Խաչբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական խաչբառի ցանց

Խաչբառ (անգլ.՝ Crossword, բառացի՝ «խաչվող բառեր»), ամենատարածված բառախաղն աշխարհում։ Անհրաժեշտ է գտնել առաջադրվող հարցի պատասխանը և տեղադրել խաչբառի ցանցի համապատասխան համարով վանդակներում։ Լրացված բառերը հատվում են միմյանց, ինչն օգնում է խաչբառը լուծելուն։ Գոյություն ունեն բազմաթիվ թերթեր, հանդեսներ, որոնք մասնագիտացած են խաչբառեր հրապարակելու գործում։ Խաչբառեր են տպագրում նաև այդ գործում չմասնագիտացած հրատարակությունները։ Հայաստանում խաչբառեր տպագրող մասնագիտացված առաջին թերթերից էին «9-րդ Հրաշալիքը», «Զվարճալիքը», «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը և այլն։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նախախաչբառեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչբառերի ծագումը ստույգ չէ։

Երբ 1868 թ. հռոմեական Կարինիում բնակավայրի պեղումների ժամանակ անգլիացի հնագետները հայտնաբերեցին III–IV դարերի մի սալիկ, որի վրա պատկերված էր յուրօրինակ մի խաչբառ, նրանք, պարզ է, չէին կարող գտածոն միանշանակ գնահատել, քանի որ այդ ժամանակ խաչբառը, ներկայիս պատկերացմամբ, հայտնի չէր։ Այլ է 1936 թ. Պոմպեյի պեղումների ժամանակ հայտնաբերված սյունը, որի վրա հստակ երևում էին հատվող բառեր, որոնք կարդացվում էին ինչպես վերևից ներքև ու ձախից աջ, այնպես էլ հակառակ ուղղություններով։ Սրա մասին կարելի էր ասել, որ մ. թ. 79 թվականի այս ստեղծագործությունը ժամանակակից խաչբառի հնագույն նախնին է։ Բայց սա հնության ռեկորդը չէ։ ԱՄՆԲալթիմորի համալսարանի հավաքածուում պահվում է Կրետե կղզում գտնված չորս հազար տարվա հնություն ունեցող այնպիսի մի աղյուսակի պատճենը, որի հիմքում ընկած է, այսպես կոչված, «մոգական քառակուսին», որտեղ միևնույն բառերը, իրար հետ հատվելով, կարդացվում են և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց ուղղություններով։ Ուրեմն, այդպիսի խաղերով զբաղվում էին դեռևս անտիկ ժամանակներում։ Համարվում էր, որ «մոգական քառակուսին» պաշտպանում է բոլոր փորձանքներից ու չար աչքից։ Բայց հետագայում սրանք տարածում չեն գտել, և նոր ժամանակներում փաստորեն նորից է ստեղծվել խաչբառը։ Իսկ այն խաչբառը, որ մենք սովոր ենք տեսնել ստեղծվել է կամ 19-րդ կամ 20-րդ դարում և նրա ստեղծմանը հավակնում են միանգամից երեք անգլալեզու պետություններ։

Ժամանակակից խաչբառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկած առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի բնակիչները վստահ են, որ խաչբառը սկիզբ է առնում Բրիտանական կղզիներից։ Հեղինակավոր «Բրիտանական հանրագիտարանը»՝ «Բրիտանիկան», պնդում է, որ այդպիսի առաջին առաջադրանքները կազմում էր ոմն Մայքլ Դևիս, որն իր ստեղծագործությունները հրապարակում էր լոնդոնյան «Թայմս» հանդեսում 19-րդ դարի վերջում։ Այս փաստը ոչ ոք չի վիճարկում, բայց հարց է ծագում. կարելի՞ է արդյոք խաչբառ համարել երեխաներին հասցեագրված խաղը, որտեղ քառակուսիների վանդակները պետք է լրացվեին այնպես, որ հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով կարդացվեին միևնույն հատվող բառերը։ Եվ, ըստ էության, ինչո՞վ են դրանք տարբերվում արդեն հիշատակված «մոգական քառակուսիներից»։ Խաչբառի ամենաէական հատկանիշը բառախաչումներն են, և այս տեսակետից դրանք ևս խաչբառեր են։ Սակայն գոյություն ունի ևս երկու վարկած։

Վարկած երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ուինի 1913 թ. կազմած առաջին խաչբառը

