Հազրեվարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խնկունիից)
Հազրեվարդ
Խնկունի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Շրթնածաղիկներ
Ցեղ Խնկունի
Լատիներեն անվանում
Rosmarinus


Խնկունի (Rosmarinus), Հազրեվարդ, լվացտակի ծառ, լուսնտակի ծառ, խուլեղինջազգիների, շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ցեղ։ Մշտադալար թփեր են՝ ուղիղ, վեր բարձրացող, երբեմն՝ տարածված ճյուղերով։ Տերևները նստադիր են, կաշեկերպ, գծային, կլորացած ծայրերով։ Ծաղիկները երկնագույն են, երկշուրթ, հավաքված ողկուզաձև ծաղկաբույլում։ Ծաղկող ընձյուղներից ու տերևներից ստանում են եթերային յուղ, որն օգտագործվում է բժշկության մեջ և օծանելիքի արտադրությունում։ Բազմացվում է կտրոններով, հազվադեպ՝ սերմերով։ Աճում է Միջերկրական ծովի տարածաշրջանում, Եվրոպայում, Ղրիմում, Կովկասում։

Բուժիչ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանում շատ տարածված և արժեքավոր բույս է։ Հռոմեացիները համարում էին, որ այն ապահովվում է մահացածների խաղաղությունը և խնկունու փնջեր էին դնում գերեզմաններում, իսկ ճյուղերը վառում էին խնկի փոխարեն։ Աճեցնում էին պարտեզներում, հատկապես՝ վանքի շրջակայքում, ուր նաև դեղաբույսեր էին աճեցնում։ Միջին դարերում սկսեցին օգտագործել որպես բուժիչ բույս և համեմունք(հատկապես իտալական խոհանոցում) ոչխարի մսի հետ։ Ժողովրդական բժշկության մեջ բուժիչ նպատակով օգտագործում են տերևները։ Բույսի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրա մեջ պարունակվող բիոլոգական ակտիվ միացություններով՝ մասնավորապես թթուներով։

Բույսի թուրմը լեղամուղ է, ընդհանուր տոնուսը բարձրացնող և ցավազրկող։ Օգտակար է ուժերի անկման և նևրոզների ժամանակ։ Խմում են ամսականի ուշացման, դաշտանադադարային նևրոզների, խոլեցիստիտի, աղեստամոքսային խանգարումների, ասթմայի և վերին շնչառական ուղիների հիվանդությունների, վքնածության ժամանակ, արտաքին օգտագործումը նպաստում է դժվար լավացող վերքերի, թարախապալարների ապաքինմանը։

Խնկունու թուրմ օգտագործում են ողողումների, լոգանքների և թրջոցների ձևով նևրիտի, կոկորդացավի(անգինա) և բերանի լորձաթաղանթի բորբոքման դեպքում։ Առավել արդյունավետ են երիտասարդ շիվերից պատրաստած ջերմաթրջոցները։

Տերևների թուրմն օգտագործում են գլխապտույտի ժամանակ և հիշողությունը վերականգնելու նպատակով։ Ռևմատիզմի ժամանակ օգտագործում են եթերային յուղի և սպիրտի խառնուրդը՝ 2։100 հարաբերակցությամբ։

Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ խնկունու տերևների թուրմն օգտագործում են որպես մազաթափությունը կանխելու միջոց։ Վերջին տարիներին այն օգտագործում են արոմաթերապիայի մեջ։ Հոտն ունի հանգստացնող ազդեցություն և օգնում է դուրս գալ սթրեսային վիճակներից։

Մշակվել է 2000 տարի շարունակ։ Այն շատ տարածված է եղել Հին Հունաստանում։ [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուսաբանություն փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 45