Խենոմեկես Մաուլեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խենոմեկես Մաուլեի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Խենոմեկես
Տեսակ Խենոմեկես Մաուլեի
Լատիներեն անվանում
Chaenomeles maulei
(Mast.) C.K. Schneid.

Խենոմեկես Մաուլեի (լատ.՝  Chaenomeles maulei), վարդազգիների ընտանիքի, խենոմեկես ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, ցածրաճ թուփ է՝ մինչև 1 մ բարձրությամբ։ Ճյուղերը աղեղնաձև թեքված են։ Երիտասարդ ընձյուղները սկզբում կանաչ են, խիտ մազմզուկապատ, խորդուբորդ, աշնանը ստանում են դարչնամոխրավուն, այնուհետև՝ գորշամոխրավուն գունավորում, որոնց վրա 1-2 սմ երկարությամբ կոշտ, ամուր փշեր կան։ Տերևները լայն հակառակ ձվաձև են, բութ կամ սրածայր, սեպաձև կամ կլորավուն հիմքով, 3-5 սմ երկարությամբ, սղոցաատամնաեզր, մերկ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից բաց գույնի, 1-1,5 սմ երկարությամբ տերևակոթունով։ Տերևակիցը թեք երիկամաձև է կամ սրտաձև, երբեմն խոր կտրատված, մինչև աշուն չթափվող։ Ծաղիկները նարնջակարմիր են, 2,5-,5 սմ տրամագծով, 2-6-ական հավաքված կարճացած ողկույզներում և տեղադրված ամբողջ ընձյուղների երկարությամբ։ Պտուղը ձևով խիստ փոփոխական է, 3-4,5 սմ երկարությամբ, դեղնականաչ, խիստ թթվաշ, բայց շատ բուրումնավետ։ Ծաղկում է մարտ-ապրիլին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Համեմատաբար արագ է աճում։ Արևոտ վայրերում երբեմն այնքան առատ է ծաղկում, որ 40 սմ երկարությամբ ընձյուղի վրա բացվում են մինչև 60 ծաղիկներ:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ճապոնիայում, Կյուսյուից մինչև Հոնդո՝ լեռնային վայրերում։ Հայաստանում մշակության մեջ հաճախ է հանդիպում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկապես լավ է աճում Հայաստանի բարձրլեռնային պայմաններում, որտեղ ոչ միայն հաջողությամբ ձմեռում է ձյան ծածկոցի տակ, այլև ամեն տարի առատորեն ծաղկում և պտղաբերում է, եթե ծաղիկները չեն ոչնչանում բարձրլեռնային շրջաններին բնորոշ ուշ գարնանային ցրտահարություններից։ Այդ նպատակի համար հատկապես պիտանի է այս թփատեսակի ալպիական, ավելի ցածրաճ այլատեսակը (var. alpina (Maxim.) C. K. Schneid.), որը ավելի ցրտադիմացկուն է և ուշ է ծաղկում։ Վերջինս կարելի է օգտագործել Նաև բոլոր գոտիներում՝ ալպինարիաների և քարապարտեզների ձևավորման համար[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (330)։