1913 թ. Սուրբ Ծննդյան նախօրեին «Նյու Յորք ուորլդ» թերթի աշխատակից Արթուր Ուինին հանձնարարում են տոնական թողարկման համար պատրաստել որևէ զվարճալի խաղ, որը գրավի ընթերցողների մեծամասնության ուշադրությունը, ցանկալի է նաև՝ նրանց ընտանիքների։ Պետք է նշել, որ Արթուրը մանկուց հետաքրքրվում էր «մոգական քառակուսիներով», և նա որոշեց վերածնել դրանք թերթում, բայց ոչ թե ամեն անգամ կրկնելով հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով գրվող բառերը, այլ դրանցից յուրաքանչյուրն օգտագործելով միայն մեկ անգամ։ Նա ձևափոխեց նաև ցանցը՝ հրաժարվելով ավանդական «մոգական քառակուսուց»։ Այն հագեցրեց մեծաքանակ բառերով, որոնք բաժանեց իրարից սև վանդակներով։ Մի քանի ժամվա տքնաջան աշխատանքի արդյունքում ծնվեց աշխարհում առաջին խաչբառը՝ ժամանակակից տեսքով։ 32-բառանի այս խաչբառը դեկտեմբերի 21-ին հրապարակվեց հանդեսի կիրակնօրյա «Ֆան» հավելվածում և դարձավ հիանալի նվեր ոչ միայն Ծննդյան տոները դիմավորող բազմաթիվ ընթերցողների, այլև ամբողջ մարդկության համար։ Առաջին հրապարակումից հետո թերթի խմբագրությունը ողողվեց բազմաթիվ նամակներով, որոնցում ընթերցողները խնդրում էին շարունակել գրավիչ խաղը, ինչը, իհարկե, մեծ հաճույքով արվեց։ «Նյու Յորք ուորլդը» մի ամբողջ տասնամյակ մնաց միակ հանդեսը, որը յուրաքանչյուր կիրակի իր ընթերցողներին էր առաջարկում խաչբառեր։ Սակայն ցանկացած ժանր, նույնիսկ ամենաինքնատիպը, հնարավոր չէ դարձնել մենաշնորհային, և շուտով խաչբառեր սկսեցին հրապարակել նաև ամերիկյան այլ հանդեսներ։ Իսկ երբ 1923 թ. ԱՄՆ-ում լույս տեսավ առաջին խաչբառային ժողովածուն, որը վաճառվեց այն ժամանակների համար աննախադեպ՝ 750 հազար տպաքանակով, պարզ դարձավ, որ խաչբառը կգրավի ամբողջ աշխարհը, և այդ «հիվանդությամբ» կտառապեն ոչ միայն ամերիկացիները։ 1924 թ. ստեղծվեց «Խաչբառերի սիրահարների ամերիկյան միություն», որի անդամները սեպտեմբերի 27-ի ժողովում հաստատեցին խաչբառի միասնական կանոններ, որոնք, ինչպես ամերիկյան բոլոր օրենքները, վերջին տասնամյակներում ենթարկվել են չնչին փոփոխությունների։ Անցավ ևս մի քանի ամիս, և խաչբառը հայտնվեց Եվրոպայում։ Անգլիական թերթերից առաջինը անակնկալ մատուցեց Լոնդոնի «Սանդի էքսպրես» հանդեսը 1924 թ. նոյեմբերի 2-ին։ Անցավ ևս երկու ամիս, և նրան միացավ մայրաքաղաքում լույս տեսնող «Սանդի թայմսը», որը որոշեց ոչ միայն պարզապես հրապարակել խաչբառեր, այլև լավագույն լուծողներին պարգևատրել արժեքավոր նվերներով։ Շուտով այս հանդեսներին միացան երկրի ամենաազդեցիկ թերթերը, որոնք այդ քայլին դիմեցին ընթերցողների ճնշման տակ։ 1930 թ. հռչակավոր «Թայմսը» սկսեց խաչբառեր հրապարակել ամեն օր։ Կա նաև խաչբառի ստեղծման երրորդ՝ «հարավաֆրիկյան», վարկած։

