Jump to content

Խոլեստեատոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոլեստեատոմա
հիվանդության կարգ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիակերատոզ, հիվանդություն Խմբագրել Wikidata
Հետազոտվում էաուդիոլոգիա Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունքիթ-կոկորդ-ականջաբանություն Խմբագրել Wikidata
Բուժումmastoidectomy Խմբագրել Wikidata

Խոլեստեատոմա (անգլ.՝ Cholesteatoma), միջին ականջում և/կամ պտկաձև ելունում կերատինացվող տափակ էպիթելից կազմված քայքայիչ և ընդլայնվող գոյացություն[1][2]: Խոլեստեատոման բարորակ ուռուցք է, սակայն կարող է առաջացնել լուրջ խնդիրներ՝ իր քայքայիչ և ընդարձակվող հատկությունների պատճառով։ Սա կարող է հանգեցնել միջին ականջի լսողական ոսկրիկների քայքայմանը, ինչպես նաև գանգի հիմքով դեպի ուղեղ ներաճմանը։ Դրանք հաճախ վարակվում են և կարող են հանգեցնել ականջից քրոնիկական արտահոսքի։ Բուժումը գրեթե միշտ ներառում է վիրահատական հեռացում[2][3]:

Եթե բուժառուն դիմում է բժշկին, ականջից արտահոսքի և լսողության կորստի գանգատներով, բժիշկը պետք է դիտարկի խոլեստատոմայի հավանականությունը, մինչև հիվանդությունը վերջնականապես չբացառվի[4]: Խոլեստեատոմայի այլ պակաս տարածված ախտանիշները՝ 15%-ից պակաս դեպքերում կարող են ներառել ցավը, հավասարակշռության խանգարումը, ականջներում աղմուկը, ականջացավը, գլխացավերը և արյունահոսությունը ականջից[2]: Կարող է դիտվել նաև դիմային նյարդի թուլություն։ Խոլեստեատոմայի առկայության դեպքում հավասարակշռության հետ կապված ախտանիշները մեծացնում են հավանականությունը, որ գոյացությունը քայքայում է ներքին ականջի հավասարակշռության օրգանները[1]:

Այլ ավելի տարածված հիվանդություններ, ինչպիսիք են օրինակ արտաքին օտիտը նույնպես կարող են դրսևորվել այս ախտանիշներով, սակայն խոլեստեատոման շատ ավելի լուրջ է և չպետք է անտեսել այն։

Բժիշկների նախնական զննումը կարող է հայտնաբերել միայն էքսուդատով լցված լսողական անցուղի։ Խոլեստեատոման չի կարող ախտորոշվել, քանի դեռ բժիշկը չի մաքրել ականջը և չի զննել ամբողջ թմբկաթաղանթը[2]: Մաքրումից հետո խոլեստեատոման կարող է ունենալ տարբեր արտաքին դրսևորումներ։ Զգալի բորբոքման դեպքում թմբկաթաղանթը կարող է մասնակիորեն ծածկված լինել ականջի պոլիպով։ Նվազ բորբոքման դեպքում խոլեստեատոման կարող է ունենալ թմբկաթաղանթի արատից արտահոսող «մանրաձավարի» տեսք։ Առավել հաճախ ախտահարվում են թմբկաթաղանթի հետին և վերին մասերը։ Եթե խոլեստեատոման չոր է եղել, այն կարող է ունենալ «մոմի» տեսք, որը գտնվում է վերթմբկային տարածությունում՝ անմիջապես թմբկաթաղանթից վեր։

Չբուժվելու դեպքում խոլեստեատոման կարող է քայքայել կամ էրոզիայի ենթարկել միջին ականջում գտնվող երեք փոքր ոսկրիկները (մուրճիկը, սալիկը և ասպանդակը, որոնք հավաքականորեն կոչվում են լսողական ոսկրիկներ)[5]: Հիվանդության վաղ փուլում սա կարող է հանգեցնել նյարդերի վատթարացման, հավասարակշռության կորստի, վերտիգոյի՝ գլխապտույտի և խլության[6]: Իր արտադրած ֆերմենտների միջոցով այն կարող է նաև քայքայել այն բարակ ոսկրային կառուցվածքը, որը մեկուսացնում է ականջի վերին մասը ուղեղից, ինչպես նաև ուղեղի թաղանթը բաց դարձնել վարակների համար՝ առաջացնելով լուրջ բարդություններ, հազվադեպ կարող է հանգեցնել նույնիսկ մահվան՝ ուղեղի աբսցեսի և սեպսիսի պատճառով։

