Խզված հարաբերությունների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խզված հարաբերությունների թանգարան
խորվ.՝ Muzej Prekinutih Veza
Museum of Broken Relationships.jpg
Museum of Broken Relationships Zagreb 2012.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
Հասցե2 Sv. Ćirila i Metoda
Հիմնադրված է2010
Կոորդինատներ: 45°48′54.6″ հս․ լ. 15°58′24.9″ ավ. ե. / 45.815167° հս․. լ. 15.973583° ավ. ե. / 45.815167; 15.973583
Կայքbrokenships.com

Խզված հարաբերությունների թանգարան (խորվ.՝ Muzej prekinutih veza, անգլ.՝ Museum of Broken Relationships), ձախողված սիրային հարաբերություններին նվիրված թանգարան՝ Զագրեբում (Խորվաթիա): Թանգարանի ցուցանմուշները ներառում են այցելուների՝ իրենց նախկին սիրելիների կողմից թողնված անձնական իրերը, որոնց կից դրվում են բացիկներ՝ նկարագրությունների տեսքով: Ի տարբերություն տառապանքներից և կորստից ազատվելու «դեստրուկտիվ» ցուցումների՝ թանգարանը հնարավորություն է ընձեռում ստեղծարարության միջոցով հաղթահարելու էմոցիոնալ կոլապսը՝ այդպիսով ներդրում ունենալով ունիվերսալ հավաքածուի ընդլայնման գործում: Բոլոր իրերը ցուցադրվում են անանուն` նշվելով միայն նվիրաբերողի բնակության վայրն ու հարաբերությունների խզման վաղեմությունը` սկսած 1 օրից մինչև տասնյակ տարիներ:

Ըստ թանգարանի անցկացրած վիճակագրության՝ նվիրաբերված իրերի մեծամասնությունը Մեքսիկայից է, իսկ նվիրաբերողների շուրջ 65%-ը կանայք են կազմում: Ցուցանմուշները հավաքագրվում են աշխարհի տարբեր քաղաքներում՝ շրջիկ ցուցադրությունների ժամանակ կամ փոստով: Բացի զագրեբյան հիմնական թանգարանից հիմնվել է նաև Խզված հարաբերությունների թանգարանի այլ մասնաճյուղ, որը բացվել է մեկ տարի առաջ ԱՄՆԼոս Անջելես քաղաքում: Թանգարանը իր գործունեությունը սկսել է որպես նվիրաբերված իրերի շարժական հավաքածու, այնուհետև իր մշտական տեղակայման վայրն է գտել Զագրեբում[1]:

2011 թվականին Խզված հարաբերությունների թանգարանը Կեննեթ Հադսոնի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի՝ որպես Եվրոպայի ամենանորար և համարձակ գաղափարներով թանգարան:

Ծագման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնվել է Զագրեբում բնակվող 2 արվեստագետների՝ պրոդյուսեր Օլինկիա Վիշտիցի և քանդակագործ Դրաժեն Գրուբիշիչի կողմից: Նրանց շուրջ 4 տարի տևած սիրային հարաբերությունները ավարտվեցին 2003 թվականին: Կուտակված իրերը այնքան շատ էին, որ սկզբում նախկին զույգը կատակով խոսել էր միմյանց հուշ թողնված անձնական իրերը հատուկ տարածքում պահելու մասին[2]: Սակայն 3 տարի անց Գրուբիշիչը կրկին կապվեց Վիշտիցի հետ՝ այս գաղափարը իրականացնելու համար, այս անգամ առանց կատակի: Նախկին զույգը որոշեց չոչնչացնել երբեմնի երջանիկ պահերի մասին որոշ հիշատակությունները՝ դրանց պահպանման վայր ընտրելով թանգարանը: Ժամանակի ընթացքում հավաքածուն հարստացավ նրանց ընկերների՝ այլ նախկին զույգերի ցուցանմուշների հաշվին՝ որոնք մնացել էին նրանց նախկին ձախողված հարաբերություններից. այսպես ծնվեց հավաքածուն: Այն հանրության դատին առաջին անգամ ներկայացվեց 2006 թվականի հոկտեմբերին՝ Զագրեբի Գլուպտոտեկում:

Մի տարի անց հավաքածուն համաշխարհային շրջագայություն սկսեց՝ այցելելով Արգենտինա, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Մակեդոնիա, Ֆիլիպիններ, Սերբիա, Սինգապուր, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Թուրքիա , Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ[3][4][5]: 2006-2010 թվականների միջակայքում հավաքածուն ավելի քան 200.000 այցելու ունեցավ: Շրջագայությունների ընթացքում հավաքվեցին նաև նոր ցուցանմուշներ, որոնք հասարակության կողմից նվիրաբերվեցին: Հատկանշական է, որ միայն Բեռլինում՝ 2007 թվականի ցուցահանդեսի ժամանակ շուրջ 30 ցուցանմուշով բեռլինցիները ավելացրեցին թանգարանի կազմը: Առաջիկայում ևս նախատեսվում է կազմակերպել հավաքածուի ներկայացումը այլ երկրներում:

