Խնուսի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավառակ
Խնուս
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Վիլայեթ Էրզրումի վիլայեթ
Գավառ Խնուսի գավառ
Այլ անվանումներ Խնուս-Խամուր
Պաշտոնական լեզու Հայերեն
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականուն խնուսցի
Ժամային գոտի UTC+3

Խնուսի գավառակ, Խնուս, Հարք, Վարաժնունիք, պատմա-աշխարհագրական միավոր Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի Էրզրումի վիլայեթում: Վարչական կենտրոնը՝ Խնուս: Գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում՝ զբաղեցնելով հիմնականում Խնուսի գոգավորությունը Բյուրակնյան լեռների հետ միասին։

Ավանդապատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ վայրերի հետ են կապված ժողովրդական մի շարք ավանդություններ։ Դրանցից մեկի համաձայն, իբր Բյուրակնում՝ հազար լճերի վրա է գտնվում աստվածակերտ դրախտը։ Ադամն ու Եվան ապրելիս են եղել Բյուրակնի արևելյան լանջերի ստորոտին ընկած Հարամիկ հայաբնակ գյուղի տեղում, որից ոչ հեռու, Սելի Մորուք բլրի գագաթին, սառն աղբյուրների ակունքի մոտ, հանգչում է Ադամորդին՝ Աբելը: Ժողովրդական ստուգաբանությամբ, Հարամիկ գյուղի անունը սերում է Հայկ Նահապետի որդի Հարմայի անունից։ Ըստ մի այլ ավանդության, Հարամիկից հարավ բարձունքը Կայենի բլուրն է. այդտեղ էր կանգնած Կայենը, երբ նրան կպավ որսորդ Ղամեքի արձակած նետը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնուսը տարածվում էր մինչև Փալանթոքյան և Բյուրակն լեռների միջև։ Այն Բյուրակն լեռների հետ միասին զբաղեցնում էր Խնուսի գոգավորությունը։

Խնուսի գավառը բանուկ ճանապարհներով կապված է Մուշի, Կարինի, Վանի հետ։ Արևմտյան կողմում բարձրանում է Բյուրակնը, որտեղ մի ընդհանուր ակունքից, միմյանցից ոչ ավելի քան 500 մ հեռավորության վրա, սկիզբ են առնում Հայոց պատմության մեջ հռչակված երկու մեծ գետերը. Արաքսը հոսում է դեպի հյուսիս, ապա՝ արևելք, իսկ Արածանին՝ հարավ և արևմուտք։

Գեղեցիկ է Խնուսի գավառի բնությունը, հողը՝ բերրի, ջրերը՝ առատ, օդը՝ վճիտ։ Գավառը վաղուց ի վեր հռչակված էր սառնորակ աղբյուրներով, ալպյան մարգագետիններով, սարալանջերին սփռված հոտերով ու երամակներով։ Հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք տարածքով մեկ հոսում է Խնուս գետը։ Հայտնի էր նաև «Խնուսի Նեղոսը»՝ ստորերկրյա այն գետը, որ հորդառատ երկրի երես դուրս գալով Խըռթ գյուղի մոտերքը՝ կտրում էր Քառասուն Մանուկ սրբատեղ-ուխտատեղին, այնուհետև բաժանվում առուների՝ ոռոգելու համար գյուղական արոտավայրերը։

Բնական հարստություններից կան քարածուխ, պղինձ, արծաթ, նավթ, աղ, քար, հանքային ջրեր ու բուժիչ ցեխեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև VIII դարը Խնուսի գավառի տարածքում իշխել են Մամիկոնյանները: Այնուհետև այն հաջորդաբար տիրել են կայսիկները, Մրվանյանները, Խլաթի Շահ-ի-Արմենները, սելջուկները, մոնղոլները։

Հայաստանի 1555 թվականի, ապա 1839 թվականի բաժանմամբ այն ևս Արևմտյան Հայաստանի կազմում անցավ թուրքական տիրապետությանը։ XVII դարում ստեղծվեց Խնուսի սանջակ Էրզրումի վիլայեթի, իսկ XVIII դարում Խնուսի հյուքյումեթություն՝ Բայազետի Փաշայության կազմում։ XIX դարի 60-ական թթ. վերջերին, Թուրքիայի վարչական նոր բաժանմամբ, Խնուսի գավառը նորից մտավ Էրզրումի վիլայեթի մեջ։ Մինչև XIX դարի սկզբները Խնուսի գավառի, ինչպես Սասունի, Մուշի և հարևան մի շարք ուրիշ գավառների կախվածությունը Թուրքիայի կենտրոնական իշխանություններից շատ դեպքերում ձևական էր և հաճախ սահմանափակվում էր սոսկ որոշակի տուրքով, հայ գյուղացիները զինված էին և իրենք էին կռիվներ մղում քրդական հրոսակների դեմ՝ ձգտելով պահպանել իրենց կիսանկախ վիճակը։ Քրդական ցեղերը Խնուսի գավառում հաստատվել են հիմնականում թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Պարսկաստանի դեմ հանդես եկող քրդական բեկերին ու շեյխերին Թուրքիան հովանավորում էր՝ ուղղելով նրանց քոչերը դեպի կայսրության արևելյան վիլայեթների լեռնային արոտավայրերը։ Թուրք իշխանությունները նրանց միաժամանակ օգտագործում էին՝ ճնշելու հայերի ազատագրական պայքարը։