Հիվանդության թե՛ ձեռքբերովի, թե՛ բնածին տեսակները կարող են ախտահարել դիմային նյարդը, որը ձգվում է ուղեղից դեպի դեմք՝ անցնելով ներքին ու միջին ականջով, դուրս է գալիս պտկաձև ոսկրի առաջային ծայրից, այնուհետև բարձրանում է ականջի առջևի մասով և տարածվում դեպի դեմքի վերին ու ստորին հատվածներ։

Խոլեստեատոմաները դասակարգվում են երկու հիմնական տեսակների՝ ձեռքբերովի խոլեստեատոմաներ, որոնք ավելի տարածված են և սովորաբար առաջանում են թմբկաթաղանթի ախտաբանական փոփոխության հետևանքով, ինչը հանգեցնում է միջին ականջում կերատինի կուտակմանը[7], և բնածին խոլեստեատոմաներ, որոնք սովորաբար միջին ականջի էպիդերմալ կիստաներ են և հայտնաբերվում են անվնաս թմբկաթաղանթի խորքում՝ հաճախ վերին առաջային հատվածում[8]:

Խոլեստեատոմաները չեն պարունակում խոլեստերին կամ ճարպ և չպետք է դրանք շփոթել խոլեստերինային գրանուլոմաների հետ[8]:

Բնածին խոլեստեատոմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմբկաթաղանթից ներս՝ մեդիալ աճող կերատինով լցված կիստաները համարվում են բնածին, եթե դրանք բավարարում են հետևյալ չափանիշներին (Լևենսոնի չափանիշներ)[3]՝

  • զանգված թմբկաթաղանթից ներս,
  • նորմալ թմբկաթաղանթ,
  • ականջից արտահոսքի, թմբկաթաղանթի թափածակման՝ պերֆորացիայի կամ ականջի վիրահատության նախկին պատմության բացակայություն։

Բնածին խոլեստեատոմաները հանդիպում են երեք կարևոր տեղամասերում՝ միջին ականջում, վիմային գագաթում (լատիներեն՝ petrous apex) և կամուրջ-ուղեղիկային անկյան տակ (լատիներեն՝ cerebropontine angle)։ Դրանք առավել հաճախ հայտնաբերվում են թմբկաթաղանթի առաջային հատվածի խորքում։ Այս տարածքում հայտնաբերվել է մնացորդային կառուցվածք՝ էպիդերմոիդ գոյացություն, որից էլ կարող է սկիզբ առնել բնածին խոլեստեատոման[4]:

Միջին ականջի ոչ բոլոր էպիդերմալ կիստաներն են բնածին․ դրանք կարող են լինել ձեռքբերովի՝ միջին ականջի լորձաթաղանթի մետապլազիայի կամ լսողական անցուղու կամ թմբկաթաղանթի մաշկի տրավմատիկ ներպատվաստման հետևանքով։ Բացի այդ, վիրաբույժի կողմից անզգուշաբար թողնված խոլեստեատոման սովորաբար վերաճում է որպես էպիդերմալ կիստա։ Որոշ հեղինակներ նշել են նաև ժառանգական գործոնների հավանականությունը[9][10]:

Ձեռքբերովի խոլեստեատոմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի հաճախ կերատինը կուտակվում է թմբկաթաղանթի գրպանիկում, որը տարածվում է դեպի միջին ականջի խոռոչ: Թմբկաթաղանթի այս անոմալ ծալումը կամ ներքաշումը առաջանում է հետևյալ ուղիներից մեկով՝

