардиры чемпионата Испании 2010/11»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14 
  32. «Рондон в сезоне 2011/12» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2016-10-23 
  33. 33,0 33,1 33,2 «Саломон Рондон: «Ван Нистелрой мне как старший брат»»։ Спорт Экспресс։ Վերցված է 2015-07-02 
  34. ««Малага» 2:1 «Эспаньол»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-02 
  35. ««Малага» 1:4 «Барселона»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-02 
  36. ««Барселона» 4:1 «Малага»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-02 
  37. ««Малага» в сезоне 2011/12»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14 
  38. «Саломон Рондон перешел в «Рубин»»։ eurosport.ru։ Վերցված է 2015-07-03 
  39. ««Рубин» 2:0 «Динамо»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-03 
  40. «Хосе Саломон Рондон: "В России играют сильные футболисты, такие как Ари и Эменике"»։ Sport-express.ru։ Վերցված է 2016-10-14 
  41. ««Рубин» 1:2 «Терек»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-03 
  42. ««Интер» 2:2 «Рубин»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-03 
  43. ««Рубин» 3:0 «Интер»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-03 
  44. ««Ставка на скорость. Тактический разбор игры клубов РФПЛ»։ ftbl.ru։ Վերցված է 2016-10-14 
  45. «Хосе Рондон. Царь Саломон»։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-14 
  46. ««Партизан» 1:1 «Рубин»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-03 
  47. «Рубин одержал достойную победу над Челси»։ sport.bigmir.net։ Վերցված է 2015-07-05 
  48. «Лучшие бомбардиры чемпионата России 2012/13»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14 
  49. 49,0 49,1 «Рондон в чемпионате России 2013/14»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14 
  50. «Рондон в квалификации Лиги Европы 2013/14»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14 
  51. «У Саломона Рондона перелом ноги»։ Championat.com։ Վերցված է 2016-10-29 
  52. «Рондон выбыл минимум до декабря»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14 
  53. ««Рубин» 1:1 «Марибор»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-05 
  54. «Рондон в Лиге Европы 2013/14»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14 
  55. «Рондон подпишет с "Зенитом" контракт на 4,5 года»։ Спорт Экспресс։ Վերցված է 2015-07-05 
  56. «Трансфер Рондона за 18 миллионов евро - рекордный для "Рубина"»։ Спорт Экспресс։ Վերցված է 2015-07-05 
  57. ««Зенит» 2:4 «Боруссия Дортмунд»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-05 
  58. ««Боруссия Дортмунд» 1:2 «Зенит»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-05 
  59. «"Зенит": За секунду до старта»։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-15 
  60. ««Зенит» победил «Рубин» за счет хет-трика Рондона и дубля Халка»։ sport.rbc.ru։ Վերցված է 2015-07-05 
  61. «10 лучших игроков чемпионата России. Версия "СЭ"»։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-15 
  62. «10 лучших легионеров чемпионата России-2013/14»։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-15 
  63. ««Зенит» в сезоне 2013/14»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  64. «ШАТОВ В ЗЕНИТЕ»։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-15 
  65. ««Зенит» — АЕЛ: Рондон забил 200-й мяч сине-бело-голубых в еврокубках»։ fc-zenit.ru։ Վերցված է 2015-07-08 
  66. «300 голов легионеров "Зенита" из дальнего зарубежья»։ zenit-history.ru։ Վերցված է 2015-07-08 
  67. «Игра Думбия украсила тур, а Рондона — месяц»։ championat.com։ Վերցված է 2016-10-15 
  68. «Виллаш-Боаш: «Рондон — один из лучших нападающих чемпионата»»։ soccer.ru։ Վերցված է 2015-07-08 
  69. ««Зенит» 1:2 «Байер»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-08 
  70. «Рондон стал лучшим бомбардиром «Зенита» на зимних сборах»։ baltinfo.ru։ Վերցված է 2016-10-15 
  71. ««Зенит» 3:0 «ПСВ»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-08 
  72. «Рондон — первый венесуэлец, забивший в четвертьфинале еврокубка»։ Championat.com։ Վերցված է 2015-07-08 
  73. «Рондон опередил Аршавина и Думбия и вошел в четверку лучших еврокубковых бомбардиров российских клубов!»։ sport-weekend.com։ Վերցված է 2016-10-15 
  74. «Рондон в чемпионате России 2014/15»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  75. «Лучшие бомбардиры чемпионата России 2014/15»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  76. 76,0 76,1 «Список 33-х лучших футболистов»։ rfs.ru։ Վերցված է 2015-08-06 
  77. «Нападающий «Зенита» Рондон может продолжить карьеру в «Ливерпуле»»։ Gazeta.ru։ Վերցված է 2015-07-08 
  78. ««Атлетико» и «Болонья» заинтересовались Рондоном»։ soccer.ru։ Վերցված է 2015-07-08 
  79. «ФК «Зенит» готов продать форварда Рондона в «Рому» за 20-22 миллиона евро»։ rsport.ru։ Վերցված է 2015-08-04 
  80. «Виталий Мутко: «Лимит на легионеров будет только ужесточен»»։ Sport-express.ru։ Վերցված է 2015-08-04 
  81. «ФК «Зенит», возможно, продаст Рондона из-за лимита на легионеров в ЧР — ван Стее»։ rsport.ru։ Վերցված է 2015-08-04 