Խնուսի գավառն եղել է Թոնդրակյան շարժման բնօրրան։ Թոնդրակ գյուղի մերձակայքում կային քարե բազմաթիվ թոնիրներ, որից և, ըստ ենթադրության, ծագում է ինչպես բուն գյուղի, այնպես էլ աղանդի անունը։ Զեիրմե գյուղում մինչև 1915 թվականի եղեռնը կային թոնդրակյան հետնորդներ, որոնք գաղտնի, խուսափելով իշխանությունների և եկեղեցու հալածանքից, հետևում էին նախնիների աղանդին։ Նրանք պահպանում էին հեռավոր նախորդներից փոխանցվող «Բանալի ճշմարտության» Ավետարանը՝ գրված 985 թվականին։ Որոշ տվյալներով, այդ Ավետարանը եղեռնի ժամանակ նրանք թաղել են իրենց հայրենի հողում՝ հույս ունենալով, որ ողջ կմնան և կվերադառնան նախնիների հողը։ «Բանալի ճշմարտության» մի ուրիշ օրինակ հայտնաբերել է Ֆ. Կոնիբերը Էջմիածնի ձեռագրերում։

Խնուսի գավառի բնակչությունը գործուն մասնակցություն է բերել հայ ազգային-ազատագրական շարժմանը՝ մաքառելով թուրք բռնապետության դեմ։ Իր աշխարհագրական դիրքով գավառը եղել է կապող օղակ Կովկասի և Տարոն-Սասունի միջև։

Մեծ եղեռնի հետևանքով Խնուսի գավառն ևս ամայացավ՝ զրկվելով բնիկ հայ բնակչությունից, որն այդտեղ ապրում էր գրեթե երեք հազար տարի։ 1915 թվականի մայիսի կեսերին, նախօրոք մշակված ծրագրով, Խնուսի գավառում սկսվեց հայերի ջարդը։ Թուրք զորքերը առաջինը հարձակվեցին Սայլու գյուղի վրա՝ սրի քաշելով նրա բնակչությանը։ Այնուհետև «Համիդիե» գնդի ձիավոր ջոկատները կողոպտեցին Ղարաչոբան, Դուման, Մժնկերտ, Քաղքիկ և այլ գյուղեր։ Նկատի ունենալով, որ հազարավոր զոհերի դիակների ոչնչացումը, որը խիստ անհրաժեշտ էր հիգիենիկ-սանիտարական նպատակներով, ծանր գործ է, թուրքական կառավարությունը որոշեց մնացած հայ բնակչության զանգվածային կոտորածը կատարել բնակավայրերից դուրս՝ ամայի վայրերում, մասնավորապես՝ անդնդախոր ձորերում։ Հունիսի 10-ին Խնուսի գավառից դուրս եկավ առաջին քարավանը, հազարավոր մարդկանց այդ շարանը իբր պետք է գնար Մուշ: Վարդոյի մերձակայքում, Զըռու չատ կիրճում, նրանց սպասում էին թուրք ասկյարները։ Ինչպես այդ, այնպես էլ հաջորդ քարավաններից միայն հատուկենտ մարդկանց հաջողվեց փրկվել։ 1916 թվականի փետրվարի 10-ին Խնուսի գավառ մտան ռուս զորքերը, և մի կերպ փրկված խնուսցիները սկսեցին վերադառնալ իրենց գյուղերը։ Բայց 1917 թվականի վերջին և 1918 թվականի սկզբին, երբ ռուսական զորքերը սկսեցին թողնել Արևմտյան Հայաստանը, նրանք գաղթեցին Արևելյան Հայաստան։ Ներկայումս խնուսցիների հետնորդներ են ապրում Հայաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում:

Ողջ գավառից հաջողվել է փրկվել միայն 128 հայի։[1]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ալ,. Երիցյանի 1880 թվականի դրությամբ գավառակն ուներ 171 գյուղ, որից 139-ը քրդաբնակ, 11 հայաբնակ, 2-ը՝ թուրքաբնակ, իսկ 19-ը՝ խառը բնակչությամբ։ Գյուղերի բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 22 518 մարդ, որից 13 382-ը քուրդ, 8552-ը՝ հայ, 584-ը՝ թուրք։

Ըստ Վ. Քինեի 1891 թ.-ին Խնուսն ուներ 26 967 բնակիչ, որից 16 764 մուսուլման, 10 073 հայ և 148 այլազգի։