  • Ջակլերի տեսություն՝ լորձաթաղանթների միակցում՝ միմյանց հանդիպակաց շարժվող մակերեսների փոխազդեցությունից առաջացած ձգողականության հետևանքով, ինչը հանգեցնում է խոլեստեատոմայի ձևավորմանը[11]:
  • Վիտմաակի տեսություն՝ թմբկաթաղանթի ներփքումը՝ ինվագինացիան վերթմբկային տարածությունում կամ թմբկաթաղանթի լարված մասից (լատիներեն՝ pars tensa)՝ ռետրակցիոն գրպանիկների տեսքով, հանգեցնում է խոլեստեատոմայի ձևավորմանը[12]:
  • Ռյուդիի տեսություն՝ մաշկի գերմինատիվ շերտի բազալ բջիջները բազմանում են վարակի ազդեցության տակ և առաջացնում կերատինացվող տափակ էպիթել[13]:
  • Հաբերմանի տեսություն՝ արտաքին լսողական անցուղու կամ թմբկաթաղանթի արտաքին մակերեսի էպիթելը նախապես գոյություն ունեցող թափածակման՝ պերֆորացիայի միջով ներաճում է միջին ականջ և ձևավորում խոլեստեատոմա[14]:

Խոլեստեատոման կարող է առաջանալ նաև միջին ականջի լորձաթաղանթի մետապլազիայի[15] կամ վնասվածքից հետո ներպատվաստման՝ իմպլանտացիայի հետևանքով:

Խոլեստեատոման ախտորոշվում է բժշկի կողմից՝ ականջի ֆիզիկալ հետազոտության միջոցով։ Համակարգչային շերտագրությունը (ՀՇ) կարող է օգնել բացառել բուժառուի կլինիկական դրսևորումների այլ, հաճախ ավելի լուրջ պատճառները։ Ոչ իոնացնող ճառագայթմամբ պատկերման մեթոդները (ՄՌՏ) կարող են համապատասխան լինել ՀՇ հետազոտությունը փոխարինելու համար, եթե բժիշկն այն անհրաժեշտ համարի[16][17]:

Խոլեստեատոման հարաճող հիվանդություն է: Երբ ախտորոշումը հաստատվում է այն բուժառուների մոտ, ովքեր կարող են տանել ընդհանուր անզգայացում, ստանդարտ բուժումը գոյացության վիրահատական հեռացումն է:

Խոլեստեատոմայի վիրահատության բարդությունն այն է, որ անհրաժեշտ է ընդմիշտ հեռացնել գոյացությունը՝ միաժամանակ պահպանելով կամ վերականգնելով քունքոսկրում տեղակայված կառուցվածքների բնականոն գործառույթները:

Խոլեստեատոմայի վիրահատության ընդհանուր նպատակն ունի երկու կողմ. այն ուղղված է և՛ հիմնական ախտաբանության դեմ, և՛ քունքոսկրի բնականոն գործառույթների պահպանմանը: Այս նպատակները հակասում են միմյանց, ինչն էլ խոլեստեատոմայի վիրահատությունը դարձնում է չափազանց բարդ:

Խոլեստեատոմայի պես հարաճուն հիվանդության լիարժեք հեռացումը վիրաբույժի առաջնահերթությունն է: Լսողության պահպանումը երկրորդային է եթե առկա է տվյալ հիվանդությունը: Եթե հիվանդությունը հնարավոր է հեշտությամբ հեռացնել այնպես, որ մնացորդային հիվանդության վտանգ չլինի, ապա լսողական ոսկրիկները կարող են պահպանվել: Եթե հիվանդությունը դժվար է հեռացնել, ինչը մեծացնում է մնացորդային հիվանդության ռիսկը, ապա ախտահարված ոսկրիկների հեռացումը՝ խոլեստեատոման ամբողջությամբ մաքրելու համար, ընդհանուր առմամբ համարվում է անհրաժեշտ և հիմնավորված:

Այլ կերպ ասած՝ խոլեստեատոմայի բուժման նպատակները կազմում են հիերարխիա՝ ստորակարգություն: Գերագույն նպատակը խոլեստեատոմայի լիարժեք հեռացումն է: Մնացած նպատակները, ինչպիսին է լսողության պահպանումը, ստորադասվում են լիարժեք հեռացման անհրաժեշտությանը: Նպատակների այս հիերարխիան հանգեցրել է խոլեստեատոմայի բուժման ռազմավարությունների լայն շրջանակի մշակմանը:

Վիրահատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլեստեատոմայի վիրահատական մեթոդների բազմազանությունը պայմանավորված է վիրաբույժի որոշմամբ՝ պահպանե՞լ, թե՞ հեռացնել քունքոսկրում գտնվող որոշակի կառուցվածքները՝ գոյացության հեռացումը հեշտացնելու համար: Սա սովորաբար ներառում է մաստոիդէկտոմիայի՝ պտկաձև ելունի հատման այս կամ այն ձևը, որը կարող է ուղեկցվել կամ չուղեկցվել լսողական անցուղու հետին պատի և լսողական ոսկրիկների հեռացմամբ:

Լողական անցուղու պատի հեռացումը նպաստում է քունքոսկրից խոլեստեատոմայի լիարժեք մաքրմանը երեք եղանակներով՝

  1. Այն վերացնում է այն մեծ մակերեսը, որին կարող է կպած լինել խոլեստեատոման:
  2. Այն վերացնում է այն արգելքը, որի հետևում կարող է թաքնված լինել խոլեստեատոման:
  3. Այն վերացնում է այն խոչընդոտը, որը խանգարում է խոլեստեատոմայի հեռացման համար օգտագործվող գործիքների ներմուծմանը:

Այսպիսով, լսողական անցուղու պատի հեռացումը ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է վիրահատության գլխավոր նպատակին՝ խոլեստեատոմայի լիարժեք հեռացմանը հասնելու համար: Այնուամենայնիվ, այստեղ առկա է փոխզիջում, քանի որ պատի հեռացման ֆունկցիոնալ ազդեցությունը նույնպես կարևոր է:

Լսողական անցուղու պատի հեռացումը հանգեցնում է՝

  • մի տարածության ձևավորման՝ «մաստոիդալ խոռոչ»-ի, որն ավելի քիչ դիմացկուն է վարակների նկատմամբ, քան բնական լսողական անցուղին:
  • լսողական ոսկրիկների մերկացման, ինչը կարող է թույլ տալ նոր խոլեստեատոմայի ձևավորում ոսկրիկների խորքում: Սա կանխելու համար այդ ոսկրիկները պետք է հեռացվեն, ինչը կարող է վատթարացնել բուժառուի լսողությունը:.

Լսողական անցուղու պատի հեռացմամբ մաստոիդալ խոռոչի ձևավորումը խոլեստեատոմայի հեռացումը հեշտացնող պարզագույն և արդյունավետ միջոցն է, սակայն այն կարող է հանգեցնել ականջի ֆունկցիայի մշտական կորստի:

Պատի հեռացման հետևանքները մեղմելու համար կիրառվում են հետևյալ ռազմավարությունները.

  1. Պտկաձև խոռոչի նախագծում և կառուցում՝ սա անհրաժեշտ է կերատինացվող էպիթելի պաշտպանիչ շերտի առողջության և ամբողջականության համար: Վիրաբույժից պահանջվում է հարթեցնել խոռոչի եզրերը: Դիմային նյարդի բարձր տեղագրությունը և անհամապատասխան փոքր մուտքը խոչընդոտում են էպիթելի միգրացիային և արտաքին ականջի ինքնամաքրման մեխանիզմի ձախողման բարձր ռիսկի գործոններ են[18]:
  2. Պտկաձև խոռոչի մասնակի օբլիտերացիա՝ սա կարող է իրականացվել տարբեր նյութերի միջոցով: Դրանցից շատերը ժամանակի ընթացքում ներծծվում են, ինչը նշանակում է, որ նման վիրահատության հեռահար արդյունքներն ավելի թույլ են, քան կարճաժամկետ արդյունքները[19]:
  3. Լսողական անցուղու պատի վերականգնում՝ ռեկոնստրուկցիա): Իրականացվում է օգտագործելով լսողական անցուղու մաշկը, փակեղը, աճառը կամ հենց բնական պատի վերատեղադրումը: Սխալ վերականգնումը կարող է հանգեցնել խոլեստեատոմայի կրկնման բարձր հավանականության[20]:
  4. Լսողական անցուղու պատի պահպանում՝ ոչ պատշաճ կատարման դեպքում կարող է հանգեցնել ինչպես մնացորդային, այնպես էլ կրկնվող խոլեստեատոմայի բարձր ցուցանիշների[21]:
  5. Լսողական ոսկրիկների շղթայի վերականգնում՝ օգտագործելով միջին ականջի պասիվ իմպլանտներ[22]:

Ակնհայտ է, որ խոլեստեատոմայի լիարժեք հեռացումը՝ միաժամանակ պահպանելով և վերականգնելով ականջի ֆունկցիան, պահանջում է վիրաբուժական բարձր վարպետություն:

Էնդոսկոպի լայն տեսադաշտը թույլ է տալիս «նայել անկյունից այն կողմ»՝ միաժամանակ օգտագործելով խոլեստեատոմա տանող բնական ականջի խողովակի հասանելիությունը։

Էնդոսկոպիկ վիրաբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար ականջի վիրահատությունները կատարվել են վիրահատական մանրադիտակի կիրառմամբ։ Այդ մոտեցմամբ տեղադրված ուղիղ տեսադաշտը անհրաժեշտություն է առաջացնում օգտագործել պտկաձև ելունը որպես մուտքի ուղի դեպի միջին ականջ։ Վաղուց ի վեր ընդունված է, որ խոլեստեատոմայի վիրահատության ձախողումները տեղի են ունենում թմբկախոռոչի այնպիսի անտեսանելի հատվածներում, ինչպիսիք են թմբկային ծոցը (լատիներեն՝ sinus tympani) և դիմային խորշը (լատիներեն՝ facial recess), որոնք տեսանելի չեն ավանդական մանրադիտակային տեխնիկայի կիրառման դեպքում[23]: Վերջերս էնդոսկոպն ավելի ու ավելի հաճախ է կիրառվում խոլեստեատոմայի վիրահատական բուժման մեջ՝ հետևյալ երկու եղանակներից մեկով՝

  1. Էնդոսկոպի օգտագործումը որպես օժանդակ գործիք մանրադիտակի համար, երբ փորձ է արվում տեսանելի դարձնել մանրադիտակից թաքնված տարածքները, օրինակ՝ թմբկային ծոցը։ Այս մեթոդի հիմնադիրը պրոֆեսոր Թոմասենն է[24]:
  2. Էնդոսկոպի օգտագործումը որպես հիմնական վիրահատական գործիք լսողական անցուղու միջով, որը կոչվում է էնդոսկոպիկ ականջի վիրաբուժություն։ Այս մեթոդի հիմնադիրը պրոֆեսոր Տարաբիչին է[25]:

Խոլեստեատոմայի վիրահատության ժամանակ էնդոսկոպի կիրառումն ունի բազմաթիվ առավելություններ.

  1. Էնդոսկոպիկ տեսադաշտի լայն անկյունը և «անկյունի հետևին հատվածը տեսնելու» հնարավորությունը[26]:
  2. Էնդոսկոպը թույլ է տալիս իրականացնել նվազագույն ինվազիվ մուտք բնական լսողական անցուղու միջով՝ փոխարինելով ավանդական մանրադիտակային վիրաբուժության ժամանակ ականջի հետևում արվող սովորական 5 սմ կտրվածքին[26]:
  3. 30 աստիճանի անկյուն ունեցող էնդոսկոպը հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի եվստախյան փողի ոսկրային հատված՝ վերացնելու ցանկացած խցանող՝ օբստրուկտիվ ախտաբանություն[26]:

Կարևոր է, որ բուժառուն հաճախի պարբերաբար հետագա ստուգումների, քանի որ նույնիսկ մանրակրկիտ մանրադիտակային վիրահատական հեռացումից հետո խոլեստեատոմաները կարող են կրկնվել։ Նման կրկնությունը կարող է ի հայտ գալ բուժումից շատ տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ անց։

«Մնացորդային՝ ռեզիդուալ խոլեստեատոմա» կարող է զարգանալ, եթե նախնական վիրահատության ժամանակ չի հաջողվել ամբողջությամբ հեռացնել բնօրինակ գոյացությունը: Մնացորդային խոլեստեատոմաները սովորաբար ակնհայտ են դառնում նախնական վիրահատությունից հետո առաջին մի քանի տարիների ընթացքում։