  82. «Андре Виллаш-Боаш: «Из-за лимита мы дали возможность Рондону искать новый клуб»»։ rsport.ru։ Վերցված է 2015-08-07 
  83. ««Зенит» 1:1 «Локомотив»»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  84. «Рондон в сезоне 2015/16» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2016-10-23 
  85. «Albion sign Rondon in club-record deal» (անգլերեն)։ West Bromwich Albion։ 10th August 2015։ Վերցված է 2015-09-14 
  86. «Виллаш-Боаш и Пеллегрини советовали «Вест Бромвичу» купить Рондона»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  87. ««Уотфорд» 0:0 «Вест Бромвич»»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  88. «Форвард «ВБА» Саломон Рондон забил первый гол в АПЛ после двух прямых удалений игроков «Сток Сити»»։ www.eurosport.ru։ Վերցված է 2016-10-15 
  89. «Рондон дисквалифицирован на три матча за удар соперника в лицо»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  90. «Саломон Рондон: Мне трудно из-за суммы, которую заплатили за меня»։ rusfootball.info։ Վերցված է 2016-10-15 
  91. «Судьбы резидентов. 5 легионеров, покинувших РФПЛ»։ ftbl.ru։ Վերցված է 2016-10-15 
  92. «Состав «Вест Бромвича» в сезоне 2015/16»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  93. «Саломон Рондон в «Вест Бромвиче»: 6 голов форварда равны 14 очкам!»։ sport-weekend.com։ Վերցված է 2016-10-15 
  94. «Итоговая таблица чемпионата Англии 2015/16»։ championat.com։ Վերցված է 2016-10-15 
  95. ««Кристал Пэлас» 0:1 «Вест Бромвич»»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  96. «Венесуэла 1:0 Гаити» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04 
  97. 97,0 97,1 97,2 97,3 «Правила жизни Саломона Рондона»։ Sports.ru։ Վերցված է 2015-08-04 
  98. «Венесуэла 1:0 Сальвадор» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04 
  99. «Нигерия (до 20) 0:1 Венесуэла (до 20)» (անգլերեն)։ soccerway.com։ Վերցված է 2015-08-04 
  100. «Таити (до 20) 0:8 Венесуэла (до 20)» (անգլերեն)։ soccerway.com։ Վերցված է 2015-08-04 
  101. «Венесуэла (до 20) 1:2 ОАЭ (до 20)» (անգլերեն)։ soccerway.com։ Վերցված է 2015-08-04 
  102. «Бразилия 0:0 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04 
  103. «Бразилия 0:0 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04 
  104. «Венесуэла 1:0 Эквадор» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04 
  105. «Парагвай 3:3 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04 
  106. «Чили 1:2 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04 
  107. «Парагвай 0:0 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04 
  108. «Перу 4:1 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04 
  109. «Сборная Венесуэлы в квалификации ЧМ 2014»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  110. «Япония 2:2 Венесуэла»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  111. «В матче за сборную Венесуэлы Рондон получил красную карточку на скамейке запасных»։ www.sport-express.ru։ Վերցված է 2016-10-15 
  112. «Венесуэле засчитали техническое поражение из-за Рондона»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  113. «Рондон попал в итоговую заявку сборной Венесуэлы на Кубок Америки»։ Championat.com։ Վերցված է 2015-08-04 
  114. «Рондон принес Венесуэле победу над Колумбией»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-08-04 
  115. «Кубок Америки: Венесуэла выбыла из турнира, Аргентина сыграет с Колумбией»։ Официальный сайт футбольного клуба «Зенит»։ Վերցված է 2015-08-04 
  116. «Jamaica vs Venezuela preview» (անգլերեն)։ internationalsoccerteams.com։ Վերցված է 2016-10-15 
  117. «Саломон Рондон вынужден бунтовать»։ sport-weekend.com։ Վերցված է 2016-10-30 
  118. «Рондон подписал призыв сменить руководство федерации футбола Венесуэлы»։ www.championat.com։ Վերցված է 2016-10-30 
  119. «15 игроков сборной Венесуэлы пригрозили покинуть национальную команду»։ www.soccer.ru։ Վերցված է 2016-10-30 
  120. «Аргентина 4:1 Венесуэла»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  121. «Рондон на Кубке Америки 2016»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15 
  122. «Ринат Билялетдинов: Рондон или Кержаков? Я не могу сравнивать кита и слона»։ Sovsport.ru։ Վերցված է 2015-08-05 
  123. «Виктор Папаев: Рондон обладает всеми качествами центрфорварда»։ Sovsport.ru։ Վերցված է 2015-08-05 
  124. «Рондон освободит место в составе «Зенита» для Дзюбы»։ izvestia.ru։ Վերցված է 2016-10-22 
  125. «Моя семья. Кто вдохновляет новых чемпионов России на победы»։ rusfootball.info։ Վերցված է 2016-10-23 
  126. ««Зенит» поздравляет Саломона Рондона с рождением дочери!»։ Официальный сайт футбольного клуба «Зенит»։ Վերցված է 2015-08-06 
  127. «Рондон: Мой кумир — Роналдо»։ rbc.ru։ Վերցված է 2015-08-06 
  128. 128,0 128,1 128,2 «Саломон Рондон: «Есть ли у меня хобби? Да, это бокс»»։ Официальный сайт футбольного клуба «Зенит»։ Վերցված է 2015-08-06 
  129. 129,0 129,1 «Саломон Рондон: «В этом году очень хочется прогреметь в Европе!»»։ Официальный сайт футбольного клуба «Зенит»։ Վերցված է 2015-08-06 
  130. «Саломон Рондон «Лучший футболист сентября»»։ rfpl.org։ Վերցված է 2015-08-06 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]