Խեժափիճի ճապոնական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեժափիճի ճապոնական
Խեժափիճի ճապոնական
Խեժափիճի ճապոնական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Խեժափիճայիններ (Laricoideae)
Ցեղ Խեժափիճի (Larix)
Տեսակ Խեժափիճի ճապոնական (L. kaempferi)
Միջազգային անվանում
Larix kaempferi
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Խեժափիճի ճոպանական (լատին․՝ Larix leptolepis Gord), սոճազգիների ընտանիքի, խեժափիճի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ծառ է՝ մինչև 30-35 մ բարձրությամբ և 50-100 սմ բնի տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները ձմռան սկզբում բաց գորշադեղնավուն են, կապտավուն խավով, խիտ աղվամազով ծածկված կամ մերկ։ Երկամյա շիվերը կարմրագորշավուն են։ Բնի կեղևը համեմատաբար բարակ է, երկարավուն ճաքերով, անջատվում է բարակ շերտերով։ Փշատերևները բութ են, 15 մմ (հազվադեպ 50) երկարությամբ, կապտավուն, կապտականաչ, աշնանը դեղին։ Տերևաթափը տեղի է ունենում նոյեմբերի սկզբին (ավելի ուշ՝ քան սիբիրյան խեժափիճունը)։ «Ծաղկաբույլերը» դեղնավուն և կարմրականաչավուն են։ Պտղաբերում է 15-20 տարեկան հասակում։ Ծաղկում է ապրիլի վերջին՝ տերևների բացման հետ միասին։ Կոները կլորա-օվալաձև են, 20-35 մմ երկարությամբ, կազմված 45-50 (երբեմն 70) թեւիուկներից, որոնք դասավորված են 5-6 շարքերով։ Սերմնային թեփուկները նուրբ են, փխրուն, դեպի դուրս թեքված եզրով, բաց կարմրաշագանակագույն, ծածկված կարճ աղվամազով։ Ծածկող թեփուկները կիսով չափ կարճ են սերմնայիններից, ձվաձև են, սրածայր, դարչնակարմրավուն։ Սերմերը ունեն 3-5 մմ երկարություն, փայլուն, դարչնագույն թևիկով։ 1000 սերմի քաշը կազմում է 3,7-4,6 գ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հոնդոյի լեռներում, անտառի վերին գոտում, 1600-2700 մ բարձրության վրա։ Աճում է լեռնալանջերին, որպես մաքուր տնկարկ կամ անտառներ է կազմում տարատերև թսուգայի, սոճիների, եղևինների, կեչիների և այլ ծառատեսակների, իսկ ավելի ցածր գտնվող անտառներում՝ կաղնու, բոխու, հաճարենու հետ։ Անտառի վերին գոտում ցածրաաճ է։ Մասսայական կարգով մշակվում է ճապոնիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Չափազանց արագաաճ տեսակ է։ Լավ է աճում ցուրտ և չոր պայմաններում։ Ուշ գարնանային սառնամանիքներից չի տուժում։ Ստվերավորումը ավելի լավ է տանում, քան խեժափիճու մնացած տեսակները։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկապես լավ է աճում խոնավ, հզոր կավային և ավազային հողերում։ Ճապոնիայում մշակվում է նաև որպես սենյակային թզուկ բույս։ Հայաստան է ներմուծված 1950 թվականին։ Ներկայումս հատուկենտ օրինակներ կան Վանաձորում, Իջևանում և Երևանում։ Օգտագործվում է նաև կանաչապատման նպատակներով։ Որպես դիմացկուն և քչապահանջ ծառատեսակ լայն կիրառում պետք է ստանա ոչ միայն կանաչապատման, այլ նաև անտառապատման բնագավառում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 45։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեժափիճի ճապոնական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեժափիճի ճապոնական» հոդվածին։