«Կրկնվող՝ ռեցիդիվ խոլեստեատոման» նոր խոլեստեատոմա է, որը զարգանում է այն դեպքում, երբ նախնական խոլեստեատոմայի հիմքում ընկած պատճառները դեռևս առկա են։ Նման պատճառները կարող են ներառել, օրինակ՝ եվստախյան փողի վատ գործառույթը, ինչը հանգեցնում է թմբկաթաղանթի ներքաշմանը՝ ռետրակցիային, և մաշկի բնականոն դեպի դուրս միգրացիայի ձախողմանը[27]:

345 պացիենտների մասնակցությամբ հետահայաց հետազոտության մեջ, ում միջին ականջի խոլեստեատոման վիրահատվել էր նույն վիրաբույժի կողմից, 5-ամյա կրկնողության ընդհանուր ցուցանիշը կազմել է 11,8%[28]: Մեկ այլ հետազոտության մեջ, որտեղ դիտարկման միջին ժամանակահատվածն եղել է 7,3 տարի, կրկնողության ցուցանիշն եղել է 12,3%, ընդ որում՝ երեխաների մոտ կրկնողության հաճախականությունն ավելի բարձր է եղել, քան մեծահասակների մոտ[29]: Ապացուցվել է, որ էնդոսկոպի կիրառումը որպես օժանդակ գործիք նվազեցնում է մնացորդային խոլեստեատոմայի հանդիպման հաճախականությունը[30]: Չնայած լրացուցիչ հետազոտությունների կարիք կա, այնուամենայնիվ, նոր մեթոդները, որոնք ուղղված են Եվստախյան փողի դիսֆունկցիայի բուժմանը (օրինակ՝ եվստախյան փողի տրանստիմբանալ դիլատացիան), դեռևս չեն ցուցադրել ականջի քրոնիկական վիրաբուժության արդյունքների էական փոփոխություն[31]:

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ միջին ականջի կերատինացվող տափակ էպիթելը կարող է ենթարկվել մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՎ/HPV) վարակման[32]: Իրոք, խոլեստեատոմայի հյուսվածքներում հայտնաբերվել է ուռուցքածին HPV16 տեսակին պատկանող ԴՆԹ, ինչը վկայում է այն մասին, որ կերատինացվող տափակ էպիթելը կարող է հանդիսանալ թիրախային հյուսվածք ՄՊՎ վարակի համար[32]:

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-76 թվականներին կատարված հետազոտություններիծ մեկում՝ Այովայում խոլեստեատոմայի նոր դեպքերի թիվը գնահատվել է տարեկան 10,000 քաղաքացու հաշվով մեկից պակաս դեպք[33]: Խոլեստեատոման ախտահարում է բոլոր տարիքային խմբերը՝ նորածիններից մինչև տարեցներ: Հիվանդացության գագաթնակետը դիտվում է կյանքի երկրորդ տասնամյակում[33]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Kuo, Chin-Lung; Shiao, An-Suey; Yung, Matthew; Sakagami, Masafumi; Sudhoff, Holger; Wang, Chih-Hung; Hsu, Chyong-Hsin; Lien, Chiang-Feng (2015). «Updates and Knowledge Gaps in Cholesteatoma Research». BioMed Research International (անգլերեն). 2015 854024. doi:10.1155/2015/854024. ISSN 2314-6133. PMC 4381684. PMID 25866816.
  2. 1 2 3 4 Bhutta, M. F.; Williamson, I. G.; Sudhoff, H. H. (2011-03-03). «Cholesteatoma». BMJ (անգլերեն). 342 (mar03 1) d1088. doi:10.1136/bmj.d1088. ISSN 0959-8138. PMID 21372073. S2CID 220102190.
  3. 1 2 Derlacki EL, Clemis JD (1965 թ․ սեպտեմբեր). «Congenital cholesteatoma of the middle ear and mastoid». The Annals of Otology, Rhinology, and Laryngology. 74 (3): 706–727. doi:10.1177/000348946507400313. PMID 5846535. S2CID 26714025.
  4. 1 2 Michaels L (1988 թ․ փետրվար). «Origin of congenital cholesteatoma from a normally occurring epidermoid rest in the developing middle ear». International Journal of Pediatric Otorhinolaryngology. 15 (1): 51–65. doi:10.1016/0165-5876(88)90050-X. PMID 3286554.
  5. Hilal, Fathi; Liaw, Jeffrey; Cousins, Joseph P.; Rivera, Arnaldo L.; Nada, Ayman (2023-04-01). «Autoincudotomy as an uncommon etiology of conductive hearing loss: Case report and review of literature». Radiology Case Reports (անգլերեն). 18 (4): 1461–1465. doi:10.1016/j.radcr.2022.10.097. ISSN 1930-0433. PMC 9925837. PMID 36798057.
  6. Falcioni, M.; Taibah, A.; Rohit (2006-03-08). «Pulsatile tinnitus as a rare presenting symptom of residual cholesteatoma». The Journal of Laryngology & Otology (անգլերեն). 118 (2): 165–166. doi:10.1258/002221504772784694. ISSN 0022-2151. PMID 14979961.
  7. Olszewska, Ewa; Wagner, Mathias; Bernal-Sprekelsen, Manuel; Ebmeyer, Jörg; Dazert, Stefan; Hildmann, Henning; Sudhoff, Holger (2004-01-01). «Etiopathogenesis of cholesteatoma». European Archives of Oto-Rhino-Laryngology. 261 (1): 6–24. doi:10.1007/s00405-003-0623-x. ISSN 0937-4477. PMID 12835944. S2CID 37919150.
  8. 1 2 Magliocca, Kelly (2023 թ․ հունվարի 18) [Originally published in 2002]. Gupta, Ruta; Smith, Molly Housley (eds.). «Ear: Middle ear and inner ear tumors - benign / nonneoplastic: Cholesteatoma». Pathology Outlines. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. Lipkin AF, Coker NJ, Jenkins HA (1986 թ․ հոկտեմբեր). «Hereditary congenital cholesteatoma. A variant of branchio-oto dysplasia». Archives of Otolaryngology–Head & Neck Surgery. 112 (10): 1097–1100. doi:10.1001/archotol.1986.03780100085014. PMID 3755982.
  10. Landegger LD, Cohen MS (2013 թ․ նոյեմբեր). «Congenital cholesteatoma in siblings». The Journal of Laryngology and Otology. 127 (11): 1143–1144. doi:10.1017/S0022215113002284. PMID 24169145. S2CID 20675860.
  11. Jackler, Robert K.; Santa Maria, Peter L.; Varsak, Yasin K.; Nguyen, Anh; Blevins, Nikolas H. (2016 թ․ օգոստոս). «A new theory on the pathogenesis of acquired cholesteatoma: Mucosal traction». The Laryngoscope. 125 (Suppl 4): S1–S14. doi:10.1002/lary.25261. ISSN 1531-4995. PMID 26013635. S2CID 26340883.
  12. Becvarovski Z. «Chronic suppurative otitis media». ENT. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  13. Ruedi L (1959). «Cholesteatoma formation in the middle ear in animal experiments». Acta Oto-Laryngologica. 50 (3–4): 233–240, discussion 240–242. doi:10.3109/00016485909129191. PMID 13660782.
  14. Haberman J (1888). «Zur Entstehung des Cholesteatoms des Mittelohrs». Archiv für Ohrenheilkunde. 27 (2–3): 43–51. doi:10.1007/BF02104525.
  15. Sadé J, Babiacki A, Pinkus G (1983). «The metaplastic and congenital origin of cholesteatoma». Acta Oto-Laryngologica. 96 (1–2): 119–129. doi:10.3109/00016488309132882. PMID 6193677.