Ըստ Ե. Մելիքյանի 1914 թ.-ին Խնուսն ուներ 336 գյուղ, որից 35 - 38 հայաբնակ։ Նախկին հայկական բնակատեղիները զբաղեցնող քրդական գյուղերը, որ տեղաբաշխված էին գլխավորապես լեռնային մասերում, փոքր էին, շատ դեպքերում ունեին միայն 5 - 6 տուն։ Հայերի թիվը գավառում 1914 թվականին 25.000 էր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ (մշակում էին ցորեն՝ գարնանացան և աշնանացան, գարի, կորեկ, կտավատ), անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, ձկնորսությամբ։ Տարածված էր արհեստագործությունը։ Լայն համբավ ունեին Խնուսի պանիրը և «Նախշ է ֆարո» հորջորջված զարդանախշով գորգերը: Ներկը պատրաստում էին ծաղիկներից ու բուսարմատներից։ Գերգերի գույները վառ էին և չէին խունանում։

Խնուսի գավառի տավարը բարձր էր գնահատվում ոչ միայն Էրզրումի, այլև հարևան վիլայեթների շուկաներում։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնուսում կա քարածքխի, պղնձի, արծաթի, նավթի աղի և շինարարական քարերի հանքեր։ Կան նաև հանքային ջրեր։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնուսի գավառում կրթական գործը առաջադիմել էր հատկապես XIX դարի 70 - 80-ական թթ. սկսած։ 1914 թվականին այնտեղ գործում էին բազմաթիվ վարժարաններ, Խնուս Բերդում՝ Խաշխաշյան, Ս. Գևորգյան, Միացյալ ընկերության և ամերիկյան միսիոներաց, Աղճամելիքում և Գովանտուկում՝ Ներսեսյան, Արոսում՝ Խորենյան, Ղարաչոբանում՝ Ս. Ղևոնդյան, Գոպալում, Խալիլչաուշում, Խոզլիում, Զեիրմեում և Քաղքիկում՝ ազգային, Ենիքեոյում՝ Դիմաքսյան, Հարամիկում՝ Ս. Սահակյան, Շապատինում՝ Արամյան։ Վարժարաններ կային նաև հայաբնակ մյուս գյուղերում։ Տեղեկություններ են պահպանվել Մամիկոնյան ընկերության (հիմնվել է 1878 - 1880) և Երիտասարդական միության (հիմնվել է 1910) մշակութային կազմակերպությունների մասին։ Նյութական մշակույթի հռչակված հուշարձաններ էին Խնուսի բերդը, Բորժի Մասուր, Թուխ Մանուկ, Նորելածին վանքերը: Հայաբնակ բոլոր գյուղերն ունեին քարակերտ եկեղեցիներ: Նշանավոր էին Գոպալ, Խալիլչաուշ, Խնուս բերդ, Խոզլի, Հարամիկ, Բուռնազ, Մայլու Ավետարանները։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնուսն ուներ մի քանի հին բերդեր, որոնցից նշանավորը Խնուսի բերդն էր։ Նշանավոր վանքերից էին Մժնկերտի ս Կարապետ, Բորժի Մասուր, Թուխ Մանուկ և Նորելածի վանքերը։[1]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնուսը բաժանված էր 5 շրջանի, որոնք հայտնի էին նոր և հին անուններով. Խնուս - Հարք, Շուշար - Վարաժնունիք, Թագման կամ Թարգման-Մարդաղի կամ Մանանաղի, Խարայազի-Դասնավուրք, Կեոքսու - Տվարածատափ։

Խնուսի գավառի հայաբնակ գյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խնուս բերդ
  • Աղճամելիք կամ Խաչամելիք
  • Անտոալագոմ
  • Արոս
  • Գաբրիելի գոմ
  • Գըզմուսա
  • Գոլճիսար կամ Խոլհասար
  • Գոպալ
  • Գովանդուկ կամ Կովանտուկ
  • Յահիա
  • Ելպիս
  • Եզրդլու կամ Գասպարի գեղ
  • Ենիքեոյ
  • Թանտըրլի կամ Թոնդրակ
  • Թարաձիգ
  • Լաքպուտաղ
  • Խալիլչաուշ կամ Խաչալույս
  • Խըռթ
  • Խըրմխայա
  • Խոզան
  • Խոզլու
  • Հարամիկ
  • Մարուֆ կամ Մարդ
  • Մժնկերտ
  • Մոլլատաուա
  • Ղարաչոբան
  • Ղարապուրաք
  • Ղարաքյորփի
  • Շապատին
  • Չեվիրմե կամ Չաուրմա
  • Պեկուրաի
  • Պուռնազ կամ Բուռնազ
  • Սալուսրի կամ Սարուսլի
  • Սաոլու կամ Սառլի
  • Սոկյութլի
  • Դուման
  • Փայկ կամ Հայկ
  • Քաղքիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 755

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելիքյան Ե., Հարք-Խնուս, Բեյրութ, 1964
  • Հուշամատյան Մեծ եղեռնի, կազմ. Գ. Ահարոնյան, Բեյրութ, 1965
  • Геноцид армян в Османской империи, Cб. док. и материалов, под ред. M. Нерсисяна, E., 1966.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png