Վարկած երրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհաջողակ ավտոսիրող Վիկտոր Օրվիլը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։ Անգործությունից նա սկսեց տառեր գրել իր մենախցի հատակի քառակուսի սալիկների մեջ, և մի օր միտք հղացավ գրված բառերը հատել միմյանց հետ։ Գաղափարը նրան թվաց շատ գայթակղիչ, և նա որոշեց այն հանձնել թղթին։ Օրվիլը գծեց ցանցը, յուրաքանչյուր բառի համար գրեց հարց, և առաջին խաչբառը պատրաստ էր։ Այնուհետև հաջորդեցին երկրորդը, երրորդը, չորրորդը։ Նոր գաղափարն այնքան էր կլանել Օրվիլին, որ նա իր ամբողջ ազատ ժամանակն անց էր կացնում խաչբառ կազմելով, ինչը հարուցեց բանտի բժիշկների կասկածը, և նրանք նույնիսկ քննեցին բանտարկյալի հոգեկան վիճակը։ Ապացուցելու համար իր զբաղմունքի օգտակարությունը՝ Վիկտորը դիմեց այսպիսի քայլի. ընտրելով իր աշխատանքներից լավագույնը՝ նա արտագրեց այն, վերնագրեց «Քառակուսիներով դեսուդեն» և փոստով ուղարկեց Քեյպթաունի կենտրոնական թերթերից մեկի խմբագրին՝ հետևյալ գրությամբ. «Սը՛ր, ես կալանավոր եմ, բանտում մտածել եմ մի խաղ։ Արդյոք հնարավոր չէ՞ ձեր թերթում տպագրել այն»։ Սկզբում խմբագրին թվաց, թե դա խելագարի բարբաջանք է։ Ծիծաղելով՝ նա ծրարը գրպանը դրեց և հիշեց դրա մասին երեկոյան, երբ տանը հյուրեր էր ընդունում։ Նա որոշեց զվարճացնել նրանց «խելագարի» նամակով և ցույց տվեց Օրվիլի խաչբառը։ Սակայն շուտով բոլորը խմբվեցին տարօրինակ ծրարի շուրջը և մեծ հետաքրքրությամբ սկսեցին գուշակել բառերը, իսկ ավարտելով՝ տանտիրոջը համոզեցին, որ նա այս խաղն անպայման տպագրի իր թերթում։ Այդպես էլ արվեց, և թերթում հայտնվեց նոր խորագիր, իսկ խաչբառեր սկսեց մատակարարել Վ. Օրվիլը։ Խաղը շատ տարածվեց և սիրվեց, ու նրան սկսեցին դիմել նաև մյուս թերթերը, և Վիկտորը չմերժեց ոչ մեկին։ Եվ երբ նա ազատվեց կալանքից՝ նրա հաշվին կուտակվել էր ոչ ավել, ոչ պակաս՝ 9 միլիոն դոլար, որ նա վաստակել էր խաչբառ կազմելով։ Կա նաև այս փաստի անհերքելի ապացույց։ Քեյպթաունի հյուրերին ցուցադրում են Վիկտոր Օրվիլի գերեզմանը, որի տապանաքարին պատկերված է խաչբառի ցանց և գրված է. «Այստեղ հանգչում է Վիկտոր Օրվիլը, մի մարդ, որը կորցրեց կյանքի երջանկությունը, բայց ստեղծեց մի բան, որը զվարճացնում է բոլորին»։ Օրվիլի գյուտի տարեթիվը, դժբախտաբար, հայտնի չէ, և հնարավոր չէ լուծել առաջնության հարցը։

Հիմնական պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն խաչբառեր կազմելու ավանդական կանոններ, որոնք, բնականաբար, փոփոխվում են տարիների հետ, սակայն կա ընդունված կանոնների մի շրջանակ, առանց որի խաչբառը դադարում է խաչբառ լինելուց։ Կա երկու կողմ. առաջինը՝ խաչբառի զուտ ձևական, տեխնիկական, արտաքին տեսքն է, որը պակաս կարևոր չէ։ Կան նորմատիվներ, որոնք չպետք է խախտվեն, որպեսզի լուծողը հեշտ կողմնորոշվի, հաճույքով լուծի, փորձարկի իր գիտելիքները, հնարամտությունը, հիշողությունը և այլն։ Երկրորդը բովանդակության կողմն է, որը ևս ունի իր ավանդական շրջանակները։ Սակայն սա ավելի փոփոխվող և ժամանակին համընթաց դարձող է, քան ձևական կողմը։ Ծանոթանանք խաչբառերին ներկայացվող հիմնական պահանջներին։ Խաչբառի ցանցը պետք է համաչափ (սիմետրիկ) լինի հորիզոնական (նկ. 1), ուղղահայաց (նկ. 2) առանցքներից որևէ մեկի նկատմամբ, այն կարող է համաչափ լինել նաև անկյունագծերի նըկատմամբ (նկ. 3) կամ միաժամանակ առանցքների և անկյունագծերի (նկ. 4) նկատմամբ (կան բացառություններ, որոնց մասին կխոսենք ստորև)։