  16. Patel VA, Isildak H, Khaku AM (2018-09-17). Meyers AD (ed.). «Cholesteatoma: Practice Essentials, Background, Etiology and Pathophysiology». Medscape.
  17. «Cholesteatoma». MedlinePlus Medical Encyclopedia (անգլերեն). U.S. National Library of Medicine. Վերցված է 2018-09-21-ին.
  18. Wormald PJ, Nilssen EL (1998 թ․ հունվար). «The facial ridge and the discharging mastoid cavity». The Laryngoscope. 108 (1 Pt 1): 92–96. doi:10.1097/00005537-199801000-00017. PMID 9432074. S2CID 21562748.
  19. Black B (1995 թ․ դեկտեմբեր). «Mastoidectomy elimination». The Laryngoscope. 105 (12 Pt 2 Suppl 76): 1–30. doi:10.1288/00005537-199512000-00023. PMID 7500804. S2CID 46253177.
  20. Deveze A, Rameh C, Puchol MS, Lafont B, Lavieille JP, Magnan J (2010 թ․ փետրվար). «Rehabilitation of canal wall down mastoidectomy using a titanium ear canal implant». Otology & Neurotology. 31 (2): 220–224. doi:10.1097/MAO.0b013e3181c9960d. PMID 20009781. S2CID 23723605.
  21. Jansen C (1968 թ․ սեպտեմբեր). «The combined approach for tympanoplasty (report on 10 years' experience)». The Journal of Laryngology and Otology. 82 (9): 779–793. doi:10.1017/S0022215100069462. PMID 4878658.
  22. Austin DF (1971 թ․ դեկտեմբեր). «Ossicular reconstruction». Archives of Otolaryngology. 94 (6): 525–535. doi:10.1001/archotol.1971.00770070825007. PMID 5129224.
  23. Sheehy JL, Brackmann DE, Graham MD (1977 թ․ հուլիս). «Cholesteatoma surgery: residual and recurrent disease. A review of 1,024 cases». The Annals of Otology, Rhinology, and Laryngology. 86 (4 Pt 1): 451–462. doi:10.1177/000348947708600405. PMID 889222. S2CID 22347865.
  24. Thomassin JM, Korchia D, Doris JM (1993 թ․ օգոստոս). «Endoscopic-guided otosurgery in the prevention of residual cholesteatomas». The Laryngoscope. 103 (8): 939–943. doi:10.1288/00005537-199308000-00021. PMID 8361301. S2CID 19623603.
  25. Tarabichi M (1999 թ․ հունվար). «Endoscopic middle ear surgery». The Annals of Otology, Rhinology, and Laryngology. 108 (1): 39–46. doi:10.1177/000348949910800106. PMID 9930539. S2CID 40931362.
  26. 1 2 3 Kapadiya M, Tarabichi M (2019 թ․ հունիս). «An overview of endoscopic ear surgery in 2018». Laryngoscope Investigative Otolaryngology. 4 (3): 365–373. doi:10.1002/lio2.276. PMC 6580051. PMID 31236473.
  27. Fairley J (2010 թ․ նոյեմբերի 7). «Cholesteatoma and mastoid surgery». entkent.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  28. Mishiro Y, Sakagami M, Kitahara T, Kondoh K, Okumura S (2008 թ․ սեպտեմբեր). «The investigation of the recurrence rate of cholesteatoma using Kaplan-Meier survival analysis». Otology & Neurotology. 29 (6): 803–806. doi:10.1097/MAO.0b013e318181337f. PMID 18636031. S2CID 25970515.
  29. Vartiainen E (1995 թ․ հուլիս). «Factors associated with recurrence of cholesteatoma». The Journal of Laryngology and Otology. 109 (7): 590–592. doi:10.1017/S0022215100130804. PMID 7561462. S2CID 23267654.
  30. Badr-el-Dine M (2002 թ․ սեպտեմբեր). «Value of ear endoscopy in cholesteatoma surgery». Otology & Neurotology. 23 (5): 631–635. doi:10.1097/00129492-200209000-00004. PMID 12218610. S2CID 23307927.
  31. Kapadia M, Tarabichi M (2018 թ․ հոկտեմբեր). «Feasibility and Safety of Transtympanic Balloon Dilatation of Eustachian Tube». Otology & Neurotology. 39 (9): e825–e830. doi:10.1097/MAO.0000000000001950. PMID 30124616. S2CID 52041093.
  32. 1 2 Malagutti N, Rotondo JC, Cerritelli L, Melchiorri C, De Mattei M, Selvatici R, և այլք: (2020 թ․ մարտ). «High Human Papillomavirus DNA loads in Inflammatory Middle Ear Diseases». Pathogens. 9 (3): 224. doi:10.3390/pathogens9030224. PMC 7157545. PMID 32197385.
  33. 1 2 Harker LA (1977). Cholesteatoma: an incidence study in Cholesteatoma First International Conference. Birmingham, Alabama: Aesculapius Publishing Company. էջեր 308–309. ISBN 978-0-912684-11-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլեստեատոմա» հոդվածին։