Միևնույն ժամանակ, Վիշիտիցի և Գրուբիշիչի կողմից Խորվաթիայի մշակույթի նախարարությանը իրենց նախագծով հետաքրքրելու անհաջող փորձերից հետո, վերջիններս սկսեցին ժամանակավոր տարածք փնտրել թանգարանի համար և նվիրաբերումների շնորհիվ վարձակալեցին 300 քառ. մ տարածք՝ Վերին Զագրեբում: Այսպիսով, Խզված հարաբերությունների թանգարանը դարձավ առաջին ոչ պետական թանգարանը քաղաքում:

Թանգարանը լայն տարածում գտավ օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ, ոչ միայն իր յուրօրինակության, այլ նաև այն փաստի պատճառով, որ, ի տարբերություն քաղաքի այլ թանգարանների, այն հասանելի էր շաբաթվա բոլոր օրերին: Ամռանը թանգարանը բաց է 09:00-ից մինչև 22:30-ը, իսկ ձմռանը՝ 09:00-ից մինչև 21:00-ն:

2017 թվականի նոյեմբերի 14-ին Միացյալ Թագավորությունում լույս է տեսել Օլինկիա Վիշտիցի «Խզված հարաբերությունների թանգարան. ժամանակակից սերը 203 առօրյա իրերի մեջ» գիրքը, որտեղ թանգարանի հիմնադիրը ներկայացրել է թանգարանի ցուցանմուշների նախապատմությունները:

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահայտնի ցուցանիշներից կացինը, որը օգտագործվել է նախկին ընկերուհուն պատկանող գույքը մաս-մաս բաժանելու համար

Ցուցանմուշները, որոնք խորհրդանշում են զուգընկերների միջև նախկին սերը կամ խզված հարաբերությունները, ուղարկվում են աշխարհի հեռավոր երկրներից: Հաճախ այս հուշառարկաները կրում են տրագիկոմիկ բնույթ՝ ներկայացնելով չիրականացված ցանկություններ, երազանքներ և անկեղծ սիրո «ապացույցներ»: Թանգարանում գտնվող յուրաքանչյուր ցուցանմուշ ունի իր պատմությունը՝ հակիրճ նկարագրված անգլերենով և խորվաթերենով: Այստեղ գտնվող բազմաբնույթ առարկաները մասամբ տարօրինակ, հաճախ ցուցադրական կամ տրագիկոմիկ բնույթ են կրում, և խզված հարաբերությունների խորհրդանիշ են համարվում: Յուրաքանչյուրը կարող է իր ցուցանմուշը թանգարան տանել[6]: Հաճախորդները հայացք են գցում չիրականցաված հույսերի, չընդունված սիրո ապացույցների և վերջապես ցավալի բաժանումների նմուշներին:

Թանգարանի 6 փոքր սրահներում տեղադրված մոտ 100 ցուցանմուշների շարքում հանդիպում են նաև արժեքավոր իրեր` կիթառ, հարսանեկան զգեստ, կախազարդ, ինտերնետի մոդեմ, կացին: Ի դեպ, կացինը թանգարանի ստացած ամենաարտառոց ցուցանմուշն է, որն օգտագործվել է թերապևտիկ նպատակով` նախատեսված ամեն օր մաս-մաս անելու այլ կնոջ հետ հեռացած ընկերուհու կահույքը: Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ իրենց հուշառարկաներն են թանգարան բերում. վարտիք՝ բերված Շվեյցարիայից, լատեքսից կրծքեր՝ բերված Սերբիայից, էլեկտրական ջեռոց՝ բերված Եգիպտոսից, նկարների շրջանակ՝ Խորվաթիայից: Անգլերեն և խորվաթերեն գրված զգացական և բացատրական տեքստերը պատկերացում են տալիս ամեն մի ցուցանմուշի մասին՝ բացահայտելով երբեմն ակնհայտ, երբեմն էլ թաքնված իմաստները:

2011 թվականի մայիսի 21-ին Բրեմերհավենում կայացած Եվրոպական թանգարանների ֆորումի ժամանակ՝ տարվա արդյունքներն ամփոփելիս թանգարանին տրվեց «Տարվա եվրոպական թանգարան» կոչումը[7]: 15 երկրների 34 թանգարանների կողմից Խզված հարաբերությունների թանգարանը արժանացավ հատուկ մրցանակի: Ըստ Եվրոպական թանգարանների ֆորումի ստուգող հանձնաժողովի՝ Քեննեթ Հադսոնի անունը կրող տարվա թանգարան մրցանակը տրվում է այն թանգարանին, անձանց խմբին կամ սեփականությանը, որոնք յուրահատուկ, համարձակ և թերևս հակադիր նախաձեռնություն ներկայացնելով, մարտահրավեր են նետում հասարակության մեջ ընդունված թանգարանների ընդհանուր դերի մասին պատկերացմանը՝ կարևորելով որակը և ինովացիան՝ վերջիններս թանգարանի վարկանշային հիմնական տարրեր համարելով:

Կոնցեպտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խզված հարաբերությունների թանգարանը ոչ միայն տարածում է մարդկային հարաբերությունների փխրունության գաղափարը, այլ նաև պարունակում է քաղաքական, սոցիալական մշակութային այլ հանգամանքներ, պատմություններ: Թանգարանը աուդիտորիային հնարավորություն է տալիս ընկալել ավելի լայն պատմական, սոցիալական հիմնախնդիրներ՝ որոնք հատուկ են տարբեր մշակույթների և ինքնությունների, և ապահովում է դոնորների կատարսիս՝ ավելի անձնական ոլորտում: Հիմնադիրները Խզված հարաբերությունների թանգարանը անվանում են գեղարվեստական կոնցեպտ, որը բխում է գիտական այն ենթադրությունից, որ օբյեկտները (լայն իմաստով, այսինքն՝ մատերիան) ինտեգրված դաշտեր ունեն, որոնք հիշողությունների և զգացմունքների արտացոլում են և կոնցեպտը ենթադրում է ստեղծել «պաշտպանված հիշողության» տարածք, որը կկարողանա խզված հարաբերություններից մնացած նյութական և հոգևոր արժեքները պահպանել:

Խզված հարաբերությունների թանգարանը Բեռլինում 2007

Պրոյեկտը բաժանված է հետևյալ սեգմանտների՝

  • Նյութական կամ շոշափելի հատվածը ներառում է օբյեկտներ և փաստաթղթեր, ինչպիսիք են նկարները, նամակները կամ հաղորդագրությունները: Ցուցանմուշները ներառում են հարաբերությունների վաղեմության ժամանակը և բնակության վայրը, ինչպես նաև ուղեկցվում են անհայտ նվիրաբերողների կողմից անոտացիաներով: Տարածքի սահմանափակ լինելու պատճառով ցուցանմուշները կարող են արխիվացվել և թանգարանի վիրտուալ բաժին տեղափոխվել:
  • Վիրտուալ վեբ- թանգարանը հնարավորություն է տալիս նաև գրանցված այցելուներին դառնալ դոնորներ՝ վերբեռնելով նկարներ և փաստաթղթեր: Նվիրաբերողները իրենք են որոշում, արդյոք ստեղծել անձնական հավաքածու թանգարանի այլ օգտատերերի համար:
  • Խոստովանական (անգլ.՝ confessional) բաժինը թանգարանի ինտերակտիվ մասն է, որտեղ հաճախորդները կարող են պահել իրենց իրերը կամ նամակները, ինչպես նաև հատուկ սահմանված ինտիմ տարածքում խոստովանություններ գրել:

Խզված հարաբերությունների թանգարան Լոս Անջելեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2016 թվականից Խզված հարաբերությունների թանգարանը տեղակայված է 2 քաղաքներում՝ օրիգինալը Խորվաթիայում է՝ Զագրեբում, բայց նաև հիմնվել է նորը՝ Լոս Անջելեսում՝ Միացյալ Նահանգներում: Իր՝ Զագրեբ կատարած այցելության ժամանակ հայտնի ամերիկացի փաստաբան Ջոն Քուինը այցելել էր Խզված հարաբերությունների թանգարան և այնքան էր ոգևորվել գաղափարով, որ սկսեց բանակցություններ վարել թանգարանի հիմնադիրների հետ՝ Լոս Անջելեսում նմանատիպ թանգարան բացելու նպատակով: Խզված հարաբերությունների լոսանջելեսյան թանգարանը հանրության առջև իր դռները բացեց 2016 թվականի հունիսի 4-ին: Այն տեղակայված է Հոլիվուդի «սրտում»՝ 6751 Հոլիվուդյան բուլվարում` Դոլբի թատրոնի անմիջական հարևանությամբ, որտեղ էլ Օսկարի ամենամյա մրցանակաբաշխությունն է անցկացվում: Թանգարանի տարածքը շուրջ 1000 կմ² է կազմում, և ցուցանմուշների մեծամասնությունը բերվում են Զագրեբի հավաքածուից, քանի որ Լոս Անջելեսի հավաքածուն դեռևս չի հասցրել բավականաչափ համալրվել այցելուների նվիրաբերած իրերով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vištica Olinka, Grubišić Dražen (2009)։ Museum of Broken Relationships։ Hulahop։ ISBN 978-953-552-382-6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]