Հարցերի հերթական համարները ցանցում գրվում են աճման կարգով ձախից աջ և վերևից ներքև, վանդակի ներսում՝ նրա վերին ձախ անկյունում։ Ցանցը պետք է լինի մեկ ամբողջական պատկեր. արգելվում է այսպես կոչված կղզյակների առկայությունը (նկ. 5)։

­­նկ. 5

Օգտագործվող բառերը, կախված տառերի քանակից, պետք է ունենան աղյուսակ 1-ում բերված հատումների քանակից ոչ քիչ թվով հատումներ։

­­աղյուսակ 1

Երբեմն բացառություն են կազմում հումորային, հետաքրքրաշարժ և յուրօրինակ խաչբառերը։ Դասական խաչբառին ներկայացվող պահանջներն այստեղ կարող են չգործել, որովհետև դրանց լուծումը ոչ այնքան կոնկրետ գիտելիքներ և տեղեկություններ է պահանջում, որքան նպատակաուղղված է լուծողին զվարթություն պատճառելուն։ Այս դեպքում կարող է խախտվել նաև ցանցին ներկայացվող համաչափության պահանջը։ Առաջին՝ զուտ գեղագիտական առումով հաճելի է տեսնել ներդաշնակ, համաչափ պատկեր։ Երկրորդ՝ այդպիսի խաչբառեր կազմելը բավականին դժվար է, ինչն էլ իր հերթին բավականություն է պատճառում թե՛ կազմողին, թե՛ լուծողին։ Երրորդ՝ դրանով այս կամ այն չափով մի շեմ է դրվում խաչբառեր կազմողների առաջ, և նրանք պարտավոր են հաղթահարել դա։ Լավ կազմված խաչբառը լավ հանգավորված ոտանավորի է նման. հեշտ է ընկալվում։

Խաչբառերի հիմնական տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրաշարժ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Արա Հովհաննիսյանն իր կազմած խաչբառի ֆոնին
Լվովի խաչբառով շենքը
  • 2010 թվականի հոկտեմբերին Գինեսի ռեկորդների գրքում «Հրատարակված ամենամեծ խաչբառն աշխարհում» անվանակարգում գրանցվել է երևանցի Արա Հովհաննիսյանի կազմած խաչբառը։ Խաչբառը ռուսերեն է։ Նրա չափսերն են. ցանցի լայնությունը՝ 2,3 մետր, բարձրությունը՝ 2,45 մետր։ Յուրաքանչյուր վանդակ 5 միլիմետր կողմով քառակուսի է, տառերը լրացնելու համար նախատեսված սպիտակ վանդակների քանակը՝ 132020 (համեմատության համար՝ նախկին ռեկորդակիր կանադացի Ռոբերտ Թյուրկոյի գործում դրանք 90000-ն էին)։ Այդ վանդակները ներառում են 25970 բառ՝ 12842-ը՝ հորիզոնական, 13128-ը՝ ուղղահայաց։ Հարցերով գիրքը 150-էջանոց է, որի յուրաքանչյուր էջը բաղկացած է երեք սյունակից՝ չափազանց սեղմ հարցերով[1]։
  • Ուկրաինայի Լվով քաղաքի Սախարովի փողոցի 82-րդ շենքի պատերից մեկին պատկերված է խաչբառի հսկայական ցանց։ 30 մ բարձրությամբ և 18 մ լայնությամբ ցանցի հեղինակ Սերգեյ Պետլյուկի մտահղացմամբ՝ այս խաչբառը պետք է աշխուժացնի Լվովի նորակառույցների տխուր տեսքը։ Ուկրաիներեն խաչբառում գաղտնագրված են գեղանկարչության և ճարտարապետության նշանավոր գործիչների անուններ։ Քաղաքի բնակիչներին բաժանվում են խաչբառի հարցերով ծալաթերթիկներ, և նրանք կարող են լուծել անսովոր խաչբառը։ Պատասխանները հնարավոր է ստուգել երեկոյան, երբ շենքի պատին մթության մեջ սկսում են երևալ ցերեկվա ժամերին չերևացող ներկով գրված տառերը։ Խաչբառի ցանցը շենքի պատին պատկերել են չորս լեռնագնացներ։ Խաչբառի բացումը տեղի է ունեցել 2008դեկտեմբերի 29-ին[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 25